Աշոտ Դանիելյան․ «Արցախֆրուտ»-ը գումար է փոխանցել Ազգային ժողովին, ոչ թե ինձ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին օրերին համացանցում և հանրային տարբեր հարթակներում որոշ անձանց կողմից շրջանառվում են «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների վերաբերյալ միակողմանի, չճշտված և քաղաքական շահարկումների հիմք դարձած հրապարակումներ։
Հանրությանը մոտ ստեղծված տարակուսանքն ու կասկածը փարատելու նպատակով պաշտոնապես հայտնում եմ, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ՝ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, բացառապես պաշտոնական գործունեության ապահովման և դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ և տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։
Հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով՝ առաջիկա օրերին կձևավորվի հատուկ հանձնաժողով, որի առջև խնդիր կդրվի բազմակողմանիորեն ուսումնասիրել Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը, ինչպես նաև նշված դրամական միջոցների նպատակային օգտագործման հետ կապված բոլոր հանգամանքները։
Միաժամանակ հստակ արձանագրում եմ՝ անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության կամ իմ հեղինակության վրա։