Արցախցիներին տված օգնության համար մարդ են ձերբակալել

«Սա հարյուր տոկոսանոց սուտ է, մենք նույնիսկ քվեարկելու իրվունք չունենք և չէինք կարող մասնակցել քվեարկությանը, Գևորգի կողմից ընտրակաշառքի մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Ինչպես հայտնում է news.am-ը, հունիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք հավաքվել էին ի պաշտպանություն բարեգործական ծրագրերի համակարգող Գևորգ Խամոյանի։

Մարդիկ համերաշխության ակցիայի էին դուրս եկել ի պատասխան այն քրեական վարույթի, որի շրջանակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակից Խամոյանը մեղադրվում է նրանում, որ ընտրությունների շրջանում այլ անձանց հետ միասին ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ է բաժանել՝ իբր խախտելով բարեգործության օրենսդրական արգելքը։

Դատարանի մոտ հավաքված ծրագրերի շահառուները միաձայն ընդգծել են, որ Խամոյանի գործողություններում երբեք որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել, իսկ օգնությունն ինքնին տրամադրվել է ընտրական գործընթացից դեռ շատ առաջ։

Հակակոռուպցիոնի մոտ հավաքված արցախցիները փորձում էին պաշտպանել Ալեքսանդր Սարգսյանի գլխավորած «Միացեք, հայեր» նախաձեռնությունը, որի շրջանակներում 2023 թվականից աջակցություն է ցուցաբերվում Արցախից բռնի տեղահանված գյուղական ընտանիքներին։ Նրանց տրամադրվել են կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր և տնտեսություն վարելու տարբեր միջոցներ։ Այդ ծրագրի իրականացումը համակարգում էր հենց Գևորգ Խամոյանը։

Հայտնի չէ, թե կոնկրետ որ դրվագով է մեղադրվել և ձերբակալվել Խամոյանը, սակայն ակնհայտ է, որ այս դեպքը զգուշավորություն է մտցնելու բարերարների շրջանում։ Ոմանք կմտածեն, որ արցախցիներին նույնիսկ օգնելը “կրիմինալ” է, և մի օր կարող է բերել բանտի դուռը։