
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի ձեռամբ, հանդիսատեսի դատին է հանձնել Մուրացանի «Ռուզան» պատմական դրաման՝ հիմնված իրական փաստերի վրա։
Երևանյան բեմում ներկայացվեց 13֊րդ դարի Արցախի պատմական, մշակութային, իշխանական ու քաղաքական կյանքը, պայքարը Արցախի կյանքի և հավերժության համար։ «Ռուզանը» ոչ թե մի աղջկա, այլ մի ողջ ժողովրդի ցավի, սիրո, պայքարի, հույսի ու հավատի պատմություն է։
Ռեժիսորի ու դերասանների ջանքերի շնորհիվ հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ ներկայացումից՝ խորը վերապրելով պատմական իրադարձությունները, լիովին զգալով Արցախ աշխարհն ու Արցախի իշխանուհու անձնազոհության արժեքը։
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հայացք նետելու մեր անցյալի մութ ու լուսավոր էջերին, վերարժևորելու ներկան ու խորհելու ապագայի մասին։