Արցախցիների խնդիրների լուծման ուղիներ կան, եթե լինի պետական քաղաքականություն

Արցախցիների խնդիրները չի կարելի դիտարկել որպես ժամանակավոր սոցիալական բեռ

Բնակարանային ճգնաժամ, սոցիալական աջակցություն, իրավունքների պաշտպանություն և Արցախի ներկայացուցչության ճակատագիր․ Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի հարցազրույցը Step1.am-ին՝ արցախցիների առջև ծառացած ամենասուր խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին։

Երրորդ տարին անընդմեջ Արցախից տեղահանված անձանց խնդիրները մնում են սուր։ Ինչո՞ւ չկա փախստականների հարցերով պետական կոմիտե։ Առաջարկվե՞լ է ստեղծել մեկ մարմին, հիմնադրամ։ Կա՞ գոնե միջգերատեսչական հանձնաժողով՝ արցախցիների խնդիրները լուծելու համար։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակում են մնալ բազմաշերտ և հրատապ՝ սկսած բնակարանային և սոցիալական հարցերից մինչև զբաղվածության, կրթության, առողջապահության և իրավական պաշտպանության խնդիրներ։ Խնդրի ծավալն ու խորությունը պահանջում էին արտակարգ և կենտրոնացված կառավարման մոտեցում, որը, ցավոք, մինչ օրս չենք տեսնում։

Անշուշտ, նման մասշտաբի տեղահանությունից հետո բնական և սպասելի կլիներ, որ կձևավորվեր արցախցիների խնդիրներով զբաղվող միասնական և լիազորված կառույց կամ առնվազն հստակ համակարգող մեխանիզմ։ Ցավոք, անցած տարիների ընթացքում մենք նման ինստիտուցիոնալ մոտեցում չենք տեսել։ Փոխարենը, այսօր արցախցիների խնդիրներով զբաղվում են տարբեր գերատեսչություններ՝ իրենց իրավասությունների շրջանակում, ինչի հետևանքով բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ չլուծված կամ լուծվում են մասնակի։

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս չի ձևավորվել այնպիսի կառավարման համակարգ, որը համարժեք կլինի առկա մարտահրավերների ծավալին։

Թե ինչով է պայմանավորված այս մոտեցումը՝ կառավարման պատկերացումներով, քաղաքական առաջնահերթություններով, թե այլ գործոններով, պետք է գնահատեն համապատասխան պատասխանատուներն ու հանրությունը։ Մեր պարտականությունն է շարունակել բարձրաձայնել արցախցիների իրավունքների և խնդիրների մասին ու պահանջել դրանց համակարգված լուծում։

Որո՞նք են արցախցիների ամենակարևոր խնդիրները, որ մնում են չլուծված։ Կարծում եք՝ կա՞ն այդ խնդիրները լուծելու եղանակներ և ինչպե՞ս։

Արցախցիների առջև ծառացած խնդիրներից առաջնայինը բնակարանային խնդիրն է։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ դեռևս չունեն երկարաժամկետ բնակության հստակ հեռանկար, իսկ բնակարանային ապահովության բացակայությունը անմիջականորեն ազդում է մարդկանց սոցիալական վիճակի, աշխատանքի, կրթության և ապագայի պլանավորման վրա։

Երկրորդը սոցիալ-տնտեսական խնդիրներն են՝ զբաղվածությունը, կայուն եկամուտների ապահովումը և սոցիալական պաշտպանությունը։ Շատ ընտանիքներ շարունակում են ապրել անորոշության պայմաններում, ինչը խորացնում է արտագաղթի և սոցիալական խոցելիության ռիսկերը։

Երրորդ կարևոր խնդիրը արցախցիների իրավունքների պաշտպանությունն ու ներկայացվածությունն է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն սոցիալական իրավունքներին, այլև բռնի տեղահանված ժողովրդի հավաքական իրավունքների, սեփականության, մշակութային ժառանգության և քաղաքական ներկայացվածության հարցերին։

Մեր գնահատմամբ՝ այս խնդիրների լուծման ուղիներ կան, եթե առկա լինի հետևողական և երկարաժամկետ պետական քաղաքականություն։ Անհրաժեշտ է ոչ թե առանձին ծրագրերի իրականացում, այլ միասնական ռազմավարություն, որը կներառի բնակարանային ապահովում, զբաղվածության խթանում, սոցիալական պաշտպանություն և արցախցիների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմներ։

Մենք համոզված ենք, որ արցախցիների խնդիրները լուծելի են, եթե դրանք դիտարկվեն ոչ թե որպես ժամանակավոր սոցիալական բեռ, այլ որպես համազգային նշանակության խնդիր, որը պահանջում է պետական, հանրային և միջազգային ջանքերի համադրում։

Ձեր կողմից ստեղծած հիմնադրամը նախատեսված էր արցախցիներին օգնելու համար։ Քանի՞ մարդու կամ ընտանիքի եք օգնել։ Հիմնադրամը կշարունակի՞ իր գործունեությունը։

Այո՛, հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը։ Այն ստեղծվել է արցախցիների կողքին կանգնելու և նրանց խնդիրների լուծմանը հնարավորությունների սահմաններում նպաստելու նպատակով։

Այս պահին չեմ ցանկանա նշել հստակ թվեր, քանի որ աշխատում ենք ամբողջական հաշվետվության պատրաստման ուղղությամբ։ Սակայն կարող եմ վստահ ասել, որ հիմնադրամի միջոցով արդեն իսկ հնարավոր է եղել աջակցություն ցուցաբերել հարյուրավոր արցախցի ընտանիքների։

Առաջիկայում մենք ավելի մանրամասն և թափանցիկ կերպով կներկայացնենք հիմնադրամի գործունեությունը, իրականացված ծրագրերը, շահառուների թիվը և հետագա անելիքները։

Մեր նպատակը միայն մարդասիրական աջակցություն ցուցաբերելը չէ։ Մենք ցանկանում ենք, որ հիմնադրամը դառնա այն հարթակներից մեկը, որի միջոցով հնարավոր կլինի համախմբել անհատների, կազմակերպությունների և բարերարների ներուժը՝ ի շահ Արցախի ժողովրդի և արցախցիների երկարաժամկետ աջակցության։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի ներկայացուցչության շենքին Երևանում։ Ինչո՞ւ է այդքան անհրաժեշտ, որ Արցախի ժողովուրդն ունենա իր սեփական ներկայացուցչությունն ու իշխանությունը։

Արցախի ներկայացուցչության հարցը չի սահմանափակվում որևէ շենքի կամ գույքի ճակատագրով։ Խոսքը նախ և առաջ արցախահայության կազմակերպված ներկայացվածության և ինստիտուցիոնալ շարունակականության մասին է։ Այսինքն, խոսքը միայն շենքի պահպանման մասին չէ, այլ այն գործառույթի, որն այդ կառույցը կարող է իրականացնել արցախցիների համար։

Այսօր, երբ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է և գտնվում է Հայաստանի Հանրապետությունում ու աշխարհի տարբեր երկրներում, առավել քան երբևէ կարևոր է ունենալ կառույցներ, որոնք կներկայացնեն այդ ժողովրդի շահերը, կբարձրաձայնեն նրա խնդիրները և կպահպանեն հավաքական իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը։

Նույնը վերաբերում է նաև Արցախի ինստիտուտներին։ Դրանք չեն ստեղծվել միայն տարածք կառավարելու համար։ Դրանք նաև արցախահայության քաղաքական կամքի, ինքնության և հավաքական իրավունքների արտահայտման միջոց են։

Մեր համոզմամբ՝ քանի դեռ գոյություն ունի Արցախի ժողովուրդը և չեն լուծվել նրա իրավունքներին վերաբերող հիմնարար հարցերը, պահպանվում է նաև այդ ժողովրդին ներկայացնող կառույցների անհրաժեշտությունը։

Ալվարդ Գրիգորյան