
Արցախցիներից քչերն են խիզախում բնակարանային սերտիֆիկատով կառուցել սեփական տունը, չնայած այս տարբերակը նախատեսված է կառավարության որոշմամբ: Տուն կառուցելը պահանջում է այնքան շատ թղթաբանություն և կարգավորումներ, որ ոչ բոլորնին է համբերությունը հերիքում գործընթացն ավարտելու համար։
«Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասել է, որ, չնայած ծրագրի բարելավումներին, խնդիրները գործնականում շարունակվում են, և մարդիկ չեն կարողանում օգտագործել ստացված վկայականները։
2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ 6336 արցախցի ընտանիք ստացել էր վկայականներ, որոնցից միայն 2896-ն է կարողացել այն իրացնել։
«Իրացված վկայականների փոքր քանակը ցույց է տալիս, որ ծրագիրը չի հասնում սպասվող տեմպերին: Մարդիկ ստանում են բնակարանային վկայականներ, բայց չեն կարողանում օգտագործել դրանք, քանի որ տրամադրվող աջակցության և շուկայական գների միջև կա հսկայական անհամապատասխանություն, և այս խնդիրը պետք է լուծվի», – ասել է Ստեփանյանը։
Ստեփանյանը վստահ է, որ խնդիրը կարող է լուծվել՝ եթե ավելի մեծ ուշադրություն դարձվի շինարարական բաղադրիչին։
«Այսօր արցախցիները կարող են տուն կառուցել վկայականի միջոցով, սակայն նման դեպքերը շատ հազվադեպ են՝ բազմաթիվ ընթացակարգային բարդությունների պատճառով, որոնք կապված են, օրինակ, հողի ձեռքբերման, դրա կադաստրային կարգի փոփոխման և այլնի հետ։ Որպեսզի ավելի շատ մարդիկ օգտվեն ծրագրից, պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր, այդ թվում՝ շինարարական աշխատանքների լայնածավալ աջակցություն», – ասաց նա։
2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ բնակծրագրի շրջանակներում ծախսվել էր 3,851,309,400 դրամ։ Այս գումարը հիմնականում օգտագործվել է վարձավճար վճարելու համար, ինչը նշանակում է, որ այն չի ներդրվել նոր բնակարանաշինության մեջ, այլ թույլ է տվել Հայաստանում հին բնակարանների սեփականատերերին լրացուցիչ գումար վաստակել։
Այս գումարը նաև չի ապահովել երկարաժամկետ բնակարաններ արցախցիների համար։ Իսկ նրանք, ովքեր կարողացել են բնակարան գնել, մեծ մասամբ ստիպված են եղել բավարարվել հին բնակֆոնդով։
Ինչպես հայտնի դարձավ, 2025 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային ծրագրի շրջանակներում չի իրացվել ավելի քան 1.1 միլիարդ դրամ։