
«Արցախի մայրիկների աջակցության կենտրոնը» «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 4-ին ժողովել է «Մեկ օր մայրության շուրջ․ Կանանց վերարտադրողական իրավունքներ և առողջություն» ֆորումը։
Արցախցի երիտասարդ մայրիկները, որոնք նաև պլանավորում են հղիություն, մեծ հետաքրքրությամբ լսեցին մասնագետներին, քննարկելով կարևոր հարցեր, որոնք կապված են կնոջ կյանքում ամենապատասխանատու, ամենադժվար և ամենահաճելի պահերի հետ։
Մայրիկների հետ ֆորումին մասնակցում էին նաև երեխաները։
Ինչպես նշեց Արցախի մայրիկների աջակցության կենտրոնի համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը, ծննդաբերության պահին մայրիկները հայտնվում են անօգնական վիճակում, և շատ բան կախված է լինում, թե բուժհաստատությունը, պետական համակարգն ինչպես են «տրամադրված» վերարտադրողական իրավունքների հանդեպ։
Մայրիկները ծանոթացան դուլա Անուշիկ Հարությունյանի հետ, նաև իմացան, որ գոյություն ունի հղիության և ծննդաբերության ժամանակ «օգնականների»՝ դուլաների ինստիտուտ։ Անուշիկը նշեց, որ կանայք պետք է իմանան իրենց իրավունքները և «համագործակցեն» բուժանձնակազմի հետ, օգտագործելով իրենց գիտելիքները։
Հղիների և մայրերի աշխատանքային իրավունքի մասին քննարկումներին մասնակցել են իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և «Կետ 33» ՀԿ-ի ներկայացուցիչ Աստղիկ Կարապետյանը։
Հետծննդաբերական դեպրեսիայի հաղթահարման և սթրեսի կառավարման թեման մայրիկները քննարկել են հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Լիանա Բադալյանը պատմեց, թե ինչքան կարևոր է իրենց սոցիալ-դեմոկրատական հիմնադրամի համար մայրիկների աշխատանքային իրավունքների պահպանումը, դրա համար էլ միացել են Արցախի մայրիկների աջակցության կենտրոնի նախաձեռնությանը։ Նրանք նաև համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Արցախցի երիտասարդ կանայք, որոնք վերջին տարիներին ստիպված են եղել անցնել անասելի դժվարությունների միջով, պատվով են կատարում իրենց մայրական պարտքը՝ չմոռանալով իրավունքների մասին։
Լուսանկարները` Անժելա Պետրոսյանի