Արմատների դիմադրությունը. Արցախյան թեմայից հրաժարվելու պայմանից անդին

«Ամեն ինչ սկսվեց Արցախում…» Այս բառերով է սկսվում յուրաքանչյուր պատմություն, երբ խոսում ենք նրանց մասին, ում կյանքը բռնի տեղահանման հետևանքով մեկ վայրկյանում ամբողջությամբ զրոյացվեց:

Սակայն զրոյական կետը ոմանց համար դառնում է ոչ թե վերջաբան կամ անցյալի տրավմաների պատնեշների հետևում թաքնվելու պատրվակ, այլ նոր, ավելի հզոր հայացքի սկիզբ։

«ԲիդաՏօն» Production-ը, որը արցախյան բարբառով խորհրդանշական կերպով նշանակում է «Հայացքով դեպի տուն», ստեղծվեց ճգնաժամային պահին, երբ հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, արցախցի գրող Աննա Մեկունցը որոշեց ամեն ինչ սկսել զրոյից և մարդկանց հասցնել իր գրչի ձայնը:

Սակայն Հայաստանում ստեղծագործական վերածնունդն ու մշակութային գործունեությունը բախվում են կոշտ քաղաքական խոչընդոտների, համակարգային մերժման և իրավական անորոշության։

ՙՙԱյսօր գործունեության հիմնական ու ամենացավոտ խոչընդոտը դարձել է հենց արցախյան թեմատիկան:

Աջակցություն ստանալու դիմումներին ի պատասխան՝ թե՛ պետական կառույցներից, թե՛ տարբեր հիմնադրամներից հաճախ հնչում է նույն նախապայմանը՝ փոխել ուղղվածությունը և ամբողջությամբ հրաժարվել Արցախի թեմայից, ինչը սկզբունքային արվեստագետի համար բացարձակապես անընդունելի է։

Անգամ տարածք վարձակալելն է անհնարին դառնում հենց նույն պատճառաբանությամբ, պատմել է Աննան Step1.am-ի հետ զրույցում

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական ենթատեքստերով պայմանավորված՝ համակարգը փորձում է ստիպել փոխել կամ մոռացության տալ Արցախն ու արցախյան մշակույթը։

Այս ամենը զուգորդվում է նրանով, որ իրավական մակարդակում ևս արցախցիների իրավունքները մնում են խիստ սահմանափակ։

Չնայած կապույտ հայկական անձնագրերի առկայությանը, արցախցինրն իրավաբանորեն չեն համարվում լիարժեք քաղաքացիներ, զրկված են ընտրելու և ընտրվելու իրավունքից, իսկ համապարփակ ինտեգրման ռազմավարության և խորհրդակցությունների բացակայությունը միայն խորացնում է անդունդը:

Ինչպես վերջերս փաստել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին, “տեղահանված շատ հայեր դեռևս ստիպված են պայքարել Հայաստանում լիարժեք իրավունքներից ու հնարավորություններից օգտվելու, ինչպես նաև կենսաթոշակների, աշխատանքի և բնակարանային աջակցության հասանելիության համար”։

Պաշտոնական կառույցները հաճախ հորդորում են արցախցիներին «չվտանգել անվտանգությունը» և բավարարվել միայն նրանով, ինչ առաջարկվում է, սակայն այսպիսի մոտեցմամբ մեծ մտավախություն կա, որ այս սերունդը կդառնա արցախյան բարբառի և ինքնության վերջին կրողը:

Այս նույն քաղաքականացված պատնեշների, հանրային անտարբերության, վանման և բացահայտ ճնշումների մասին է բարձրաձայնել  նաև դերասանուհի Շողեր Սարգսյանը:

Step1.am-ի հետ վերջին զրույցում նա նշում էր, որ իր համար ամենամեծ խնդիրներից մեկը սովորելն էր՝ ճիշտ արձագանքել ագրեսիվ մարդկանց քաղաքական թեմաներով։ «Որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է, որի կորուստը ես համահայկական ողբերգություն եմ համարում։ Բոլորս ենք անտուն մնացել, գոնե՝ հոգեպես»։

Շողերը, ով անցել է բլոկադայի դաժան օրերով, երբ «հացը ամեն հաջորդ օր ավելի սև էր, ավելի պինդ ու ավելի դառը՝ ճիշտ ամեն նոր օրվա նման», գիտի, թե որքան ծանր է արժեքներից հրաժարվելու, թեման փոխելու և սեփական տան գաղափարից հեռանալու հանրային ու համակարգային ճնշումը։

Չնայած համակարգային այս միտումներին, երբ ամեն ինչ տանում է արցախյան թեմատիկայի դուրսմղմանը, արվեստագետները փորձում են պահպանել իրենց առաքելությունը։

Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնը Երևանում վերածվում է «Եռ-Ակի» թատրոնի, որի խորհուրդը հիմնված է Ստեփանակերտի թատրոնի մոտ տեղակայված դիմակներով աղբյուրի՝ “իրեք կռանի” վրա։

Սա, Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի վերսկսված գործունեության հետ մեկտեղ, դառնում է այն ամուր և իմաստավորված կապը, որը թույլ է տալիս արվեստագետներին չհանձնվել, չփոխել սեփական արմատները և չմնալ մշտատև սգո մեջ, այլ ապրել հանուն իրար և իրար համար։

Ժողովրդավարությունը ենթադրում է անսասան մի սկզբունք՝ ոչինչ մեզ համար՝ առանց մեզ, և հենց արվեստն է դառնում այդ ձայնը:

Աննան իր նոր ստեղծագործական քայլերում կոչ է անում ապրել՝ հաղթահարելով վախերն ու պայմանները․ «Հոգնած կատու, կյանքը գիտնական է, արի ապրենք, արթնացիր…» :

Սա ուղիղ պատասխան է բոլոր նրանց, ովքեր քաղաքական հարմարվողականությունից կամ տագնապներից դրդված դադարել են երկարաժամկետ ծրագրեր կազմել, ովքեր վախենում են ապագայից կամ սեփական ինքնությունը պաշտպանելուց։

Ինչպես նշել էր  Շողերը, հիմա պետք է սովորել «ապրել այստեղ և հիմա, գիտկացված, կենտրոնացած, առանց ափսոսանքի»։

Արվեստը հաղթահարում է հուսահատությունը, և «Էքսպրոմտ» խմբի շրջանակներում շարունակում են ստեղծել նոր երգեր, սպասվում է նաև հեղինակային ալբոմ։

Այս ամենը վկայում է տաղանդի՝ ապրելու, սիրելու, սիրվելու և սեփական արմատներն ու սկզբունքները քաղաքական կոնյունկտուրայի պատճառով չփոխելու կամքի մասին։

Արսեն Աղաջանյան