Սոցիալական բնակարանները՝ որպես աղքատության հաղթահարման կարևոր բաղադրիչ

Հայկ Խանումյան, Step1.am-ի համար

2020թ․ և 2023թ․ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման գործընթացը հիմնականում տեղի է ունենում ՀՀ կառավարության երկու ծրագրերով։ 2022թ․-ից գործում է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված որոշ ընտանիքների պետությունը հատկացնում էր 10-ական միլիոն դրամ՝ տուն ձեռք բերելու նպատակով։ Այդպիսով իրենց վկայականներն իրացրել են մոտ 3700 ընտանիք՝ հիմնականում գյուղական վայրերում կամ մարզերի քաղաքներում։ Շատ են դեպքերը, երբ մերձավոր կապեր ունեցող ընտանիքները միացրել են իրենց վկայականը՝ մեկ ընդհանուր տուն գնելու նպատակով։

2020թ․-ից տեղահանված մնացած բնակչության և 2023թ․-ին բռնագաղթի ենթարկվածների համար այժմ գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը մեկնարկել է 2024թ․ կեսերից։ Այն ենթադրում է 2-5 միլիոն աջակցություն ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ բնակարան գնելու, կառուցելու կամ գործող հիպոթեքային վարկը մարելու համար։

Այս ծրագրից դեռևս օգտվել է մոտ 3000 ընտանիք՝ ծրագրի պոտենցիալ շահառու ընտանիքների մոտ 10 տոկոսը։

Հատկապես դժվար է փոքրաքանակ ընտանիքների խնդիրը։

Այս ընտանիքները կանգնած են բնակապահովման խնդրի առջև։ Ընդառաջ գնալով այս թեմայով քննադատություններին՝ կառավարությունը փոփոխություն մտցրեց բնակապահովման ծրագրում, որով 1-3 հոգանոց ընտանիքների անդամներին բնակարանային ապահովման հավաստագրի փոխարեն 10 տարի ժամկետով ամսական 40,000 դրամ վարձավճարի փոխհատուցում ստանալու այլընտրանքային հնարավորություն էր տրվում։ Սակայն դա ոչ բոլորին էր վերաբերում, այլ որոշակի տարիքային շեմ ունեցող կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձ պարունակող ընտանիքներին։

Այսպիսով, կարող ենք նշել, որ չնայած կառավարության ջանքերին, շատ ընտանիքներ դուրս են մնում այս ծրագրից։ Պարզ չէ նաև թե ի՞նչ է լինելու ծրագրի շահառու ընտանիքների հետ 10 տարի հետո, երբ վերջանա վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։ 

Ակնհայտ է, որ թե՛ հիմա, թե՛ ապագայում բազմաթիվ բռնի տեղահանված ընտանիքներ կանգնելու են կացարանի խնդրի առջև։ Կացարանի բացակայությունը, ընտանիքի եկամուտների մեծ մասի կլանումը բնակարան վարձակալելու համար կարող է բարձրացնել աղքատության մակարդակը և բացասական ազդել Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։

Խնդրի միակ լուծումը սոցիալական բնակարանաշինությունն է։

Սոցիալական բնակարան ասելով շատերը հասականում են անվճար կացարան, այնինչ մոտեցումները կարող են տարբեր լինել։ Խորհրդային տարիներին գործարանները և բուհերը հազարավոր հանրակացարանային սենյակներ ունեին, որոնք կարևոր դեր ունեցան 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանից փախստական դարձած հայության համար։ Հետագայում այդ հանրակացարանային ֆոնդի մեծ մասը սեփականաշնորհվեց։ Այսօր արդեն գրեթե սպառված է խորհրդային այդ ժառանգությունը․ պետությունը և համայնքները բավականին քիչ բնակֆոնդ են տնօրինում։

Սա մեծ շռայլություն է վտանգված տարածաշրջաններում մեծաքանակ սփյուռք ունեցող երկրի համար, ինչպես Հայաստանն է։ Հետևաբար սոցիալական բնակարանը պետք է ոչ միայն բռնի տեղահանված արցախցիների համար, այլ կարևոր սոցիալական բարձիկ է ֆորս-մաժորային դեպքերի և աղքատության նվազեցման գործընթացներում։

Այս կարևորագույն խնդիրը կարելի է լուծել միայն պետության նախաձեռնությամբ սոցիալական բնակարանաշինությամբ, որը հիմնականում կարելի է տեղավորել մարզկենտրոններում և երևանամերձ բնակավայրերում, որտեղ աշխատանք գտնելու հնարավորությունները և բնակարանների պահանջարկն ավելի մեծ են։

Սոցիալական բնակարանների շահառու կարող են դառնալ Արցախից բռնի տեղահանված որոշակի կազմ ունեցող ընտանիքները, երկրաշարժից տուժած, բայց բնակապահովման ծրագրերից չօգտված, ընտանիքի կազմում հաշմանդամություն ունեցող ընտանիքները, Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից պատերազմների հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքները, ապաստան փնտրող մարդիկ, ինչպես նաև այլ խմբեր, որ հարմար կգտնի կառավարությունը։

Քանի որ այս բնակֆոնդը դիտարկվում է որպես ժամանակավոր կացարան, որը նպատակ ունի օգնել ծանր վիճակում գտնվող անձանց դուրս գալ աղքատությունից, ապա այդ բնակարանները պետք է կառուցվեն շնչին մինչև 12 մ քառակուսի չափով և վարձով տրվեն շահառու ընտանիքներին։ Վարձը, տվյալ դեպքում, չպետք է գերազանցի ընտանիքի համախառն բյուջեի 20 տոկոսը։

Սոցիալական բնակարանները պետք է դառնան պետության սեփականությունը, դրանցից գանձվող փոքր վարձավճարներն ուղղվեն շենքերի սպասարկմանը։

5000 նման բնակարանի կառուցումը էականորեն կթեթևացնի բռնի տեղահանման և մինչև այդ տարբեր աղետների ենթարկված անձանց վիճակը, հնարավորություն կտա այս մարդկանց դուրս գալ աղքատության անդունդից, կենտրոնանալ ավելի երկարաժամկետ ծրագրերի վրա, լիարժեք ներգրավվել աշխատանքային շուկայում և ակտիվորեն մասնակցել ազգային բարիքի ստեղծմանը։

Ընդ որում նման բնակֆոնդի ստեղծումը կառավարության վրա կարող է նստել նույն գինը, ինչ բնակապահովման ծրագրով նախատեսված վկայականների արժեքն է (Երևանից դուրս բնակավայրերում շնչի հաշվով 4 միլիոն, իսկ սահմանամերձ ու ոչ հրապուրիչ բնակավայրերում՝ 5 միլիոն դրամ)։

Բացի սոցիալական բաղադրիչից նոր բնակֆոնդի կառուցումը նաև տնտեսական մուլտիպլիկատիվ արդյունք է ապահովում։ Եթե բնակարանների գնման վկայականը բերում է անշարժ գույքի արհեստական թանկացման, ապա բնակարանաշինությունն ընդհակառակը, ակտիվացնում է շինարարությունը, ստեղծում է նոր աշխատատեղեր, խթանում է տեղական շինանյութի արտադրությունը, ապահովում է հարկեր ու տուրքեր պետական և տեղական բյուջեների համար։

Կարևոր է, որ այս կացարանները կառուցելիս հաշվի առնեն նաև Հայաստանում կիրառվող էներգախնայողության ծրագրերը, որպեսզի կոմունալ ծախսերը լրացուցիչ բեռ չդառնան դրանց բնակիչների համար։

Շատ կարևոր է, որ այս բնակֆոնդի կառուցմանն ակտիվորեն մասնակցեն միջազգային դոնորները։

Հայաստանի կառավարությունը ակտիվ քայլեր չի ձեռնարկում բռնի տեղահանվածների հարցով միջազգային դոնոր կոնֆերանս հրավիրելու կամ գոնե դոնորների ջանքերը մեծացնելու համար, նույնիսկ 2023թ․ բռնի տեղահանման ժամանակ խնդիրը միայնակ լուծելու մասին ուղերձներ ուղղեց արտաքին աշխարհին։

Սակայն միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ևս պարտավորություններ ունեն այս հարցում և կարևոր է, որ նրանք ակտիվորեն ու շռայլորեն մասնակցեն սոցիալական բնակարանաշինության ֆինանսավորմանը և դրա շահառուների համար զբաղվածության ծրագրեր իրականացնեն։

Այս երկորդ բաղադրիչն էլ է շատ կարևոր։ Երևանից և Սյունիքի մարզից դուրս աշխատանք գտնելու հարցը մնում է կարևոր, գործազրկության և աղքատության տոկոսը՝ բարձր։ Հետևաբար հնարավոր աջակցության ծրագրի մի կարևոր բաղադրիչ պետք է լինի նաև սոցիալական կացարաններում ապաստանած մարդկանց և ընդունող համայնքների բնակիչների համար զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացումը։

Ամփոփելով հոդվածը՝ կենտրոնանք գլխավոր խնդրի վրա։

Բնակապահովման ծրագրերն իրականացնելիս կառավարության որդեգրած մոտեցումը բավարար չէ։ Բնակարանների գնման վկայականի մեխանիզմ առաջարկելն ու մի կողմ քաշելը չի բերելու խնդրի ամբողջական լուծման։ Շատ կարևոր է, որ կառավարությունն ակտիվորեն ներգրավվի նոր բնակֆոնդ ստեղծելու գործընթացում, որի լոկոմոտիվը կլինի սոցիալական բնակարանաշինությունը։

Հայկ Խանումյանը Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարն է