Զոհված սպայի մայրը ուզում է հրաժարվել սերտիֆիկատից

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպայի մայր է Շուշիկ Հարությունյանը։ Նա Արցախի Հադրութի շրջանի Այգեստան գյուղից է բռնատեղահանվել 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Որդին՝ մայոր Աշոտ Հարությունյանը, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում, պատերազմի ավարտից երկու օր առաջ։ Գումարտակը Հադրութից հասել էր Շուշի, մինչև վերջ պայքարել հայոց բերդաքաղաքը պաշտպանելու համար։

Որդեկորույս մայրը շարունակել է ապրել Արցախում՝ փորձելով հանուն զավակի հիշատակի ուղղել կորացած մեջքը, թիկունք դառնալ թոռներին։ 2023 թվականի սեպտեմբերին տիկին Շուշիկը կրկին տեղահանության դաժան ճանապարհով է անցել։

Այժմ զոհված սպայի մայրը հայտնվել է ծանր դրության մեջ։ Նա, ինչպես և շատ ու շատ արցախցիներ, կանգնած է բնակարանային խնդրի առաջ։

-Տեղահանությունից հետո բնակություն եմ հաստատել Էջմիածին քաղաքում։ Ապրում եմ վարձակալած բնակարանում, մենակ։ Չորս անգամ տուն եմ փոխել՝ փորձելով գտնել ինձ հարմար վարձավճարով բնակարան, ինչը, սակայն, շատ դժվար է՝ հաշվի առնելով վարձավճարների աստղաբաշխական թվերը։ ՀՀ քաղաքացիություն եմ ընդունել 2024 թվականին ու դարձել արցախցիներին տրամադրվող բնակապահովման հավաստագրի շահառու։ Սակայն 4 մլն դրամով հնարավոր չէ տուն ձեռք բերել, իսկ վարձով ապրել այլևս ի վիճակի չեմ։ Չգիտեմ ինչ անեմ, երկմտանքի մեջ եմ։ Գուցե հրաժարվեմ հավաստագրից և օգտվեմ Արցախից տեղահանված ընտանիքների համար հուլիսի 1-ից գործող բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագրից։ Այլընտրանք չեմ տեսնում։ Ուղղակի 40 հազար դրամով տուն ևս դժվար թե գտնվի, իսկ մեզ տրամադրվող բնակվարձերի աջակցությունը մինչև 2026 թվականի դեկտեմբերն է նախատեսվում։ Հետո ի՞նչ կլինի, չգիտեմ։

Շատ մարդկանց գիտեմ, որ նման կարգավիճակում են հայտնվել։ Ապրելն օրեցօր դժվարանում է, իսկ կորստի ցավն ավելանում։ Մեր զոհված որդիները լավ է՝ չեն տեսնում, թե ինչպես են իրենց ծնողները մի կերպ գոյություն պահում, անընդհատ դրսում հայտնվելու վտանգի մեջ ապրում,-ասում է զոհվածի մայրը, ապա ավելացնում,-Արցախում մենք արժանապատվորեն ենք ապրել, աշխատել ենք, ստեղծել։ Այստեղ ևս ուզում ենք արժանավայել ապրել։ Մենք ոչինչ չենք մուրում, պարզապես ուզում ենք մեր անկյունն ունենալ և չմտածել, որ վաղը տան վարձավճարի օրն է ու մտածմունքից ողջ գիշեր աչք չփակել։

Նշենք, որ հուլիսի 1-ից մեկնարկել է Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող առանձին խմբերի ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիրը։

Ծրագիրը վերաբերում է այն տեղահանված ընտանիքներին, որոնք կազմված են բացառապես անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը կամ ծանր աստիճան ունեցող քաղաքացիներից, կամ 60 և ավելի տարեկան անդամներից։ Բացի այդ, սահմանված են տարիքային շեմեր. 2 հոգանոց ընտանիքի անդամների տարիքային գումարը պետք է գերազանցի 115 տարին, 3 հոգանոց ընտանիքի դեպքում՝ 175 տարին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ