
Արցախից տեղահանված Արսեն Սարգսյանն Արմավիրի մարզի Արաքսի հովտում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արաքս համայնքի՝ Արաքս, Հայկաշեն և Գայ բնակավայրերում ավելի քան 30 հա հողատարածքներում մշակաբույսերի ցանքս են կատարել։ Աշխատում են ընտանիքով։ Այս տարի ցանել են ցորեն, գարի և եգիպտացորեն։ Արսենի խոսքով՝ նախապատրաստվում են 20 հա հողատարածքի վրա ևս ցանքս կատարել։ Կարծում է՝ չի ուշացել․ եղանակները բարենպաստ են։
-Այս տարվա մեր գործունեությունը տարբերվում է նախորդ տարիներից, քանի որ ավելի մանրամասն ենք ուսումնասիրել հողն ու ցանքս կատարել։ Իհարկե, աշխատել ենք նաև մեզ վրա, ծանոթացել հողի հետ աշխատելու նրբություններին, հմտացել ոլորտում։ Այս տարի հողը կրկնակի ենք հարստացրել, որպեսզի այն մեզ ավելի առատ բերք տա։ Անցած տարվա համեմատ եռապատիկ ենք բույսի վրա աշխատել, սնուցել, արել հնարավորը, որպեսզի այս շոգ եղանակին բույսը կարողանա դիմանալ։ Արդեն ավարտել ենք գարու և ցորենի բերքահավաքը։ Արդյունքները գոհացուցիչ են․ դա մեր իրականացրած բազմաթիվ միջոցառումների շնորհիվ է։ Եգիպտացորենի բերքահավաքը կկազմակերպվի օգոստոսի սկզբին։
Ցորենն ու գարին միանգամից խոշոր ալրաղացներին ենք տալու, եգիպտացորենը՝ մեծ ֆերմաներին։ Արդեն իսկ պայմանագրեր ենք կազմել և բերքն իրացնելու խնդիր չենք ունենա։ Այնուհանդերձ մեր արտադրած բերքի արժեքը չենք պատրաստվում բարձրացնել։
Ապագայում մեծ ծրագրեր ենք նախատեսում։ Պատրաստվում ենք ընդլայնել ցանքատարածքները և ավելի խորանալ գյուղատնտեսության ոլորտում։ Ճիշտ է, 17 տարեկանից աշխատում եմ հողի հետ, բայց ամեն օր մի նոր բան եմ սովորում, և դա ինձ դուր է գալիս։ Միաժամանակ ոգևորվում ես, երբ հողը քո չարչարանքի, ինչու չէ նաև քո տված սիրո ու ջերմության բազմապատիկը վերադարձնում է քեզ։
Արսենը 2009 թվականից է աշխատում հողի հետ։ 17 տարեկան էր, երբ Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնքում զբաղվում էր ձմերուկի, գարու, ցորենի, եգիպտացորենի և սիլոսի ցանքսերով։
Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արսենը Միջնավանում շուրջ 1000 հա հողատարածքներ էր մշակում։ 2020 թվականի տեղահանությունից հետո ստիպված էր ամեն ինչ զրոյից սկսել։
– Ձեռք ենք բերել անձրևացրման համակարգեր, որոնց միջոցով ջրում ենք մեր դաշտերը։ Գյուղտեխնիկան ևս մեր սեփականն է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ