Կառավարությունը 284 մլն դոլարի վարկ է ներգրավում՝ արցախցիների բնակարանային ապահովման համար

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հավանություն տալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 284.4 մլն դոլար ներգրավելու օրենքի նախագծին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով։ Համապատասխան որոշումները կայացվելու են կառավարության վաղվա՝ հուլիսի 9-ի նիստում։

Ըստ որոշման հիմնավորումների՝ 284 միլիոն դոլարից առնվազն 250 միլիոնը ոչ արտոնյալ վարկային միջոցներ են։ Մյուս 34 միլիոն դոլարը ՀՀ-ին կտրամադրվի որպես դրամաշնորհ։ Ըստ որոշման հիմնավորումների՝ Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է 109 000 բռնի տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը։

Ծրագրի առաջին բաղադրիչը բնակարանային սուբսիդիաներն են, երկրորդը՝ բնակարանային շուկայի ֆինանսավորման զարգացումը, իսկ երրորդ բաղադրիչով նախատեսվում է ապահովել ծրագրի կառավարումը, հաղորդակցությունն ու մոնիտորինգը։ Այս մասին հայտնում է Ազատությունը։