
Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից է տեղահանվել Անահիտ Բարսեղյանը։
Աշխատանքային գործունեությունը նա սկսել է մանուկների հետ և 1989 թվականից մինչև 2023 թվականի Արցախի տեղահանությունը մնացել է երեխաների կողքին: Անահիտ Բարսեղյանն իր 55-ամյա հոբելանն է նշում․ հետադարձ հայացք ձգելով անցած ուղուն:
-1989 թվականից աշխատանքի եմ անցել Ասկերանի շրջանի Այգեստանի մսուր-մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, այնուհետև աշխատել եմ դպրոցում։ 2000 թվականին Հայ Օգնության Միության (ՀՕՄ) հովանու ներքո մանկապարտեզ է բացվել Այգեստանում․ նշանակվել եմ տնօրենի պաշտոնում։ ՀՕՄ-ի բարեգործությամբ մանկապարտեզը գործել է մինչև 2010 թվականը։ Այնուհետև պետությունն իր վրա է վերցրել մանկապարտեզի ֆինանսական գործունեությունը, և մանկապարտեզը գործել է մինչև 2023-ի տեղահանությունը։
Շատ դժվարությունների միջով ենք անցել շրջափակման ժամանակ, սակայն մեկ օր անգամ չի փակվել մեր մանկապարտեզը։ Ծնողների օգնությամբ սնունդ էինք հայթայթում, երեխաների համար հիգիենայի պարագաներ գտնում։ Պատերազմը, երբ հանկարծակի սկսեց, ես սաներիս մոտ չէի, ու դա իմ մտքից դուրս չի գալիս։ Չկարողացա իմ բալիկներին գրկել, հրաժեշտ տալ։
2000 թվականից տիկին Անահիտը ՀՕՄ-ի շարքերում է, ներկա դրությամբ վարչական անդամ է։
Մեկուկես տարի առաջ Անահիտ Բարսեղյանն առաջարկություն է ստացել ընդգրկվելու «Արցախի Այաներ» համույթում
-«Արցախի Այաներ» համույթը գործում էր դեռևս Արցախում՝ 2017 թվականից, իրականացնում էր հայրենանվեր աշխատանք։ Առաջարկությունը մեծ սիրով եմ ընդունել՝ լրացնելով Արցախի այաների շարքը։ Համույթն իր առաքելությունն ամենայն պատասխանատվությամբ է կատարում և ջանք ու եռանդ չի խնայում, որ Արցախի բառն ու բանը, մշակույթը հարատև լինեն։ Արցախի այաներն այսօր էլ շարունակում են իրենց ելույթներում ներկայացնել ու հանրությանը փոխանցել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ավանդույթները, յուրահատուկ խոհանոցը, երգն ու պարը, խաղիկները։ Մենք պետք է պահենք մեր հումորը, ծեսերը, օրհնանքները, որոնք քաղցր հիշողությունների շտեմարան են մեզ համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ