
2023 թվականի բռնի տեղահանումից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը տարիներ շարունակ գործունեություն էր ծավալում Արցախում, ստիպված էր դադարեցնել իր աշխատանքը։ Սակայն կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը՝ Վարդան Թադևոսյանը, որը նաև Արցախի առողջապահության վերջին նախարարն էր, թիմի աջակցությամբ կարողացավ վերականգնել դրա գործունեությունը Հայաստանում՝ Եղվարդում։ Այսօր կենտրոնը կրկին ընդունում է շահառուների՝ շարունակելով այն առաքելությունը, որը տարիներ շարունակ իրականացրել է Արցախում։
Step1.am-ի հետ զրույցում Վարդան Թադևոսյանը պատմել է կենտրոնի վերաբացման, ֆինանսավորման, պետական կառույցների հետ համագործակցության, նոր վաուչերային համակարգի և ապագայի ծրագրերի մասին։
– Պարոն Թադևոսյան, այսօր կարող ենք ասել, որ Կենտրոնը գործում է։ Ինչպե՞ս է հաջողվել շարունակել աշխատանքը բռնի տեղահանումից հետո։ Ո՞վ է այսօր աջակցում կենտրոնին, ինչպե՞ս է փոխվել համագործակցությունը դոնորների և գործընկերների հետ, և տեսնո՞ւմ եք արդյոք պետական աջակցություն կամ համագործակցության պատրաստակամություն Հայաստանի կառույցների կողմից։
– Հիմնականում մեզ շարունակում են աջակցել այն նույն դոնորներն ու գործընկերները, որոնց հետ աշխատել ենք տարիներ շարունակ։ Իմ համոզմամբ՝ դոնորները նախևառաջ վստահում են մարդկանց և նրանց կատարած աշխատանքին։ Նրանք ժամանակին ներդրումներ էին կատարում ոչ թե պարզապես իմ անձի համար, այլ որովհետև տեսնում էին, թե ինչ արդյունքներ էինք ունենում Արցախի վերականգնողական կենտրոնում։
Արցախում մեր կենտրոնը պետական հիմնարկ էր, սակայն մեր գործունեության հիմնական ֆինանսավորումն ապահովվում էր դոնորների և բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ։ Պետության աջակցությունն առաջին հերթին այն էր, որ մեզ հնարավորություն էր տրվում հանգիստ աշխատել։ Պետական մարմինները պարբերաբար ստուգումներ էին իրականացնում, բայց ստուգում էին միայն պետական միջոցների օգտագործումը։ Ամեն անգամ համոզվում էին, որ ամեն ինչ թափանցիկ և օրինական է, շնորհակալություն էին հայտնում ու հեռանում։ Մենք միշտ աշխատել ենք ազնիվ և բաց։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչ այժմ մենք չենք դիմել ո՛չ Առողջապահության նախարարությանը, ո՛չ էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հատուկ աջակցություն խնդրելու։ Նրանց կողմից համագործակցության հստակ առաջարկ ևս չենք ստացել:
Համապատասխան կառույցների ներկայացուցիչներն արդեն այցելել են կենտրոն, տեսել են մեր աշխատանքը և շատ լավ տպավորություններ ստացել։ Նույնիսկ խոսք է եղել, որ փոխնախարարը կարող է այցելել մեզ։
Եթե ցանկանանք պետական պատվերով ծառայություններ մատուցել, բնականաբար, պետք է անցնենք հավաստագրման գործընթաց։ Մենք պատրաստ ենք դրան։
Եթե այստեղ մեզ առաջարկեն այնպիսի համագործակցության ձևաչափ, ինչպիսին ունեինք Արցախում, մեծ հաճույքով կհամաձայնվենք։ Եթե պետությունն աջակցի և միաժամանակ հնարավորություն տա հանգիստ աշխատելու, մենք միայն կողջունենք այդ համագործակցությունը։ Մեզ համար ամենակարևորը մարդկանց որակյալ ծառայություն մատուցելն է։
Այս պահին մեր ծառայությունների մեծ մասը բարեգործական հիմունքներով է իրականացվում։ Միաժամանակ օրենսդրական փոփոխություններից հետո մեր կազմակերպության կանոնադրության մեջ արդեն ներառել ենք նաև տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն, որպեսզի ապագայում կարողանանք ունենալ լրացուցիչ ֆինանսական կայունություն։
Առաջիկայում պետությունը նախատեսում է ներդնել վաուչերային համակարգ։ Դա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն ու մեծահասակները պետությունից կստանան վաուչերներ և իրենք կընտրեն, թե որ վերականգնողական կենտրոնում են ցանկանում ծառայություններ ստանալ։ Պետությունը գումարը կփոխանցի արդեն ընտրված կենտրոնին։
Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է։ Բոլոր կենտրոնները կհայտնվեն հավասար մրցակցային պայմաններում։ Եթե լավ ես աշխատում, շահառուն կընտրի քեզ։ Եթե ծառայությունների որակը բավարար չէ, մարդիկ պարզապես չեն գա։ Այդպիսի առողջ մրցակցությունից շահելու է առաջին հերթին մարդը։
– Կենտրոնը հիմնականում նախատեսված է Արցախից բռնի տեղահանված մարդկա՞նց համար։
– Ես մարդկանց տարանջատելու գաղափարի կողմնակից չեմ։ Մենք եկել ենք համայնք և պետք է ծառայենք համայնքին։
Այս հարցը մեզ տվել են նաև մեր դոնորները, և նրանք լիովին համաձայնել են այս մոտեցմանը։ Իհարկե, տնային այցերի ընթացքում առաջնահերթությունը հաճախ տալիս ենք արցախցիներին, որովհետև այսօր նրանք առավել խոցելի իրավիճակում են։ Բայց եթե նույն կարիքն ունի համայնքի մեկ այլ բնակիչ, մենք չենք կարող ասել, որ նրան չենք օգնելու։
Ինչ վերաբերում է վերականգնողական ծառայություններին, բնականաբար, սկզբնական շրջանում մեր շահառուների մեծ մասը լինելու են արցախցիներ, քանի որ նրանք երկար ժամանակ զրկված են եղել իրենց սովորական բուժօգնությունից։ Սակայն ընդհանուր առմամբ մենք աշխատում ենք բոլորի համար և չենք ցանկանում մարդկանց բաժանել «արցախցիների» և «տեղացիների»։
Այսօր այստեղ արդեն գալիս են նաև համայնքի երիտասարդ ընտանիքներ։ Նրանց համար մեծ երջանկություն է, որ այլևս ստիպված չեն երեխաներին Երևան տեղափոխել վերականգնողական բուժման համար։ Այդ ծառայությունը հասանելի է դարձել հենց իրենց բնակավայրում։
– Ի՞նչ ծրագրեր ունեք կենտրոնի հետագա զարգացման համար։
– Անցյալ տարի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարողացանք մեծ աշխատանք կատարել։ Այս տարի արդեն ձեռք ենք բերել հարակից տարածքը, կառուցել ենք նոր շենքերը և հին շենքի վերակառուցման աշխատանքներ ենք տարել, որի մոտ 30% արդեն կար, զուգահեռ վերակառուցել ենք նաև լողավազանը, բարեկարգել տարածքը։ Դեռ շատ աշխատանք կա, բայց սա միայն սկիզբն է։
Այս տարվա ընթացքում նախատեսում ենք ավարտել շենքի ստորին հարկը, որտեղ կտեղակայվի ֆիզիոթերապիայի բաժանմունքը։ Սա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Եթե ֆինանսավորումը ժամանակին ստանանք, ձմռանը կկարողանանք ավարտել այդ աշխատանքները։
Հաջորդ տարի նախատեսում ենք նաև վերակառուցել շենքի 3, 4 հարկերը, որտեղ կլինի ստացիոնար բաժանմունքը, ինը հարմարավետ սենյակ՝ սեփական սանհանգույցներով, վերելակով և այլն, նաև ուզում ենք բարեկարգել այգին և զարգացնել ամբողջ տարածքը։ Բացի այդ, ունենք շուրջ 6400 քառակուսի մետր հողատարածք, ապագայում ցանկանում ենք այսնեղ զարգացնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտը՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Կլինեն 20 թաունհաուսներ, նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար, որտեղ նրանք կարող են մնալ բուժման պրոցեսն անցնելու ընթացքում, ինչպես նաև ժամանակակից վերականգնողական կենտրոն ու մեծ սպորտդահլիճ հաշմանդամային սպորտի զարգացման համար։
Մեր նպատակը միայն բուժում կազմակերպելը չէ։ Մենք ուզում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ֆիզիկական, մտավոր կամ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան ոչ միայն վերականգնողական ծառայություններ ստանալ, այլև հանգստանալ, շփվել և վերագտնել կյանքի որակը։
– Ստացվում է, որ մարդիկ կկարողանա՞ն այստեղ գալ մի քանի շաբաթով, վերականգնողական բուժում ստանալ և վերադառնալ տուն, ինչպես նախկինում Արցախում էր։
– Այո, բայց այժմ ամբողջ համակարգը փոխվում է։ Նախկինում բժիշկն էր որոշում, թե հիվանդը որ կենտրոն պետք է գնա։ Մարդուն տրվում էր ուղղորդում, և նա կարող էր ծառայություն ստանալ միայն տվյալ հաստատությունում։ Նոր համակարգում ընտրությունը կատարելու է հենց շահառուն։ Խոսքը վաուչերային համակարգի մասին է։
Բնական է, որ շատ արցախցիներ կցանկանան գալ մեզ մոտ, որովհետև տարիներ շարունակ մեզ հետ են աշխատել և ճանաչում են մեր մասնագետներին։ Բայց դա բավարար չէ։ Մենք պետք է ամեն օր ապացուցենք, որ լավագույն ծառայությունն ենք մատուցում։ Եթե կողքի կենտրոնն ավելի լավ աշխատի, մարդը կգնա այնտեղ։ Դա նորմալ է։
Արցախում մենք բարձր մակարդակի ծառայություններ էինք մատուցում։ Այդ մասին ասում են ոչ միայն մեր մասնագետները, այլև մեր շահառուները։ Բայց առողջ մրցակցությունը ստիպում է բոլորիս ավելի լավ աշխատել, զարգացնել ծառայությունները և ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդկանց կարիքներին։ Իսկ դրանից շահում է ամենակարևորը՝ մարդը, ով ունի վերականգնողական ծառայության կարիք։
Արսեն Աղաջանյան