
Այս օրերին լրանում է 1000 օր այն ժամանակվանից, երբ 10 ամիս տևած շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո Արցախը բռնի կերպով հայաթափվեց։
Սեպտեմբերի 19-ին օկուպացված գյուղերում բնակված արցախցիների կեսն իրենց տներից ոչինչ չեն վերցրել և, Ստեփանակերտի օդանավակայանում մի քանի օր անցկացնելուց հետո, Հայաստան են ժամանել առանց որևէ իրի։ Ստեփանակերտի և մի քանի այլ բնակավայրերի բնակիչները ևս քիչ բան են կարողացել իրենց հետ վերցնել։
Բերձորի միջանցքով անցնող «կյանքի ճանապարհին» մահացել է ավելի քան 70 մարդ, երեխաներ են ծնվել, և հասունացել է հասկացողությունը, որ մարդիկ ժամանակավորապես չեն լքում Արցախը։
Տեղահանությունից անմիջապես հետո՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվել են որպես ռազմական ագրեսիա, էթնիկ զտում և բռնի տեղահանություն։ Արցախցիներին տրավադրվել է ժամանակավոր պաշտպանություն՝ նաև բնակվարձի և կենսապայմանների ապահովման հրատապ աջակցություն։
2023-ի դեկտեմբերին Հաագայի միջազգային դատարանը միջանկյալ որոշում է կայացրել Հայաստանի հայցով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը։ Դատարանի որոշումը չիրականացվեց, իսկ 2025 թվականին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ կարող է հետ վերցնել իր պահանջները միջազգային դատարաններից, եթե “խաղաղության պայմանագիր” ստորագրվի։
Չնայած «Ֆրիդոմ Հաուս»-ը և այլ միջազգային կազմակերպություններ 2024 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրած զեկույց են պատրաստել, որում 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվել են որպես էթնիկ զտում, Պետդեպարտամենտը և ԱՄՆ Կոնգրեսը այդպես էլ չեն ընդունել Ադրբեջանին դատապարտող բանաձևեր կամ պատժամիջոցներ չեն կիրառել Ալիևի դեմ։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ն դեռևս պահպանում է 907-րդ բանաձևը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը։
Այլ պետություններ և միջազգային կազմակերպություններ նույնպես չեն դատապարտել Ադրբեջանին՝ բացառությամբ Եվրախորհրդարանի և այլ եվրոպական խորհրդարանների մի քանի բանաձևերի, որոնք, սակայն, Հայաստանի կառավարությունը չի ողջունել։
2025 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1992 թվականից ի վեր զբաղվում էր Արցախյան հակամարտության կարգավորմամբ, դադարեցրեց իր աշխատանքը Հայաստանի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը համարում է փակված։
Ավանդական հայկական կուսակցությունները, հիմնականում Դաշնակցությունը, լայնածավալ գործողություններ ձեռնարկեցին Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու համար՝ շեշտը դնելով վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և Արցախում հայկական ժառանգության պահպանման վրա։ Սակայն այս հարցերից ոչ մեկի վերաբերյալ էական առաջընթաց չի գրանցվել։ Արցախյան հարցը մնաց արդիական, բայց կորցրեց իր քաղաքական և իրավական հետևանքները։
2025 թվականի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Շվեյցարիայում բարձրացրեց Արցախում հայկական կրոնական ժառանգության պահպանման հարցը, քանի որ, ըստ կանոնադրության, Արցախում մնացած եկեղեցիները պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն: Սակայն Գարեգին II-ի հայտարարությունները տորպեդավորվել են ոչ միայն ադրբեջանցի մուսուլմանների, այլև Հայաստանի կառավարության կողմից: Պուտինը, որը 2020 թվականի նոյեմբերին խոստացել էր պահպանել հայ հավատացյալների մուտքը օկուպացված եկեղեցիներ, չկատարեց իր խոստումը, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքությունը սկսեց պահանջներ ներկայացնել Արցախի եկեղեցիների նկատմամբ։
2024 թվականի գարնանը՝ հայերի տեղահանությունից վեց ամիս անց, 2020 թվականին Արցախում տեղակայված ռուսական զորքերը դուրս եկան, իսկ դրանից առաջ Ակնայում ռուս-թուրքական կենտրոնում գտնվող ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը զեկուցեց, որ «շնորհիվ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերի՝ Ղարաբաղում վերջապես խաղաղություն է հաստատվել»։
Տեղահանումից հետո մի քանի ամիս անց այն ժամանակվա Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չեղյալ հայտարարեց 2023-ի սեպտեմբերի 22-ի՝ “Արցախի հանրապետությունը լուծրելու մասին” սեփական հրամանը։
2025 թվականի մայիսին Արցախի խորհրդարանը, որի լիազորությունների ժամկետը լրացել էր, անորոշ ժամանակով երկարաձգեց իր լիազորությունները, սակայն նախագահ այդպես էլ չընտրվեց։ Նախագահական լիազորությունները տրվեցին խորհրդարանի նոր խոսնակ Աշոտ Դանիելյանին, ով սակայն 1 տարի անց հրաժարական տվեց՝ եվրոպական երկրներ երկարատև ուղևորությունից և Հայաստանում ընտրություններից հետո։
Տեղահանությունից հետո 1000 օր անց Արցախի հանրապետությունը մնաց առանց գործող ղեկավարության։ Արցախի ներկայիս խորհրդարանի միակ գործառույթը կարող է լինել 1989 թվականի Միացումի մասին բանաձևին վերադառնալու մասին հայտարարելը, սակայն քաղաքական իրավիճակը այս հարցը դարձնում է տաբու։
«Միացումի» գաղափարի տաբուն Բաքուն է «քանդում»՝ պահանջելով, որ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխվի՝ հանելով Անկախության հռչակագրին և 1989 թվականի «Միացումի» բանաձևին հղումները: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024-ի որոշման մեջ հաստատել էր 1989 թվականի բանաձևի վավերականությունը, բայց նշել էր, որ այն “անվավեր է”, քանի որ ի սկզբանե չի իրականացվել: Այլ կերպ ասած, ցանկացած պահի, հենց որ սկսվի «իրականացումը», օրինակ՝ գումարվի Հայաստանի և Արցախի ընտրված ներկայացուցիչների համատեղ նիստ, 1989 թվականի «Միացումի» բանաձևը լիովին ուժի մեջ կմտնի։
2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը պնդում է, որ մտադիր է փոփոխել Սահմանադրությունը, բայց նոր Հիմնական օրենքի տեքստը կներկայացնի միայն այս տարվա վերջին: Բաքուն հայտարարել է, որ չի ստորագրի «խաղաղության պայմանագիր» և չի վերաբացի հաղորդակցությունները, մինչև Հայաստանը չփոփոխի Սահմանադրությունը: Սա նշանակում է, որ Արցախի Հանրապետության «վերացումից» 1000 օր անց 1989 թվականի «Միացումի» բանաձևը դեռևս և կրկին ուժի մեջ է։
Մինչդեռ, 150,000 արցախցիներ 1000 օր ապրում են կարգավիճակից, իրավունքներից զրկված վիճակում: 1999 թվականից ի վեր ունենալով ստանդարտ հայկական անձնագրեր, 2023 թվականից հետո նրանք Հայաստանում չեն ճանաչվել ոչ որպես քաղաքացիներ, ոչ փախստականներ կամ ներքին տեղահանված անձինք: Այս կարգավիճակներից յուրաքանչյուրը ենթադրում է ընդունող պետության և միջազգային կազմակերպությունների կողմից սոցիալական և իրավական երաշխիքների հստակ համակարգ: Կարգավիճակի բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի կառավարությունը սեփական քմահաճույքով է սահմանում սոցիալական երաշխիքներ արցախցիների համար՝ շատերին դատապարտելով աղքատության, արտագաղթի և անիրավության:
Տեղահանությունից հետո առաջին տարում սոցիալական օգնությունը թույլ տվեց արցախցիներին գոյատևել։ Սակայն տեղահանությունից 1000 օր անց միայն մոտ 25,000 արցախցիներ ստացան նոր հայկական անձնագրեր՝ այն էլ որպես «քաղաքացիություն չունեցող» անձինք։ Մոտավորապես 25,000 ընտանիքներից միայն մոտ 3,000-ը կարողացան իրացնել բնակարանային վկայականները։ Արցախցիները չկարողացան նույնիսկ դատարանների միջոցով վերականգնել իրենց քաղաքական իրավունքները և մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։
Սա նշանակում է, որ 1000 օր շարունակ ավելի քան 100,000 մարդ ապրում է 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում՝ առանց որոշակի կարգավիճակի, մշտական բնակության կամ սեփական իշխանություն ընտրելու իրավունքի։ Մոտ 25,000 արցախցիներ արտագաղթել են Հայաստանից։
Այս 1000 օրերի ընթացքում արցախցիները բազմիցս ենթարկվել են ատելության խոսքի ալիքների, երբ իշխանությունների կողմից արցախցիների դեմ անհիմն մեղադրանքները հանգեցրել են հանրային մերժման։ «Դուք փախել եք, չեք կռվել, ինչո՞ւ կենդանի եք, ինչո՞ւ չեք զոհվել»․ այս արտահայտությունները անբուժելի սպիներ թողեցին արցախցիների հոգիների վրա, որոնցից շատերը երբեք չէին պատկերացնում, որ նման բաներ կլսեն հայրենի Հայաստանում։
Տեղահանության առաջին օրվանից Հայաստանի իշխանությունները չէին թաքցնում իրենց վախը, որ Հայաստան ժամանած արցախցիները կկազմակերպեն հեղափոխություն և կփոխեն կառավարությունը՝ դառնալով «ռուսական քաղաքականության» գործակալներ և ստեղծելով կիսառազմական խմբավորումներ։ Սակայն 1000 օրվա ընթացքում արցախցիները մի քանի խաղաղ հանրահավաք անցկացրեցին՝ հիմնականում քննարկելով սոցիալական հարցեր։ «Ավազակային» ասպատակությունների կամ հանցավոր հաշվեհարդարների ոչ մի ապացուցված դեպք չկա, չնայած մի քանի մասկի-շոուների։
1000 օրվա ընթացքում Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանը և հինգ նախարարներ, միայն մեկ անգամ՝ խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ, հանդիպել են արցախցիների մի խմբի հետ։ Սակայն նրանք դրձյալ չեն քննարկել արցախցիներին վերաբերող բազմաթիվ հարցեր, այլ պարզապես ներկայացրել են արդեն կայացված որոշումները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության քաղաքականությունը արցախցիների նկատմամբ բնութագրել է որպես նրանց հայաստանյան հասարակությանը ինտեգրման ծրագիր։ Սակայն կառավարության հռետորաբանությունն ավելի շատ հիշեցնում է դեզինտեգրացիա և սեգրեգացիա։
Տեղահանությունից 1000 օր անց արցախցիների վերադարձի, կորցրած ունեցվածքի փոխհատուցման և Արցախում իրենց նյութական ու մշակութային ժառանգության պահպանման հույսերը գնալով ավելի ու ավելի իլյուզիոր են դառնում։
Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղյան շարժմանը վերադարձը» որակել է որպես պատերազմի հանգեցնող դավադրություն։ Արցախում պատերազմի, հերոսությունների և նվաճումների մասին հիշատակումները «քրեականացվում են»։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցն այդպես էլ չի հրապարակվել, իսկ Հայաստանի խորհրդարանը դեռևս քաղաքական գնահատական չի տվել 2023 թվականի իրադարձություններին։ Դրա փոխարեն քննչական մարմինները դիտարկում են Արցախում «դասալքության» և տարածքների ու զենքի հանձնման հազարավոր դեպքեր։
1000 օրվա ընթացքում չի ընդունվել ոչ մի միջազգային փաստաթուղթ, որը անշրջելիորեն կճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Հայաստանի և Ադրբեջանի դեռևս չեն ստորագրել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը», որը ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարվել, ինչպես որ 9 տարի անց Հայաստանը չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ 2009 թվականին նախաստորագրված համաձայնագիրը: