
Արցախում մնացած մեր պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ է խոսում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը
-Վերջին տեղեկությունները, որ ունենք Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, դա Աստղաշեն և Այգեստան համայնքներում Հայրենական Մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողների ավերումն է։ Ընդհանրապես Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկություններ մենք ստանում ենք հիմնականում ադրբեջանական օգտատերերի սոցիալական էջերից, որոնք լուսանկարներ կամ տեսանյութեր են հրապարակում, կամ օդատիեզերական լուսանկարներից։ Այդ հրապարակումներից կարողանում ենք հասկանալ այս կամ այն հուշարձանի քանդման կամ պղծման մասին։
Այդպես մենք իմացել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման մասին։
Վերջին շրջանում ֆեյսբուքյան հարթակում հաճախ եմ հանդպիում ադրբեջանցիների կողմից մեր հուշարձաններն իսպառ ավերելու տարբեր կոչերի։ Վերջերս դրանք հատկապես վերաբերվում ենլ «Մենք ենք, մեր սարերը» կոթողին։ Դեռևս մինչև 2023 թվականը Ադրբեջանի քարոզչական մեքենան այն ներկայացնում էր որպես ադրբեջանական կոթող, որը կառուցվել է Խորհրդային տարիներին՝ ադրբեջանական իշխանության օրոք։ Հիմա, երբ «Մենք ենք, մեր սարերը» կոթողը դարձել է արցախցիների վերադարձի խորհրդանիշ, նրանք կոչ են անում ձերբազատվել այդ խորհրդանիշից նույնպես։ Թե ի՞նչ զարգացումներ կունենան, դա ցույց կտա ժամանակը։
Ընդհանուր առմամբ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։ Զանազան պատճառաբանություններով, ինչպես օրինակ՝ նորակառույց եկեղեցիները, Արցախյան ազատամարտի հուշակոթողները համարում են ապօրինի։ Տարբեր պատճառաբանություններով փորձելու են մաքրել հայկական հետքն Արցախում, ինչպես դա արվել է Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Հյուսիսային Արցախում։ Այսինքն, տարածքը բռնազավթելուց հետո նրանց քաղաքականության հաջորդ քայլը տվյալ տարածքը հայազերծելն է, որպեսզի այդ տարածքի հանդեպ իրենց հավակնությունները դարձնեն օրինավոր և ապացուցեն, որ դրանք ի սկզբանե ադրբեջանական կամ թուրքական են եղել։
Այս ամենի մեջ ցավալին այն է, որ Ադրբեջանն այդ հակահայկական, հակամշակութային վանդալիզմը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից լռության պայմաններում, այն դեպքում, երբ ՀՀ-ն համարվում էր Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ հայ ժողովուրդը այդ պատմամշակութային ժառանգության օրինավոր ժառանգորդը։ Ավելի մեծ ցավ է, երբ ՀՀ կառավարության անդամն ասում է, որ Ադրբեջանն ազատ է «իր» տարածքում անել այն, ինչ ուզում է։ Այսինքն դա կանաչ լույս վառել է Ադրբեջանի կառավարության առաջ, որ մեր կողմից որևէ բողոք, դժգոհություն չի լինելու, դուք կարող եք անարգել վերացնել հայկական հետքն Արցախում։
Արմինե Հայրապետյանն անդրադառնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից տարվող այն թեզին, որ Արցախի հայկական հուշարձանները ուդիական են (աղվանական)
-Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, կրոնական ցանկացած կառուցները նորույթ չեն աղվանական համարելը․ դա արվել է նաև ԼՂԻՄ-ի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը պատմամշակութային հուշարձանների ցանկում բոլոր հայկական եկեղեցիների դիմաց գրել է, որ դրանք աղվանական են։ Սա հայկական հետքի վերացման մի ուրիշ դրսևորում է, երբ իրենք չեն կարողանում միանշանակ բոլոր հոգևոր կառույցները քանդել, հավանաբար մտածելով, որ ի վերջո քրիստոնյա աշխարհի հետ իրենք կարող են խնդիրներ ունենալ։ Օգտագործելով ուդի ժողովրդին զանազան, այսպես ասած ուխտագնացություններ են կազմակերպում՝ ներկայացման ձևերով, իբր թե ուդիները հիմա ունեն հնարավորություն այցելելու իրենց պատմական, մշակութային, հոգևոր կենտրոնները։ Սա պատմության բռնայուրացում է, օտարման ճանապարհով։ Բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում նույնիսկ աղվանական հայտարարված եկեղեցիները ենթարկվում են ոչնչացման, ինչպես օրինակ՝ Շուշիի Կանաչ ժամ, կամ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Ադրբեջանցիների այն պնդմանը, որ հայերը ոչնչացրել են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական մշակութային կոթողները, պատմական հուշարձանների գծով արցախցի մասնագետն իր կարծքին է հայտնում
-Ինչ վերաբերում է Արցախի մահմեդական հուշարձաններին, նախ կուզենայի ինքս հասկանալ, թե դրանք ինչ կապ ունեն 20-րդ դարի սկզբին ձևավորված Ադրբեջանի Հանրապետության բնակչության հետ՝ այդ տարատեսակ ցեղախմբերից ձևավորված ադրբեջանցի ժողովրդի հետ։ Սակայն սա հարցի մյուս կողմն է։ Նախ ասեմ, որ Ադրբեջանի նախագահը, երբ խոսում էր 67 մզկիթների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդքան թվով մզկիթներ Արցախի, ներառյալ նաև Հյուսիսային Արցախի տարածքում չկան։ Նույնիսկ եթե այդ մզկիթներին գումարենք աղոթատները, էլի այդ 67 թիվը չի ստացվում, որը ապացուցում է նաև 1987 թվականի Ադրբեջանի խորհրդային հանրապետության մինիստրների խորհրդի կողմից հաստատված պատմամշակությաին հուշարձանների ցանկը։
Սա Ադրբեջանի ներկայիս կառավարության կողմից մտածածին թիվ է, որպեսզի հայերին ներկայացնեն որպես վանդալների, որոնք ոչնչացրել ու ավիրել են Արցախում գտնվող հոգևոր կառույցները, մահմեդական հուշարձանները՝ դրանով իսկ փորձելով ամբողջ մահմեդական աշխարհի զայրույթն ուղղել հայ ժողովրդի հանդեպ։ Մինչդեռ մենք Շուշիում ունենք լավագույնս վերակառուցված 2 մզկիթ, որից մեկը՝ ներքին մզկիթը վերանորոգվել է այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի անմիջական ու նաև ֆինանսական աջակցությամբ։ Այսօր որոշ ավերված մզկիթներ օրինակ են բերում և մեզ համարում վանդալներ՝ անտեսելով այն հանգամանքը, որ մենք Արցախի տարածքում ունենք հարյուրավոր վանքեր, եկեղեցիներ, որոնք պետությունը ֆինանսապես ի վիճակի չէր միանգամից վերանորոգելու։ Իրենց կողմից ադրբեջանական համարվող որոշ հուշարձաններ տուժել են Արցախյան առաջին պատերազմի ռազմագործողությունների հետևանքով, որն այսօր ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես միտումնավոր ավերված հուշարձաններ։
Օկուպացված Արցախի տարածքում ոչնչացված կամ վնասված հուշարձանների հարցով Յունեսկոյին դիմելու վերաբերյալ Արմինե Հայրապետյանը տեղեկություններ չունի։
-Մինչև 2023 թվականը ադրբեջանական վանդալիզմի դեմ բողոքներ են ներկայացվել Յունեսկո՝ մասնավորապես Քարին տակի, Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ ունեցել ենք հետադարձ կապ։ Սակայն Արցախի բռնատեղահանությունից հետո այդ ուղղությամբ ըստ իս որևէ քայլլ չի կատարվում։ Համենայնդեպս ես նման տեղեկություն չունեմ։
Հարցազրույցը՝ Կարինե ԲԱԽՇԻՅԱՆԻ