
Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տարիներ շարունակ հաջողությամբ գործում էր արտ-թերապիայի լայնածավալ բլոկ՝ նկարչության, մակրամեի և կավագործության դասարաններով, որոնք օգնում էին շահառուներին հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական խնդիրները ստեղծագործական աշխատանքի միջոցով։
Սակայն կենտրոնի յուրահատուկ հանգրվաններից մեկը սեփական ֆոտոստուդիան էր։
Այս ստուդիայի ստեղծումն ու զարգացումը հնարավոր դարձավ կենտրոնի մեծ բարեկամ՝ բրիտանացի հայտնի լուսանկարիչ Փոլ Մելորի շնորհիվ։ Չնայած արտաքին բոլոր մարտահրավերներին, նա ամեն տարի գալիս էր Արցախ, անձամբ համակարգում ստուդիայի աշխատանքները, աշխատակիցներին ու պացիենտներին սովորեցնում լուսանկարչական գործի նրբությունները և փոխանցում միջազգային փորձը։
Ուսանողական տարիներին ինձ բախտ է վիճակվել որպես կամավոր աշխատել հենց այս ֆոտոստուդիայում։ Գրաֆիկական գիտելիքների բազան արդեն իսկ ձևավորված էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ուսանելու և տարբեր դասընթացներ անցնելու շնորհիվ, սակայն հենց Փոլ Մելորի անմիջական ղեկավարությամբ հաջողվեց հիմնավորապես տիրապետել արվեստի և վերականգնողական աշխատանքի հատման կետում գտնվող այս մասնագիտությանը։
Այստեղ համատեղում էի աշխատանքս բուժման գործընքացի հետ, մշակում և տպում էի նկարներ, ինչպես նաև իրականացնում մանրակրկիտ, վիրաբուժական ճշգրտություն պահանջող աշխատանք՝ հին, ժամանակից վնասված լուսանկարչական ժապավենների և արխիվային սլայդների թվայնացում ու մշակում:
Դա բավականին հետաքրքիր գործ էր, որը սորորեցրեց լինել համբերատար ու նպատակասլաց, միլիմետր առ միլիմետր մաքրել կադրերը փոշուց, քերծվածքներից և քայքայման հետքերից՝ լուսանկարների դեմքերին ու իրադարձություններին վերադարձնելով իրենց սկզբնական հստակությունն ու լույսը։ Հետագայում կամավորությունը վերածվեց պաշտոնական աշխատանքի՝ դառնալով իմ մարդկային ու պրոֆեսիոնալ ուղու կարևորագույն մաս։
Յուրաքանչյուր վերականգնված կադր ապացուցում էր՝ անգամ այն, ինչ թվում է անդառնալիորեն կորած կամ վնասված, հնարավոր է փրկել, եթե ներդրվեն մասնագիտական գիտելիքներ ու ջանք։
2023 թվականի բռնի տեղահանումից հետո կենտրոնի գործունեությունը սահուն կերպով հարմարվում է Հայաստանի նոր իրողություններին։ Այսօր Եղվարդի նորաբաց կենտրոնում արտ-թերապիայի նախկին ողջ բազմազանությունից գործում է միայն կավագործության խմբակը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը Step1.am հետ զրույցում, կազմակերպությունը նպատակաուղղված է իր ողջ ենթակառուցվածքների համալիր վերականգնմանը։ Ղեկավարության պլաններում է՝ լիովին վերագործարկել և բացել արտ-թերապիայի բաժինը, այդ թվում նաև ֆոտոստուդիան, որպեսզի շահառուները կարողանան ստանալ լիարժեք վերականգնողան բուժում և ձեռք բերեն մասնագիտական գիտելիքներ:
Արսեն Աղաջանյան