
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց աշխատանքները:
Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Մինչև խորհրդարանի խոսնակի ընտրությունը նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, ով նստաշրջանը հայտարարեց բացված: Նիստին ներկա են բոլոր երեք խմբակցությունները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հնչեց Հայաստանի օրհներգը, ապա ելույթ ունեցավ երկրի նախագահը:
Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է նաև, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Դա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքը կլինի:
Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ Այս մասին քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը իր հրապարակած տեսանյութում ստորագրել է Կառավարությանը հրաժարականը։ Այն ուղարկվել է ՀՀ նախագահին։