ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին կասկածի տակ է. Մոսկվան Հայաստանի կարիքը չունի

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է հավատարմորեն կատարվի բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ յուրաքանչյուր անդամ պետության պարտավորության շրջանակներում ֆինանսավորել ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։ «Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը և բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը նշանակում է իրավունքի չօգտագործում, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունը՝ ժամանակին կատարել իր վճարումները», – նշել է բարձրաստիճան դիվանագետը։

ТАСС-ին տված Գալուզինը նշել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում առկա խառնաշփոթը Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շարունակելու մասին հանրաքվեի վերաբերյալ։

2025 թվականին «Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» ապագա օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ Սահմանադրության դրույթներին հակառակ, դրա ընդունումը հանրաքվեի կարիք չունի, քանի որ փաստաթուղթը պարզապես անիմաստ քաղաքական հայտարարություն է, հիշեցրել է Գալուզինը։

«Այժմ մենք լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքները, ենթադրաբար, ինքնին վկայում են եվրոպականամետ ուղու և երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, ուստի, ևս մեկ անգամ, հանրաքվեի անհրաժեշտություն չկա», – հայտարարեց փոխնախարարը։

«Հիշեցնեմ, որ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և շփոթեցնող հայտարարություններ։ Միևնույն ժամանակ, նա նաև երբեմն բավականին բացահայտ խոստովանում էր, որ Հայաստանը դեռևս չի հրավիրվել ԵՄ, և որ այն կարող է երբեք անդամ չդառնա, – հավելեց նա։ Շատ բան է ասվել, բայց դա որևէ պարզություն չի հաղորդում»։

Գալուզինի խոսքով, հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են այս հարցի վերաբերյալ Հայաստանի ժողովրդի իրական կարծիքը պարզելու անհրաժեշտության մասին։

«Եվ ոչ թե վերացական, տեսական իմաստով (ցանկանո՞ւմ եք միանալ ԵՄ-ին), այլ կոնկրետ, գործնական իմաստով. պատրա՞ստ եք հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ ապագայում ԵՄ-ին միանալու հեռանկարի համար, որը լիովին ակնհայտ չէ։ Որովհետև սա հարցն արտահայտելու ամենաազնիվ ձևակերպումն է՝ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամների համար», – ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ խոսում է այդ երկրում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, սակայն առանց կոնկրետ ամսաթիվ նշելու»։

«Միևնույն ժամանակ, արդեն հայտարարվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստում, երբ պետությունների ղեկավարները պարտավոր կլինեն զեկույց ներկայացնել 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ Հայաստանի համար», – հայտարարել է Գալուզինը։

Ռուսաստանի հայտարարություններն ավելի շատ նման են Հայաստանին ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից «կամավոր» դուրս մղելու ջանքերին։ Ռուսաստանը լքում է Հայաստանը, բայց ցանկանում է իրավիճակը ձևակերպել այնպես, իբր Հայաստանն է «մեղավոր»։ ՀԱՊԿ-ում Հայաստանի շարունակական անդամակցությունը առաջիկա ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում ռազմական իրավիճակը կարող է սրվել, Մոսկվային կկանգնեցնի դժվար ընտրության առջև և կարող է հանգեցնել ռուսամետ ռազմական դաշինքի վերջնական փլուզմանը։