Սամվել Կարապետյան. Բակո Սահակյանը հրաժարվել է լքել Արցախը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը արցախցիների բռնի տեղահանումից առաջ զրուցել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և հորդորել է նրանց դուրս գալ Արցախից, քանի դեռ կա այդ հնարավորությունը։ Նա այդ մասին ասել է «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում։

«Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ։ Իրենք միասին էին։ Եվ ես պահանջում էի, որ օգտագործենք հնարավորությունը և նրանց դուրս բերենք այնտեղից։ Բակո Սահակյանն ինձ ասաց, որ չի կարող դիմել այդ քայլին, չի կարող ժողովրդին մենակ թողնել։ Եվ եղավ այն, ինչ եղավ։ Ես կարող եմ ասել, որ Արցախի ժողովուրդն անձնազոհությամբ փորձում էր պահել հայկական հողերը։ Բայց քանի որ Հայաստանում մենք ունեինք իշխանություն, որը անձնազոհությամբ կարող էր պահել միայն իր աթոռը, դրա համար էլ ունեցանք այսպիսի պատկեր»,– նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով` այդ օրերին ինքը չի համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, համագործակցել է Հայաստանի զինվորականների ու Արցախի իշխանությունների հետ։

«Թե ինչ ենք արել, այդ հարցում ես կաշկանդված եմ. բաներ կան, որ չի կարելի ասել»,–հավելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Նա նշել է, որ այդ մասին կխոսեն տարիներ հետո։