
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ կոնգրեսականը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ընդգծելով վարչապետ Փաշինյանի անձնական դերը և հանձնառությունը այս հարցում։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների և TRIPP նախագծի առաջընթացի վերաբերյալ։
Համադեն այն ԱՄՆ կոնգրեսական է, որ հեղինակել է «Ազատության մասին» օրենքի 907-րդ բաժինը չեղարկելու մասին օրինագիծը։ Այդ բանաձևը 1992 թվականից ի վեր պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի դեմ։ Պետդեպարտամենտը վերջերս հայտարարել է, որ պատժամիջոցները կասեցվել են ևս մեկ տարով, սակայն Բաքուն առաջարկում է ամբողջությամբ չեղարկել 907-րդ բանաձևը։
Այդ բանաձևի առկայությունը նշանակում է, որ ԱՄՆ-ն շարունակում է Ադրբեջանի գործողությունները Հայաստանի, այդ թվում՝ Արցախի դեմ համարել ագրեսիա և շրջափակում։
Այս տարվա հունիսին Իլհամ Ալիևն է հյուրընկալել նույն ԱՄՆ կոնգրեսականին։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել 907-րդ բաժինը՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին համոզում են, որ ինքը անձամբ և պաշտոնապես հայտարարի, որ Բաքվի նկատմամբ որևէ պահանջ այլևս չկա, և խնդրի ԱՄՆ-ին չեղյալ համարել 907-րդ բանաձևը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը նմանապես փակվեց մեկ տարի առաջ։
Նաիրա Հայրումյան