
Step1.am-ի զրուցակիցն է հանրային գործիչ Վահե Գասպարյանը։
-Պարոն Գասպարյան, իշխանության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինի Անկախության հռչակագրին։ Փաստորեն, այսպիսով ՀՀ իշխանությունները կատարում են Բաքվի պահանջը՝ փակելով Միացումի հարցը, Արցախի հարցը, սա ի՞նչ վտանգ է պարունակում Հայաստանի համար, եւ ի՞նչ պետք է անել։
-Արցախի հարց որպես այդպիսին գոյություն չունի, գոյություն ունի հայկական հարց, որի բաղկացուցիչ մասն է Արցախի հարցը։ Երկրորդ՝ հայկական հարցը լուծվել է 100 տարի առաջ Վիլսոնյան իրավարար վճռով և Ազգերի լիգայի հատուկ հանձնախմբի զեկույց-առաջարկով։ Առաջինով որոշվել են հայ-թուրքական, երկրորդով՝ հայ ադրբեջանական սահմանները։ Ընդ որում, Ազգերի լիգայի հատուկ հանձնախմբի հանձնաժողովի զեկույց-առաջարկը և դրան կցված հայ-ադրբեջանական սահմանի քարտեզները ներառվել են Վիլսոնյան իրավարարը վճռի մեջ։ Այսինքն՝ երբ մենք ասում ենք՝ Վիլսոնյան իրավարարը վճիռ, մենք պիտի հասկանանք և հայ-թուրքական, և հայ-ադրբեջանական սահմանները։
Իրավարարը վճիռը միջազգային իրավունքի համաձայն միջազգային բարձրագույն փաստաթուղթ է, մնացած բոլոր միջազգային, առավել ևս ներպետական փաստաթղթերը ստորադաս են։ Իրավարար վճիռները չունեն վաղեմության ժամկետ, բողոքարկման ենթակա չեն, վերջնական են և պարտադիր կիրառման համար։
Սա քաջ գիտակցելով՝ և Թուրքիան, և Ադրբեջանը հասկանում են, որ և Արցախի, և Նախիջևանի, և Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Կարսի տարածքների հարցերը վաղուց լուծված են, և դրանց մանդատը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ նոր Սահմանադրություն կգրի, անկախ նրանից, թե Անկախության հռչակագրին հղում կլինի, թե ոչ։
Այստեղից գալիս է մի պարզ ճշմարտություն, որ և Թուրքիան, և Ադրբեջանը միշտ ունեցել են, ունեն և ունենալու են հայկական պետականությունն իսպառ վերացնելու, ոչնչացնելու նպատակ, որից հետո ինքնաբերաբար կվերանա Հայկական հարցը և Հայկական հարցի շուրջ կայացված լուծումը կյանքի կոչելու հրամայականը կամ իմաստը։
Այսինքն՝ հայկական հարցը լուծվել է, պարզապես, այդ լուծումը կյանքի չի կոչվել, մնացել է թղթի վրա՝ ռուս- թուրքական համատեղ ագրեսիայի, օկուպացիայի և անեքսիայի պատճառով՝ 1920-21 թվականներին, որի հետևանքով հայկական տարածքները բաժան-բաժան են արվել, իսկ Հայաստանը բռնակցվել է Խորհրդային միությանը։
Իսկ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի այսպես կոչված անկախ պետությունն իրականում հանդիսացել է ռուսական գաղութ՝ մնալով ռուսական խիստ վերահսկողության տակ։ Հայաստանի բոլոր ղեկավարները, լինելով Կրեմլի դրածոներ, սպասարկել են ռուս-թուրքական դաշինքի շահերը և ռուս-թուրքական Մոսկվայի ու Կարսի պայմանագրրերով ստեղծված ստատուս քվոն։
Քանի որ հիմա ստեղծվում է նոր աշխարհակարգ, և կա իրական վտանգ, որ այդ նոր աշխարհակարգում կվերանայվեն և Մոսկվայի, և Կարսի անօրինական պայմանագրերը, և Արևմուտքն ու ազատագրված Իրանը Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում կնախաձեռնեն լրիվ նոր ճարտարապետություն, որում չի լինի այլևս ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, այդ երկրները և նրանց պրոքսի պետությունը՝ Ադրբեջանը շտապում են թաղել Հայկական հարցի կյանքի կոչումը Նիկոլ Փաշինյան կոչված այդ դավաճանի ձեռքերով։
Ինձ խոշոր հաշվով չի անհանգստացնում այդ ամենը, որովհետև ես տեսնում եմ, որ զուտ ժամանակի առումով նրանք այլևս չեն հասցնի այդ պլանները կյանքի կոչել, որովհետև այլևս Արևմուտքն այստեղ է, այլևս Արևմուտքը միջամտել է Նիկոլ Փաշինյանի և նրա ռուս-թուրքական տերերի պլաններին։ Ես նկատի ունեմ ԹՐԻՓՓ նախագիծը, որը շատերը միակողմանիորեն ներկայացնում են որպես ինչ-որ թուրանական պրոյեկտ կամ ջհուդա-մասոնական։
Իրականում ԹՐԻՓՓ նախագիծը ԱՄՆ-ն կյանքի կոչեց «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը ռուսներին և թուրքերին չտալու նպատակով, նախաձեռնությանը տիրելու և ժամանակ շահելու նպատակով։ Ես ասել եմ և կրկնում ու վերահաստատում եմ՝ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո իրավիճակը կփոխվի։ Իսկ դա շատ մոտ ապագայի հարց է, որովհետև բառացիորեն այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարն ասեց, որ՝ «մենք տնտեսապես խեղդում ենք իրանական ռեժիմը»։ Եվ նպատակ են դրել արդեն Իրանում իշխանափոխություն կատարել, որը նաև բխում է հենց Իրանի ժողովրդի շահերից։ Իրանի ժողովուրդը՝ մանավանդ երիտասարդությունը, զզվել է կրոնապետությունից և կրոնական դոգմաներից, սանկցիաներից, աղքատությունից և այլն։ Այնպես որ շատ շուտով մենք Իրանում տեսնելու ենք հեղափոխության երկրորդ ալիքը՝ իշխանափոխություն, որի արդյունքում, Իրանը դառնալով աշխարհիկ և արևմտամետ երկիր, Արևմուտքի և Իսրայելի դաշնակից գործընկեր երկիր (պատկերացնո՞ւմ եք, Իրան-Իսրայել, դաշնակցություն, մի բան, որ եղել է մինչև 1979 թ․-ը` մինչև Իսլամական հեղափոխությունը), դրանից հետո Հարավային Կովկասում վիճակը գլխիվայր կշրջվի։
Իսկ եթե դրան ավելացնենք մոտակա շաբաթներին ու ամիսներին մեծ հավանականությամբ սպասվող կրեմլյան ռեժիմի տապալումը, ապա պարզ է դառնում, որ գերնպաստավոր պայմաններ կստեղծվեն Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում նոր ճարտարապետության համար, որը կբխի Արևմուտքի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի և մեր ազգային շահերից։
Դրանից հետո Արևմուտքի և Իսրայելի կողմից Հայաստանում պահանջված կլինի լրիվ այլ իշխանություն այլևս՝ հակառուսական, հակաթուրքական և արևմտամետ իշխանություն, ազգային իշխանություն, որը կսպասարկի այս նոր ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Եվ դրանից հետո արդեն նպաստավոր պայմաններ կստեղծվեն իրական արդար, կայուն խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը հիմնված կլինի արդարության, միջազգային իրավունքի և դրանից բխող փաստաթղթերի հիման վրա։
Պատահական չէ, որ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Որքան էլ որոշ տհասներ, տգետներ պնդում են, թե Ադրբեջանը տապալեց Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, դա այդպես չէ։ Քնեսեթը պարզապես չհասցրեց այդ հարցը քննարկել, որովհետև գնում էր արձակուրդ, իսկ Իսրայելում հոկտեմբերին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որից հետո մեծ հավանականություն կա, որ Քնեսեթը դա կանի, բայց նույնիսկ, եթե Քնեսեթը դա չանի, Իսրայելի կառավարությունն արդեն ճանաչել է, որովհետեև Իսրայելում կառավարությունն է իրականացնում արտաքին քաղաքականությունը։
Մյուս փաստը՝ Իսրայելի առաջատար վերլուծաբանները «The Jerusalem Post» թերթում արդեն հոդվածներ են տպում՝ հիշատակելով Սևրի պայմանագիրը և ասելով, որ նոր աշխարհակարգում պիտի ստեղծվեն նոր միջանցքներ, որոնք կբացառեն Թուրքիայի մասնակցությունը։ Եթե խոսենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը գնում է այն Հյուսիս-Հարավ միջանցքի մասին՝ հնդեվրոպական, որը Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը կկապեն Եվրոպայի հետ։ Եվ այդ ժամանակ մեծ հավանականություն կա, որ ԹՐԻՓՓ-ն այլևս իր իմաստը և նպատակը կկորցնի, որովհետև Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի հետ կապվելու նպատակին Արևմուտքը կկարողանա հասնել արդեն ազատագրված Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքներում՝ շրջանցելով Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան։
-Պարոն Գասպարյան, Նախիջևանի շուրջ ի՞նչ է կատարվում, տեսնում ենք, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է օրինականացնել Նախիջեւանի օկուպացիան՝ ներկայացնելով Նախիջևանը որպես «Ադրբեջանի մաս»։ Եվ Նախիջևանի հարցը որքանո՞վ է կապված Հայաստանի նոր Սահմանադրության հետ։
– Նախիջևանի շուրջ Ալիևի ջղաձգումները վերհաստատում են այն ամենը, ինչ ես քիչ առաջ ասեցի։ Ալիևը լավ է հասկանում, որ իրավական տեսանկյունից Նախիջևանը, հանդիսանալով Հայաստանի անքակտելի մաս, խնդրահարույց թեմա է և խնդիր է Ադրբեջանի համար։ Նույնիսկ Մոսկվայի պայմանագրով Նախիջևանը ընդամենը տրվել է Ադրբեջանի պրոտեկտորատի տակ՝ որպես հայկական ինքնավարություն։ Բայց, կրկնում եմ, միջազգային օրինական փաստաթղթերով, Ազգերի լիգայի որոշման համաձայն, Նախիջևանը, ինչպես և Արցախը, Հայաստանի անբաժանելի մաս են։ Եվ Ալիևը, հասկանալով, որ ստեղծվելիք նոր աշխարհակարգում վերանայվելու են փաստաթղթերն ու սահմանները, հիմա փորձում է լուծել իր պատկերացմամբ Նախիջևանի թնջուկը։ Նախիջևանը շատ կարևոր դեր է խաղալու նոր ճարտարապետության մեջ, որովհետև Նախիջևանով անցնող արդեն պատրաստի երկաթգիծը կսպասարկի այդ հնդեվրոպական առանցքը, որի մասին ես խոսեցի։
Ես ունեմ մի լավ ընկեր, որի ընկերն Իրանում, լինելով զինվորական, բառացի ասաց հետևյալը՝ «Նախիջևանը պիտի լինի կամ մերը, կամ ձերը, բայց եթե մենք գրավենք Նախիջևանը, դա կգնահատվի որպես ագրեսիա, իսկ դուք՝ հայերդ, ունեք փաստաթուղթ, որով կարող եք ցույց տալ, որ Նախիջևանը ձերն է»։ Նկատի ունի, իհարկե, Վիլսոնյան իրավարարը վճռին կցված Ազգերի լիգայի որոշումը։
Իրանը լավ գիտի, թե ում են պատկանում Նախիջևանը և Արցախը, և նոր Իրանը՝ Իսրայելի, Արևմուտքի և Հայաստանի նոր իշխանությունների հետ միասին լուծելու է այդ խնդիրը։ Արցախը Հայաստան է, և 35 տարի շարունակ Արցախի ինքնորոշման, անկախության մասին խոսողները կամ դա արել են իրենց քաղաքական տգիտության և տհասության հետևանքով, կամ, ուղղակի լինելով գործակալ և դավաճան, սպասարկել են օտարի շահերը՝ տվյալ դեպքում Մոսկվայի և Ադրբեջանի։
Ռոզա Հովհաննիսյան