
Արցախի ներկայացուցչության շենքում հրավիրվել է հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն իր ելույթում ասաց, որ անկախության առաջին իսկ օրերից Արցախի ժողովուրդը ստիպված եղավ պաշտանել իր գոյության իրավունքը զենքով՝ համայն հայության ու մայր Հայաստանի գործուն աջակցությամբ։ 1991-1994 թվականներին հազարավոր հայրենակիցներ զոհվեցին հանուն ազատության ու ազգային արժանապատվության։
«Այդ զոհողության գնով ձեռք բերված հրադադարը թույլ տվեց երեք տասնամյակի ընթացքում կառուցել պետական հաստատություններ, անցկացնել ընտրություններ, զարգացնել տնտեսությունը, կրթությունը եւ մշակույթը, թեկուզ եւ մշտական վտանգի ներքո, բայց սեփական հողի վրա՝ որպես ազատ ժողովուրդ։ Այս ճանապարհը եղավ նաեւ նոր փորձությունների ճանապահ՝ ներքին խնդիրներից մինչեւ արտաքին մատրահրավերներ՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած ծանր կորուստներն ու տարածքային զիջումները, ապա Արցախի շրջափակումը եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ցեղասպանական ագեսիան, որը մեզնից խլեց մեր հինավուրց հայրենիքը։ Այս ամենի հետեւանքով գործնականում ամբողջ Արցախի ժողովուրդը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը»,- ասաց նա։
Գագիկ Բաղունցն ասաց, որ բռնի տեղահանված արցախցիները ցրված են Հայաստանում եւ աշխարհում, գտնվում են ծանր մարդասիրական պայմաններում եւ զրկված են իրենց տնից, հողից, եկեղեցիներից եւ գերեզմաններից։
«Մեր հեգեւոր եւ մշակութային ժառանգության կոթողները՝ Ամարասը, Գանձասարը եւ բազմաթիվ այլ սրբավայրեր մնում են բռնազավթված տարածքում՝ առանց պատշաճ պաշտպանության։ Շարունակում են անազատության մեջ մնալ Արցախի քաղաքական եւ ռազմական առաջնորդներ եւ մեր այլ հայրենակիցներ, ովքեր Բաքվում ենթարկվում են հաշվեհարդարի եւ արդարադատության ծայրահեղ ծաղրի։ Մենք պահանջում ենք նրանց անվերապահ ու անհապաղ ազատ արձակում։ Այս ամենին գումարվում է նաեւ մեր պետական համակարգի ինստիտուցիոնալ ճգնաժամը՝ ԱԺ նախագահի հրաժարականից հետո։ Սակայն Արցախի Հանրապետության Ազգային ժողովը շարունակում է իր գործունեությունը եւ որպես Արցախի ժողովդի առաջնային մանդատ կրող մարմին՝ հանձնառու է իրականացնել նրա իրավունքները եւ օրինական շահերի պաշտպանությունը։ Մենք շարունակում ենք ստանձնել պատասխանատվություն՝ բարձրացնելու բռնի տեղահանված Արցախի ժողովրդի ձայնը՝ հանուն մեր հավաքական իրավունքների պաշտպանության»,- ասաց Բաղունցը։
Նա հավելեց․ «Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ ծանր պայմանները՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը եւ բնակչության ամբողջական բռնի տեղահանումը, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները, ինչպես նաեւ պետական ինստիտուտների ռեսուրսների եւ լծակների բացակայությունը, մենք այս փուլում հնարավոր չենք համարում նոր անկախ ընտրության կազմակերպումը։ ԱԺ-ն շարունակելու է իր գործունեությունը ստեղծված պայմաններում եւ պատրաստակամություն է հայտնում հնարավոր բարենպաստ պայմաների ձեւավորման դեպքում կազմակերպել պատշաճ ընտրական գործնթացներ»։
Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ ցեղասպանությունը եւ բռնի տեղահանումը երբեք չեն կարող դառնալ Արցախի ժողովրդի իրավունքների վերացման հիմք։
Բաղունցը դիմեց նաեւ միջազգային հանրությանը՝ կոչ անելով չմոռանալ եւ պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների փաստը՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում,որի պետք է հետեւի պատասխանատվության ապահովումը։ Անպատժելիությունը չպետք է դառնա նոր ոճրագործությունների խրախուսման միջոց, այլապես նորանոր զանգվածային ոճրագործություններ են իրականացվելու նույն եւ այլ հանցագործների կողմից։
«Մենք կոչ ենք անում ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը, ինչպես նաեւ ապահովել մեր հոգեւոր եւ մշակութային ժառանգության եւ մեր սեփականության պաշտպանությունը ոչնչացումից եւ յուրացումից»,- ասաց նա։