
Արցախի ներկայացուցչության շենքում հրավիրվել է հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ այսօր անհրաժեշտ է նոր կոնցեպտ մշակել ու մտածել, թե ինչպես կարելի է միասնական նորից թեժանել Արցախի հարցը, բարձրացնել այն միջազգային հարթակներում, նաեւ ժողովրդական ալիք ստեղծել։ «Ես կարծում եմ՝ անգամ անհրաժեշտություն կարող է լինել, որ նորից Ղարաբաղ կոմիտե ստեղծենք։ Այսինքն՝ այնպիսի մի կոմիտե, որն ամեն օր կզբաղվի այդ հարցով եւ կմշակի մի կոցեպտ, որով հասկանալի կլինի, թե քայլ առ քայլ ոնց ենք գնալու հարցի լուծմանը»,- ասաց նա։
Արամ Սարգսյանը նշեց, որ այսօր պառակտված է ամբողջ ազգը։ «Ո՞րն է հիմնական պատճառը, որ մենք այսօր այս իրավիճակում ենք։ Անկախ 44-օրյա պատերազմի այսպես կոչված պարտությունից, ռադիկալ փոփոխություն եղավ 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, երբ բոլորն այլեւս ասացին՝ մենք այդ գլխացավանքից ազատվեցինք, որովհետեւ Հայաստանի ինչ-որ մի մարդ, որն իր անունը դրել է վարչապետ, ասաց, որ «Արցախը Ադրբեջան է»։ Մեր մեղքն այն է, որ մենք ազգովի դա ընդունեցինք, որ ինքն իրավունք ունի այդ բանն ասելու, իսկ ինքն ընդհանրապես այդ իրավունքը չուներ, որովհետեւ դա միայն ու միայն արցախահայության իրավունքն է։ Հայ ազգի միասնական պայքարի արդյունքն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվեց»,- նշեց Արամ Սարգսյանը։
Նա նշեց՝ մենք աշխարհին մինչեւ այսօր դեռ չենք ներկայացրել, թե ինչո՞ւ է Արցախը հայկական եւ ինչո՞ւ այն պետք է միանար իր մայր հայրենիքին։ «Մեր սխալներից մեկն այն է, որ Միացումը փոխարինեցինք անկախության։ Միացումը միանշանակ պետք է լիներ, որովհետեւ մենք ուրիշ ելք չունեինք, դա ամենաանհրաժեշտ խնդիրն էր լուծելու։ Վերադառնալով այսօրվա հարցին՝ եթե մենք ուզում ենք, որ աշխարհը մեզ լսի, մենք պետք է ցույց տանք մեր ազգի միասնությունն այս հարցի կապակցությամբ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։