Կաչաղակաբերդը ոչ թե անցյալ է, այլ վերադարձի ուղի

Խաչենագետի ձորահովտի վրա, Պատարա և Քոլատակ գյուղերի միջև՝ 1706 մ բարձրության, մշուշի ու լռության մեջ, քարե ճակատը պարզած կանգնած է ինչպես հին հսկա, որ դարերով պահում է երկրի հիշողությունը։ Նրա պատերն իրենց վրա կրում են ասպատակողների հետքերը, իշխանների աղոթքն ու զինվորների քայլերի արձագանքը։ Ամրոցի քարերն այսօր էլ շնչում են անցյալի շունչը, երբ Խաչենի իշխանությունը պաշտպանում էր իր հողն ու հավատը՝ ամենաթեժ ժամանակներում։ Այդ հնագույն ամրոցը  լռության մեջ կանգնած վկա է՝ մի ամբողջ ժողովրդի տոկունության, հերոսության և հոգևոր ուժի։

Ամրոցը բավարար հետազոտված ու ուսումնասիրված չէ, տեղեկություններ չկան բերդի հիմնադրման, կառուցման մասին, ինչը հաճախ տարակարծությունների տեղիք է տալիս ։ Ըստ Սլավա Սարգսյանի, մինչև 10-րդ դարը այն կոչվել է Խաչենի բերդ, և հենց այդ անվանումից էլ առաջացել է Խաչենի իշխանություն տերմինը։ 13-րդ դարի մի ձեռագրում այն հիշատակվում է որպես Սխսաղան, Սաղսաղան, Հավքախաղաց, իսկ 15-րդ դարից սկսած՝ Կաչաղակաբերդ։

Բերդի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է

Ս. Հակոբի վանքի դիմաց եւ նրան մոտիկ (կարծեմ հյուսիսային կողմից) մի բարձրակատար եւ անմատույց ժայռի վրա գտնվում է Հավախաղաց կամ Հավքախաղաց բերդը, որն անունը ստացել է իր դիրքի պատճառով: Այն այլազգիները միչեւ օրս կոչում են Սաղսաղանքալեսի, այսինքն՝ կաչաղակի անունով: Թվում է, որ բերդը հնում էլ այդպես է կոչվել եւ թերեւս այդ անունից ու տեղից էլ ստացել իր Կաչեղյաց խաչ անունը, որը հիշատակվում է Մեծիրանքի արձանագրություններում: Սույն բերդը կառուցել է Սահլյան Ատրներսեհի որդի Գրիգորը, Թ դարի երկրորդ կեսին, որին ԺԲ դարում տիրում էին Վախտանգյանները: Իսկ թաթարների հարձակման ժամանակ, 1236-38 թթ., եղել է Ջալալի իշխանության տակ: Այն այլ բերդերի հետ միասին ամուր պաշտպանված էր, քանի որ փախստականներից «շատերը ամրացել էին այն ապահով վայրերում, որոնք տեղի դժվարության պատճառով Հավախաղաց էին կոչվում, եւ մարդիկ ապահով կերպով ապաստանում էին այդ ամրոցներում: Բայց քանզի Տերը երես թեքեց մարդկանցից, թշնամիները հանկարծակի խուժեցին ամրոցները եւ մարդկանց մի մասին սրի քաշեցին, իսկ մի մասին էլ գահավեժ արեցին: Ընկածների շատությունից գետինը ծածկվում է, եւ արյունն, առու կազմելով, հոսում է իբրեւ ջուր: Ոչ ոքի չխնայեցին, եւ երկար ժամանակ նրանց ոսկորները երեւում էին իբրեւ քարակույտեր»: Ցարդ երեւում են ամրոցի, հին բնակարանների մնացորդները եւ լճաձեւ մի մեծ ջրավազան:

Ամրոցի Կաչաղակաբերդ անվան շուրջ պահպանվել է ուշագրավ ժողովրդական ավանդույթ, որն արտահայտում է ինչպես բերդի անառիկության համբավը, այնպես էլ նրա պաշտպանների հերոսական ինքնազոհությունը։ Ըստ ավանդույթի՝ մոնղոլական զորքերը, երկարատև պաշարումից հետո, երբ համոզվում են, որ ամրոցը գրեթե անառիկ է և հարձակումով այն գրավել հնարավոր չէ, որոշում են սպասել, մինչև բերդի բնակիչները սովից կթուլանան և ստիպված կհանձնվեն։

Անցնում է երկար ժամանակ, սակայն ամրոցից ոչ ոք չի հանձնվում։ Մոնղոլ զորապետը, զարմացած, նկատում է, որ բերդի գագաթին անսովոր շատ կաչաղակներ են հանգրվանել։ Այս տեսարանը նրա մեջ կասկած է առաջացնում։ Զորապետը ուղարկում է մի քանի զինվոր՝ ամրոցը ստուգելու համար։ Երբ նրանք հասնում են ներս, թռչունները սարսափած վեր են թռչում, և նրանց հայացքին բացվում է սարսափելի պատկեր․ բերդի պաշտպանները՝ սովից ու ծարավից նահատակված, ընկած են բերդի պատերի ներքո, իսկ կաչաղակները՝ նրանց մարմինների վրա։

Այդպես բացահայտվում է Կաչաղակաբերդի վերջին ողբերգական գաղտնիքը։ Բերդը չի գրավվել զենքի ուժով, այլ ընկել է միայն այն ժամանակ, երբ նրա պաշտպաններից ոչ ոք այլևս կենդանի չէր։ Ահա այդ պատմության հիշատակությունն էլ ամրոցին տվել է իր խորհրդանշական անունը՝ Կաչաղակաբերդ, որպես հիշեցում այն դաժան ճակատագրի մասին, որին բախվեցին նրա աննկուն պաշտպանները։

Մովսես Կաղանկատվացին իր հիշատակագրում ամրոցի մասին ակնարկում է հայոց Առանշահիկ և պարսից Միհրական տոհմերի մրցակցության դրվագում։ Ներսեհ անունով իշխանը Դադիվանքի մոտ, Խորաձորում սպանում է Միհրական տոհմից Վարազ-Տրդատ իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին, որը նպատակադրված էր ոչնչացնել այդ տոհմի արական սերունդը, երբ այս տոհմերի միջև բորբոքվել էր ժառանգական մրցությունը։ Համաձայն հիշատակագրի, իշխանի կինը կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դստերը, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի բերդում»

Ամրոցը տեղակայված է անտառածածկ լեռան վրա։ Այն կառուցված է ուղղաձիգ, երեք կողմերից անհաղթահարելի ժայռի գագաթին՝ ռազմավարական կարևոր դիրքում, Խաչենի լեռնաշխարհի կենտրոնական հատվածում։ Կաչաղակաբերդը եղել է Խաչեն արշավող թշնամական զորքերի առաջխաղացման հիմնական խոչընդոտներից մեկը՝ մյուս ամրոցների՝ Ծիրանաքար, Շիկաքար, Խոխանաբերդ, Դեդ և Բերդաքար ամրոցների հետ միասին։

Խաչենի բերդն ու համանուն իշխանությունը ունեցել են բազմափուլ և բարդ քաղաքական պատմություն։ 7-րդ դարի կեսերից սկսած՝ Հայաստանի վրա իրենց տիրապետությունն են հաստատել արաբները, ինչն ազդել է նաև Խաչենի իշխանության վրա։ 8–9-րդ դարերում վերջինս ենթարկվում է ծանր հարվածների, սակայն Առանշահիկ իշխանները՝ Սահլ Սմբատյանը, Ատրներսեհը և մյուսները, շարունակում են դիմակայել թշնամուն։ 854 թվականին արաբ Բուղա ոստիկանը պաշարում է Խաչենի ամրոցը՝ կարծելով, թե իշխանն այնտեղ է ապաստանած։ Թեև արաբական գերիշխանությունը տևական էր, նյութական մշակույթի վկայությունները փաստում են, որ տարածաշրջանը պահպանել է որոշակի ինքնուրույնություն։

11-րդ դարի կեսերից Խաչենը հայտնվում է սելջուկների ազդեցության տակ։ 13-րդ դարի սկզբին՝ 1220-ականներին, սկսվում են Ջալալ ադ-Դինի արշավանքները։ Արաբ պատմիչ իբն Խալդունի վկայությամբ՝ 1227 թվականին Ջալալ ադ-Դինի վեզիր Շարաֆ ալ-Մուլքը հարկահանում է Խաչենը․ ամրոցում գտնվող Ջալալ իշխանը ստիպված է լինում վճարել 20.000 դինար փրկագին և ազատել շուրջ 700 գերի։

Հետագա դարերում Կաչաղակաբերդը դառնում է մոնղոլական արշավանքների թատերաբեմ։ Գանձասարի առաջնորդ Եղիա վարդապետի (15-րդ դար) հեղինակած ձեռագիրը՝ «Արշաւանք թաթարաց և պատերազմ ի Կաչաղակաբերդի», վկայում է ամրոցի ռազմավարական և պաշտպանական նշանակության մասին։

Հասան-Ջալալ իշխանը (1214–1261) մոնղոլական տիրապետության տարիներին կարողանում է իր դիվանագիտական հմտությամբ մեղմել թաթար-մոնղոլական ճնշումները՝ ապահովելով հարաբերական խաղաղություն։ Սակայն 1246 թվականին Ղարաբուղա զորավարի ավերիչ արշավանքներից հետո ամրոցը աստիճանաբար կորցնում է իր ռազմաքաղաքական դերը։

Ամրոցակալ ժայռը ձգվում է հարավ-արևելք–հյուսիս-արևմուտք ուղղությամբ՝ մոտ 150-160 մ երկարությամբ և 75 մ միջին լայնությամբ (ընդհանուր մակերեսը՝ մոտ 1,13 հա)։ Տարածքում պահպանվել են տարբեր կառույցների հետքեր, որոնցից ամենալավ պահպանվածը ջրավազանն է։

Կառուցման ժամանակը հստակ հայտնի չէ։ Սակայն Խաչիկ վարդապետ Դադյանի պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները՝ բրոնզե նիզակակոթեր, նիզակածայրեր և խեցեղեն, թույլ են տալիս ենթադրել, որ ամրոցի հիմքը դրվել է դեռևս զարգացած բրոնզի դարում (մ.թ.ա. 2–1 հազամյակ)։ Հետագա դարերում, հատկապես արաբական և մոնղոլական արշավանքների ընթացքում, այն վերակառուցվել է և հարմարեցվել ժամանակի ռազմարվեստի պահանջներին՝ դառնալով Ներքին Խաչենի ամենաանառիկ ամրոցներից մեկը։

Դարերի խորքից այն մեզ է նայում՝ հիշեցնելով, որ մենք չենք ավարտվել այնտեղ, որտեղ դադարել է մեր ներկայությունը։

Կաչաղակաբերդը ոչ թե անցյալ է, այլ վերադարձի ուղի։ Նրա յուրաքանչյուր քար պահում է հիշողությունը՝ այն ճանապարհի, որով կրկին պիտի անցնի հայ մարդու ոտնահետքը։

Եվ երբ մի օր մենք վերադառնանք այս բերդի գագաթը, մեր քայլերի տակ կշարժվեն այն նույն քարերը, որոնք պահեցին մեր նախնիների հավատը։

Արմինե Հայրապետյան