ԱՄՆ-Եվրոպա բանակցություններ Ուկրաինայի շուրջ. «խորհրդային սահմանների» հարցն է լուծվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդների հետ, որոնք նախօրեին այցելել էին Մոսկվա: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում մասնակիցները հայտնել են, որ Ջարեդ Քուշները և Սթիվեն Վիտկոֆը Ուկրաինայի մայրաքաղաք են բերել պատերազմը դադարեցնելու որոշ «նոր գաղափարներ», սակայն չեն մանրամասնել, թե դրանք կոնկրետ ինչ են եղել: Կիևում բանակցություններին միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականները: Տպացորություն էր, որ բանակցությունները ընթանում էին ոչ թե Մոսկվայի և Կիևի, այլ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև՝ Ուկրաինայի սահմանների հարցով:

Եվրոպական երկրները հրապարակավ հայտարարել են Ուկրաինային շարունակական աջակցելու իրենց մտադրության մասին, որպեսզի Կիևը կարողանա դիմակայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված Եվրոպայի քարտեզը վերաձևավորելու Ռուսաստանի փորձերին: Չնայած ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ​​բլոկի փլուզմանը՝ Եվրոպան ամուր կառչած է «խորհրդային» սահմաններին՝ գիտակցելով, որ դրանց քայքայվելու դեպքում կսկսեն քանդվել աշխարհի բոլոր սահմանները: Հենց այդ մտավախությամբ Եվրոպան 2022 թվականին պնդեց պահպանել խորհրդային սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև, չնայած Ալիևի կողմից Արցախի օկուպացիայի “ճանաչումը” միայն խթանեց Ռուսաստանին պատերազմով բաժանել Ուկրաինան:

ԱՄՆ-ն չի աջակցում Ուկրաինային և բանակցություններ է վարում հիմնականում Մոսկվայի հետ՝ Ուկրաինային տարածքային զիջումների պարտադրելու, հետևաբար՝ եվրոպական սահմանները քանդելու շուրջ։

Քուշների և Վիտկոֆի այցը Կիև պատերազմից հետո առաջինն էր։ Մինչդեռ Վիտկոֆը ութ անգամ հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ երեք անգամ՝ ԱՄՆ նախագահի փեսայի՝ Քուշների հետ միասին։

Վիտկոֆի՝ Կիև կատարած առաջին այցը, հավանաբար, բացատրվում է եվրոպացի ներկայացուցիչների հետ հանդիպելու մտադրությամբ, քանի որ պարզ է, որ առանց ԵՄ աջակցության Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ Ռուսաստանին։ «Խրախուսելով» Եվրոպայի «մաշվածությունը» ուկրաինական պատերազմում, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ցանկանում է “խաղաղության” հասնել Ռուսաստանի պայմաններով, այսինքն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված սահմանների վերացմամբ։

Վիտկոֆը հայտնել է, որ կողմերը պատրաստում են նոր եռակողմ հանդիպում, այսինքն՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, պայմանավորվածություն կա մոտ ապագայում եռակողմ հանդիպում անցկացնելու Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։

«Դոնբասի հարցը միայն Դոնբասի հարց չէ։ Ես կարծում եմ, որ դա է այս պատերազմի հարցը», – ասել է Ուկրաինայի նախագահը։ «Եվ այս տարածքային հարցն է ռուսական կողմի նպատակը», – բանակցություններից հետո ասաց Զելենսկին։

«Ես ուզում եմ մնալ իմ կարծիքին, որ նման բարդ (տարածքային – խմբ.) հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով։ Բայց գլխավորն այն է, որ այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու ամեն ինչ», – ասաց Զելենսկին։

Ամեն դեպքում, նույնիսկ եթե Ռուսաստանը «համաձայնվի» չպահանջել Դոնբասի մնացած չօկուպացված տարածքը, «փոխզիջումը» ցանկացած դեքպքում կփոխի սահմանները Եվրոպայում, ինչը շատ շուտով կարտացոլվի եվրոպական այլ երկրների քարտեզների վրա։ Եւ այդ ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև Պրահայի համաձայնագիրը ևս կասկածի տակ կհայտնվի։