
Բնապահպանական հարցերը կարևոր նշանակություն ունեն հայ-ադրբեջանական Արցախի շուրջ հակամարտության մեջ։
2016 թվականի հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվեցին ադրբեջանական պատվիրակության կողմից նախաձեռնված երկու բարձր մակարդակի զեկույցներ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Առաջարկվող երկու փաստաթղթերից Վեհաժողովն ընդունեց միայն մեկը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ 2085 (2016) բանաձևը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։ Բանաձևում նշվում էր, որ ջրից միտումնավոր զրկվելն օգտագործվում է որպես քաղաքական ազդեցության գործիք, և որ Սարսանգի ամբարտակի (Aրցախի վերահսկողության տակ) պատշաճ պահպանման բացակայությունը հումանիտար և բնապահպանական աղետի սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի սահմանամերձ շրջանների համար։ Փաստաթղթում պահանջվում էր հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերում տարածաշրջանից՝ անկախ ինժեներների և հիդրոլոգների մուտքն ապահովելու համար ջրամբար։
Հայկական կողմը և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ քննադատեցին բանաձևը՝ այն անվանելով կողմնակալ և քաղաքականացված, և նշելով, որ զեկուցողը երբեք չի այցելել ջրամբար՝ չնայած Ստեփանակերտի հրավերներին։ Զեկույցի ընդունումից երկու ամիս անց՝ 2016 թվականի մարտի 2-ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, այդ թվում՝ Սարգսանգի ջրամբարի տարածքում՝ որպես պատրվակ օգտագործելով ԵԽԽՎ բնապահպանական բանաձևը։
2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ կիրառվեցին ֆոսֆորային ռումբեր, որոնք անդառնալի վնաս հասցրին Արցախի անտառներին։ Անվերահսկելի ճանապարհաշինությունը և շինարարությունը օկուպացված Արցախում՝ առանց «օտար» միջավայրը խնաելու, արդեն իսկ փոխել են էկոլոգիական լանդշաֆտը Արցախում և մեղմ կլիման՝ առաջացնելով անսովոր տեղումներ և բնական աղետներ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, փակեց Բերձորի միջանցքը՝ կրկին օգտագործելով բնապահպանական դիրքորոշումներ։ Նմական մորթյա վերարկուներով կանայք՝ խեղդամահ արված աղավնիներ ձեռքներին, փակեցին Արցախ տանող օրինական ճանապարհը՝ դատապարտելով 120,000 մարդու սովի, որ «փրկեն» ոսկու հանքերը։
Բնիկ ժողովրդների էկոլոգիական իրավունքների հարցը հատկապես կարևոր է ՄԱԿ-ի COP17 համաժողովի լույսի ներքո, որը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է բարձրաձայնի Արցախի ժողովրդի շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության մասին՝ որպես բնիկ ժողովուրդների անօտարելի իրավունք՝ պաշտպանելու իրենց բնօրրանի միջավայրը։
Ներկայացնում ենք Մասիս Սարգսյանի աշխատությունն այն մասին, թե ինչպես է բնապահպանությունը օգտագործվել Արցախի բնիկ բնակչության իրավունքները խախտելու համար, և թե ինչպես կարող է Արցախի ժողովուրդը օգտագործել ՄԱԿ-ի կանոնադրությունը և COP17-ը՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։
Մասիս Սարգսյան
25 օգոստոսի 2026թ․
Ավելի քան 30 տարի առաջ գիտական հանրությունը եկավ այն եզրակացության, որ մարդու տնտեսական գործունեության ազդեցությունը մոլորակի կլիմայական և բնական համակարգերի վրա հասել է վտանգավոր չափերի․ ավելի հաճախ/ուժգին են դարձել բնական աղետները, երկրագնդի որոշ տարածքներում շատացել են անձրևները, մյուսներում ընթանում է անապատացում, արագացել է մշտական սառույցի հալման ընթացքը, բարձրացել է համաշխարհային օվկիանոսի մակարդակը։
Գիտնականների կարծիքով կլիմայի փոփոխության մարդածին պատճառը պայմանավորված է ջերմոցային գազերի (CO2, CH4, N2O և այլն) արտանետումների մեծացմամբ, որի արդյունքում մթնոլորտի ստորին շերտում ջերմաստիճանի էական բարձրացում է գրանցվել՝ նախաարդյունաբերական շրջանի հետ համեմատած։ Ջերմաստիճանի հետագա բարձրացումը կարող է բերել անդառնալի և կործանարար հետևանքների։
Այդ իրողության գիտակցության արդյունքում 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեցին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (UNFCCC), ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (UNCBD), իսկ 1994թ-ին՝ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան (UNCCD)։ Այսօր դրանք հայտնի են որպես «Ռիո-կոնվենցիաներ»։ Հայաստանը վավերացրել է այս երեք կոնվենցիաները և մասնակցում է դրանց շրջանակներում իրականացվող միջազգային գործընթացներին։
Ո՞ւր ենք հասել
Իհարկե, ջերմոցային գազեր միշտ էլ արտանետվել են։ Օրինակ, մեծ քանակությամբ դրանք արտանետվում են հրաբուխների ժայթքումների ժամանակ, նաև կենսաբանական նյութերի փտելու ընթացքում, պարզապես շնչելու ժամանակ և այլն։ Սակայն այն բանից հետո, երբ մարդիկ սկսեցին օգտագործել հանքային վառելիք՝ քարածուխ, գազ, նավթ, ինչպես նաև ընդլայնել գյուղատնտեսությունը, կլիմայի փոփոխությունը էականորեն արագացել է։
Թվերով դա արտահայտվում է հետևյալ կերպ․ 2024-2025թթ․ դրությամբ տարեկան մթնոլորտ է արտանետվել շուրջ 50-55 միլիարդ տոննա CO2 գազին համարժեք ջերմոցային գազ, մինչդեռ բնությունը կարողանում է կլանել մթնոլորտից ու կուտակել («մարսել») միայն 10-15 միլիարդ տոննա։ «Չմարսված» ջերմոցային գազերը կուտակվում են մթնոլորտում, ինչը արտահայտվում է մթնոլորտի ներքին շերտերի միջին ջերմաստիճանի բարձրացմամբ, որն էլ իր հերթին հանգեցնում է վերը բերված ու այլ բնույթի երևույթների ուժգնացման։ (Ջերմաստիճանի 1.5°C բարձրացումը հանգեցնում է կլիմայական համակարգի կայունության էական խաթարման)։
Անցած տարիների ընթացքում ձևավորվել էր որոշակի մոտեցում, ըստ որի զարգացած պետությունները ընդունում էին, որ իրենք ամենամեծ բացասական ազդեցությունն են ունեցել երկրի կենսոլորտի վրա և, ըստ էության, հարստացել են այդ թվում նաև բնությունը գերշահագործելու հաշվին։ Հետևապես կրում են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների պատասխանատվությունը։ Դա արտահայտվում է նրանով, որ զարգացած երկրները որոշակիորեն պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես և տեխնոլոգիապես աջակցելու մարդկության առջև ծառացած այս բարդ խնդիրների լուծման հարցում։
Կենսաբազմազանության կոնվենցիան և արցախահայությունը
Կենսաբանական բազմազանության պաշտպանությունը ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չի հարուցում։
Ակնհայտ է, որ մարդն էլ, որպես կենսաբանական էակ, այդ բազմազանության մաս է կազմում։ Սակայն որպես բանական էակի, մարդու կենսագործունեությունն ունի նաև մշակութային հարթություն, ունի հոքևոր հարթություն, ունի որոշակի աշխարհագրական կապվածություն։ Այս ակնհայտ իրականությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համատեքստում արտահայտված է, մասնավորապես, բնիկ ժողովուրդների իրավունքներին վերաբերող փաստաթղթերում (Կենսաբազմազանության կոնվենցիայի 8(j)
հոդված)։
«Բնիկ ժողովուրդ» տերմինը չունի համընդհանուր ընդունված սահմանում։ Դրա պատճառն այն է, որ ՄԱԿ–ը, ըստ էության, միջպետական միավորում է, և ներկայիս պետությունները, առաջնորդվելով իրենց քաղաքական՝ «սուվերեն» շահերից ու պատմական դերից, ամեն կերպ խուսափում են այդ ժողովուրդների բնական իրավունքները ճանաչել։ ՄԱԿ–ի շրջանակներում ընդունվել է ժամանակավոր, «աշխատանքային» սահմանում․
[Специальный докладчик Подкомиссии ООН по предупреждению дискриминации и защите
меньшинств Хосе Мартинес Кобо приводит следующее рабочее определение]: …коренной народ состоит из нынешних потомков народов, которые проживали на нынешней территории всей или части какой-либо страны в момент, когда на неё прибыли из других частей мира лица другой культуры и этнического происхождения, которые покорили их и поставили в зависимое и колониальное положение путём завоевания, колонизации и других средств; в настоящее время эти народы живут более в соответствии с их особыми обычаями и социальными, экономическими и культурными традициями, чем с институтами страны, частью которой они являются, при государственной структуре, которая основывается главным образом на национальных, социальных и культурных особенностях других господствующих слоёв населения.
Իրավունքի մասնագետները նշում են, որ առաջնային կարևորություն ունի այն հանգամանքը, որ ժողովուրդը, ում իրավունքների մասին խոսվում է կոնվենցիայում, առաջին հերթին պետք է ինքն իրեն իդենտիֆիկացնի որպես սեփական իրավունքների ոտնահարման խնդիր ունեցող ժողովուրդ։
Այստեղ կարևոր է նշել, որ արցախահայության իրավունքը ոչ միայն իրենց հայրենիք վերադառնալու իրավունքն է, այլև իրենց նախկին բնակության վայրի մշակութային ժառանգության, բնական էկոհամակարգերի, հողերի, ջրային ռեսուրսների և դրանց հետ կապված ավանդական գիտելիքի ու գործելակերպերի պահպանության բնական իրավունքն է (ու բնական պատասխանատվությունը)։
Հնարավոր հարթակներ
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (UNCBD) շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների (Indigenous Peoples and Local Communities — IPLCs) դերը բավական հստակ ամրագրված է 8(j) հոդվածում, որը պետություններից պահանջում է որքան հնարավոր է հարգել, պահպանել և օժանդակել բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հետ կապված գիտելիքները, նորարարություններն ու ավանդական գործելակերպերը, և դրանց օգտագործումը իրականացնել գիտելիք կրողների հավանությամբ ու մասնակցությամբ։
Ճիշտ է, բնիկ ժողովուրդների մասին միշտ խոսվում է տեղական համայնքների հետ համակցված, ինչն ավելի շատ ուղղորդում է դեպի տարբեր երկրներում առանձնացված և յուրահատուկ կենցաղով ապրող առանձին ժողովուրդների և ցեղերի իրավունքները։ Բայց կարծում եմ, որ արցախահայության իրավունքները կարո՛ղ են քննարկվել այդ երկու համատեքստերում։
Արցախահայության իրավունքները կարելի է դիտարկել ավանդական կենսակերպի և բնական էկոհամակարգի փոխկապակցվածության հարթությունում։
Կենսաբազմազանության կոնվենցիան կարևոր է համարում այդպիսի կապը․ այն նշում է, որ բնիկ և տեղական համայնքների մշակութային, սոցիալական, տնտեսական և էկոլոգիական համակարգերը կապված են հողի, ջրի և տարածքների ավանդական կառավարման հետ։ Արցախահայության տեղահանության/վտարման դեպքում խնդիրը պետք է դիտարկենք ոչ միայն որպես բնակչության տեղաշարժ, այլ նաև որպես ավանդական բնապահպանական և գյուղատնտեսական գիտելիքի կրող համայնքի կապի խզում իր բնական միջավայրի հետ։
Ըստ էության սա կենսամշակութային բազմազանության կորստի հարց է։ Այս մոտեցմամբ բնական միջավայրը և մշակույթը դիտարկվում են ոչ թե առանձին, այլ փոխկապակցված։ Օրինակ՝ գյուղական բնակավայրի ավանդական գյուղատնտեսությունը, ջրային համակարգը, անտառը, արոտավայրը, սրբավայրերը և դրանց հետ կապված մշակութային գործելակերպերը միասին ձևավորում են որոշակի կենսամշակութային համակարգ, ինչը Կենսաբազմազանության կոնվենցիայի օրակարգի հարց է։
Այսպիսով, հիմնավոր եմ համարում, որ արցախահայության իրավունքների քննարկումը դիտարկվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին վերաբերող սկզբունքների համատեքստում, մասնավորապես՝ ավանդական գիտելիքի, ավանդական կենսակերպի, բնական էկոհամակարգի մասը կազմող բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման, տարածքի հետ համայնքի կապի և կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ CBD-ի 8(j) հոդվածի դրույթների միջոցով։
Անելիքները
Մեր կազմակերպությունը՝ «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ-ն, անշուշտ այս թեմայով շահագրգիռ կառույց է, քանի որ մեր տոհմածառի ճյուղերից մի քանիսը հենց Արցախից են տեղահանվել/վտարվել։ Մենք կարող ենք (և, իմ կարծիքով, պարտավոր ենք) մասնակցել արցախահայերի իրավունքների պաշտպանության գործին։ Բայց որպեսզի կարողանանք օգտագործել Ռիո-կոնվենցիաների օրակարգը, մասնավորապես 2026թ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17-ի հարթակը, պետք է որ հենց արցախահայության հատվածը համախմբվի և հանդես գա որպես միասնական շահառու և պահանջատեր։ Հարմար կլինի, եթե համատեղ հանդես գան արցախահայերի մի քանի կազմակերպություններ, որոնց կմիանան մեր և այլ ՀԿ-ներ ու խմբեր։
Հիմնական պահանջը պետք է լինի Արցախի մշակութային արժեքների և բնական էկոհամակարգերի պահպանումը։
Վերջին նորություններից
Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների մասին հարցերը քննարկվում են նաև այլ կոնվենցիաներում։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան հարմար է նրանով, որ դրա հերթական՝ COP 17-ը կայանալու է Երևանում՝ 2026թ․ հոկտեմբերին։
Ներկայումս Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում ընթացող «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի» COP-17-ի նախնական օրակարգում մտցված էր բնիկ ժողովուրդների իրավունքների քննարկման հարցը, սակայն Ռուսաստանը արգելակել է դրա ամրագրումը հիմնական օրակարգում։
Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, այդ թվում՝ «Բնիկ ժողովուրդների միջազգային հանձնաժողովի» (International Indigenous Peoples’ Caucus on CCD (IIPFCCD)) հայտարարությունում ասվում է (ազատ թարգմանությամբ)․ «ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) Կողմերի համաժողովի (COP) առաջին լիագումար նիստում, որը տեղի ունեցավ 2026 թվականի օգոստոսի 17-ին, Ռուսաստանի Դաշնությունը դեմ արտահայտվեց COP-ի օրակարգի 3-րդ կետի՝ ապագա ռազմավարական շրջանակի մեջ Բնիկ ժողովուրդների դրույթի ներառմանը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ այլ համապատասխան կոնվենցիաների և միջազգային կազմակերպությունների, հաստատությունների և գործակալությունների հետ հարաբերությունների խթանման և ամրապնդման (սիներգիա) վերաբերյալ 4-րդ կետին, քաղաքականության շրջանակների և թեմատիկ հարցերի՝ գենդերային հարցերին վերաբերող 5-րդ կետին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ 8(ա) կետին, այդ թվում՝ «Բնիկ ժողովուրդների խմբակցության լիազորությունների շրջանակին»։ Նախագահությունը այս օրակարգային հարցերի քննարկումը հետաձգեց «ավելի ուշ ժամկետի՝ խորհրդակցությունների սպասման ժամկետով»։
Այս օրակարգային հարցերը մի կողմ դնելը աննախադեպ է և ուղղակի և լուրջ մարտահրավեր է UNCCD-ի կոնսենսուսի վրա հիմնված գործընթացին։»
Այսպիսով, որպես առաջնային նպատակ, պետք է հասնել նրան, որ Հայաստանում կայանալիք COP-17-ի ոչ կառավարական հարթակներում քննարկվեն արցախահայության հարցերը։
Դրան հասնելու համար պետք է կատարել առաջին քայլը՝ համախմբել արցախահությանը և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։