Գրքերի շնորհանդես և Հադրութի ստեղծագործական կենտրոնի ցուցահանդես

Այսօր Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Լիլիթ Մկրտչյանի «Քարհանգուստ» և Աշխեն Հարությունյանի «Քշաթուխպ» գրքերի շնորհանդեսը։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը։

Երկու գրքերն էլ գրված են բարբառով և անդրադառնում են իրենց միջավայրի կենցաղին, մշակույթին ու մարդկանց՝ այդ պատմությունների մեջ միահյուսելով ողբերգական իրադարձություններն ու հումորը։

Լիլիթ Մկրտչյանի «Քարհանգուստ»-ը Գյումրիի մասին է։ Գրքում գյումրեցու առօրյան, քաղաքային մշակույթը, կենցաղն ու հայտնի հումորը ներկայացվում են 1988 թվականի երկրաշարժի հիշողության և դրա թողած հետևանքների համատեքստում։ Ողբերգությունը ներկայացվում է մարդկանց կյանքի ու ճակատագրերի միջոցով՝ պահպանելով նաև այն հումորը, որն առանձնահատուկ տեղ ունի գյումրեցու մշակույթում։

Աշխեն Հարությունյանի «Քշաթուխպ»-ը պատմում է Արցախի մասին՝ արցախյան բարբառով։ Այստեղ նույնպես առօրյա կյանքը, կենցաղը, ավանդույթներն ու մշակույթը միահյուսվում են պատերազմի, կորստի և ծանր ճակատագրերի պատմությունների հետ։ Հումորը գրքում զուգորդվում է ողբերգական հիշողությունների հետ՝ ներկայացնելով Արցախը ոչ միայն պատերազմի, այլև այնտեղ ապրած մարդկանց առօրյայի ու մշակույթի միջոցով։

Գրքերի բովանդակությունն ու հատկապես «Քշաթուխպ»-ի ավարտը կարելի է ընկալել տարբեր կերպ։ Միջոցառման ընթացքում, անդրադառնալով գրքի իմաստին, Թումանյանի անվան թանգարանի տնօրեն, Արցախի նախկին կրթության նախարար Լուսինե Ղարախանյանը նշել է, որ գրքի ավարտը, անշուշտ, ողբերգական է, սակայն այն կարելի է ընկալել նաև մեկ այլ՝ ավելի խորքային իմաստով։ Արցախի յուրաքանչյուր հայի համար գիրքը կարող է դառնալ մտովի Արցախ վերադառնալու, այնտեղ ապրած կյանքը վերապրելու և ուժ ու հույս գտնելու, հավատալով  որ մի օր քշաթուխպը կցրվի, և վերադարձը տուն հնարավոր կլինի։

Երկու գրքերի առանձնահատկություններից է բարբառի կիրառությունը, որը հնարավորություն է տալիս գրականության միջոցով պահպանել Գյումրիի և Արցախի խոսքի, կենցաղի ու մշակութային ինքնության առանձնահատկությունները։

Միջոցառման ընթացքում ներկայացված Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատանքների ցուցահանդեսը ևս կապված էր արցախյան մշակույթի պահպանման թեմայի հետ։ Կենտրոնը, որը 2020 թվականի պատերազմից հետո գործունեությունը շարունակում է Հայաստանում, իր սաների միջոցով շարունակում է ստեղծագործական աշխատանքը և կապը հայրենի մշակութային միջավայրի հետ։

Արսեն Աղաջանյան