Արցախցիների նկատմամբ խտրականության դրսևորումները կրթական հաստատություններում

Հարցման ամփոփում

Մամուլը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է աղմկահարույց դեպքերի, որոնք կապված են ՀՀ կրթական հաստատություններում արցախցի երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի, բուլինգի դեպքերի հետ: Չնայած սա համատարած բնույթ չի կրում, և ընդհանուր առմամբ կրթական հաստատություններում արցախցի աշակերտներն ու ուսանողները բավականին լավ վերաբերմունքի են արժանանում, բայցևայնպես հանրային հնչեղություն ստացած դեպքերը խոսում են այն մասին, որ կան խորքային խնդիրներ, որոնց վրա չարժե աչք փակել, դրանց մասին անհրաժեշտություն կա խոսելու՝ խնդիրների առաջացման պատճառները և լուծումները գտնելու համար:

Նորերս  «ՍիվիլՆեթ»-ը հրապարակել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբի պատրաստած հոդվածն այս թեմայով, որտեղ հարցը բազմակողմանիորեն դիտարկվել է: Հոդվածին կից անցկացվեց նաև առցանց քվեարկություն՝ «ինչպե՞ս եք գնահատում ձեր երեխաների ինտեգրումը ՀՀ կրթական հատատություններում» հարցադրմամբ:

Հոդվածում անդրադարձ եղավ վերջերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ցուցահանդեսից հեռացվել է 10-ամյա աշակերտուհու՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը պատկերող նկարը, ինչը թե՛ անհատների, թե՛ որոշ ՀԿ-ների կողմից գնահատվեց որպես մտահոգիչ ու խտրական երևույթ: Հոդվածում խոսվում է նաև նմանատիպ այլ դեպքերի մասին, որտեղ արցախցի երեխաները դասընկերների, ուսուցիչների կողմից ենթարկվել են բուլինգի: Որպես խնդրի առաջացման պատճառներ հատկապես շեշտվում է լեզվական և բարբառային տարբերությունները, չվերապրված տրավման, երբ արցախցի երեխաները խոցելի են և դեռևս բավականին էմոցիոնալ զգացողություններ ունեն, մանկավարժական կազմի անպատրաստվածությունը և այլն:

Օնլայն քվեարկությունը՝ «ինչպե՞ս եք գնահատում ձեր երեխաների ինտեգրումը ՀՀ կրթական հաստատություններում» հարցադրմամբ, ունի հետևյալ պատկերը՝

  • Ջերմ ու աջակցող․ խնդիրների չենք հանդիպել 52 %
  • Մտահոգիչ․ կա բուլինգ դասընկերների կողմից 8 %
  • Վարչական/քաղաքական․ խտրականություն ուսուցիչներից 9 %
  • Հարթվող․ սկզբում բարդ էր, հիմա ինտեգրվել են 31 %

Այս արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների մեծամասնությունը (83%) ընդհանուր առմամբ գնահատում է ինտեգրման գործընթացը դրական կամ ժամանակի ընթացքում բարելավված, մինչդեռ 17%-ը արձանագրում է ինտեգրմանը խոչընդոտող խնդիրներ՝ կապված բուլինգի կամ խտրական վերաբերմունքի հետ։

Հարցման մեկնաբանությունների բաժնում կարծիքները միանշանակ չէին: Օգտատերերը նշում էին, որ ընդհանուր առմամբ ՀՀ կրթական հաստատություններում արցախցի երեխաների հանդեպ վերաբերմունքը ջերմ և տրամադրող է, բայց, ցավոք, կան դեպքեր, որոնք մտահոգությունների առիթ են տալիս

Օգտատեր Մարինե Բաղրյանը նշում է. «Երբ երեխաները ցանկանում են որևէ բան պատմել կամ արտասանել իրենց հայրենիքի՝ Արցախի մասին, չի թույլատրվում։ Արգելվում է օգտագործել Արցախի դրոշը, խորհրդանիշները և դրանց հետ կապված այլ նյութեր։ Այս ամենը տեղի է ունենում՝ առանց բավարար ուշադրություն դարձնելու այն հանգամանքին, որ նման սահմանափակումները կարող են ցավ պատճառել երեխաներին և խորացնել իրենց հայրենիքի կորստի զգացումը»:

Ապա ավելացնում է՝

«Երեխաները շատ ջերմ և սիրալիր ընդունելություն ստացան իրենց ուսուցիչներից և դասընկերներից։ Սակայն ինձ խորապես անհանգստացնում է այն, որ «Արցախ» բառը, կարծես, արգելված է, և կրթական ծրագրերում այն այլևս տեղ չի գտնում։ Այդկերպ, կարծես, փորձ է արվում ջնջել Արցախի հետ կապված հիշողությունները՝ անտեսելով երեխաների զգացմունքները։ Իսկ նրանք ապրում են իրենց հայրենիքի կորստի ցավը և կարիք ունեն, որ այդ զգացմունքները հարգվեն ու հասկացվեն»:

Օգտատերերից մեկն էլ նշում է՝

«Երեխաներիս դպրոցում շատ ջերմ են ընդունել: Նրանք հեշտությամբ հարմարվել են, քանի որ կար բարի, ընդունող մթնոլորտ: Բայց նաև լսել եմ, որ ամեն տեղ չէր այդպես, մարդիկ բախվում էին որոշ խնդիրների»:

Եզրակացություն

Հարցումը ցույց է տալիս, որ դրական օրինակները գերակշռում են, սակայն  խտրականության կամ բուլինգի առանձին դեպքերը բավարար հիմք են համակարգային քայլեր ձեռնարկելու համար։ Արցախից տեղահանված երեխաների ինտեգրումը միայն կրթական գործընթաց չէ, այն նաև սոցիալական և հոգեբանական վերականգնման կարևոր փուլ է։ Ուստի անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխայի ինքնությունը, հիշողություններն ու արժանապատվությունը կհարգվեն, իսկ մանկավարժներն ու կրթական հաստատությունները կունենան համապատասխան գիտելիքներ և գործիքներ՝ հնարավոր խտրական դրսևորումները կանխելու և առողջ, ներառական մթնոլորտ ձևավորելու համար։

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ