
Վերջերս գերմանական մամուլը ցնցած նյութերից էր Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության Ավգուստ Հանինգի ձերբակալությունը և նրան ներկայացրած մեղադրանքները։ 1998-2005 թվականներին արևմտաեվրոպական խոշորագույն հետախուզական ծառայությունը ղեկավարած Հանինգը մեղադրվում է այդ թվում պետական դավաճանության համար, ըստ մեղադրանքի, նա բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր է հանձնել Ադրբեջանին և աշխատել վերջինիս շահերի համար։
Այս դեպքից մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահը Եվրախորհրդարանն անվանեց «կաշառակերների բույն»։ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից եվրոպական կառույցներին անվանում են կոռումպացված, մյուս կողմից հենց իրենք են եղել եվրոպական պաշտոնյաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հետ կապված հայտնի սկանդալների կենտրոնում։
Այս փորձը շատ ավելի հաջողված է եղել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարբեր երկրներ ներկայացնող պատվիրակների դեպքում, այս ամենի մի մասը տեղ է գտել The Guardian թերթի 2017թ․ հայտնի հետաքննության մեջ, որ առավել հայտնի է «ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ։
Ադրբեջանը մինչև այդ էլ հայտնի էր «խավիարային դիվանագիտությամբ»՝ լոբբիստական և կաշառքի ջանքեր պարունակող ռազմավարությամբ, որի նպատակն էր արտասահմանյան, հատկապես եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներին շքեղ նվերներ և կաշառք տալու միջոցով հասնել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքին և չեզոքցներ/մեղմեր մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ քննադատությունները։
Այս ընդհանուր համատեքստում հատկանշական էր Գանձասարի դեպքը։ Օտարերկրյա դիվանագետներին հայկական ժառանգության հերքման, պատմական փաստերի կեղծմանը մասնկից դարձնելը, որոշ բարձրաստիճան դիվանագետների, մասնավորապես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի պահվածքը և խնդրահարույց գրառումները վկայում են, որ հնարավոր է, մենք գործ ունենք ադրբեջանական նույն ռազմավարության շրջանակներում հայտնված նոր դերակատարների հետ։
Իհարկե, մենք փաստեր չունենք տիկին Գրոնոյին մեղադրելու Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեջ։ Սակայն հայկական ժառանգությունը կասկածի տակ դնելու, էթնիկ զտման վայրում ադրբեջանական քարոզչական միջոցառմանը նրա մասնակցությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որը նա չցրեց Երևանում Մատենադարան այցելելով և այս համատեքստում արտահայտած հրապարակային կարծիքից հետո ևս։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը գրավելով Արցախն ու ոչնչացնելով Արցախի Հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկելով հազարամյակներ ի վեր այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, ջանքեր է գործադրելու պատմությունը վերաշարադրելու, հայկական պատմական ժառանգությունը ոչնչացնելու կամ վերաորակելու և այդ ամենի համար գումար չի խնայելու՝ նամանավանդ նավթի գների աճման ֆոնին։
Ի՞նչ պետք է անեն Հայաստանի կառավարությունը և հայկական կազմակերպությունները։
Կարծում եմ՝ առաջին պլան պետք է մղվի տարբեր լեզուներով տարբեր երկրներում Արցախի պատմության տարբեր շրջանների մասին գիտական և հանրամատչելի գրականության տպագրությունն ու տարածումը, Արցախի և Հարավային Կովկասի վերաբերյալ առաջավոր համալսարաններում և ակադեմիական շրջանակներում գիտական կոնֆերանսների կազմակերպումը, Արցախի պատմամշակութային հուշարձանները պատկերող փոստային բացիկների և նամականիշների թողարկումը։
Հայաստանի կառավարությունը պարտականություն ունի հայոց պատմական և մշակութային ժառանգության հանրահռչակման և տարածման, իսկ հայկական տարբեր կազմակերպություններ այս տիպի ջանքեր գործադրելով՝ կարող են իրենց նպաստը բերել պատմական հիշողության պահպանմանը, պատմության կեղծման, ձևափոխման փորձերի դեմն առնելուն և, ի վերջո, հայոց պատմության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն ավելացնելու գործում։
Կարևոր է նաև աջակցությունը մշակութային ժառանգության փաստագրմամբ ու պաշտպանությամբ զբաղվող խմբերին, որոնք իրականացնում են պատմամշակութային հուշարձանների նախապատերազմյան և ներկա վիճակի համեմատական փաստագրում, արբանյակային պատկերների ուսումնասիրություն, հուսալի տվյալների բազայի ստեղծում և նյութերի փոխանցում միջազգային մասնագիտացված կառույցներին։
Ադրբեջանի ազդեցության քաղաքականության դեմ պայքարը չպետք է սահմանափակվի կաշառքի առանձին դեպքերի բացահայտմամբ։ Այն պետք է ներառի նաև այն ուղիների բացահայտումն ու հակազդեցությունը, որոնցով ադրբեջանական պետական նարատիվները ձեռք են բերում միջազգային լեգիտիմություն։
Իսկ հայկական կողմի պատասխանը պետք է հիմնվի ոչ միայն պատմական ճշմարտության մասին հայտարարությունների, այլև այդ ճշմարտությունը փաստագրելու, գիտականորեն հիմնավորելու և միջազգային հանրությանը հասանելի դարձնելու համակարգված աշխատանքի վրա։
Հայկ Խանումյան