Հայկական կոնգրես․ ոչ միայն արցախցի հայերը վերականգնման կարիք ունեն

Երևանում օրերս կայացել է 2-րդ Հայկական վերականգնողական կոնգրեսը՝ «Կյանքի որակի բարելավում բազմամասնագիտական վերականգնման միջոցով» խորագրով։ Միջոցառմանը մասնակցել է նաև Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը՝ կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Արցախի Հանրապետության առողջապահության վերջին նախարար Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո կենտրոնը աստիճանաբար վերականգնում է իր գործունեությունը Եղվարդում՝ շարունակելով վերականգնողական ծառայությունների մատուցումը տարբեր կարիքներ ունեցող մարդկանց։

Արցախում գործունեության տարիներին Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը տարեկան ծառայություններ է մատուցել մոտ 2000 մարդու։ Կենտրոնի շահառուների թվում եղել են հաշմանդամություն ունեցող երեխաներ և մեծահասակներ, տարեցներ, Արցախյան պատերազմների ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով վիրավորվածներ։

Կենտրոնին կից գործող մանկական ծառայություններն առանձնահատուկ նշանակություն են ունեցել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների համար։ Աուտիզմի ցերեկային խնամքի կենտրոնում տարեկան բուժում է ստանում 72 երեխա, որոնց հետ աշխատում էին հոգեբաններ, լոգոպեդներ, ֆիզիոթերապևտներ, էրգոթերապևտներ և հատուկ մանկավարժներ։

Կոնգրեսի կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում վերականգնողական ոլորտի շարունակական զարգացմանը՝ հաշվի առնելով բուժառուների կարիքները և առողջապահական համակարգի առանձնահատկությունները։

Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմի մասնակցությունը կոնգրեսին կարևոր է նաև Արցախի վերականգնողական բժշկության ոլորտում կուտակված փորձի պահպանման և շարունակականության տեսանկյունից։

Բռնի տեղահանությունից հետո այդ աշխատանքը նոր վայրում շարունակելը կարևոր է ինչպես մասնագիտական ներուժի պահպանման, այնպես էլ վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող մարդկանց աջակցելու համար։

Արսեն Աղաջանյան