
Երեկվա ծեծկռտուքը Հայաստանի խորհրդարանում, բացի հուզական զզվանքից և ամոթից, առաջացրեց ավելի զզվելի իրադարձությունների սպասման զգացում։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, չի թաքնվում նույնիսկ ֆորմալ բարևարքության գետևում. նրա բոլոր քայլերն արդեն հայտարարված են. «ճնշում» կգործադրվի խորհրդարանում ընդդիմության վրա՝ բռունցքներով և մեղադրանքներով, մինչդեռ ենթադրաբար «դիվանագետ» Արարատ Միրզոյանը ավելի փափուկ ձևերով «կհամոզի» ընդդիմությանը քվեարկել սահմանադրական հանրաքվեի օգտին, հրապուրելով, որ սա միակ միջոցն է, որով ընդդիմությունը կարող է «փոխել կառավարությունը»։ Ընդդիմության մեջ մի քանի հոգի «չեն դիմանա», Քաղաքացիական պայմանագիրը կստանա չհերիքող վեց ձայները, և մինչև հաջորդ գարուն Սահմանադրությունը կդնի հանրաքվեի, որպեսզի արագ ստորագրի «խաղաղության պայմանագիրը»։
Թուրքիային շատ շտապ է պետք այդ «պայմանագիրը»՝ նոր սահմանադրություն ընդունելու և Լոզանի պայմանագրից դուրս գալու համար։ Իսկ Ադրբեջանին այն անհրաժեշտ է ազգային պետություն վերջնական «ձևավորելու» համար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սա կլինի «վերջին ներկայացումը», որից հետո ազգային թատրոնը կփակվի։
Փաշինյանը, որը հույս ուներ գործընթացը հինգ տարի ձգձգել, սկզբում «խաղաղության պայմանագրի» ստորագրման «վերջնաժամկետ» սահմանեց 2031 թվականը, բայց հետո խոսեց 2028-29 թվականների, ապա 2027 թվականի գարնան, նույիսկ արտահերթ ընտրությունների մասին, իսկ խորհրդարանում ծեծկռտուքից հետո ասաց, որ ամեն ինչ կարող է լուծվել առանց նոր ընտրությունների: Ըստ երևույթին, նրան ասել են, որ նոր ընտրությունների համար այլևս ժամանակ չկա: Համաշխարհային իրավիճակը արագ փոխվում է, և Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ են անսասան երաշխիքներ Հայաստանից՝ ներկայիս Անկախության հռչակագրից և Կարսի պայմանագրով իր պահանջներից հրաժարվելու տեսքով:
Սահմանադրությունը փոփոխելու և բոլոր պահանջները կատարելու հավանականությունը չափազանց մեծ է։
ՀՀ խորհրդարանը վերջերս հեշտությամբ վավերացրեց TRIPP համաձայնագիրը, և կասկած չկա, որ սահմանադրական հանրաքվեն նույնքան հեշտությամբ կանցկացվի՝ անհրաժեշտ է միայն լավ «փաստարկներ»։
Սակայն պետք է հստակ հասկանալ, որ սահմանադրական հանրաքվեն ոչ այնքան նոր Սահմանադրության ընդունում է, որքան գործող Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Հանրապետության մերժում։
Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Փաշինյանի կուսակցության միջոցն է ցույց տալու, որ ընդդիմության վրա ճնշում է սկսվել, և այն դեռևս չի հանձնվում։ Անհրաժեշտ են որոշ «բոնուսներ»։ Ի՞նչ բոնուսների մասին է խոսքը։
Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, նա կհայտարարի, որ երաշխավորում է խաղաղություն, եթե Սահմանադրությունը փոփոխվի։ Այս դեպքում ընդդիմության կողմից «դեմ» քվեարկությունը կլինի պատերազմի օգտին քվեարկություն, ասաց Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ նոր Սահմանադրությունը կներառի խորհրդարանի վերաբերյալ որոշակի դրույթներ, ակնհայտորեն ակնարկելով ընդդիմության համար որոշ արտոնությունների մասին։
Փաշինյանն ասում է, որ հույսը դնում է ընդդիմության «ինքնապահպանման բնազդի» վրա։ Սակայն նա վստահ է, որ ընդդիմությունը ամեն ինչ «ճիշտ» կանի։ Այդ վստահությունը հիմքեր ունի․ ոչ միայն TRIPP-ի վերաբերյալ «հարթ» քվեարկությունը, այլև այն փաստը, որ 2020 թվականից ի վեր ընդդիմությունը այդպես էլ չի պնդել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերանայելը, չի վիճարկել Պրահայի հռչակագիրը «Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու» մասին, չի բարձրացրել Նախիջևանի, 1989 թվականի Միացումի որոշման, Կարսի պայմանագրի, 907-րդ փոփոխության կամ այլ հիմնարար փաստաթղթերի հարցը։ Սա, իհարկե, արվել է բանավոր հայտարարությունների մակարդակով, իսկ երբեմն՝ նույնիսկ գրավոր, բայց ինստիտուցիոնալ վերանայում և մերժում տեղի չի ունեցել։
Այսինքն, մեծ հաշվով, Փաշինյան-Ալիև-Պուտին հայտարարությունից հետո 2020 թվականին ի հայտ եկած իրողությունների պահապանը ոչ միայն կառավարությունն է, այլև ընդդիմությունը։
Եվ հիմա մոտենում է վերջնական ներկայացման երկրորդ ակտը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ նոյեմբերին կներկայացվի Սահմանադրության նախագիծը։ Այն դիտարկմանը, որ երկու ընդդիմադիր կուսակցություններն էլ դեմ են նոր Սահմանադրությանը, նախարարը պատասխանեց, որ չի կարելի դեմ լինել մի բանին, ինչը դեռևս գոյություն չունի կամ դու ծանոթ չես։ Նա նաև գոհունակությամբ նշեց, որ ընդդիմությունն առաջին անգամ առաջադրել է Սահմանադրական խորհրդի թեկնածու։
Իր հերթին Արարատ Միրզոյանը նշեց, որ մեկ տարի առաջ նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» տեքստը որևէ առարկություն չի առաջացրել ընդդիմության կողմից, և տրամաբանական կլինի, որ ընդդիմությունը քվեարկի նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին, որպեսզի «պայմանագիրը» ստորագրվի։ Եվ եթե ժողովուրդը քվեարկի Սահմանադրության դեմ, դուք վերջապես իշխանափոխություն կանեք, խորամանկ ասաց Միրզոյանը։