Ի՞նչ երաշխիքների մասին է խոսում Նարեկ Կարապետյանը․ Հաջիևի առաջարկը

Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հրապարակված խաղաղության պայմանագրի տեքստում խնդրահարույց որևէ բան չկա։

«Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց եթե երաշխիք չկա… հիշու՞մ եք՝ արցախյան պատերազմի ժամանակ ԱՄՆ–ի այդ ժամանակվա նախագահը, որ էլի Թրամփն էր, հրադադարի համար միջնորդություն արեց, որը տևեց մի քանի ժամ։ Մենք հիմա երաշխիք չունենք, որպեսզի այդ թուղթը դառնա հավասարակշռության մեխանիզմ, մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմը բերել, ոչ թե մենք մենակ մնանք Ադրբեջանի կամքին։ Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է։ Աշխարհի օրենքն է դա։

Այս տարածաշրջանում ես վստահ եմ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգռված են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, ԵՄ–ն, թեկուզ արևելյան երկրները, Արևմուտքը, բոլորը շահագրգռված են, միայն երկու երկիր շահագրգռված չի, ինչպե՞ս կարող են այդ երկու երկիրը լինեն մեր երաշխավորը»,– ասաց Կարապետյանը։

«Մենք համոզված ենք, որ սահմանադրության փոփոխությունը, ալիևյան սահմանադրության ընդունումը չի լինելու վերջին կետը նոր պահանջների համար։ Այսինքն՝ էդպես չի, որ դա էլ անենք, ու վերջնական խաղաղությունը հաստատված է լինելու», – ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Տրամաբանություն հուշում է, որ ինքը նկատի ունի, որ հնարավոր է Ադրբեջանից բերի ինչ-որ պայմանական թուղթ կամ երաշխիք, ու ասի՝ հայ ժողովուրդ, եթե դու գնաս, հաստատես այս Սահմանադրությունը, մենք կկնքենք պայմանագիրը։ Միգուցե դա նկատի ունեն, բայց, ոնց եք պատկերացնում՝ մենք պե՞տք է հավատանք Փաշինյանի ու Ալիևի երդմանը… մենք չենք վստահում։ Ալիևին պիտի վստահե՞նք… որ մի օր խաղաղությունից է խոսում, մի օր ասում՝ դուք մեզանից ներողություն պիտի խնդրեք։ Փաշինյանին պիտի վստահե՞նք, որ օրվա մեջ 5 հատ սուտ է ասում։ Այսինքն՝ եթե ինքը նույնիսկ որևէ թուղթ բերի երաշխքի տեսքով, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ստորագրվելու է պայմանագիր, դա չի կարող ազնիվ, արդար երաշխիք պարունակել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է՝ ինչպես է Փաշինյան-Ալիև տանդեմը բազմաթիվ ծրագրեր կազմակերպել ընդդեմ հայկական շահերի», – հայտարարեց Գրիգորյանը:

ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշում է․ «Հայաստանում առաջարկ կա, և այն կհրապարկվի տեքստի ձևով, ընդունել նոր Սահմանդրություն, որը կլինի հայկական և ընդունված ժողովրդի կողմից։ Լավ, ենթադրենք իրենք դեմ են, բայց ի՞նչն է խանգարում բավարար ձայն տալ ԱԺ-ին տեխնիկապես, որպեսզի ժողովուրդը որոշի»:

Խորհրդարանական ընդդիմությունից «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները վերջին շաբաթներին պարբերաբար ՔՊ-ական տարբեր պաշտոնյաների հարց են ուղղում, թե ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը նոր Սահմանադրության ընդունումից հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը:

«Ընդդիմությունը բարձրացրել է հարցեր, որոնք լեգիտիմ են և տրամաբանական կլինի ստանալ այդ հարցերի պատասխանները, որովհետև ի վերջո այդ հարցերի պատասխանից է կախված հետագա զարգացման սցենարները»,- այսօր ասաց Ռուբինյանը։

«Ազատության» ճշտող հարցին՝ Ադրբեջանի՞ց էլ են ստանալու այդ հարցի պատասխանները, Ռուբինյանն կարճ արձագանքեց. – «Բոլոր տեղերից»:

Բաքուն իր առջև խնդիր է դնում Հարավային Կովկասում ձևավորել տարածաշրջանային անվտանգության ամուր համակարգ, որը թույլ կտա կանխել նոր հակամարտությունները և Հայաստանի հետ խաղաղ գործընթացը պաշտպանել արտաքին միջամտության ու ապակայունացման փորձերից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա կտրուկ փոխել է վերջին ամիսների կոշտ տոնայնությունը և ժամանակավոր մոռացել “Արևմտյան Ադրբեջանի” մասին։

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք նրան առաջարկում ենք վերածվել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկրի և նրա համար բացում ենք տարբեր տրանսպորտային երթուղիներ», — ասել է նա։

Ահա և երաշխիքը։