
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային երթուղու նախագծի առաջմղման նպատակով տեխնիկական պլանավորման եռակողմ խմբերի ստեղծման մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված՝ երկրների եռակողմ հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ այս տարանցիկ երթուղին կդառնա երեք երկրների պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և տեխնիկական փորձագետների համատեղ աշխատանքի առարկան։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երկարաժամկետ կայունությանը, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածությանը և առևտրային բարգավաճմանը։ Նախագիծը նաև կոչված է ամրապնդելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի դրույթները։
«Կողմերը պայմանավորվել են ստեղծել պլանավորման առաջին երկու եռակողմ խմբերը, որոնք կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Նրանց աշխատանքը կարևոր քայլ կդառնա բարդ տեխնիկական հարցերի լուծման և նախագծի իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ՝ ներառյալ դրա միացումը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքներին։
Մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հնարավորինս շուտ գործարկելու TRIPP նախագծով նախատեսված բոլոր մեխանիզմները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սա արդեն երկրորդ «եռակողմ» հայտարարությունն է հայկական Սյունիքը զոհաբերելու հանուն մի միջանցքի, որը կմիավորի Ադրբեջանը և Նախիջևանը, այն դեպքում, երբ վերջինիս կարգավիճակը որոշված չէ:
Առաջին եռակողմ հայտարարությունն արվել է Արցախում Հայաստանի դեմ պատերազմից հետո՝ ուղիղ վեց տարի առաջ: Այն ժամանակ դա արվել է Ռուսաստանի, հիմա՝ Միացյալ Նահանգների հովանու ներքո: Բայց էությունը չի փոխվել: Եվ՛ այն ժամանակ, և՛ հիմա Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները, բայց Ալիևը՝ սկզբում Պուտինի, իսկ հիմա՝ Թրամփի աջակցությամբ, պնդում է «միջանցքի» հատուկ կարգավիճակի վրա:
Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման, Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու, «Զանգեզուրի միջանցքի», TRIPP-ի և այլ ճանապարհների կառուցման գործընթացում գլխավոր հարցը մնում է հետևյալը. եթե Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ են հաղորդակցություններ Հայաստանի միջոցով, ինչո՞ւ նրանք չեն բացում իրենց սահմանները:
Ամերիկացի վերլուծաբան և AEI ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը սա բացատրում է նրանով, որ Բաքվի և Անկարայի իրական նպատակը պարզապես տնտեսական լոգիստիկան կամ փոխադարձ առևտուրը չէ, այլ արտատարածքային վերահսկողության ձեռքբերումը, որը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը։
Իր հրապարակումներում (այդ թվում՝ The National Interest և National Security Journal-ի համար) Ռուբինը մանրամասն վերլուծում է այս թեման և եզրակացնում, որ եթե Բաքվին և Անկարային միայն առևտրային ուղիներ էին անհրաժեշտ իրենց տնտեսությունները վերակենդանացնելու համար, նրանք կարող էին պարզապես վերացնել շրջափակումը, բացել գոյություն ունեցող սահմանները և վերականգնել բեռների բնականոն հոսքը։
Բաքվի և Անկարայի հետ ամեն ինչ պարզ է, բայց ինչո՞ւ են Մոսկվան և Վաշինգտոնը համառորեն պահանջում Հայաստանից միջանցք, այլ ոչ թե ապաշրջափակում Ադրբեջանից։