Ո՞վ կկախի զանգը և հրապարակավ կպաշտպանի Հռչակագիրը և Միացումի որոշումը

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի “Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները”։

Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում, “որ այս կարևոր նախաձեռնության քննարկմանն ու ձևավորմանը ներգրավված չեն եղել Արցախի իշխանությունները։ Մինչդեռ Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից”։ 

Հայկական կուսակցությունները դեռ չեն պատասխանել Արցախի իշխանությունների ափսոսանքին․ նրանց համատեղ հայտարարության մեջ չկա հիշատակում ոչ Արցախի մասին, ոչ էլ Անկախության հռչակագրի և Արցախի ու Հայաստանի մասին միավորման՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման մասին։

Այդ որոշման մասին խոսք չկա նաև Նժդեհ Իսկանդարյանի հայտարության մեջ։ Միայն նշվում է, որ “Արցախի հարցը՝ հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է”։

Ի՞նչ են քաղաքական և հասարակական գործիչները հասկանում “պատասխանատվություն” ասելով և արդյո՞ք համախբվող կուսակցություններն ու Արցախի իշխանություններն պատրաստ են իրենց վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը՝ ներկայիս Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը պաշտպանելու և իրացնելու համար։

Հենց Անկախության հռչակագրից և 1989-ի որոշումից հրաժարվելու համար են իշխանությունները պատրաստվում “ալիևյան Սահմանադրութուն” ընդունել։ Եւ եթե դրան դիմադրելու համար են կուսակցությունները համախմբվել, իսկ Արցախի իշխանություններն էլ նեղացել, որ իրենց չեն հրավիրել, ապա դիմադրության հիմքում պետք է լինի Հռչակագրի և այնտեղ հիշատակած նպատակների պաշտպանությունը։

Հենց դա կարող է լինել “ալիևյան Սահմանադրության” դեմ հանդես եկողների “հավաքական պատասխանատվությունը”։ Մյուս այլ դեպքերում համախմբման իմաստն անհասականալի է։

Փաշինյանը իր պատասխանատվության չափերի քարտեզը կախել է կրծքից։ Նա հայտարարում է, որ սովետական սահմաններից ավել չի կարող պահել (թեկուզ այդ անօրեն սահմաններն ու ԹՐԻՓՓ-ի տակ ամբողջ Հայաստանի հանձնումը արդեն խոսում են “նոր Հայաստանի” մեռելածին լինելու մասին։)

Իսկ ի՞նչի համար են պատասխանատովություն ստանձնում ներկայիս Սահմանադրության պահպանման ջատագովները։ Պատրա՞ստ են նրանք հայտարարեն, որ 1989 թ․՝ իրացված և 3 տարի առաջ տապալված Միավորման որոշումը ոչ միայն օրինական նպատակ պետք է մնա, այլ պետական պարտականություն։

Պատրա՞ստ են Արցախի իշխանությունները որոշում ընդունել՝ ի պաշտպանություն 1989 թ․ որոշման, լուծարել Արցախի խորհրդարանը և հայտարարել Հայաստանի հետ վերջնական վերամիավորման մասին։ Միացումը ի սկզբանե և մինչ օրս եղել է արցախցիների վերջնական նպատակը, իսկանկախությունը միշտ էլ որպես այդ նպատակին հասնելու տակտիկա է համարվել։

Ինչպես նկատում են վերլուծաբանները, Արցախի խորհրդարանի վերջին 3 տարվա գոյությունը ՀՀ իշխանությունների և “արտաքին աշխարհի” կողմից “հանդուրժվում է”, որպեսի ի ցույց դրվի, թե “Միացումի” գաղափարը ոչ միայն իրագործված չէ, այլև Արցախը չի ցանկանում դրան հասնել, գերասասելով անկախությունը։

Եթե Միացումի և Հռչակագրի իրականացման համար պատասխանատվությունը ոչ ոք չի ուզում իր վրա վերցնի, կոպիտ ասած՝ եթե զանգ կախող չկա, հասարակությունը չի հասկանալու “համախմբման” իմաստը, և հանրաքվեի ժամանակ քվեարկելու է այն գաղափարի համար, որն առավել պարզ կլինի։

Իշխանության գաղափարն պարզ է՝ եթե հրաժարվեք Հռչակագրից, մենք կփորձենք պահպանել Հայաստանը գոնե խորհրդային սահմաններում։ Դիմադրող ուժերը ևս պարզ առաջարկ պետք է անեն՝ եթե չենք պահպանում և իրագործում հռչակագիրը՝ կորցնում ենք Հայաստանը։

Սակայն այդ զանգը դեռ կախող չկա։