Ի՞նչ հիմքով է վիճարկվում Մարետայի սեփականության իրավունքը

Արցախից բռնի տեղահանված, երկու երեխաների մայր Մարետա Սարգսյանը դիմել է Step1.am-ին՝ ահազանգելով իրեն պատկանող տարածքի շուրջ ստեղծված վեճի, հնարավոր խարդախության և իր սեփականության իրավունքների խախտման մասին։

Մարետա Սարգսյանը Ստեփանակերտում երկար տարիներ աշխատել է Վերականգնողական կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր։ Նա զբաղվել է անկողնային հիվանդների բուժմամբ, մասնավորապես՝ պառկելախոցերի բուժմամբ։ Բազմաթիվ հիվանդներ նրան ճանաչում և հարգում են, իսկ նրա բուժման շնորհիվ շատերը կարողացել են ապաքինվել և վերականգնվել։

Առաջին արցախյան պատերազմի տարիներին Մարետան աշխատել է նաև Արցախի հոսպիտալում՝ բուժօգնություն ցուցաբերելով վիրավորներին և օգնելով փրկել բազմաթիվ կյանքեր։

2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի սանձազերծած մեկօրյա պատերազմի ընթացքում, Մարետայի ամուսինը՝ Լազրը, անհետ կորել է։ Որոշ ժամանակ անց նրան գտել են ողջ։ Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Լազրը մասնակցել է մարտական գործողություններին և պարգևատրվել «Արիության համար» մեդալով։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքը հաստատվել է Երևանում՝ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող նախկին կարի ֆաբրիկայի տարածքում։ Ընտանիքը բնակարան է ձեռք բերել այդ տարածքի շենքերից մեկում։

Փորձելով նոր կյանք սկսել և ընտանիքի ապրուստն ապահովել՝ Մարետան որոշել է զբաղվել հացաբուլկեղենի արտադրությամբ։ Նա սկսել է պատրաստել ժենգյալով հաց, սովորական հաց և այլ խմորեղեն։

Ընտանիքի բնակության շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկը Մարետան ձեռք է բերել 25 հազար դոլարով։ Հենց այդ տարածքն էլ հետագայում դարձել է վեճի առարկա։

Մարետայի պնդմամբ՝ գործարքը կատարվել է, գումարը վճարվել է, և դրա վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր ու ստորագրություններ։

Հետագայում տարածքի սեփականության և իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Մարետան պնդում է, որ իրեն տրամադրվել են համապատասխան փաստաթղթեր, իսկ տարածքի նկատմամբ իր իրավունքները հաստատող գործընթացներ են իրականացվել։ 2025 թվականին նա ստացել է շինարարական թույլտվություն, իսկ ավարտական փաստաթղթերի հետ կապված գործընթացը նախատեսված է եղել շարունակել 2026 թվականին։

Իրավիճակը բարդացել է, երբ տարածքի նախկին սեփականատերը սկսել է վիճարկել գործարքը և, ըստ Մարետայի, խոչընդոտել տարածքից օգտվելուն։

Մարետան պնդում է, որ վճարել է պայմանավորված 25 հազար դոլարը, իսկ գործարքի կայացումը հաստատող փաստաթղթերում առկա են համապատասխան ստորագրություններ։ Հարցը հասել է նաև դատարան։ Փաստաբանը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի ապացուցել ստորագրության իսկությունը և գործարքի կայացումը։

Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել։

Մարետայի պատմելով՝ օրերս տարածք է ներխուժել նախկին սեփականատերը՝ բացելով ավտոտնակի դուռը և վնասելով ներսում գտնվող գույքը։ Անձնական իրերի թվում եղել են նաև Մարետայի և նրա ընտանիքի լուսանկարները։ Լուսանկարները շրջանակների մեջ դրված էին սեղանին, դրանք հանել և պատռել են։

«Այդ լուսանկարներն իմ ընտանիքի հիշողություններն են։ Ինչո՞ւ պետք է որևէ մեկը նման վերաբերմունք ցուցաբերի»,- պատմում է Մարետան՝ կատարվածը համարելով ոչ միայն անօրինական, այլև անմարդկային վերաբերմունք։

Մարետան նաև նշում է, որ գործարքի դիմաց ստացված գումարի վերաբերյալ նախկին սեփականատիրոջ դիրքորոշումը հետագայում փոխվել է։ Փաստաթղթերում առկա է գումար ստանալու մասին ստորագրություն, իսկ այժմ հակառակ կողմը, ըստ Մարետայի, հրաժարվում է ընդունել գործարքի փաստը։

Կինը պնդում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես կարող է վճարված գումարով ձեռք բերված տարածքը դառնալ սեփականության շուրջ դատական վեճի առարկա, երբ իր ձեռքին կան գործարքը հաստատող փաստաթղթեր։

Մարետա Սարգսյանը դիմել է Step1.am-ին՝ ակնկալելով հանրության և իրավապահ մարմինների ուշադրությունը։ Նա ցանկանում է, որ իր ներկայացրած փաստերը պատշաճ քննության ենթարկվեն, և իրավական ճանապարհով պարզվի՝ ինչ հիմքով է վիճարկվում իր կողմից ձեռք բերված տարածքի նկատմամբ իրավունքը։

Մենք պատրաստ ենք ներկայացնելու նաև գործարքի մյուս կողմի դիրքորոշումը։ Կարևոր ենք համարում, որ բոլոր հանգամանքները պարզվեն իրավական դաշտում, իսկ հնարավոր խախտումներին գնահատական տան իրավասու մարմինները։

Արսեն Աղաջանյան