
«Այն, ինչ մենք այսօր ունենք, կոնկրետ հետևանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, այսինքն՝ պարտության ընդունման հետևանք է։ Մեր բոլոր քաղաքական ուժերն ու «իմաստունները» հայոց միշտ ասում են՝ պետք էր դադարեցնել պատերազմը։ Միշտ ասում են՝ դադարեցնել, չեն ասում՝ հանձնվել, որովհետև դադարեցնել պատերազմը նշանակում է հանձնվել։ Բոլորը դրա կողմնակիցն են, վիճում են միայն ժամկետների մասին՝ Նիկոլենք ասում են՝ դե մենք նոյեմբերի 9-ին հանձնվեցինք, դա էր ճիշտ, մյուսներն ասում են՝ պետք էր հոկտեմբերի 19-ին դադարեցնել արյունահեղությունը այսինքն՝ հանձնվել։ Ասում են՝ Նիկոլը կապիտուլյանտ է, բայց նաև ասում են՝ պետք էր ավելի շուտ կապիտուլյացիայի ենթարկվել»,- ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
«Ասում են՝ դե մենք առաջ սխալվում էինք, ասում էինք՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետո հասկացանք։ Ո՞նց հասկացան, ի՞նչ է՝ տունը նստեցին, մտածեցին, չէ՞, տփոց կերան և հասկացան։ Այսինքն՝ իրենք այն մարդիկ են, որոնց, երբ տփում ես, իրենք տփոցից են խելքի գալիս, իրենք դա են ասում իրենց մասին։ Մենք այն տղերքն ենք, որ տփվում ենք ու մեր սկզբունքներից հետ չենք կանգնում, որովհետև հա, մարդը կարող է ընկնել, մարդը կարող է ձախողվել, մարդը կարող է տփոց էլ ուտել, բայց տփոց ուտելուց հետո, եթե մարդն ասում է՝ դե ես սխալ էի, կներեք, ընդունում է տփողի տեսակետը և ասում՝ այ հիմա ես դարձա խաղաղասեր, ուրեմն, սա տփոց կերածի խաղաղասիրություն է։ Եվ սա միայն էմոցիոնալ բան չի, սա շատ կոնկրետ քաղաքական իրողություն է։ Այսինքն՝ սա խաղաղություն է Ադրբեջանի պայմաններով, առնվազն, չեմ հիշատակում հիմա Ադրբեջանի դաշնակիցներին», նշեց նա։
Նա նշեց՝ ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին հաղթած ճանաչել․ «Որովհետև մեր ժողովրդին չեն ջախջախել, մեր բանակը չեն ջախջախել։ Մենք կրել ենք որոշակի անհաջողություններ, շատ լուրջ ճակատամարտեր ենք պարտվել, բայց պատերազմ չի պարտվել ոչ մեր ժողովուրդը, ոչ մեր բանակը։ Դա ընդունել են իրենք իրենց վրա, և հիմա Ադրբեջանն ասում է՝ դե որ պարտվել ես, պիտի վճարես, ընդ որում՝ անվերջ պիտի վճարես»։
Նա նշեց, որ այս խաղաղությունը երբեք չի կարող լինել տևական ու կայուն։
«Սա այսպես կոչված խաղաղություն է, որը մենք պարտքով վերցրել ենք ապագայից՝ մեր սերունդների հաշվին, և վճարելու են մեր սերունդները, որովհետև անխուսափելի է կոնֆլիկտի վերաբացումը։ Երբ որ մի կողմն անընդհատ զիջում է, անընդհատ հարմարվում է, պայթյունն անխուսափելի է։ Պայթյունն անխուսափելի է լինում նույնիսկ հակառակ մեր կամքին, որովհետև այդ պահանջները անվերջ են, և գալու է մի պահ, երբ պարզապես նույնիսկ ամենախաղասերն ասելու է՝ չէ, ես էլ չեմ կարող», և լինելու է պայթյուն՝ շատ ավելի վատ դիրքերից, քան մենք ունեցել ենք։ Եվ երբ ասում են՝ հանուն մեր երեխաների խաղաղություն, ես հակառակն եմ ասում՝ նորից խնդիրը թողեցինք մեր ապագա սերունդներին, ոնց որ մեր պապերը 1920 թվականին չուզեցին կռվել։ Եթե դուք նայեք, Կարսի պատերի տակ նույնիսկ 1000 հայ չի զոհվել, իսկ մնացած բոլոր պատերազմներում, որոնք մղվել են ուրիշի համար, 100 հազարավոր հայեր են զոհվել։ Չուզեցին կռվել, թողեցին մեզ։ Մեր սերունդը չէր տեսնելու պատերազմ, եթե մեր պապերը կռվեին։ Հիմա մենք թողնում ենք մեր ապագա սերունդներին, որովհետև մենք չենք ուզում կռվել»։
Ո՞րն է լուծումը, հարցին անդրադառնալով Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց, որ լուծումը շատ պարզ է։
«Այս ամբողջ պատրանքներից մենք պետք է ազատվենք, որ իբր հնարավոր է հավասար պայմաններով խաղաղություն Ադրբեջանի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը մի շանս ունի՝ նորից վերածվել ուժային գործոնի և այդ դիրքից խոսել բոլորի հետ՝ թշնամիների թե դաշնակիցների, և կտեսնեք՝ ինչպես են խոսելու մեզ հետ՝ սկսած Ադրբեջանից և Թուրքիայից, Ռուսաստանից մինչև մնացած բոլորը»։
«Երբ ասում ենք՝ ուժային գործոն, մեզ ասում են՝ պատերա՞զմ եք ուզո՞ւմ։ Ուժայի գործոն նշանակում է պարզ բան՝ ուժին ուժով պատասխանելու կարողություն։ Քո դիմացինը պիտի իմանա, որ հաջորդ անիմաստ պահանջի դեպքում դու չես կատարելու և պատրաստ ես դա պաշտպանել։ Եվ դա սկսվում է շատ պրիմիտիվ, շատ պարզ բաներից, ոչ թե ինչ-որ մեծ բաներից։ Օրինակ՝ անում ենք սահմանազատում, լավ, ուրեմն հաջորդ քայլով Ադրբեջանը, ի պատասխան նրա, որ մենք Ոսկեպարում զիջումներ ենք արել, Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքներից պիտի դուրս գա։ Երկրորդը՝ սահմանադրություն կփոխե՞ք, սկզբից ձերը, հետո մենք կմտածենք»,- նշեց նա։
«Տեսեք, ասում են՝ խաղաղություն և ամեն օր ժողովրդին վախեցնում են պատերազմով։ Ամբողջ կառավարման համակարգի փիլիսոփայությունը ինչի՞ վրա է հիմնված՝ «գլուխներդ չբարձրացնեք՝ կռիվ կլինի», «ինձ ընտրեք, թե չէ կռիվ կլինի», «Ոսկեպարը զիջեք, թե չէ կռիվ կլինի»։ Այսինքն՝ իրականում պատերազմի վախով են կառավարում։ Այսպես մենակ թշնամին է վերաբերվում մեր ժողովրդին, այսպես հայ ժողովրդին կառավարել է Սովետական միությունը՝ ասում էին՝ «եթե դուք անկախանաք՝ թուրքը ձեզ կուտի»։ Հիմա մեզ ասում են՝ թուրքի հետ իբր խաղաղություն, բայց միևնույն ժամանակ ասում են՝ թուրքը ձեզ կուտի։ Բա որ թուրքը այդքան լավն է, ուզում եք հետը խաղաղ ապրել, բա ինչի՞ եք մեզ ամեն օր թուրքով վախացնում, թե թուրքը մեզ կուտի։ Սա մենակ կագեբեշնիկներն են արել հայ ժողովրդին, մեկ էլ այսօրվա «սուպերինքնիշխանականները»։ Սա է ամբողջ փիլիսոփայությունը, և այս փիլիսոփայությունը անառողջ, հոգեկան հիվանդի փիլիսոփայություն է, որը բնականաբար մինչև չես փոխի՝ այս երկիրը անկախ երկիր չի դառնալու»,- նշեց նա։
«Ես չեմ ասում՝ գնում ենք հիմա Ստեփանակերտ մտնենք, չեմ ասում՝ գնում ենք Բաքու չայ խմենք, պարզ բան եմ ասում՝ Ջերմուկի դիրքերը կարո՞ղ ենք խաղաղ ճանապարհով, բանակցելով հետ բերել, մեր «սիրելի գործընկեր», մեր «ամենախաղասեր» առաջնորդ Ալիևին կարո՞ղ ենք ասել՝ կարո՞ղ է գնաս այդտեղից, քոնը չի, չէ՞։ Ինչո՞ւ չես գնում, խաղաղություն է, չէ՞, բա խի չես գնում»,- հավելեց Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Նա հայտարարեց, որ պայքարը շարունակում են․ «Այս փողոցում, երբ որ ես պատանի եմ եղել, Ղարաբաղյան շարժումն այստեղ մեծ երթեր է արել։ Եվ այդ ժամանակ մի հատ կարգախոս կար, որից բոլորը հրաժարվել են, բայց շատ լավ, ճիշտ կարգախոս է՝ «պայքար, պայքար մինչև վերջ»։ Մենք այդ կարգախոսին տեր ենք»։