
Մենք ընտանիքով կմնանք առանց անձնագիր, բայց չեմ վերցնի ծննդավայրն Ադրբեջանով անձնագիրը, բողոքի ակցիայի ժամանակ ասել է արցախցի մի կին։
Նման կարծք կարող են ունենալ հազարավոր մեր հայրենակիցներ։ Արցախցիների ճնշող մեծամասնությունը դեռևս չի փոխել իր անձնագրերը 2023 թվականից հետո, շատերը՝ սկզբունքորեն՝ որպես բողոքի նշան։ Կան նաև մարդիկ, ովքեր 2023 թվականին «ժամանակավոր պաշտպանության» վկայականի համար դիմելիս անձնագրային գրասենյակի ձևաթղթում չեն նշել «Ես որևէ պետության քաղաքացի չեմ» տողը։ Այն ժամանակ մարդկանց ստիպում էին ստանալ «ժամանակավոր պաշտպանության» վկայական՝ սոցիալական օգնությունից, կենսաթոշակներից և նպաստներից զրկելու սպառնալիքով։ Եվ մարդկանց մեծ մասը, ենթարկվելով ստոր շանտաժին, նշել է այս տողը և այժմ վճարում է դրա գինը։
ՀՀ ներկայիս իշխանությունները մեղադրում են իրենց նախորդներին արցախյան անձնագրերի հետ կապված քաոսի համար, բայց եթե այն ժամանակ գոնե որևէ պարզություն կար, հիմա ամեն ինչ լիովին խառնվել է և զրոյացել։
Մինչև 2023 թվականը իսկապես խնդիրներ կային, բայց արցախցիներին ՀՀ անձնագրեր տրամադրելը՝ նշելով գրանցումը Արցախում որպես բնակության վայր, փոխզիջումային քաղաքական լուծում էր՝ հիմնված Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման վրա։ Դա որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ, բայց այս որոշունը գոյություն ունի, ուժի մեջ է մնում և ներկայիս Հայաստանի Հանրապետության անկյունաքարերից մեկն է։ Եվ քանի դեռ ուժի մեջ են 1990 թվականի Անկախության հռչակագիրը և գործող Սահմանադրությունը, Հայաստանի կառավարությունը պետք է հետևի դրանց։ Հակառակ դեպքում դա կարող է համարվել սահմանադրական հեղաշրջում։
Արցախցիների անձնագրերի հարցը, որոնց մեջ նոյեմբերի 1-ից «ծննդավայր» սյունակում պետք է նշվի «Ադրբեջան», Հայաստանում սահմանադրական ճգնաժամի դրսևորում է։ 2026 թվականի հուլիսի ընտրություններից հետո Փաշինյանը, երդում տալով, հայտարարեց. «Երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի իմ պարտականությունները և պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները…»։ Սակայն Սահմանադրությունը խախտվում է ամեն քայլափոխի։
Նոր Սահմանադրություն ընդունելու մտադրությունը չի չեղարկում գործող Հիմնական օրենքը, որը բացահայտորեն հղում է կատարում Անկախության հռչակագրին և 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը։ 1989 թվականի որոշման մեջ նշվում է, որ «Հհայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»։ Հենց այս հիմքով է, որ Արցախի ժողովրդին տրամադրվել են հայկական անձնագրեր՝ ՀԽՍՀ մյուս քաղաքացիների համար նածատեսված կարգով՝ ավտոմատ։
2023 թվականի բռնի տեղահանումից հետո 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունվել է որոշում՝ Արցախի ժողովրդի իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Այնտեղ ոչ մի հիշատակում չկա Արցախի բնակիչների քաղաքացիության կամ նրանց անձնագրերի մասին: Ավելին, որոշումը հստակորեն փաստաթղթավորում է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և մարդկանց վտարման ու նրանց ունեցվածքի զրկման փաստը:
Մինչև 2023 թվականի հոկտեմբերը, Հայաստանի Հանրապետության հասցեներում գրանցված արցախցիները ավտոմատ կերպով ընդգրկվում էին Հայաստանի քաղաքացիության գրանցամատյանում: 2023 թվականից հետո, չնայած այն հանգամանքին, որ բոլոր արցախցիները ստիպված էին գրանցվել Հայաստանի հասցեներում, քաղաքացիության գրանցամատյանում ընդգրկվելու ավտոմատ գործընթացը դադարեց գործել: Արցախցիներին ստիպեցին վերականգնել քաղաքացիությունը, բայց այս անգամ՝ ոչ թե Հայկական ԽՍՀ քաղաքացիների, այլ էթնիկ հայերի համար նախատեսված ընթացակարգով: Այս նպատակով արցախցիները, որոնց ծննդյան վկայականներում չէր նշվում ազգությունը “հայ”, պարտավոր էին ներկայացնել իրենց ծնողների ծննդյան վկայականները՝ հայկական ծագումը ապացուցելու համար: Դա ևս մի երկարատև, թանկ և ստորացուցիչ գործընթաց է։
2023 թվականին Հայաստանի կառավարությունը դադարեցրեց արցախցիների՝ որպես ՀՀ քաղաքացիների ավտոմատ «նատուռալիզացիայի» գործընթացը, քանի որ դա Հայաստանի վրա կդներ պարտավորություններ՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ գույքային սեփականության իրավունքը:
Այժմ, «Ադրբեջանը» որպես արցախցիների ծննդավայր նշելով, կառավարությունն փորձում է ամբողջությամբ ազատվել արցախցիների, նույնիսկ 1990 թվականից հետո ծնվածների իրավունքների համար պատասխանատվությունից: Այս որոշումը ճանաչում է Ադրբեջանի իրավունքը արցախցիների սեփականության նկատմամբ, որը նրանք տիրապետել են 1991 թվականից մինչև 2023 թվականի աշունը և որի երաշխավորը Հայաստանն է:
Պատահական չէ, որ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ արցախցիները ծնվել են Ադրբեջանում, և որ Արցախ անունով երկիր գոյություն չունի։ Իրականում, ճանաչված Արցախի Հանրապետություն գոյություն չունի, բայց Արցախը՝ գործող Սահմանադրությամբ, Հայաստանի մաս է կազմում։ Ալիևը ամեն օր հիշեցնում է սա բոլորին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փորձում է ժխտել դա՝ արցախցիներին զրկելով սկզբում քաղաքացիությունից, հիմա էլ՝ գույքային և այլ իրավունքներից։
Սակայն ՀՀ Սահմանադրությունը գործում է, և այն, ինչ այժմ արվում է արցախցիների իրավական կարգավիճակի հետ, Սահմանադրության կոպիտ խախտում է, որի նպատակն է ազատել Հայաստանի կառավարությանը արցախցիների ապագա ճակատագրի, իրավունքների և սեփականության համար պատասխանատվությունից։
Արցախցի կնոջ այն հայտարարությանը, որ իրենք չեն ընդունի «Ադրբեջան» գրությամբ անձնագրեր, աջակցում են հազարավոր արցախցիներ։ Նրանցից շատերը ստիպված կլինեն ատամները սեղմել և նոր անձնագրեր ստանալ, բայց ոմանք կպահպանեն իրենց 070 կոդով անձնագրերը և անպայման կվերականգնեն իրենց իրավունքները որոշ պահի։
Կընդունվի՞ նոր Սահմանադրությունը, թե՞ ոչ՝ դեռ հարց է, բայց ներկայիս կառավարությունն արդեն իսկ կոպտորեն խախտում է գործող Սահմանադրությունը, գոնե արցախցիների նկատմամբ, և մի օր պետք է պատասխան տա դրա համար։ Այն նաև պետք է պատասխան տա այն փաստի համար, որ Հայաստանը չի կանխում Արցախի «ալբանացումը» և չի խանգարում հայոց պատմությունից ջնջել Արցախում հայկական պետականության պահպանման մի ամբողջ դարաշրջան, երբ մնացյալ Հայստանը գտնվում էր օտար տիրապետության տակ։
Դե թող արցախցիների անձնագրերում «ծննդավայր» սյունակում գրեն «Խամսայի մելիքություն»։