Փաշինյանի վտանգավոր որոշումը․ Թրամփի ճանապարհը այլևս իմաստ չունի՞

Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ մի կարևոր հայտարարություն է արել․ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիա-Ադրբեջան տրանզիտի համար իր ավտոմոբիլային ճանապարհը և նշել երթուղին՝ Մարգարա, Երասխ, Սիսիան, Գորիս։ Նա նաև նշել է, որ այս պահին միայն այդ ճանապարհը կարող է բացվել։

Այս ճանապարհի մասին խոսք չկա ոչ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ Թրամփի ճանապարհի մասին 2025-ի օգոստոսի 8-ի հուշագրում։

Այսինքն՝ Հայաստանը միակողմանի տրամադրում է իր տարածքը թուրք-ադրբեջանական տրանզիտի համար, ոչ մի բան չստանալով։ Ընդ որում, եթե այս ճանապարհը օգտագործվի թուրքական տրանզիտի համար, ապա այն բառացիորոն կկտրի Հայաստանի հարավը՝ Վայոց ձորն ու Սյունիքը կենտրոնական Հայաստանից։ Եւ քանի որ Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ հաղորդակցություններ ունեն միմյանց կապվելու համար՝ Վրաստանով և Իրանով, ապա ստացվում է, որ Հայաստանով այդ երթուղու իմաստը՝ միայն Հայաստանի հարավը կտրելն է։

Այս ճանապարը 2022 թ․ սեպտեմբերին Ջերմուկի վրա հարձակման փորձի իմաստն էր։ Բաքուն պետք է մտներ Ջերմուկ և գրավեր Սիսիան-Երասխ ճանապարհը։ Այն ժամանակ դա չստացվեց՝ հայ զինվորների սխրանքի, այդ թվում՝ Արցախից հասած օգնության, նաև ԱՄՆ դիրքորոշման շնորհիվ։ Եթե հիշում եք, հենց այդ օրերին Հայաստան եկավ Նենսի Փելոսին։

Այս ճանապարհը՝ Հայաստանը խեղտող պարանն է, և պատահական չէ, որ հենց այդ երթուղին է առաջարկվում որպես միակ հնարավորը։ Մնացածը Անկարային և Բաքվին պետք չեն։

Հետաքրքիր է, որ հենց այս օրերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ Թրամփի ուղին առանց բոլոր կոմունիկացիաները բացելու իմաստ չունի։ Քանի որ դեռ ոչ մի նշան չկա, որ Բաքուն կբացի Նախիջևանը, կամ որ Հայաստան-Ադրբեջան անցակետերը կբացվեն, ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը խոստովանում է Թրամփի ճանապարհի անիմաստ լինելը։

«42-ից 43 կմ հատվածի առումով խոսքը գնում է երկաթգծին, որովհետև երկաթգծի ուղին այլևս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետև, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին։ Բայց ըստ պայմանավորվածությունների՝ խոսքը գնում է ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլոր հնարավոր կապերը պետք է իրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք։Պետք է սինխրոն բացվեն բոլոր ճանապարհները, հակառակ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի լիարժեք։, երեկ ասել է Մհեր Գրիգորյանն «Ազատությանը»։

«Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը,  ուղղակի իմաստը կորցնում է»: Սա էլ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այսինքն եթե արևելքից ենք շարժը նկարագրում, եթե չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան և չի շարունակվում Իջևանով և Երասխով չի մտնում, նորից Հայաստանում հասնում ինչ-որ մի տեղ, ապա իմաստ չունի», ասել է նա։

Պատասխանելով հարցին, կբացվի՞ Երասխ-Նախիջևան երկաթուղին, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա էլ կտեսնենք։ Որպես երաշխիք նա նշեց միայն «փոխշահավետությունը։»

Գրիգորյանի և Միրզոյանի հայտարարությունները հակասում են Նիկոլ Փաշինյանի խոսքերին․ փաստորեն, նա պատրաստ է բացել մեկ ճանապարը՝ առանց մնացած կոմունիկացիաների բացման երաշխիքի։

Կրթաթոշակի հնարավորություն Արցախցի երիտասարդների համար

Արցախ Միությունը հայտարարում է Արցախից տեղահանված անձանց համար բացառիկ կրթական հնարավորության մասին՝ հինգ լրիվ կրթաթոշակներ Գյումրիում գտնվող Շվեյցարա-հայկական հյուրընկալության ակադեմիայում (SAAH) սովորելու համար:

SAAH-ն հիմնադրվել է 2025 թվականին ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ պրն Վահե Գաբրաշի կողմից՝ Հայաստանում  համաշխարհային մակարդակի հյուրընկալության ուսումնական կենտրոն ստեղծելու համար, որը կրում է շվեյցարական գերազանցության բոլոր առանձնահատկությունները և միաժամանակ արձագանքում է Հայաստանի զարգացող զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի կարիքներին։ Ակադեմիայում կրթությունը հիմնված է գործնական փորձի և մասնագիտական հմտությունների ձևավորման վրա։

SAAH-ն առաջարկում է EHL շվեյցարական դիպլոմ Հայաստանում, որը ճանաչված է ամբողջ աշխարհում որպես լավագույնը այդ ոլորտում:

EHL – École hôtelière de Lausanne (Լոզանի հյուրընկալության դպրոց) ճանաչվում է հյուրընկալության ոլորտում որպես լավագույն վարկանիշը ունեցող ուսումնական հաստատություն աշխարհում:

Ծրագիրը մասնագիտական կրթության տեսակ է (VET by EHL), որը համատեղում է միջազգային ակադեմիական բարձր չափանիշները և գործնական մասնագիտական պատրաստումը՝ երկակի կրթության սկզբունքով։

Ծրագրի նկարագրություն

Ծրագիրը տրամադրում է մասնակիցներին գործնական կարողություններ, գիտելիքներ և մասնագիտական կարողություններ, որոնք անհրաժեշտ են հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում հաջողության հասնելու համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Տևողությունը՝ մինչև 18 ամիս (երեք մակարդակ՝ հիմնական, միջին և բարձր)

Մասնագիտական աստիճան՝ դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք ստանձնել վերահսկիչ-կառավարչական պաշտոններ

Ուսուցման ձևաչափը՝ աշխատանքի միջոցով սովորելը(յուրաքանչյուր մակարդակում 3 ամիս տեսական և գործնական պարապմունքներ Գյումրիի «Ծիրան» հյուրանոցում, ապա 3 ամիս պրակտիկա միջազգային աստիճան ունեցող հյուրանոցներում)

Ուսուցման լեզուները՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն (անհրաժեշտության դեպքում՝ հայերեն բացատրություններով)

Վայրը՝ Գյումրի, Հայաստան

Մասնագիտացումներ

Մասնակիցները կարող են մասնագիտանալ հետևյալ մասնագիտական ուղղություններից մեկում.

Խոհարարական արվեստ –  մասնագիտական պատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան խոհանոցային աշխատանքների և սննդի պատրաստման բնագավառում

Սննդի և ըմպելիքների սպասարկում – հմտություններ ռեստորանային կառավարման, սպասարկման գործընթացների և միջոցառումների կազմակերպման ոլորտում

Հյուրանոցային կառավարում – պատրաստում վարչարարության, հաղորդակցության և հյուրանոցային ծառայությունների կազմակերպման բնագավառում

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներ

SAAH-ի և նրա գործընկերների նախաձեռնությամբ հատկացվել են հինգ լրիվ կրթաթոշակ հատուկ Արցախից տեղահանված երիտասարդների համար։ Այս կրթաթոշակները նախատեսված են ուսման ամբողջ արժեքը ծրագրի ողջ ընթացքում ֆինանսավորելու համար ։

Նախապայմաններ

Դիմորդները պետք է լինեն Արցախից բռնի տեղահանված և 18 տարին լրացած կամ ավելի բարձր

Նրանք պետք է ունենան անգլերենի առնվազն B1 մակարդակ։

Հյուրընկալության ոլորտում նախկին աշխատանքային փորձ չի պահանջվում հիմնական մակարդակ մուտք գործելու համար

Դիմորդները պետք է ցուցաբերեն մոտիվացիա, նվիրվածություն և հետաքրքրվածություն հյուրընկալության կամ զբոսաշրջության ոլորտում կարիերա կառուցելու նկատմամբ

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ անգլերենով (առավելագույնը 300 բառ) և ինքնակենսագրական (СМ) մինչև նոյեմբերի 3-ը, ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-202-500 հեռախոսահամարով։

Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է գեներալ լեյտենանտի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու։

Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերին: Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։ 

Մյուս մեղադրանքն արդեն Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութությանն է առնչվում։

Միքայել Արզումանյանը մեղադրանքը չի ընդունում: 

3 տարի քննությունը չի կարողանում ոչ ապացուցել մեղադրանքը, ոչ էլ իր մեջ ուժ գտնել՝ հրաժարվել մեղադրանքից։ Այդ 3 տարվա ընթացքում քաղաքականություն է փոխվել․ Արցախը 2023 թ․ հայաթափվել է, 2022-ին Փաշինյանը “ճանաչել է” Արցախը Ադրբեջանի մաս, իսկ վերջերս ՀՀ խորհրդարանը հրաժարվել է հրապարակավ քննարկել 44-օրյա պառերազմի մասին 3 տարի պատրաստած զեկույցը։   

Հոկտեմբերի 27-ը, Արամ Սարգսյանը, Մեղրիի գործարքը և Թրամփի ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասաց. «Արտաքին քաղաքականության հետ կապված վարկածը, կապված Մեղրիի տարբերակի հետ, ստուգված չէ»,–ասաց նա։

Վազգեն Սարգսյանն ուզում էր հասնել նրան, որ Հայաստանի բանակն իր սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին, ասել է Արամ Սարգսյանը։

«Նա Սամվել Բաբայանի հետ մտել են Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ և ասել, թե մնացած 5 շրջաններով ինչ ուզում ես՝ կարող ես զիջել, բայց Քելբաջարն ու Լաչինը պահում ես, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաև Քելբաջարը։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ նման տարբերակ չունի։

Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի մոտեցումներին՝ պահեցին, չպահեցին, հիմա հաշտ եմ, հաշտ չեմ… լիքը բաների հետ հաշտ չեմ, ձեր հարցերի հետ էլ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ»,-ասաց Արամ Սարգսյանը։

Այսօր, հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի 26-րդ տարելիցին, բազմաթիվ անգամ է հնչել, որ հանցագործությունը բացահատված չէ, քանի որ պարզ չեն պատվիրատուները։ Թեկուզ կուլիսներում Ռուսաստանի անունն են տալիս, ասում են, որ ողբերգությունը կապված էր Վազգեն Սարգսյանի և Դեմիրճյանի՝ ԱՄՆ-ի հետ ինչ-որ պայմանավորվածությունների հետ, պաշտոնապես այդ հարցը չի բարձրացվել, այդ թվում Փաշինյանի 7 տարվա կառավարման ընթացքում։ 

Ավելին, նույիսկ Թրամփի ճանապարհի մասին պայմանավորվածությունից հետո, որը Մեղրիի ուղու մոդիֆիկացիան է, հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված։    

Դավադրության տեսություններ Բրիջիտ Մակրոնի տրանսգենդերության մասին. դատավարություն

RFI

Դատարանի առաջ կկանգնեն ութ տղամարդ և երկու կին, որոնց տարիքը 41-ից 60 տարեկան է։ Նրանք մեղադրվում են Բրիջիտ Մակրոնի հասցեին ուղղված բազմաթիվ չարամիտ հրապարակային արտահայտություններ անելու մեջ։ Այդ արտահայտությունները, մասնավորապես, վերաբերում էին նրա սեռին։ Մեղադրյալները նաև Բրիջիտ Մակրոնի և նրա ամուսնու միջև տարիքային տարբերությունը նույնացրել են «պեդոֆիլիայի» հետ։ Նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Առցանց ոտնձգությունների հետաքննությունը սկսվել է Բրիջիտ Մակրոնի կողմից 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված բողոքից հետո։ Այս գործի կապակցությամբ մի քանի ձերբակալություններ են իրականացվել։

Մեղադրյալների թվում է 51-ամյա «մեդիում» Դելֆին Ժ.-ն, որը հայտնի է Ամանդին Ռոյ կեղծանվամբ։ Նա զգալիորեն նպաստել է այն դավադրության տեսության տարածմանը, որ Բրիջիտ Մակրոնը, ենթադրաբար, ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել Տրոնյո անունով, որը Բրիջիտ Մակրոնի եղբոր անունն է։ Այս տեսությունը հաստատող որևէ ապացույց չկա։ Դրա անհեթեթությունն ընդգծվում է այն փաստով, որ Ժան-Միշել Տրոնյոն կենդանի է՝ 80 տարեկան հասակում։

Բրիջիտ Մակրոնի տրանսգենդեր լինելու տեսությունը հատկապես լայն տարածում է գտել Միացյալ Նահանգներում: Ֆրանսիայի նախագահական զույգը ԱՄՆ-ում դատի է տվել ծայրահեղ պահպանողական թրամփիստ բլոգեր Քենդիս Օուենսին, որը հրապարակել է «Դառնալով Բրիջիտ» վերնագրով տեսանյութերի շարք: Դրանցում Օուենսը պնդում է, որ Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ: Տեսասագան միլիոնավոր դիտումներ է ստացել։

Քենդիս Օուենսի դեմ հայցի շրջանակներում Բրիջիտ Մակրոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ենթարկվել ֆիզիոլոգիական թեստերի»՝ հաստատելու համար, որ ինքը կին է, ըստ զույգի փաստաբան Թոմ Քլերի:

Սահմանադրություն փոխելու իրենց պայմանը մենք պայման չենք համարում

Արարատ Միրզոյան. 1991 թվականից սկսած ՀՀ տարածքը նույնն է

Նկարում՝ Շուշի, 2020 թ․ մայիս

«Ես եւ մեր հանրությունը ձեզանից երկու կարեւոր խնդրի լուծում է ակնկալում՝ մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը, օկուպացված տարածքների հարցը եւ երկրորդը՝ գերիների, պատանդառնված անձանց ազատ արձակում։ Ես այդ երկու հարցի վերաբերյալ հասարակությանը բավարարող պատասխան մինչեւ հիմա չեմ ստացել»,- ԱԺ նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 1991 թվականից սկսած ՀՀ տարածքը նույնն է։ «ՀՀ-ն ոնց կար, ոնց հռչակվել է, ոնց արտացոլվել էր ձերոնց կողմից ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, ՀՀ տարածքը լրիվ նույնն է եղել։ Այսօր էլ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ռազմական գործողությունների հետեւանքով ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի ձեռքին։ Ռազմական գործողությունների հետեւանքով մեր սուվերեն տարածքների շուրջ 200 քկմ-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նաեւ գաղտնիք չէ, որ կան միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր զինված ուժերի վերահսոկղության ներքո։ Եվ ուրեմն, ինչպե՞ս լուծենք այս հարցը՝ մեր խորին համոզմամբ՝ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքներն ազատագրելու ճանապարհով։ Մենք ունենք ընկալում, որ այս տարածքներն օրինական տերերին վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում եւ արդյունքում։ Այ եթե այդ գործըթնացը չի արտացոլի իրավական առումով միմյանց պատկանելիքը, եկեք եւ ասեք, որ մենք ձեզ խաբեցինք»,- նշեց Միրզոյանը։

Փաշինյանը` թոշակների բարձրացման, բուժապահովագրության և քյասիբության մասին

Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի հետվերադարձի համակարգը զարգանալու է և 2026 թվականին հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Սա, ըստ էության, թոշակի բարձրացում է։

Հաջորդը, մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ. անկախ առևտրի երկու տոկոսը քաղաքացիները հետվճարի ձևով կստանան”։

Ամենակարևոր նորություններից մեկը նա համարեց այն, որ 2026–ին կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, և 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն էս շրջանում։

«Բայց նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովվի մինչև 18 տարեկան երեխաների, 65 պլյուս տարիքի թոշակառուների, նաև որոշակի սոցիալական խմբերի առողջապահության ապահովագրությունը”։

Հայաստանում աղքատությունը մնում է մոտավորապես 23%, և այս ցուցանիշը վերջին տարիներին էապես չի նվազել, ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես եզրակացրել եմ, որ պատճառը մեր քայքայվող դպրոցներն են», – հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով, ՀՀ-ում շատ բիզնեսներ չեն կարողանում գտնել աշխատողներ, այդ թվում՝ բարձր վարձատրվող ոլորտներում։ Փաշինյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր պետք է զբաղեցնեին այդ աշխատատեղերը, չեն ստացել համարժեք կրթություն։ Դրա համար Ակադեմգորոդոկի և դպրոցների կառուցումը կշարունակվի։

Երասխ-Սադարակ հատվածի բացման առաջարկին Ադրբեջանն ի՞նչ է ասել

«Պարոն Միրզոյան, եթե խաղաղության պայմանագրի տեքստն այդքան լավն է, մի հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ ադրբեջանական վերջին երկու առաջարկությունների հետ, իրենց խմբագրման հետ միանգամից չհամաձայնեցիք, այլ այն բանից հետո համաձայնեցիք, երբ Ադրբեջանը մոտ 2 ամիս հրետակոծում էր Սյունիքի՝ առնվազն երկու հայկական դիրք»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք առաջարկություն ներկայացրեցինք վերջին երկու հոդվածի վերաբերյալ, որոնց շուրջ չկար վերջնական համաձայնություն։ Եվ, ահա, ինչ-որ մի պահի մենք եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատերալագործման ուղղությամբ ջանքերը եւ ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված համաձայնությունները։ Ավելին, այ մտադրությունները, որրոնք մենք դնում էինք այդ դեռեւս վերջնականորեն չհամաձայնեցված երկու հոդվածների կապակցությամբ մեր առաջարկների տակ, մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքները թեւերս ավելի դյուրին կերպով կընթանան, եւ ավելի դրական լուծման հնարավորություն կունենանք արդեն հաստատված խաղաղության պայմաններում։ Այս պատճառով էր, որ մենք մարտի կեսերին հայտարարեցինք, որ տեքստն այլեւս փոխհամաձայնեցված է»։

Արթուր Խաչատրյանը նաեւ ասաց․ «Եթե չբացվի Երասխ-Սադարակ հատվածը, էս կապի բացումը, ինչ ուզում է լինի, աշխարհի ամենալավ ճանապարհն էլ լինի, Հայաստանին բացարձակապես ոչ մի բան չի տալու։ Ադրբեջանն այդ առաջարկին ի՞նչ է ասել՝ կոնկրետ այդ ուղղությամբ աշխատանք կա, թե՞ չկա»։

Արարատ Միրզոյանը նշեց. «Պարոն Խաչատրյան, հավատացնում եմ ձեզ, էդ օրն էլ կգա, սաղ կբացվի, էդ էլ կտեսնենք»։

Միրզոյան․ Բաքվի հետ բոլոր պայմանավորվածությունները փոխշահավետ են

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում  2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավովածություններին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթղթին։

«Երեւի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով ինչպիսի ստեր եւ մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ սահմանադրությունների փոփոխություն, հարյուր հազարավոր մարդկանց շարժ այստեղից այնտեղ եւ այլն։ Փառք Աստծո, թուղթը հրապարակային է, եւ տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից եւ որեւէ մեկն այդտեղ ոչ միայ չկա, այլ նաւե հեռավոր ակնարկ այդ ամեն ինչի մասին չկա»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ այսպիսի դրսեւորումները տեսանելի են որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նրանց ազդեցությա տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից։ «Ցավալի է, բայց փաստ է, մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու յուրաքանչյուր հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է։ Վաշինգտոնյան համաձայնության ենթակառուցվածքների կտորին անդրադառնամ՝ չափազանց կարեւոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Իսկ Հայաստանը 30 եւ ավելի տարիներ գտնվում է շրջափակման ներքո, եւ հիմա երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքները կամ կառուցել նոր ենթակառուցվածքներ, եթե հարկ կլինի։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեզ համար։ Ես հասկանում եմ, որ երբեմն ցանկություն է առաջանում նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան-Նախիջեւան կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը, համաձայենցված սկզբունքները ներառում են նաեւ Ադրբեջան-Նախիջեւան կապը։ Ընդ որում, ենթակառուցվածքը նույնկերպ շահագործվելու ու օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշեց նա։

Արարատ Միրզոյանը կրկնեց, որ այդ գործընթացը տեղի է ունենալու տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ճանաչման, երկրների լիակատար ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, եւ հետադարձության սկզբունքը եւս պահպանված է։

«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում՝ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո։ Հիշում ենք՝ ամիսների, տարիների խոսակցություններն այն մասին, որ այս ենթակառուցվածքները հանձվելու են երրորդ երկրի վերահսկողությանը, կան երկրներ, որոնք քննարկվում էին որպես թեկնածուներ, երկրներ, որոնք անվտանգային կամ զինված ուժեր էին տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջ մանպուլյացիաները եւս հօդս ցնդեցին։ Նույն Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում Հայաստանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ միասին կհիմնեն եւ ջանքեր կգործադրեն  TRIPP ուղու իրականացման ուղղությամբ։ Սա ըստ էության  կլինի հայ-ամերիկյան ուղղություն, որը կտնօրինի եւ կշահագործի այդ կապուղին»,- հայտարարեց նա։

Արարատ Միրզոյանը նաեւ հարցադրում արեց՝ ո՞րն  է երաշխիքը, որ այս ամենը կպահվի կամ խաղաղությունը կշարունակվի։ «Երաշխիք ասելով՝ մշտապես նկատի է առնվել որեւէ երրորդ կողմի՝ շատ ուժեղ կամ մեծ տերությունների ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը։ Պետք է ասեմ, որ եւ մեր օրինակով, եւ բազմաթիվ այլ օրինակներով այս կարգի երաշխիքներն ընդհանրապես չեն գործել։ Եվ պատասխանելով հարցին, թե ո՞րն է  այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը, հետեւյալն է՝ բոլոր պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել, ստորագրել ենք եւ հրապարակել, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում ենք փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որն ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատեւությունը»,- նշեց նա։

Արցախցիներին աջակցելու համար 2026-ին տրամադրվելու է 55 մլրդ․ դրամ

55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բնակապահովման և այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Բաքուն և Թբիլիսին հրաժարվեցին գալ Երևան՝ Եվրախորհրդարանի դիրքորոշման պատճառով

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը նախատեսված է հոկտեմբերի 28-30-ը Հայաստանի մայրաքաղաքում։

Պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշլին «APA» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները անհամատեղելի են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ։

Նրա կարծիքով, նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը, այլ ավելի շուտ օգուտ են բերում հակամարտության երկարաձգմամբ հետաքրքրված ուժերին։

Վրաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել լիագումար նիստին։ Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին այս որոշումը բացատրել է Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությամբ, ինչպես նաև այն փաստով, որ «Եվրոնեստը» խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և բռնի կամ արմատական ​​քաղաքական օրակարգերը։