44-օրյա պատերազմում բանակն ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը. Օհանյան

«Երբ նայում ենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ է կատարվել, ես նորից ասում եմ՝ բանակն ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը»,- ԱԺ նիստում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ հակառակորդը գլխավոր հարվածի ուղղությամբ հասել է մինչեւ Շուշի՝ ուղիղ գծով 52 կմ, մինչեւ Գորիսի Սեւ լճեր՝ 92 կմ, Գորիս-Կապան եւ Մեղրի՝ 80-85 կմ։ Դրանք այն ուղղություններին էին, որտեղ ՀՀ իշխանությունները պետք է մոբիլիզացնեին ու բանակին թիկունք կանգնեին, բայց չեն արել։

Օհանյանն ասաց, որ ինչ էլ ասեն իշխանությունները, 285 կմ-ից 265 կմ-ն մեկ ամսվա ընթացքում պահպանվել էր։

«Եվ հիմա այսօր դատվում է միայն բանակը, ինչո՞ւ։ Ես այդ հարցը տվել եմ իրավապահ մարմիններին, ասել եմ՝ խնդրում եմ, ասեք՝ քրեական գործերից քանի՞սն են վերաբերում բանակին, քանիսը՝ այլ գերատեսչություններին։ Ոչ մի պատասխան մենք չենք ստացել»,- նշեց Օհանյանը։

Անդրադառնալով Արցախին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես ինքնորոշվել են խորհրդային միության մյուս հանրապետությունները։ Եվ Արդբեջանի տարածքային ամբողջականությունը երբեւիցե կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման իրավունքի հետ։

«Պետք չէ խեղաթյուրել, այդ պայքարը եղել է հայ ժողովրդինը, այդ պայքարը եղել է Արցախինը։ Մեզ պարտադրված պատերազմում մենք կարողացել ենք հաղթել, այնուհետեւ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակել։ Ռեալ անկախությունը Արցախի հետ միասին եղել է այն ժամանակ, ոչ թե պարտությունից հետո, ոչ թե հիմա՝ Ադրբեջանի կողմից պարտադրված ճնշումների ներքո համապատասխան քայլերի գնալով»,- ասաց նա։

Թե ինչպես մենք կապրենք հիվանդ եղբորս հետ, ոչ մեկին չի հետաքրքրում

Վերջերս մենք գրել էինք փոքր ընտանիքների մասին, որոնք հայտնվել էին ծանր վիճակում՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Այս տարվա ապրիլից նրանք չեն ստանում սոցիալական աջակցություն պետությունից և չեն կարողանում վճարել չափազանց բարձր բնակվարձերը։

Վերա Բաբայանը Հադրութից փախստական ​​է։ 44-օրյա պատերազմի արդյունքում նա՝ իր տարեց, հիվանդ մոր և եղբոր հետ միասին, բռնի տեղահանվել է։ 2024 թվականին մայրը մահացել է, և նա այժմ ապրում է եղբոր հետ։

«1993 թվականին՝ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, ես ավարտեցի Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը և անմիջապես սկսեցի աշխատել պատերազմական պայմաններում։ Սկզբում աշխատել եմ որպես վիրահատարանի և վիրակապ բուժքույր ռազմական հոսպիտալում, ապա տեղափոխվել եմ Հադրութի զորամաս, որտեղ աշխատել եմ մինչև 2020 թվականը։

44-օրյա պատերազմի ժամանակ ստիպված էի լքել հայրենիքս և տեղափոխվել Հայաստան, քանի որ 95-ամյա մայրս հանգիտի և պատշաճ խնամքի կարիք ուներ, ինչը անհնար էր ապահովել պատերազմական պայմաններում։

44-օրյա պատերազմի ավարտից հետո եղբայրս եկավ մեզ մոտ։ Մեկ տարի ապրեցինք Ծաղկաձորում, ապա տեղափոխվեցինք Երևան։

2024 թվականին մայրս մահացավ՝ թողնելով ինձ և եղբորս մենակ։ Այժմ ես աշխատում եմ որպես լաբորանտ Քանաքեռի թիվ 8 հիվանդանոցում։ Մոտաքայքում էլ բնակարան ենք վարձակալում՝ ամսական վճարելով 130,000 դրամ վարձ, որը համապատասխանում է իմ ներկայիս աշխատավարձին։

Մենք ապրում ենք երրորդ կարգի հաշմանդամ եղբորս կենսաթոշակով, որը կազմում է ընդամենը 36,000 դրամ։ Նա չի կարողանում աշխատել, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, և նրան արգելվում է նույնիսկ չափավոր ֆիզիկական ակտիվությունը։

Այս տարվա ապրիլից ի վեր մենք պետությունից ֆինանսական աջակցություն չենք ստացել։ Աջակցության ծրագրի համաձայն՝ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք խոցելի չեն համարվում։ Մենք նաև չենք կարողանում օգտվել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու ծրագրից։ Սոցիալական ապահովության նախարարությունը սա բացատրում է նրանով, որ մեր ընտանեկան բյուջեն իբր գերազանցում է ծրագրում սահմանված չափանիշները, իսկ այն փաստը, որ իմ ամբողջ աշխատավարձը գնում է վարձի վճարմանը, և մենք ստիպված ենք գոյատևել միայն եղբորս չնչին կենսաթոշակով՝ հազիվ ծայրը ծայրին հասցնելով, ոչ մեկին չի անհանգստացնում։

Վերջերս դիմել ենք նոր անձնագիր ստանալու համար և հույս ունենք, որ մոտ ապագայում փոփոխություններ կկատարվեն արցախցիների բնակարանային ծրագրում: Ներկայիս ծրագիրը առաջարկում է ծիծաղելի գումարներ, նույնիսկ մեծ ընտանիքների համար է դժվար բնակարան ձեռք բերելը, առավել ևս՝ փոքր ընտանիքների: Որտե՞ղ կարող ենք ես և եղբայրս բնակարան գտնել այդքան չնչին գումարով: Միայն սահմանամերձ շրջաններում, որտեղ մենք ապրելու մտադրություն չունենք։

Ես և եղբայրս արդեն ինտեգրվել ենք Երևանում: Այստեղ է մեր շրջապատը, ես ունեմ աշխատանք և սիրելի թիմ, որը շատ ջերմորեն է ընդունել ինձ: Յուրաքանչյուր տեղափոխություն կապված է զգալի սթրեսի հետ, և սթրեսի հետևանքները հաճախ անդառնալի են, ինչպես եղավ եղբորս դեպքում, որի սրտի վիճակը վատթարացավ սթրեսի պատճառով։

Ինչո՞ւ մեզ բոլորիս նորից տանջել: Մի՞թե չի կարելի մեզ բնակարանով ապահովել այն ​​վայրում, որտեղ արդեն սովոր ենք և ուզում ենք ապրել: Ես արցախցի փոքր ընտանիքների բնակարանային խնդրի միակ լուծումը տեսնում եմ նրանց բնակարանով ապահովելու մեջ: Հակառակ դեպքում մենք չենք կարողանա տուն գնել, և մի օր պարզապես կհայտնվենք փողոցում», – Step1.am-ի հետ զրույցում կիսվեց Վերան։

Արսեն Աղաջանյան

“Դե ստեղ ի՞նչ կա, մեր Սծիպանակերտը սրանա հազար անգամ ղաշանգյ ա”

Սյունիքի ու Դիլիջանի անտառները միանգամից Քոլատակի Ցեխ ծյորն են հիշեցնում: Գուցե Հայաստանի անտառներն ավելի թավ են, ավելի ընդարձակ, բայց մեկ է, Աստված ամեն ծառ տնկել է այնտեղ` որտեղ կամեցել է եւ թողել, որ ամեն մեկն իր աշունով ուրախանա (եթե չխանգարեն):

Իջեւանցի մի ընկեր ասում էր՝ դու դեռ այնտեղի անտառները չես տեսել, երբ անցնում էինք Մարտակերտներով: Մի ստեփանակերտցի ընկեր էլ “բողոքում էր”, որ Երեւանի ծառերից էներգիա չի ստանում եւ ուզում է Ղարաբաղ գնալ. “Սաղ Երեւանն Ամերիաբանկի էս ծառի մոտ սելֆի ունի, ասես էլ ուրիշ ծառ չկա: Կա՞ բայց”, հարցնում էր նա:

Մեկ այլ երեւանցի ընկեր էլ զարմանքով մի դեպք էր պատմում, երբ խմբով Եվրոպայում էին եւ հետները մի ստեփանակերտցի աղջիկ կար: “Ձեր մոտից մի աղջիկ կար հետներս, Վիենայում քայլում էինք, նայեց-նայեց, մեկ էլ որ չասաց “դե ստեղ ի՞նչ կա, մեր Սծիպանակերտը սրանա հազար անգամ ղաշանգյ ա”, ծիծաղից մեռել էինք, պատմում է նա:

Բայց ի՞նչ կա ծիծաղելու, beauty in the eye of the beholder ինչպես ասում են:

Ընկեր, բարեկամ երբ մի շոր են տալիս, չնայած հագնում, բայց քեզ մեջը չես զգում, կամ անհարմար ես զգում, չնայած գիտես, որ սրտանց են տալիս: Հայաստանը մրսած արցախցիներին շոր է նվիրել, ընդ որում, բառի թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, բայց ի՞նչպես են զգում նրանք դրա մեջ:

Մարութ Վանյան

Լուսանկարներ: “Վերջին աշուն”

 

Արցախյան ջերմ անկյուն Երևանում. բացվել է Խառնել-Միացնել պատկերասրահ-ակումբը

«Վերնատուն» պատկերասրահ-ակումբը, որը գործում էր Ստեփանակերտում՝ Թումանյան փողոցում, 2023 թվականի փետրվարից, վերածնվեց Երևանում՝ Հալաբյան փողոցի 34Ա հասցեում՝ որպես Խառնել-Միացնել պատկերասրահ-ակումբ։

Հոկտեմբերի 23-ին բացվեց Էդմոնդ Պետրոսյան-Դիկենի մի քանի տասնյակ աշխատանքների, ինչպես նաև Ռոբերտ Կոնդախսազովի, Վահան Շահրամանյանի, Առնոլդ Մելիքսեթյանի և այլ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։

Վատ մարդիկ պատկերասրահներ չեն այցելում, և հոկտեմբերի 23-ի երեկոյան նոր երևանյան հասցեում հավաքվեցին արցախցիները, ովքեր ունեն անսասան ուժ՝ հիշելու հավերժականն ու բարին, և հավատալու, որ աշխարհը կազմված է գույներից, ծաղիկներից, որոնք սևն ու սպիտակը վերածում են կյանքի։ Հոգու հենց այս ուժը թույլ տվեց լուռ հերոսներին կատարել իսկական սխրանք՝ շրջափակված Արցախից դուրս հանել արվեստի գանձեր, որոնք իրենց մեջ պարունակում են տան, արևի, բարության և Աստծո ջերմությունը։

Դիքենի նկարները, որոնք փրկվել են էնտուզիաստների կողմից, ըստ էության մարգարեություն են, ճանապարհորդություն լեռան վրայով վեր ու վար, իսկ գագաթին խաչն է։ Փիլիսոփայական խորհրդանիշներով լի Դիքենի արվեստը, ով պնդում էր, որ չի կարողանում նկարել, ներկայացնում է այն ուղին, որը պետք է անցներ հին հայկական Արցախն, որտեղ առաքյալներն են քարոզել, իսկ Մաշտոցը երեխաներին սովորեցնում էր նոր հայկական գիրը։ Բայց եթե Դիքենի մարգարեությանը հետևենք, ապա սա միայն կես ճանապարհն է։

Առնոլդ Մելիքսեթյանի ոճը՝ ցուլական, տղամարդկային, հզոր, ակնհայտ է ամեն կերպարում։

Ցուցահանդեսում նաև անակնկալ կար. Փարաջանովի գրաֆիկական դիմանկարները, հեղինակի ստորագրությամբ։

Նաիրա Հայրումյան

Ստեփանակերտում վերջերս ձերբակալած Կարեն Ավանեսյանի նկատմամբ ՄԻԵԴ-ը հրատապ որոշում է ընդունել․ Հետք

Hetq.am-ի տվյալներով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025թ. հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, այն, որ կարող են վտանգի տակ դրվել Կ. Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, 2025թ. սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին, որպեսզի ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Ադրբեջանին պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն տալով զանգահարել իր միակ քրոջը, որն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, և Երևանում գտնվող փաստաբաններին:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը 2025թ. սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ: Իբր՝ Ավանեսյանին ձերբակալել են այն ժամանակ, երբ ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին և զինված դիմադրություն է ցույց տվել: Այդ օրը Արցախ է այցելել Ալիևը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել պատասխան կրակի հետևանքով ու ձերբակալվել:

Արա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարանը շատ արագ հաղորդակցել է դիմումը: Ադրբեջանն ուղարկել է դիմումի պատասխան, որ Կարեն Ավանեսյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: ՄԻԵԴ է ուղարկել նաև Կարենի լուսանկարները, որոնք կասկած են հարուցել հայ փաստաբանների մոտ:

Մասնավորապես՝ փաստաբանները կարծում են, որ դրանք բեմականացված են, ինչպես ամբողջ պատմությունը, այդ թվում նաև բանտային պայմանները։ Օրինակ, տրամադրել են լուսանկարներ, թե ինչպես է Կարենը օգտվում բանտի գրադարանից, մարզասարքից, համացանցից, այնպես, կարծես ոչինչ չի վկայում, որ նա հրազենային վիրավորում ստացած անձ է։ Փաստաբան Ա. Ղազարյանը նշում էր, որ լուսանկարների փոխարեն կարելի էր առնվազն մեկ զանգի հնարավորություն տալ, որ նա զանգահարեր իր քրոջը կամ Հայաստանում գտնվող իր փաստաբաններին։

Փաստաբանների կողմից դիմումը ՄԻԵԴ ուղարկելուց հետո Կարեն Ավանեսյանի ներկայացուցչությունը ստանձնել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ստեփանակերտի թաղային կոմիտեի նախագահ Արինա Ոսկանյանը, ով Կարենի հարևանուհին է եղել Արցախում, սոցիալական աջակցություն ու խնամք է ցուցաբերել Կարենի նկատմամբ, և Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ղեկավարած «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն: Ի դեպ, Արինա Ոսկանյանը միակն է եղել, որ մանկուց ճանաչել է Կարեն Ավանեսյանին:

 

Հոյակապ նորություն Ստեփանակերտի Փափազյանի անվան թատրոնից

Սիրելի մարդիկ,
Լավ նորություն ունենք՝ հատկապես թատերասերների և հատկապես Արցախի մայր թատրոնի հավատարիմ հանդիսատեսի համար։
Մեծ հուզմունքով, բայցև մեծ ոգևորությամբ ենք գրում այս հրապարակումը, որովհետև, գոնե մեզ համար, սա իսկական իրադարձություն է․ Արցախը ապրեցնելու ևս մեկ գաղափար կյանքի է կոչվել։
Հայաստանի թատերական գործիչների միության և “ԴԻԱԼՈԳ” կազմակերպության, նրանց ղեկավարներ Հակոբ Ղազանչյանի և Յուրի Նավոյանի համագործակցության, ջանքերի և աջակցության շնորհիվ Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը։
Ահա այսպես՝ սրտացավ և նվիրական մարդկանց շնորհիվ, Արցախի մշակույթի ու պատմության արժեքը հասկացող մարդկանց ջանքերով, մենք՝ տասներեք հոգանոց խմբով, արդեն վերսկսել ենք մեր գործունեությունը և շատ մոտ ապագայում պատրաստվում ենք Ձեր դատին հանձնել մեր առաջին ներկայացումը։
Մեծ հույսեր ունենք, որ ապագայում կկարողանանք ընդլայնել մեր թիմը՝ ներգրավելով նաև թատրոնի մյուս կոլեգաներին։
Առաջին ներկայացումը, որով հանդես կգանք նոյեմբերի 12-ին, պատահականորեն ընտրված չէ․ դա արցախյան բարբառով, Արցախի համ ու հոտով ստեղծագործություն է, որը թույլ կտա մեզ և Ձեզ վերապրել այն ուրախ ու լուսավոր օրերը, որոնցում ապրել ենք և դեռ կապրենք։
Ներկայացման հիմքում Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունն է։ Ինձ համար ամենակարևորը այս ներկայացման միջոցով առիթ ստեղծելն է, որպեսզի մեր տանջված ու հոգսաշատ ժողովուրդը թեկուզ կարճ ժամանակով ապրի ուրախության և ջերմության պահեր։
Մեր մեծ ցանկությունն է՝ հիշողության թևերով Ձեզ տուն տանել ոչ թե ցավ ու տխրություն, այլ՝ ծիծաղ և ուրախություն պարգևելու ակնկալիքով։
Իսկ այստեղի մեր հայրենակիցների համար սա հիանալի հնարավորություն է՝ հաղորդակիցը դառնալու Արցախի բարբառի համ ու հոտին, նրա պարզ ու անմիջական մարդկանց, միջավայրին և առօրյային։
Արցախն ապրելու է, քանի ապրում է նրա մշակույթն ու ավանդույթները և այդ ամենն արժևորող հայրենանվեր մարդիկ։
Հ.Գ Ներկայացման ժամի, վայրի, տոմսերի ձեռք բերման և տեխնիկական մյուս բոլոր հարցերի պատասխանները կգտնեք մոտ ապագայում` Ստեփանակերտի Մայր թատրոնի ՖԲ պաշտոնական էջում։

ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

2025-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգներու փոխ-նախագահ՝ Տիար Ճէյ Տի Վենս, կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար՝ Քրիստոնեայ աշխարհի ամենանուիրական սրբավայրերէն մէկը։
Տաճարի մուտքին Տիար Տի Վենս դիմաւորուեցաւ Սուրբ Յարութեան Տաճարի իրաւատէր երեք համայնքներու հոգեւոր պետերէն, ապա մուտք գործեց Տաճար: Պատանատեղւոյն երկրպագելէ ետք բարձրացաւ Սուրբ Գողգոթա, այցելեց Սուրբ Գերեզման, ապա Հայոց Ուշաթափման վայրին մէջ Գերաշնորհ Տ. Կորիւն Եպիսկոպոս Բաղդասարեան՝ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի եւ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան կողմէ, բարի գալուստ մաղթեց եւ խօսեցաւ Սուրբ Երկրին մէջ հայկական ներկայութեան մասին:
Այնուհետեւ, Պատրիարքութեանս կողմէ Տիար Տի Վենսի նուիրեց Երուսաղէմի մէջ յայտնի Հայկական յախճապակիի արուեստի նմոյշներէն՝ գեղեցիկ յուշանուէր՝ նուռ մը, որ կը խորհրդանշէ խաղաղութիւն, պտղաբերութիւն եւ բարօրութիւն։
Դիմաւորման արարողութեան Հայոց Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Գերաշնորհ Տ. Կորիւն Եպիսկոպոս Բաղդասարեան, Սուրբ Յարութեան Տաճարի առժամեայ տեսուչ՝ Հոգեշնորհ Տ․ Տիրան Վարդապետ Յակոբեան եւ Դիւանապետ՝ Աղան Վարդապետ Գոգչեան:

Կիմ Գաբրիելյանի 14 պատմվածքները Արցախի մասին․ Սև ծիծեռնակ

Գրքի հրատարակման մասին հայտարարեց Հայաստանի և Արցախի Հանրապետության գրողների միության անդամ, Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը։

“Վերջին հինգ տարում նյութապես ու բարոյապես աջակցել եմ արցախցի և հայաստանաբնակ իմ գրչընկերների տասից ավելի գրքերի հրատարակմանը։ Սիրով եմ կցվել դրանց լույս ընծայմանը, որովհետև համոզված եմ եղել՝ բոլորն էլ գրական, գիտական ու վավերագրական կարևորության գործեր են։
Վերջապես ինքս ինձ հիշելով, առանձին գրքի տեսքով հրատարակել եմ նաև իմ հեղինակած ստեղծագործություններից մի փունջ։ Ավելի ստույգ՝ 14 պատմվածքներից կազմված մի փոքրիկ ժողովածու։ Դրանք բացառապես արցախյան թեմաներով պատմվածքներ են՝ սկսած քիրվայության ժամանակներից, մինչև արցախյան հերոսամարտ, դաժան շրջափակում և բռնագաղթ։
Պատմվածքների մի մասը թերևս ընթերցողին ծանոթ է իմ նախորդ գրքերից, մյուսները նոր եմ գրել։ Ուղղակի թեմատիկ ամփոփման եմ բերել հին ու նոր գործերը, կամ ինչպես գրքի անոտացիայում է նշված՝ փորձել եմ ստեղծել մի կենսատարածք, որտեղ իրադարձությունները և կերպարները դրսևորվում են նույն ժամանակի և հասցեի մեջ՝ գնահատման բերելով իրար շարունակող սերունդների հաղթանակներն ու հուսահատությունները․․․
Ավելացնեմ միայն, որ գիրքը վաճառքի ենթակա չէ, և հաճույքով կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր հասկանում և իրապես գնահատում են գեղարվեստական արձակը”, ասել է Կիմ Գաբրիելյանը։

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել

Հովհաննավանքում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, պսակադրության արարողությունը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է աներ Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը։

Սակայն ավելի ուշ փեսայի հայրը փոխել է որոշումը և պսակադրություն արել է օծյալ քահանան՝ Տեր Սարգիսը։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ չի ընդունում, որ իրեն կարգալույծ են արել և իրեն շարունակում է համարել քահանա։

Տեր Արամը (Ստեփան Ասատրյան) չէր ցանկանում հանձնել եկեղեցու բանալիները այստեղ ժամանած հոգեւորականներին։ Այստեղ էին նաև ոստիկանության ծառայողներ և Օհանավանի բնակիչներ։ “Կաթողիկոսը չի կարող կին ու երեխա ունենալ։ Նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրել։ Կաթողիկոսը ամուսնացած է, երեխաներ ունի։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»։

Դիտարկմանը, որ 2020 թվականին ինքը ցանկանում էր Հայաստանը Կադիրովի նման ղեկավար ունենա, Ստեփան Ասատրյանն այսպես արձագանքեց․  «Ես հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում և սխալ չեմ համարում։ Դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապե՞տ է, այդ նույն բանը Չեչնիայում կարո՞ղ եք հայտարարել։

Քրիստոնեական աշխարհում տեղի են ունենում ֆունդամենտալ իրադարձություններ

ВВС

Չարլզ III թագավորը պետական ​​այցով գտնվում է Վատիկանում: Նա համատեղ պատարագ մատուցեց Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, ինչը Անգլիկան եկեղեցու ղեկավարի համար առաջին նման դեպքն էր 16-րդ դարում դրա հիմնադրումից ի վեր։

Այսօր առավոտյան հայտարարվեց Վատիկանի և թագավորական ընտանիքի միջև պատվավոր կոչումների փոխանակման մասին։

Սիքստինյան կապելլայում պատարագի ժամանակ թագավորը և պապը անգլերենով արտասանեցին «Տերունական աղոթքը». դարերի ընթացքում առաջին անգամն էր, որ ամերիկացի ծնունդով պապը «Տերունական աղոթքը» անգլերենով արտասանեց։

Թագավորը նաև պապին նվիրեց Սուրբ Էդվարդ Խոստովանողի՝ Անգլիայի 11-րդ դարի անգլոսաքսոն թագավորի պատկերակը։

Վատիկանի հետ ավելի սերտ հարաբերությունները կծառայեն որպես «պաշտպանություն նրանց դեմ, ովքեր հակամարտություն, անհամաձայնություն և բռնապետություն են սերմանում», – հայտարարեց թագավորի խոսնակը։

Այս այցը խորհրդանշելու է Հռոմի կաթոլիկ և անգլիկան եկեղեցիների միջև հաշտեցումը 500 տարի հետո։

Անգլիկան եկեղեցին անջատվել է կաթոլիկ եկեղեցուց 1534 թվականին՝ Ռեֆորմացիայի ժամանակ։ Դրանից հետո մի քանի դար շարունակ Լոնդոնի և Վատիկանի միջև հարաբերությունները չափազանց լարված էին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է, որ չնայած իր փոքր չափսերին, Վատիկանն ունի զգալի համաշխարհային ազդեցություն։

«Կաթոլիկ եկեղեցին աշխարհի ամենատարածված դավանանքն է», – հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Ում ասում են՝ հարգանք է վայելում, տանում նստացնում են․ հիմա էլ Մասիսի քաղաքապետը

Վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրեց գրավը, ընտրեց կալանքը: Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, փաստաբան Զորայր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկելու են այն վերաքննիչ ատյան:

Դավիթ Համբարձումյանը մեղքը չի ընդունում:

Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար:

Դավիթ Համբարձումյանը մեծ հարգանք է վայելում ոչ միայն իր համայնքում և Հանրապետական կուսակցույունում, այլև արցախցիների շրջանակներում, ում մեծ աջակցություն է ցուցաբերել։ Նա նաև իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածուն է։ 

Մարդ վախենում է ասել, որ այսինչը հարգանք է վայելում, միանգամից տանում բանտ են նստացնում։  

Բաքվից Հայաստան ուղարկված այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչները» միջազգային հանցագործներ են

Լուսանկարում՝ Բաքվի ակտիվիստը Շուշիի մոտ՝ մեռած աղավնիյով

Ադրբեջանից Հայաստան ուղարկված այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչները» միջազգային հանցագործներ են, քանի որ մասնակցել են Արցախի շրջափակմանը, իսկ շրջափակումը միջազգային հանցագործություն է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նշենք, որ Հայաստան էին այցելել Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչները», որոնք հանդիպել էին նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ադրբեջանական կողմից ներկա է եղել նաեւ Դիլարա Էֆենդիեւան, որը հայտնի է 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին Հայաստանն Արցախի հետ կապող Բերձորի միջանցքը։ Էֆենդիեւան առանցքային դերակատարություն ուներ այդ գործողություններում։

«Միայն այդ կինը չէ, բոլոր, նրանք, ովքեր եկել են Հայաստան, եվրոպական երկրներում այդ մարդիկ բանտ կգնային ատելության խոսքի համար, էլ չեմ ասում՝ իրենց գործողությունների համար»,- նշեց Արա Պապյանը։

Ըստ Պապյանի՝ այդ հանդիպումը ոչ մի արդյունք էլ չի տալու, սա պարզապես շղարշ է՝ հերթական անգամ ցույց տալու, թե ամեն ինչ լավ է։ «Այդ ամբողջը պետք է դիտարկել Ադրբեջանի քարոզչության շրջանակում։ Նրանցից որեւէ մեկը չեզոք քաղհասարակություն չէ, նրանք ադրբեջանական քարոզիչներ են, այդ թվում՝ կեղծիքի քարոզիչներ են, նաեւ միջազգային հանցագործներ են, որովհետեւ շրջափակումը միջազգային հանցագործություն է։ Այդ կինը հանցագործ է, նման մարդկանց պետք է բանտեր ուղարկել։ Իսկ եթե նրանց այցը խրախուսում եք, որ իբը թե հարաբերություններ լավացնեք, դա այդպես չէ։ Եթե բարի կամք էին ուզում դրսեւորել, թող մեր գերիերին բաց թողնեին։ Նոյմբերի 9-ի փաստաթղթով խոսք էր գնում բոլոր գերիների ու պատնադների արձակման մասին, բայց առ այսօր իրենք շոու են սարքել եւ մեր գերիներին դատում են, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ Այս ամբողջը շոու է, Հայաստանի ղեկավարությունն էլ այդ խաղի մաս է կազմում»,- նշեց նա։

Արա Պապյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան ուղարկված այս անձինք պատահական անձինք չեն, նաեւ լավ պատրաստված են իրենց հատուկ ծառայությունների կողմից։ «Ես մի քանիսի մասին լսել եմ, ասում են՝ նրանք հայատյաց, կեղծիք տարածող մարդիկ են, նրանց մեջ որեւէ պատահական մարդ չկա։ Այս ամբողջը պետք է, որպեսզի հենք ստեղծեն, ասեն՝ խաղաղություն է, իսկ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն այս ստորացուցիչ եւ Հայաստանի անվտանգային համակարգը քայքայող իրավիճակի հետ, ներկայացնեն որպես ռեւանշիտ»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան