Արցախցիների հարցերի լուծո՞ւմ, թե՞ “разведка боем”

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մարզերում ակտիվ հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ։ Սա թերևս առաջին այս կարգի հանդիպումներն են, երբ կառավարությունը փորձ է անում “առերեսվել” անմիջապես արախցիների հետ։ Մինչ այս օրը հրապարակային հանդիխումեր լինում էին մաքսիմում սոցիալական հարցերի նախարարի տեղակալների մակարդակով։

Արցախցիների խնդիրների չլուծվածության հարցը, ինչպես գրում են ԶԼՄ-երը, կառավարության առաջ բարձրացնում են եվրոպական կազմակերպությունները և դոնորները։ Նշվում է ոչ միայն արցախցիներին ոչ բավարար ծավալով սոցիալական օգնության խնդիրներն, այլև այն, որ արցախցիների սոցիալական վիճակի վատթարացումը կարող է “տոքսիկ” դառնալ Հայաստանի ամբողջ քաղաքական կառուցվածքի և “խաղաղ գործընթացի” համար։

Կառավարությունը և միջազգային շահագրգիռ խաղացողները կարծում են, որ եթե արցախցիների մինիմալ սոցիալական հարցերը լուծվեն, դա կչեզոքացնի նրանք քաղաքական իրավունքները և պայքարի վճռականությունը։ Արցախցիները չեն դիմի միջազգային դատարաններ, չեն պնդի, որ ՀՀ Կառավարությունը իրավունք չունի արցախցիների փոխարեն որոշել՝ հրաժարվե՞լ թե՞ պնդել ինքնորոշման իրավունքը։ Դրա համար “ավելի էժան է” լուծել արցախցիների սոցիալական խնդիրները։

2023-ի սեպտեմբերից հետո ՀՀ Կառավարությունն այլ քաղաքականություն էր վարում․ մխրճել արցախցիներին սոցիալական և իրավական խնդիրների մեջ, դնել կառավարության օգնությունից կախվածության տակ, որպեսզի նրանք ժամանակ էլ չունենան հարցեր տալ և բարձրաձայնել իրենց ակնհայտ քաղաքական իրավունքները։ Իսկ երբ արցախցիները փորձում էին ինքնակազմակերպվել՝ Ստեփանակերտի, Մարտակերտի քաղաքապետերը, այլ անձինք հայտնվեցին ճաղերի հետևում։

Հիմա, երբ Հայաստանում սկսվում է նախընտրական արշավը, արցախիների քաղաքական դիրքորոշումը կարևոր է դարձել Կառավարության համար։ Նախ՝ “արցախցիներին օգնելու” պատրվակով միջազգային դոնորներից գումար ստանալու համար։ Երկրորդ՝ զերծ մնակու հարցերից, թե ինչո՞ւ 2 տարվա ընթացքում փախստականների հարցերը մնում են չլուծված։ Երրորդ հարցը՝ Արցախցյան խնդիրն է․ ՀՀ Կառավարության դրսի հովանավորները հարցնում են, ինչո՞ւ արցախցիները մինչ օրս պնդում են, որ Արցախի, նաև վերադարձի հարցը փակ չէ։

Արցախցիներին “ռուսի ագենտ” ներկայացնելու փորձերը, նաև կոռուպցիոն և այլ մեղադրանքները տապալվել են․ հիմա կառավարությունը պարզ ասում է՝ արցախցիները պետք է լռեն, քանի որ հակառակ դեպքում կխաթարեն ոչ միայն “խաղաղությունը”, այլև “տարածաշրջանային ինտեգրացիայի մեծ պլանները”։  Իսկ գլխավորը՝ ընտրություններում նրանք իրենց “խելոք” պետք է պահեն։

Դրա համար Արայիկ Հարությունյանը հանդիպում է արցախցիներին, փորձում “ռազվեդկա” անել տրամադրությունները և “խանգարելու” արցախցիների պոտենցիալը։ Նա նաև փորձում է “պատասխանել” արցախցիների և Կառավարության եվրոպական գործընկերների հարցին, ինչո՞ւ 2 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները գոնե մեկ անգամ չեն հանդիպել արցախցիներին, ինչո՞ւ չեն փորձել լսել և բացատրել, ինչ “վտանգ” են տեսնում իրենցից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, որոնք բնակություն են հաստատել Գավառում ու հարակից բնակավայրերում, ասվում է տեղեկության մեջ:Մինչ այլ նա հանդիպում է ունեցել Աբովյանում։ 

Հնչել են հիմնականում սոցիալական աջակցությանը, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի հնարավորություններին, քաղաքացիության ստացման կարգին, պահանջվող փաստաթղթերին, կրթության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կյանքից հեռացել է Լևոն Օգանեզովը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեզովը հեռացել է կյանքից, հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը, Ֆեյսբուքում: Նա 84 տարեկան էր։

Օգանեզովը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: «Բազմաթիվ երկրպագուները նրան կհիշեն իր վարպետության և փայլուն հումորի համար: Մեզ համար նա հավերժ կմնա սիրված ամուսին, հայր, պապիկ, նախապապի, աներ և լավագույն ընկեր», – գրել է Շկլովերը։

Ավելի ուշ արտիստի սոցիալական ցանցերի էջում հայտնվեց հաղորդագրություն, որում նշվում էր, որ Օգանեզովի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում, և որ նա կթաղվի Քենսիկոյի գերեզմանատանը։

Վիտկոֆը հայտարարեց առաջընթացի մասին Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ «նշանակալի առաջընթաց» է գրանցվել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Այս պնդումը արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի կողմից X սոցիալական մեդիա հարթակում կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, արված գրառման մեջ։

Վիտկոֆը նշել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև Ուկրաինայում հնարավոր հրադադարի վերաբերյալ խորհրդակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ: Հանդիպմանը մասնակցել է նաև Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները։

Վիտկոֆի գրառման մեջ նշվում է, որ կողմերը «խորը քննարկումներ են անցկացրել» 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների շուրջ։

Խորհրդակցությունները կշարունակվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին: Այդ երեկոյան բանակցություններին կմիանան եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի առաջնորդները, հաղորդում է AFP-ն:

Զելենսկին համաձայն է որոշակի զիջումների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Բեռլինում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ իր հանդիպումը սկսվել է։

Զելենսկիի մամուլի ծառայության կողմից հրապարակված լուսանկարներում Ուկրաինայի և Գերմանիայի պատվիրակությունները՝ Զելենսկիի և Մերցի գլխավորությամբ, նստած են մեծ բանակցային սեղանի մի կողմում, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Վիտկոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ, նստած է մյուս կողմում։

Հանդիպումից առաջ Զելենսկին մի շարք կարևոր հայտարարություններ է արել, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն հաջողությամբ համոզում է Ուկրաինայի ղեկավարությանը գնալ Մոսկվայի պահանջած զիջումների։

The Financial Times-ը հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։

Նա պնդում է, որ ցանկացած խաղաղության ծրագիր կենթադրի զիջումներ, բայց Ուկրաինան դեռևս կարիք ունի ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների։

Ուկրաինան քննարկում է իր զորքերը դուրս բերելու, բայց միևնույն ժամանակ Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու հնարավորությունը։ Սակայն սա պատրաստի լուծում չէ, այլ ընդամենը տեսական տարբերակ, որը կարող է քննարկվել, գրում է Le Monde-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։

Նրա խոսքով՝ գաղափարը նախատեսում է ուկրաինական և ռուսական զորքերի հայելային դուրսբերում առաջնագծի երկու կողմերում, ինչպես նաև միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԱՄՆ ներկայացուցիչների պարտադիր ներկայություն։ Նրանք կհետևեն զորքերի տեղաշարժին և կարձանագրեն պայմանավորվածությունները խախտելու ցանկացած փորձ։

Վոլոդիմիր Զելենսկին սահկայն այսօր նշել է, որ Կիևը դեռևս պնդում է ներկայիս առաջնագծի սառեցման վրա, բայց ընդունել է, որ Ռուսաստանը դեմ է այս տարբերակին։ Մոսկվան պնդում է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Դոնեցկի մարզը, նույնիսկ դրա չօկուպացված տարածքները։

«Մեր «մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք» հարցին ի պատասխան՝ ռուսները պատասխանում են, որ մենք պետք է լքենք Դոնբասը, հակառակ դեպքում նրանք միևնույն է կօկուպացնեն այն», – այս կապակցությամբ ասել է Զելենսկին։ «ԱՄՆ-ն ասել է՝ «Եկեք փոխզիջման հասնենք»։ Ռուսական բանակը չի մտնի մեր արևելքի որոշ հատվածներ, իսկ Ուկրաինայի զինված ուժերը դուրս կգան։ Ես չեմ կարծում, որ սա արդար է։ Որովհետև ո՞վ է կառավարելու այս տնտեսական գոտին», – հավելեց Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հարցրեց, թե ինչու, եթե ուկրաինական զորքերը նահանջեն, ռուսական բանակը «նույնքան հեռու չի նահանջի օկուպացված տարածքներից»։ «Սա այն հարցն է, որին դեռևս պատասխան չի տրվել», – տարածքային հարցի վերաբերյալ ասաց Զելենսկին։

Իրանը դատապարտել է Ավստրալիայի լողափում հրեաների դեմ իրականացված մահաբեր հարձակումը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային դատապարտել է կիրակի օրը Ավստրալիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։

«Մենք դատապարտում ենք Սիդնեյում (Ավստրալիա) տեղի ունեցած դաժան հարձակումը։ Ահաբեկչությունը և մարդկանց սպանությունները, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, մերժվում և դատապարտվում են», — գրել է Բաղային X-ի իր էջում։

Իսրայելի նախագահը հայտնել է, որ Սիդնեյում հրեաների վրա են կրակ բացել

DW

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, Ավստրալիայի Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցները ուղղված էին հրեական համայնքի դեմ: «Այս պահին մեր քույրերն ու եղբայրները Սիդնեյում, Ավստրալիա, հարձակման են ենթարկվում նողկալի ահաբեկիչների կողմից՝ դաժան հարձակում է տեղի ունենում Բոնդի լողափում հրեաների վրա, որոնք հավաքվել էին Խանուկայի առաջին մոմը վառելու համար», – հայտնել է Երուսաղեմում Հերցոգի գրասենյակը:

Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ զոհվել է 10 մարդ, նշելով, որ նրանց թվում է եղել կասկածյալ կրակողներից մեկը: Երկրորդ հարձակվողը վիրավորվել է և շարունակում է մնալ ծանր վիճակում: Վիրավորվել է ևս տասնմեկ մարդ, որոնցից երկուսը ոստիկաններ են:

Երկու կասկածյալ ձերբակալվել է: Սոցիալական ցանցերում տեղադրված ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները կոչ են անում մարդկանց խուսափել տարածքից, իսկ լողափի տարածքում գտնվողներին՝ ապաստան փնտրել:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ ցնցված է «դաժան հարձակումից»: «Սա վերջին երկու տարիների ընթացքում Ավստրալիայի փողոցներում տեղի ունեցած հակասեմական անկարգությունների և «ինտիֆադան գլոբալացնելու» հակասեմական ու սադրիչ կոչերի արդյունք է, որոնք այժմ իրականություն են դարձել»։

Հայ ժողովուրդը չի լուծի իր խնդիրները, եթե թշնամիներին անվանի «բարեկամներ», իսկ արցախցիներին՝ թշնամի

Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած լսումները, որոնց ընթացքում Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ Արցախի հարցը փակված չէ, փոքր, բայց նկատելի երկրաշարժ առաջացրին հայ հասարակության մեջ։

Իշխանությունները պատասխանեցին կառավարության շենքի խուզարկությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը փակված է, արցախցիների վերադարձ չի լինի, և որ նրանք, ովքեր «ինչ-որ տեղ» հակառակն են պնդում, պատերազմ են հրահրում։ Ավելին, Փաշինյանը կոչ արեց Բաքվին փոխադարձաբար փակել դուռը արցախցի փախստականների և այն 300,000 ադրբեջանցիների “վերադարձի” համար, որոնց Ալիևը մտադիր է վերաբնակեցնել Հայաստանում։

Իշխանությունների քաղաքականությունը պարզ է, բայց հասարակության մնացած մասի արձագանքը ինքնասպանական է թվում։

Խորհրդարանական ընդդիմության մի մասը բացահայտ խոսում է միայն արցախցիների վերադարձի մասին՝ առանց պնդելու քաղաքական գործընթացը վերսկսելու վրա։ Նրանք «բացատրում» են, որ սա ճիշտ մոտեցում է, քանի որ այս պահանջը «չի խոչընդոտում» խաղաղության գործընթացին, բայց անուղղակիորեն ենթադրում է միջազգային երաշխիքների և խաղաղապահների առկայություն, և, հետևաբար, որոշակի քաղաքական քայլեր։

Սերժ Սարգսյանի կուսակցությունը պնդում է, որ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկության համաձայն՝ խնդիրը կարող էր լուծվել առանց պատերազմի և տեղահանության։ Այն կոչ է անում վերադառնալ միջազգային միջնորդությանը։

Սակայն, լայն հանրության շրջանում տարածված միտումն այն է, որ Արցախի ժողովուրդը բաց է թողել «նավակը», երբ 2020 թվականի պատերազմից հետո իր ողջ հույսը դրել է ռուսների վրա և, իբր, չի պահանջել միջազգային ուժեր։

Արցախի ներկայացուցչությունում լսումներից հետո բավականին հայտնի և մտածող բլոգերը ողջունել է այն փաստը, որ արցախցիները վերջապես որոշել են բացահայտ պայքարել իրենց իրավունքների համար։ Սակայն նա անմիջապես ավելացրել է, որ եթե Արցախը այդքան կառչած չլիներ ռուսներին, շրջափակումն ու տեղահանությունը կարող էին տեղի չունենալ։

Մինչդեռ, ոչ այնքան հարգված բլոգերներն ու «իրավապաշտպանները» առցանց ցեխ են թափում Արցախի ժողովրդի վրա՝ փորձելով արդարացնել տեղահանությունն ու պարտությունը՝ մեղադրելով Արցախի ղեկավաությանը սև կոռուպցիայի և արցախցիներին՝ նյութապաշտության մեջ։

Սա շատ տարածված կարծիք է, որն ակտիվորեն աջակցվում է կառավարամետ և այլ լրատվամիջոցների կողմից։ Ո՞րն է նման չափազանց կողմնակալ և  ոչ իրատեսական գնահատականների պատճառը։ Ի վերջո, բոլորի համար ակնհայտ է, որ ագրեսորը Ադրբեջանն էր՝ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի աջակցությամբ, որ Ռուսաստանը գործել է Բաքվի կողմից և բռնի ուժով զորքեր է մտցրել Արցախ, և որ Հայաստանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։

Սա է հենց պատասխանը՝ մեղքը շեղել Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իսրայելից և Հայաստանի կառավարությունից և մեղադրել Արցախի ժողովրդին իրավիճակը սխալ գնահատելու մեջ։

Բայց արդյո՞ք Արցախի ժողովուրդն է պահանջել ռուսական զորքերի մուտք 2020 թվականին։ Արդյո՞ք Արցախի ղեկավարությունն է ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարությունը։

Մի՞թե Արցախի ժողովուրդը բողոքի ցույցեր չի անցկացրել Ստեփանակերտում՝ շրջապատված ադրբեջանցիներով, թուրքերով և ռուսներով, կոչեր անելով Ֆրանսիային, ՄԱԿ-ին և Կարմիր խաչին։ Մի՞թե արցախցիները չէին բողոքի ցույցեր անցկացրել ռուս խաղաղապահների բազայի մոտ և մի՞թե նրանք չեն շրջել ռուսական ԲՄՊ-ն՝ ի նշան բողոքի։ Մի՞թե Արցախի ժողովուրդն է արգելել ֆրանսիացի քաղաքապետերի բեռնատարների մուտքը Արցախ։ Եվ մի՞թե ռուսական ռազմական բազաները հանգիստ չեն զգում Հայաստանում հենց հիմա։

Եվ ինչպե՞ս են պատկերացնում նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, արցախցիների կողմից չձեռնարկված «ճիշտ» քայլերը։ Չէ որ արդեն 2022 թվականի մարտին, երբ Ստեփանակերտից Բերձոր տանող «շրջանցիկ» ճանապարհին կրակ բացեցին հայկական մեքենայի վրա և ոստիկաններ սպանվեցին, ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ Դրանից հետո Ռուսաստանի «խաղաղապահությունը» ընկալվում էր որպես օկուպացիա, և այս ընկալումն ավելի ամրապնդվեց Քարագլուխի հետ կապված միջադեպից և Փարուխի հանձնումից հետո։

Արցախի ներկայացուցիչները նշում են, որ առանց Հայաստանի աջակցության, առանց տեղի ունեցածի իրական պատճառները հասկանալու և գնահատելու, անհնար կլինի պաշտպանել ոչ միայն արցախցիների, այլև ամբողջ Հայաստանի իրավունքները։ Նույնիսկ եթե Արցախը մեղադրվի ապագա բոլոր պատերազմների համար, դա չի լուծի հայ ժողովրդի խնդիրները․ եթե թշնամիներին անվանեն «բարեկամներ», իսկ արցախցիներին՝ թշնամիներ։

Քամու հետեւանքով ծառեր, սյուներ են տապալվել Երեւանում, Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Հրաձգություն ԱՄՆ ամենախորհրդանշական համալսարանում, երկու զոհ

Շաբաթ օրն ավելի քան 400 իրավապահ է ներգրավվել ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Բրաունի համալսարանում հրաձգության կասկածյալի որոնումներում։ Հրաձգության հետևանքով զոհվել է երկու ուսանող, ևս ինը մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։

Պրովիդենս քաղաքում գտնվող Բրաունի համալսարանը ԱՄՆ ամենահեղինակավոր և խորհրդանշող մասնավոր բուհերից է և մտնում է Բաղեղի լիգայի մեջ։

Ըստ պաշտոնյաների, կասկածյալը դեռ ազատության մեջ է։

Պրովիդենսի ոստիկանապետի տեղակալ Տիմոտի Օ’Հարան ասել է, որ կասկածյալի ինքնությունը պարզված չէ։ Պաշտոնյաները հայտարարել են, որ կհրապարակեն կասկածյալի տեսագրությունը. խոսքը մոտ 30 տարեկան, սև հագուստով տղամարդու մասին է, որը, ըստ Օ’Հարայի, հնարավոր է՝ դիմակով է եղել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ իրեն զեկուցել են իրավիճակի մասին, որը նա անվանել է «սարսափելի»։

«Այս պահին մենք կարող ենք միայն աղոթել զոհերի և նրանց համար, ովքեր լրջորեն տուժել են», – ասել է նա։

Ուսանողներին և մոտակա շենքերի բնակիչներին հորդորել են փակել դռները և առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ։

Արցախի շրջափակման երրորդ տարելիցը․ կրթությունը՝ դիմակայության ուղենիշ

Երեք տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, սկսվեց Արցախի շրջափակումը։ Հայաստանի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակումը տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը և ավարտվեց պատերազմով ու Արցախի ամբողջական հայաթափմամբ։

Շրջափակման և վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները խորը հետք են թողել կրթական համայնքի վրա ևս։

Վերջին պատերազմի ընթացքում կորցվել են նաև երեք աշակերտներ՝ ցավալի փաստ, որի հետևանքները մինչ օրս շարունակվում են զգացվել ուսուցիչների, դասընկերների և համայնքի համար։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը 2017 թվականից մինչև բռնի տեղահանման օրերը գործուն մասնակցություն է ունեցել Արցախի կրթական համակարգում՝ իրականացնելով Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները աշխատել են շուրջ 7 500 երեխաների հետ՝ նպաստելով կրթության հասանելիությանը և համայնքների զարգացմանը։

2020 թվականի պատերազմից հետո հիմնադրամը մեկնարկել է «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ աջակցելու Արցախից տեղահանված ավելի քան 1 000 աշակերտների։ Սակայն 2023 թվականին՝ Արցախի հայաթափումից հետո, ծրագիրը կրկին վերագործարկվել է՝ արձագանքելով նոր իրողություններին և աճող կարիքներին։

Այս բոլոր նախաձեռնությունների առանցքում եղել են Ուսուցիչ-առաջնորդներն ու ծրագրի շրջանավարտները, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված մասնագետներ, ովքեր, չնայած սեփական ծանր փորձառություններին և սոցիալական դժվարություններին, շարունակել են իրենց մասնագիտական ներգրավվածությունն ու նվիրվածությունը կրթական առաքելությանը։

Շրջափակման երրորդ տարելիցի առիթով «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեղահանված երեխաները շարունակելու են մնալ ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամում ընդգծում են, որ կրթությունը կարևոր գործիք է ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև ճգնաժամային պայմաններում երեխաներին աջակցելու, կայունություն ձևավորելու և ապագան վերակառուցելու համար։

Չնայած շարունակվող դժվարություններին՝ կազմակերպությունը հայտարարում է, որ շարունակելու է իր գործունեությունը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների համար արդար և որակյալ կրթության ապահովման։

Մարիամ Սարգսյան

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներայացնող Ալբերտը զբաղեցրեց 4-րդ տեղը, հաղթեց Լուն Ֆրանսիայից

Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում։ Նա կատարեց «Ce Monde» («Այս աշխարհը») երգը։ 11-ամյա երգչուհու ելույթը արժանացավ թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի բարձր գնահատականներին։

«Ce Monde» երգն ունի խորը և կարևոր իմաստ՝ այն ընդգծում է համաշխարհային խաղաղության, շրջակա միջավայրի պաշտպանության և մարդկային միասնության անհրաժեշտությունը։

Տասներկուամյա Ալբերտ Արմենակյանը, որը ներկայացնում էր Հայաստանը, զբաղեցրեց չորրորդ տեղը «Քաջ սիրտ» երգով։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը տեղի ունեցավ Թբիլիսիում։ Շոուն կազմակերպվել էր «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Հայաստանը մասնակցում է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին 2007 թվականից։ Հիշեցնենք, որ այս մրցույթում Հայաստանի առաջին հաղթանակը եղել է 2010 թվականին, երբ հաղթեց արցախցի Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով։ 2021 թվականին Հայաստանը երկրորդ անգամ հաղթեց, և Մալենան զբաղեցրեց առաջին տեղը։

Այս տարի մրցույթում Ուկրաինան և Վրաստանը ևս ներկայացրել են մեր հայրենակիցներ Սոֆիա Ներսիսյանը և Անիտա Աբգարյանը, որոնք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։

Արցախցիների համերն ու հիշողությունները՝ մշակութային արխիվ

Արցախի ավանդական խոհանոցը պահպանելու ու փոխանցելու միտքը Մարիամ Աբրահամյանն ունեցել է դեռ Ստեփանակերտում։ Սակայն ավելի պրոֆեսիոնալ էր պատկերացնում աշխատանքը՝ ճիշտ սպասք, լուսավորություն, նկարահանման տեխնիկա։ Բայց տեղահանությունից հետո այդ պատկերացումները գլխիվայր շրջվեցին․ պարզվեց՝ ամենակարևորը մարդիկն են, նրանց պատմությունները և բաղադրատոմսերը, որոնք դեռ շարունակում են ապրել հիշողությունների մեջ։

«Միշտ մտածում էի՝ մի օր կսկսեմ, բայց կսպասեմ ճիշտ պայմաններին։ Իսկ տեղահանությունից հետո հասկացա՝ եթե չսկսեմ հիմա, էլ երբ՞»,- պատմում է Մարիամ Աբրահամյանը։

Այսօր նա նկարահանում է ոչ միայն ավանդական ուտեստները, այլեւ մարդկանց, որոնք անցել են դժվար ճանապարհ՝ կորցնելով իրենց տներն ու ապրելաոճը։

Մարիամի տեսանյութերում միայն ուտեստներ չեն․ դրանց կողքին կանգնած են մարդիկ, որոնց ձայներն ու հիշողությունները թվայնացվում են և դառնում ապագայի համար պահվող մի յուրահատուկ արխիվ։

Տեսանյութերի առանձնահատկությունն այն է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող արցախցիները նորից տեսնում են ծանոթ դեմքեր․ հարևաններ, բարեկամներ, նույնիսկ այն մարդիկ, ում տարիներ շարունակ չեն հանդիպել։

«Շատերը գրում են, որ տեսանյութերը մասնակցության զգացում են ստեղծում՝ կարծես իրենք էլ են նույն խոհանոցում նստած, զրուցում են ու համտեսում», — ասում է նա։

Չնայած նախաձեռնությունը սկսվել է սիրողական մակարդակով՝ «ինչ կար, դրանով», այն արագ դարձավ սիրված։ Մարիամը ժպտալով նշում է․ «Մեր արցախցիները տեսախցիկից են խուսափում, սա է խնդիրը»։

Մարդկանց օտար տներում նկարահանելը հաճախ անհարմարության զգացում է ռաջացնում։ «Շատերն ասում են՝ եթե Արցախում լինեինք մեր տանը, սիրով կմասնակցեինք։ Այստեղ երբեմն պայմաններն են խանգարում»։

Մարիամը, սակայն, մտադրություն ունի շարունակելու նախագիծը՝ նկարահանելով ուտեստներ, նոր մարդիկ և ջերմ հիշողություններ։

Նրա նախաձեռնությունը աստիճանաբար վերածվում է ոչ միայն խոհարարական նախագծի, այլև մշակութային հիշողության վերականգնման գործի։

Ոչ նյութական մշակութային ժառանգություն․ ինչի՞ է ծառայում այս նախագիծը

Արցախցիների խոհանոցը պարզապես ուտելիքներ չեն․ դա հիշողությունների, ինքնության ու համայնքային կապի կրում է։ Յուրաքանչյուր ուտեստ՝ ածիկ, չորաթան, ժինգյալով հաց կամ խաշիլ, կապված է հողին, գյուղին, ավանդույթին, ընտանեկան պատմություններին։

Տեղահանության հետևանքով վտանգված են ոչ միայն տները, այլև այս ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը հիմնականում փոխանցվում է մորից աղջկան, հարևանից հարևանին, տոնական սեղանից՝ մինչև ամենօրյա սեղան։

Մարիամ Աբրահամյանի նախաձեռնությունը հենց այս ժառանգության պահպանման ժամանակակից միջոցն է․ այն թվայնացնում է գիտելիքները, որոնք նախկինում միայն բանավոր էին փոխանցվում, ապահովում է, որ ուտեստների պատմությունները չկորչեն՝ չունենալով կենտրոնացված համայնքներ, և ստեղծում է հիշողության կենդանի արխիվ, որը կարող են օգտագործել թե՛ հետազոտողները, թե՛ ապագա սերունդները։

Այս նախաձեռնությունը կարևոր է նաև հոգեբանական ու սոցիալական տեսանկյունից․ տեսանյութերը միավորում են մարդկանց, ովքեր կորցրել են իրենց ֆիզիկական տունը, բայց շարունակում են կառուցել իրենց համայնքային տունը՝ թվային հարթակում։

Մարիամ Սարգսյան