«Հիշեցի 1915թ. արյունալի պատմությունները ու մտածեցի, որ մեզ հետ նույնն է լինելու». տեղահանված արցախցի բժիշկ

Forrights

Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և մանկաբույժ Հասմիկ Ղահրամանյանը 2023թ. սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տեղահանվել ու այժմ որպես մանկաբույժ աշխատում է Էջմիածնի բժշկական և ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոններում։

«Պատերազմը միանգամից սկսվեց, բոլորովին չէինք սպասում։ Հիվանդանոցում էինք ու կարծես մեզ վրա էին գնդակոծում։ Մենք 44-օրյայից գիտենք, թե նման դեպքերում ինչ պետք է անեինք։ Քանի որ մեր հիվանդանոցը նկուղային հարկ չուներ, պատերազմի ժամանակ բուժօգնությունը կազմակերպում էինք դպրոցի ապաստարանում։ Այս անգամ մինչև բուժանձնակազմով կողմնորոշվեինք՝ արդեն առաջին վիրավորները բերեցին։ Հրետակոծությունից և անօդաչուների հարվածներից զոհվեցին ու վիրավորվեցին Մաճկալաշեն գյուղի խաղաղ բնակիչներ, որոնց հասցրեցին մեր հիվանդանոց։ Մենք հազիվ ցուցաբերում էինք առաջին բուժօգնությունը և շտապօգնության մեքենաներով ուղարկում Մարտունի, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Վիրավորներին հնարավոր էր տեղափոխել, քանի թուրքերը ճանապարհը չէին փակել։ Մեր վերջին մաճկալաշենցի վիրավորին՝ 25-ամյա Փայլակին, որ գլխից էր վիրավորվել, չկարողացան հասցնել Ստեփանակերտ և նա մահացավ»,- հուզված ներկայացրեց 63-ամյա բժիշկը։

Ճարտարի հիվանդանոցում գլխավոր բժշկի հետ միասին բուժօգնություն էր ցուցաբերում ատամնաբույժ Նվեր Բաղդասարյանը։ Նրանց սակավաթիվ բուժանձնակազմը ջանում էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։ Ծանր վնասվածքներ ստացածների արյունահոսությունը կանգնեցնում էին, ցավազրկում, շոկից հանում և ուղարկում Մարտունու բուժհաստատություն։ Թեթև վնասվածքներ ունեցողներին վիրակապում էին ու եղած սուղ միջոցներով տեղում համապատախան բուժօգնություն իրականացնում։

«Մինչև պատերազմը ժողովուրդն արդեն իսկ հյուծված էր։ Շրջափակման ժամանակ ամեն նեղությունների համբերում էին, հուսալով, որ ճանապարհը շուտով կբացվի, սակայն եղավ հակառակը։ Հուսախաբ ու սոված այդ վիճակում էլ պատերազմը սկսվեց։ Պատերազմի նախօրյակին երբ մայրիկներն երեխաների հետ գալիս էին ինձ մոտ, արդեն հյուծված էին՝ գլխապտույտի, գլխացավերի, ուշագնացության բողոքներ ունեին։ Ծնողներն իրենց բաժին սնունդը երեխաներին էին տալիս, ինչն էլ անդրադառնում էր մայրերի առողջությանը։ Հատկապես քաղցրի պակասը դժվար էր լրացնել։ Ցրտի, սովի և վառելիքի, գազի, էլեկտրականության բացակայության պայմաններում հիվանդները հյուծվում, հիվանդություններն էլ երկար էին տևում։ Վառելիք էլ չկար, որ հետազոտությունների ուղարկենք և նրանց վիճակն ավելի էր բարդանում»,-տեղեկացրեց Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Վերհիշելով մեկօրյա պատերազմի ահասարսուռ վիճակը, բժիշկը պատմեց, որ սեպտեմբերի 20-ի կեսօրին տագնապած էին։ Հայտնվել էին շրջափակման մեջ և տեսանելի էին մոտեցող թշնամիները։ Հրադադար հայտարարվելուց հետո Ճարտարի մոտ սոսկալի մարտ սկսվեց, որում քաջաբար զոհվեցին 11 հայորդի։

«Այդ ժամանակ հիշեցի 1915թ. արյունալի պատմությունները ու մտածեցի, որ շուտով մեզ հետ նույնն է լինելու։ Ասում էի՝ Տե՛ր, թող քո կամքը լինի ու եթե մեր խաչելության ժամն է՝ խաչվում ենք։ Վայրկյան առաջ սպասում էինք զինադադարի, որ փրկվենք…բայց նույնիսկ այդ պահերն ավելի երանելի էին, քան, երբ հայտնեցին, որ տեղահանվելու ենք։ Երազում էլ չեմ պատկերացրել, որ նման իրավիճակ կլինի, չէի հավատում։ Զանգեցի եղբորս, որը հավաստեց, որ ըստ շրջանների տարհանում են։ Երբ զանգեցի աղջկաս ու իմացա, որ ընտանիքով արդեն աէրոպորտում են, ծնկներս թուլացան, հույսերս փլվեցին։ Ամենածանրն ինձ համար բռնագաղթի լուրն էր, երբ քրոջս տղան սեպտեբերի 25-ին եկավ հիվանդանոց, թե՝ տեղահանվում ենք ու պետք էր շարասյունից հետ չընկնել»,- ծանր ապրումները վերհիշեց բժիշկ Ղահրամանյանը։

Նա տուն անգամ չմտնելով գիշերը շարասյան հետ ճանապարհվեց։ Բժիշկը չի մոռանում այդ սարսափելի օրերը՝ սոված, հուսահատված մարդկանց դժբախտացած ու շվար դեմքերը ու անձրևի տակ բեռնատար ավտոմեքենաների թափքի մեջ իրենց երեխաներին գրկած ծնողներին։

«Ամեն ստուգման անցակետում դողում էինք ու ամենաշատը մեր տղամարդկանց համար էի անհանգստանում, որ հանկարծ չբռնեն։ Կեսգիշերին հասանք Գորիս ու երբ տեսանք այն երիտասարդներին, որ կանգնած բոլորին դիմավորում էին ջրով, քաղցրավենիքով, հաց ու պանրով, ասեցի՝ փառք Աստծո, էս աշխարհքում մի տեղ կա, որ չեն հալածում, ուրախանում են մեզանով…

Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շատ կազմակերպություններ կան ու ես հիմա չգիտեմ, թե ո՞ր իրավունքներն են պաշտպանվում։ Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքակրթվի, որ կարողանա ապրելու, սեփականության, հայրենիք ունենալու իրավունքները պահպանել։ Թող լինի մարդու իրավունքների հարկադիր պաշտպանության կազմակերպություն, որն ուժով կպաշտպանի մարդկանց իրավունքները, քանի որ միակ իրավունքը՝ ուժի իրավունքն է։ Համարյա մեկ տարի մահվան վտանգի տակ զրկվելով կենսական պայմաններից, միջազգային հանրության առջև ունեզրկվեց, հայենազրկվեց ու ցեղասպանվեց մի ողջ ժողովուրդ, որտե՞ղ է քաղաքակրթությունը»,-հարցադրում է անում մեր զրուցակիցը։

Նա վրդովվում է, երբ ոմանք ասում են՝ արցախցիները չեն կռվել, թողել, եկել են։ Հյուծված ու արյունաքամ մի ժողովուրդ առանց մայր Հայաստանի ու ՌԴ խաղաղապաների օգնության որքան հնարավոր էր՝ դիմագրավեց։ Բժիշկը պատմեց, որ թուրքական զրահամեքենաներով ու ոչ թե տասնյակ, այլ հազարավոր   զինվորներով շրջափակել էին Ճարտարը։

«Եթե 5 րոպե էլ շարունակվեր պատերազմը, մենք այլևս չէինք լինի։ Տիեզերական կռիվների նման էր, որ վերևից ու ներքևից կրակ էր թափվում և ի՞նչ պիտի անեին անզեն մարդիկ։ Ով ասում է, թե ինչի՞ եք եկել, երևի ուզում է ասել՝ ինչի մինչև վերջին մարդը չեք մահացել։ Գիտեմ, որ կան լավ մարդիկ, մտավորականներ, իսկական հայեր, որ այդպես չեն մտածում։ Ես հույսս երբեք չեմ կորցնի ու պատրաստ եմ նպաստելու, որ Աստծո օգնությամբ միավորվեն իրական հայկական ուժերը և ունենանք հայրենանվեր, բարեպաշտ առաջնորդ ու կկարողանանք մեր ընկած վիճակից բարձրանալ։ Ես հավատում եմ»,- հավելեց տեղահանված բժիշկը։

Զառա Մայիլյան     

Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Թեև մեղադրող կողմը առաջարկում էր ևս երեք ամսով երկարաձգել կալանքը, դատավորն, այդուհանդերձ, Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինեց գրավով և չբացակայելու արգելքով։ Խաչատրյանն ազատ արձակվեց հենց դատարանի դալիճից՝ սահմանված գումարը վճարելու պայմանով։ Գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:

Խաչատրյանը ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով և հունվարի 5-ին երկու ամսով կալանավորվել: Նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

Լարսը փակ է արդեն մեկ շաբաթ

Վերին Լարսի անցակետում արդեն շուրջ 750 հայկական բեռնատար է հերթում սպասում։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 2746 բեռնատար տարբեր երկրներից։ Դրանցից հայկական են 743–ը։
Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի և Մլետա–Գուդաուրի հատվածներում Լարսի ճանապարհը փակ է փետրվարի 17-ի գիշերվանից` Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Հյուսիսային Օսիայում այդ պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։
Վիճակագրական տվյալներով, Վերին Լարսով ամեն օր մոտ 150 հայկական բեռնատար է անցնում։

Էդգար Ղազարյանի գործ․ Անկախության հռչակագրի հիշատակումն արդեն “կրիմինալ” է

Ազատություն

Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց մասնակի՝ նրա խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց, նրան արգելվում է հրապարակայնորեն քննադատել իրավապահ և դատական ​​համակարգերը։ Ղազարյանի փաստաբանները հայտնում են, որ որոշումը պարտադիր կբողոքարկվի։

Նախկին պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, Youtube-ում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանին ու փաստաբաններին Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեղադրանքի առիթն ամիսներ առաջ Ղազարյանի արած արտահայտություններն են:

Նա անդրադարձել էր Բարձր դատարանի որոշմանը, որտեղ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:

«Ես հիշում եմ, որ այդ ժամանակաշրջանում, տարբեր հրապարակային ելույթներում, իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել դատարանի էդ որոշման վերաբերյալ, ընդ որում, ես մենակ չեմ եղել այդ հարցում, բայց մեղադրանք մենակ ինձ է ներկայացված», – երեկ ասել էր Ղազարյանը։

Վերջինս մեղադրանքը չի ընդունում:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանին վրդովեցրել էր այն, որ դատարանն իր որոշման մեծ մասում անդրադարձել է Անկախության հռչակագրին, ու, իր գնահատմամբ, Ադրբեջանին ու Թուրքիային դուր եկող տեսակետ է հայտնել:

Փաստորեն, Անկախության հռչակագրի մասին նույնիսկ հիշատակումն է “կրիմինալ” համարվում։

Թրամփի մամուլի քարտուղար. Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է ավարտվել առաջիկա երկու օրվա ընթացքում

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմում բեկման մասին։ Նա պնդում է, որ հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ Լևիտի խոսքերը մեջբերել է The Hill-ը։

Թրամփի խոսնակը շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, զրուցել է լրագրողների հետ: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կարող է ավարտվել առաջիկա երկու օրվա ընթացքում։ «Նախագահը շատ վստահ է, որ մենք կարող ենք դա անել (վերջացնել հակամարտությունը – խմբ.) այս շաբաթ»,- ասել է Լևիթը։

Նա պարզաբանել է, որ Սպիտակ տունը այս հարցի շուրջ բանակցություններ է վարում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Պաշտոնյան մանրամասներ չի հայտնել։

Հատկանշական է, որ նույն օրը Թրամփը հայտարարեց հաջորդ երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Էր Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպման մասին։

Զգուշացում Պուտինի խոստովանահորից. Կարսի պայմանագիրը մնում է կասկածի տակ

Ռուս ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոն Շևկունովը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի հոգևոր խոստովանահայրը, հայտարարություն է արել բյուզանդական մեծությանը վերադառնալու մասին։ Կադրերը հասանելի են «Ուկրաինա 365» Telegram ալիքում։

Ռուսաստանը և Թուրքիան Բյուզանդական կայսրության փլուզումից հետո վերջին մի քանի դարերի ընթացքում պայքարում են «Երրորդ Հռոմ» կոչման համար։ Տարածքային առումով Թուրքիան գրավել է Արևելյան Հռոմեական կայսրության մեծ մասը, սակայն Մոսկվան համարում է, որ Ռուսաստանն է դրա «ուղղափառության» հոգևոր ժառանգը։

Շևկունովը քննադատել է Ռուսաստանի իշխանությունների՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փորձը։ Միտրոպոլիտի կարծիքով՝ դա երկիրը կտանի դեպի 1917 թվականի կրկնություն, երբ փլուզվեց Ռուսական կայսրությունը։

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո փլուզվեց 6 կայսրություն, այդ թվում՝ Ռուսական և Օսմանյան։ Ռուսաստանը 1917-18 թթ հրաժարվել է իր բազմաթիվ գաղութներից՝ հօգուտ Թուրքիայի։ Իսկ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը հայկական հողերը բաժանեցին երկու երկրների միջեւ։

«Մեր իշխանություններից շատերը ամերիկացիների հետ հանդիպումից հետո բարձր ոգևորված են։ Բայց բոլոր մեծ ուղղափառ կայսրությունները՝ Բյուզանդիան և Ցարական Ռուսաստանը, ընկան լատինների, Արևմուտքի մեքենայությունների պատճառով։ Աստված մեզ համար փրկեց Ռուսաստանը, ծնկներից բարձրացրեց, և պետք չէ նորից խոնարհվենք Արևմուտքի առաջ։ Ես տեսնում եմ, որ շատերն արդեն ուզում են խաբվել, և մեզ սպառնում է վերնախավի պառակտում, ինչպես 1917 թվականին… Մինչ Ամերիկան ​​գայթակղում է մեզ, Սատանայի որդի Զելենսկին հյուսում է իր ինտրիգները Թուրքիայում, որտեղ սուրբ Կոստանդնուպոլիսն է։ Սա սատանայի ծաղր չէ՞: Բայց մենք թույլ չենք տա, որ նա տոնի իր հաղթանակը։ Եվ ես հավատում եմ, որ Կոստանդնուպոլիսը կվերադառնա իր հայրենի նավահանգիստ, ինչպես Ղրիմը»,- ասել է Շևկունովը:

Նոր աշխարհակարգը կկառուցվի ոչ թե Երկրորդ, այլ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման վրա։ «Վերանայումը» սկսվեց 2020 թվականի Արցախյան պատերազմից, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան փորձեցին հիմք ստեղծել 1921 թվականի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի երկարաձգման համար։ Բայց նույնիսկ 2023-ի ագրեսիայից և Արցախից հայերի բռնագաղթից հետո 1921-ի պայմանագրերի օրինականությունը մնում է հարցականի տակ։

Ռուսաստանն ու Թուրքիան պնդում են, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն՝ Կարսի պայմանագիրը «գետնի վրա խարսխելու» և ամերիկյան արբիտրաժին վերադարձը կանխելու համար։

Հռոմի պապի վիճակը «կրիտիկական է». Վատիկան

Վատիկանը շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին անգամ նրա վիճակը բնութագրել է որպես «կրիտիկական»:

Հռոմի պապին, որ շուրջ 10 օր հոսպիտալացված է, լրացուցիչ թթվածին և արյան փոխներարկում է անհրաժեշտ եղել:

Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ուներ, դրանից հետո նրա մոտ երկու թոքերում էլ թոքաբորբ է ախտորոշվել:

Մի քիչ էլ կցրտի

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25- ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 22-ի ցերեկը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -5….-7 աստիճան։

Թրամփը սպառնում է Ուկրաինային կտրել Starlink-ից. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հսկայական ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով ստորագրել համաձայնագիր ուկրաինական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը Ամերիկային փոխանցելու մասին։ Օգտագործվել են նույնիսկ սպառնալիքներ. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։

Ըստ նրանց՝ Սպիտակ տունը սպառնում է անջատել ուկրաինական Starlink արբանյակային կապը, ինչը խիստ կարևոր է Ուկրաինայի զինված ուժերի համար մարտի դաշտում։ Համակարգի անջատման դեպքում ուկրաինական ուժերի վիճակը կտրուկ կվատթարանա, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում։

«Starlink-ի հասանելիության հարցը բարձրացվել է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքում այն ​​բանից հետո, երբ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մերժել է գործարքի առաջին տարբերակը»,- ​​ասվում է հոդվածում։

Սպառնալիքը, ըստ աղբյուրների, կրկին հնչել է հինգշաբթի՝ փետրվարի 20-ին, Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպման ժամանակ։ Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինային սպառնում է Իլոն Մասկի ծառայության «անխուսափելի» դադարեցումը, եթե նա հրաժարվի Վաշինգտոնին հանձնել իր հանքային ռեսուրսների մի մասը՝ նախկինում տրամադրված ռազմական օգնության դիմաց: «Սա մեծ հարված կլինի Ուկրաինային»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ, ըստ լուրերի, Թրամփը ցանկանում է, որ Կիևը որպես «փոխհատուցում» իրեն իրավունք տա իր հանքային ռեսուրսների 50%-ի հանդեպ՝ մոտ 500 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը մոտավորապես 4-5 անգամ գերազանցում է այն օգնության չափը, որը Վաշինգտոնը տրամադրել է Ուկրաինային վերջին 3 տարիների ընթացքում։ Ընդ որում, փաստաթղթի առաջին տարբերակը չէր պարունակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, ինչը չէր ընդունել Զելենսկին։ Նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ինչից հետո բախվել է Թրամփի ու նրա թիմի հրապարակային վիրավորանքներին ու սպառնալիքներին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները փոխել է փաստաթուղթը՝ ներառելով Ուկրաինայի ղեկավարի որոշ ցանկությունները։ Երեկ՝ փետրվարի 21-ին, Թրամփը հրապարակավ սպառնացել է, որ Ուկրաինան «դժբախտության մեջ կհայտնվի», եթե Զելենսկին կրկին հրաժարվի ստորագրել համաձայնագիրը։ WSJ-ն պնդում է, որ ուկրաինացի առաջնորդը կարող է ստորագրել սկանդալային փաստաթուղթը արդեն այսօր՝ փետրվարի 22-ին։ Այս մասին հայտնում է Диалог-ը։

Ալիևը Ստեփանակերտում “բացում է” վաղուց գործող հյուրանոցները և փող լվանում

Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտում բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։

Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։

Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը (որը ԽՍՀՄ ժամանակ “Ղարաբաղ” հյուրանոց էր ), 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Բաքվի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։

Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ։

Հյուրանոցները ժամանակ առ ժամանակ են բացվում, քանի որ մուտքը Արցախի մայրաքաղաք փակ է սովորական ժողովրդի համար։ Այնտեղ ապրում են հիմնականում զինվորականներ եւ շինարարներ։ Համալսարանը, ինչպես ասում են, 3 ամիս ցուցադրական գործելուց հետո փակվեց։

Թե ում համար է Ալիևը պահում Արցախի բնակավայրերը, կարելի է միայն կռահել։ Սակայն “նախկին բնակիչների տուն վերադառալու” պլանը կարծես տապալվում է։ Ո՞վ պիտի վերադառնա, եթե 40 հազարանոց Ստեփանակերտում մինչ 1988 թ․ առավելագունը 5 հազար ադրբեջանցի էր բնակվում, այն էլ՝ մասնավոր սեկտորում։     

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերով

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սիրելի´ հայրենակիցներ

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Սահմանադրության «փոփոխությունը»՝ Փաշինյանի համար իշխանությունը պահելու երաշխիք

Այսօրվա դրությամբ համաձայնեցվել է Հայաստանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի 15 կետը։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է, երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը։

Նա նաև ասել է, որ Բաքուն «ուզում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։

Այս արտահայտությունը բացահայտում է ոչ միայն Փաշինյանի և հայկական պետության շահերի ահռելի հակասությունը, որը նկատում է Բաքուն։ Այնտեղ գիտեն, որ Փաշինյանի հետ ստորագրված պայմանագիրը կարող է այդպես էլ թղթի կտոր մնալ։ Նրանց պետք է ավելի հզոր երաշխիք, քան Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ նման երաշխիք կարող է լինել միայն հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը, որը կհաստատի հայ ժողովրդի «կամքը»՝ հրաժարվել սեփական իրավունքներից, հողերից, ինքնությունից եւ վերածվել անարմատ խաչմերուկի։

Իր հերթին, Սահմանադրության փոփոխության «մտադրությունը» կարող է Փաշինյանի համար իշխանությունը երկարաձգելու երաշխիք լինել։ Ասկերովը փաստորեն ասում է, որ Փաշինյանն իրենց համար արժեք ունի միայն Սահմանադրության փոփոխությամբ։

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը:

Բաքուն պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրության մակարդակում հրաժարվի Հայաստանի և Արցախի միացումի մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումից և Ցեղասպանության 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանից զավթած հայկական տարածքներից։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:

Նա ասել է, որ Սահմանադրության նոր նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ 2026-ի ընտրությունները։

Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, արդարացնելով այն «իրողությունների փոփոխությամբ»։

Հայաստանի քաղաքական ուժերը միանգամից հայտարարեցին, որ Փաշինյանը կատարում է Բաքի պահանջը, ինչը անընդունելի է։ ՀՀ կառավարությունը հերքում է, որ դա Բաքվի պահանջն է։ Բացի այդ, ակնարկներ են հնչում, որ կարող է Սահմանադրության ոչ մի փոփոխություն էլ չլինի։

NEWS.am–ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող,  ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ լավագույն դեպքում հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, և 2026 թվականին ձևավորվելիք նոր խորհրդարանը նույնպես պետք է մասնակցություն ունենա Սահմանադրության ձևավորմանը։

«Այս իշխանությունը շատ ռեֆորմներ է տապալել, կա նաև հավանականություն, որ սահմանադրական ռեֆորմը ուղղակի չի ստացվի տեսանելի ապագայում»,–ասել է նա։

Վերլուծաբանները ասում էին, որ Ալիևը «համաձայնվել է» ընդունել Փաշինյանի «խոստումը»՝ փոխել Սահմանադրությունը, ինչն էլ Փաշինյանի համար իշխանությանը մնալու երաշխիք է դարձել։