Լուկաշենկոն ազատ է արձակել 123 քաղբանտարկյալի, ԱՄՆ-ն վերացրել է կալիումի նկատմամբ պատժամիջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել տարբեր երկրներից 123 քաղբանտարկյալների։ Նրանց թվում են Մարիա Կոլեսնիկովան, որը 2020 թվականի Բելառուսի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում 2021 թվականին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, 2022 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին, որը 2023 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար և Լուկաշենկոյի մրցակիցը 2020 թվականի ընտրություններում Վիկտոր Բաբարիկոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներում ստացածների թվում են հինգ ուկրաինացիներ։

“Пул Первого”-ի տվյալներով՝ Լուկաշենկոն ներում է շնորհել բանտարկյալներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով՝ Բելառուսի կալիումի արդյունաբերության դեմ պատժամիջոցների վերացման դիմաց՝ «և երկրի դեմ այլ անօրինական պատժամիջոցների վերացման գործընթացի գործնական իրականացման կապակցությամբ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, անձնական ուղերձ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար հանդիպում է արցախցիների հետ․ 168 ժամ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Աբովյանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ովքեր բնակություն են հաստատել Աբովյանում ու հարակից բնակավայրերում: Այդ մասին հայտնում է 168 ժամը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնակարանային, սոցիալական ծրագրերին, կրթության կարևորությանը և այլ հիմնախնդիրների:

«Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցների բազաթիվ հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Հնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։ Կառավարության ներկայացուցիչներն անհատապես հասցեագրել են խնդիրները՝ ըստ ընտանիքի կառուցվածքի ու կարիքների, առաջարկել կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը, տրամադրել թիրախային խորհրդատվություն՝ բազմազավակ ընտանիքների պարագայում բարձրացված խնդիրները դիտարկելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի շրջանակում»,- հայտնել է Հարությունյանը՝ նեշելով, թե հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Արցախցիների բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026-ի դեկտեմբերի 30-ը

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել են հավաստագիրը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Իշինգեր. Քանի Ուկրաինան պատերազմի մեջ է, Եվրոպան անվտանգ է

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը բարձր է գնահատել Ուկրաինայի դերը Եվրոպայի անվտանգության ապահովման գործում՝ Ռուսաստանի ագրեսիվ նկրտումների պայմաններում: «Քանի դեռ այս պատերազմը [Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ – խմբ.] մղվում է՝ վճռականորեն և քաջաբար՝ մեր ուկրաինացի ընկերների կողմից, Եվրոպան անվտանգ է», – ասել է նա DW-ին տված բացառիկ հարցազրույցում ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին։

«Եվրոպան անվտանգ է, քանի որ ուկրաինացիները տարիներ շարունակ հաջողությամբ զսպել են հզոր ռուսական բանակը՝ աներևակայելի համառ պայքարում՝ պաշտպանելու իրենց երկիրը: Երբ այս պատերազմն ավարտվի, երբ զենքերը լռեն Դոնբասում և Ուկրաինայի այլ շրջաններում, Ռուսաստանը կրկին կունենա խաղաղության ողջ ժամանակը: Ռուսաստանը մի երկիր է, որը տարածվում է տասը կամ տասնմեկ ժամային գոտիների վրա, և այն կունենա բավարար ժամանակ վերախմբավորվելու համար», – բացատրել է նա։

«Եվրոպան պաշտպանելու մեր ջանքերը այստեղ չեն ավարտվի: Ընդհակառակը, դրանք իրականում կսկսվեն: Ուկրաինացիները դեռևս կրում են այդ բեռը: Պատերազմի ավարտից հետո մենք ստիպված կլինենք կրել այդ բեռի շատ ավելի մեծ մասը», – հավելել է Իշինգերը: Նա համաձայն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Պուտինի հաջորդ թիրախն է Ուկրաինայից հետո։

Grand Slam. Կարլսենը վաստակել է 805 հազար դոլար, Արոնյանը՝ 493 հազար

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Grand Slam-ի մրցաշրջանում վաստակել է 493 հազար դոլար։ Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի ընդհանուր մրցանակային գումարը բոլոր մրցաշարերում կազմել է 805 հազար դոլար։

Երրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիանո Կարունանան՝ 450 հազար դոլար։

Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել Մագնուս Կարլսենին։ Այդ մասին հայտնում է news.am-ը։

Թուրքիան Ռուսաստանին չի մեղադրել Օդեսայում իր նավը խոցելու համար

Անկարան խախտել է լռությունը Օդեսայի մարզի Չերնոմորսկ նավահանգստում «Cenk Roro» նավի վրա ռուսական հրթիռային հարվածից հետո: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վերահաստատել է իր մտահոգությունը Ուկրաինայում պատերազմի դեպի Սև ծով տարածման վերաբերյալ, որը սպառնալիք է ներկայացնում ծովային անվտանգության և նավարկության ազատության համար։

Նախարարությունը հաստատել է, որ հարձակման ենթարկված նավը պատկանում է թուրքական ընկերությանը և հայտնել է նավի կողմից տեղափոխվող բեռնատարների անձնակազմի և վարորդների տարհանման մասին: Թուրքիայի քաղաքացիներ չեն տուժել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը և հայտարարել է Սև ծովում նավարկության անվտանգությունը խաթարող հարձակումները կանխելու համար համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին: Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակում չի արվել ռուսական օկուպացիոն բանակի կողմից նավի վրա հարձակման մասին:

Հարվածի օրը Պուտինը և Էրդողանը հանդիպում էին Աշգաբադում։ Թուրքիան կոչ արեց միջազգային հանրությանը համոզել Ուկրաինային անել անհրաժեշտ զիջումները խաղաղության համար։

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանը հրթիռային հարված հասցրեց Օդեսայի Չերնոմորսկ նավահանգստում գտնվող «Ցենկ Ռորո» նավին, ինչը Վլադիմիր Զելենսկիի անհապաղ արձագանքին հանգեցրեց։ Նախագահը սա համարեց ապացույց այն բանի, որ ռուսները մերժում են պատերազմի դիվանագիտական ​​ավարտի հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնը կրկին «այցելեց» Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային հարթակներ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարվածն է։ Երկու հարթակներն էլ պատկանում են «Լուկոյլ-Նիժնևոլժսկնեֆտին», որը ածխաջրածիններ է արտադրում Կասպից ծովի ռուսական հատվածում։

Եվրոպան կխստացնի վերաբերմունքը միգրանտների նկատմամբ և կվերանայի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

ԵՄ քսանյոթ երկիր վերացրել է ԵՄ ներգաղթի բարեփոխումների վերջին խոշոր խոչընդոտը, և Եվրոպայի խորհրդի գրեթե հիսուն երկիր սկսել է քննարկումներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բարեփոխման վերաբերյալ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ծառայել է որպես Եվրոպայում ապաստանի հարցերը կարգավորող հիմնարար փաստաթուղթ, հաղորդում է BBC-ն։

Եվրոպացիները ավելի ու ավելի հաճախ են հայտարարում, որ այդ դարաշրջանն անցյալում է, և որ անհրաժեշտ են բոլորովին այլ գործիքներ՝ ներկայիս ճգնաժամի դեմ պայքարելու և հաջորդին պատրաստվելու համար։ Արդյո՞ք այս գործիքները կաշխատեն, պարզ կդառնա 2026 թվականին. ԵՄ ներգաղթի բարեփոխումները ուժի մեջ կմտնեն հունիսին, իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ մայիսին, Եվրոպայի խորհրդի երկրները Քիշնևում կայանալիք գագաթնաժողովում կանդրադառնան մարդու իրավունքների կոնվենցիայի վերանայման հարցին։

Թրամփը վաղուց քննադատում է Եվրոպային, բայց վերջին օրերին նա անցել է իսկական հարձակման։ Նախ, նրա վարչակազմը հրապարակեց ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որում հստակ խոստացավ «կազմակերպել դիմադրություն» ներկայիս եվրոպական իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց ներկայիս ներգաղթի քաղաքականությունից, որը, ըստ Սպիտակ տան, սպառնում է «եվրոպական քաղաքակրթության անհետացմամբ» 20 կամ ավելի քիչ տարիների ընթացքում։

Այս շաբաթ Թրամփը հարցազրույց տվեց Politico-ին, որում ասաց, որ Լոնդոնն ու Փարիզն արդեն իսկ ճնշման տակ են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից եկած միգրանտների կողմից, և որ ներկայիս քաղաքականության պայմաններում որոշ եվրոպական պետություններ «կկորցնեն իրենց կենսունակությունը»։ Թրամփը խոստացավ անձամբ նպաստել ռեժիմների փոփոխությանը եվրոպական երկրներում և աջակցել թեկնածուներին, «որոնց շատ եվրոպացիներ չեն սիրում», ինչպիսին է Վիկտոր Օրբանը Հունգարիայում։

Թրամփի կողմնակից Մեծ Բրիտանիայի Նայջել Ֆարաժը խոստանում է չեղյալ հայտարարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչպես դա արեց Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելուց հետո։

Նման գաղափարներ ունեցող քաղաքական գործիչների հաղթանակը կանխելու համար կոնվենցիան պետք է բարեփոխվի, կարծում է Բրիտանիայի վարչապետ Սթարմերը։

Նախարարները նաև այս շաբաթ Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ հաստատեցին «անվտանգ երկրների» ցանկը։

Այն ներառում է Եգիպտոսը, Մարոկկոն և Թունիսը՝ երկրներ, որտեղից ԵՄ կարելի է հասնել Միջերկրական ծովով նավով, ինչպես նաև Կոսովոն, Հնդկաստանը, Բանգլադեշը և Կոլումբիան: Ավելին, ԵՄ անդամակցության բոլոր թեկնածուները համարվել են «անվտանգ», այդ թվում՝ Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան (փախստականների թվով հինգերորդ ամենամեծ երկիրը) և Ուկրաինան: Այնուամենայնիվ, Ուկրաինան ընկնում է բացառություններից մեկի տակ՝ այն երկրների, որոնց տարածքում պատերազմներ են ընթանում:

Այս ֆոնին Հայաստանը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման շուրջ, ինչը, ակնհայտորեն, քիչ խոստումնալից է:

Հայտնաբերվել է զինծառայողի դի

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Կանխատեսումներն արված են` ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF):

Զելենսկին ժամանել է Կուպյանսկ, որի գրավման մասին վերջերս զեկուցել են Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսագրություն է արել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքից, որի գրավման մասին վերջերս զեկուցել էին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Ավելի վաղ ուկրաինական զորքերը պնդում էին, որ հաջող հակագրոհ են իրականացրել Կուպյանսկի մոտակայքում և կարողացել են շրջապատել այնտեղ տեղակայված ռուսական զորքերը։

Ռուսական հրամանատարությունը շարունակում է պնդել Կուպյանսկի ուղղությամբ իր հաջողությունների վրա և հերքում է շրջապատման մասին տեղեկությունը։

«Այսօր Կուպյանսկի ուղղությունն է, մեր զինվորները, որոնք այստեղ արդյունքներ են գրանցում Ուկրաինայի համար։ Շատ ռուսներ խոսել են Կուպյանսկի մասին, մենք դա տեսնում ենք։ Ես շնորհավորել եմ տղաներին», – ասել է Զելենսկին իր ելույթում, որի ֆոնին լսվել է առնվազն մեկ պայթյուն։

2026թ․ հունվարի 18-ին տեղի է ունենալու Արցախյան ամենամեծ մշակութային համերգը

2026թ․ հունվարի 18-ին, հենց իմ ծննդյան օրը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Արցախյան ամենամեծ մշակութային համերգը՝ «Մենք կանք» խորագրով։ Այդ մասին գրում է Արտակ Մկրտչյանը։

Այդ օրը մեկ հարկի տակ կհավաքվեն արցախյան և հայաստանյան արտիստներ, կցուցադրվեն արցախյան մշակույթի նմուշներ, ձեռագործ աշխատանքներ ու այն ամենը, ինչով մենք հարուստ ենք եղել։

Ես որոշել եմ տոնս նշել հենց այնտեղ՝ իմ հայրենակիցների հետ, Արցախի մշակույթը փրկելու ու ամրացնելու գործի մեջ։

Եվ եթե դուք ուզում եք այդ օրը լինենք միասին, եթե ցանկանում եք շնորհավորել ինձ, կամ պարզապես ցանկանում եք ձեր ներկայությամբ աջակցել արցախյան մշակույթին, գնեք տոմս և միացե՛ք մեզ։

12:00-ից ցուցահանդեսը բաց կլինի, ես էլ՝ այնտեղ

#ՄենքԿանք #ԱրցախիՄշակույթ #ԱրցախիՀոգևորԺառանգություն #КультураАрцаха #ArtsakhCulture #ArtsakhLives #WeAreArtsakh

https://www.facebook.com/watch/?v=1466238057776719&ref=sharing

Ի շնորհիվ ՀՀ և Արցախի ԱՆ համագործակցության վերականգնվումեն կարևոր փաստաթղթեր

2023-ի սեպտեմբերին Արցախի տեղահանությունից  հետո բազմաթիվ արցախցիներ Հայաստանում առերեսվում են փաստաթղթերի վերականգնման խնդրին։ Ծննդյան, մահվան, ամուսնության վկայական վերականգնելու համար դիմում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։ Եթե այնտեղ չի ստացվում խնդիրը լուծել, դիմում են նոտարի, այնուհետև՝ դատարան։ Մարդկանց մոտ մեծ մասամբ բացակայում է իրենց ինքնության կարևոր ապացույցը՝ ծննդյան վկայականը, որի վերականգնումը առաջին քայլն է դեպի լիարժեք իրավական պաշտպանություն:

Փաստաթղթերի վերականգնումը կարևոր է առանձնապես քաղաքացիություն ստանալու համար, իսկ առանց քաղաքացիության արցախցիները չեն կարող դիմել կառավարության նախաձեռնած՝ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին։

Արցախցի երիտասարդ իրավաբան, արցախցիների խնդիրները բարձրաձայնող Ժորա Հայրապետյանն ասում է

-Հայաստան տեղափոխվելուց հետո մեր հայրենակիցների առաջին քայլն էր վերականգնել կորցված ՔԿԱԳ փաստաթղթերը։ Այդ հարցում տեղահանվածներին աջակցում է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը՝ ի դեմս գործակալության պետ Մարինե Յայլախանյանի: Արցախի արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Լիանա Միրզոյանի և ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության մինչև համագործակցության արդյուքնում է, որ Արցախի ՔԿԱԳ արխիվային գրանցամատյանների մի մասը տեղափոխվել է Հայաստան: Տեղահանված արցախցիները տեղահանությունից անմիջապես հետո բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ՔԿԱԳ գործակալություն: Գործակալությունը քաղաքացիական կացության գրանցման ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում վերականգնում է տեղահանված անձնանց վերաբերյալ նախկինում գրանցված գրանցումները, տրամադրում վկայականներ և տեղեկանքներ: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում գործակալության պետ տիկին Մարինե Յայլախանյանին և գործակալության աշխատակազմին ցուցաբերած բարձր մարդկային արժանիքների, տեղահանված անձնանց կողքին լինելու համար։ Նրանց համառ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր տեղահանված քաղաքացիները վերակագնում են ծննդյան, ամուսնության և այլ վկայականներ:

Ճիշտ է, փաստաթղթերի վերակագնումը կապված են գումարային վճարումների հետ, ինչը մեծ դժվարություն է նյութական ծանր վիճակում հայտնված տեղահանվածների համար, սակայն, երբ դրսևորվում է մարդկային բարյացակամություն պատկան մարմինների կողմից, այդ դժվարություններն այնքան էլ ծանր չեն թվում մարդկանց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ