Թրամփը առաջարկել է բաժանել Դոնբասը

Պատերազմն ավարտելու համար Ուկրաինայի Դոնբաս շրջանը պետք է «բաժանվի», և մեծ մասը մնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հայտարարությունն արեց ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ կիրակի՝ հոկտեմբերի 19-ին։

«Թող այդպես մնա։ Այն արդեն բաժանված է։ Կարծում եմ՝ տարածաշրջանի 78%-ն ​​արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ է», – լրագրողներին ասաց Թրամփը Air Force One ինքնաթիռում։

«Նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ բանակցել ավելի ուշ։ Բայց առայժմ հակամարտության երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն առաջնագծում՝ գնան տուն, դադարեցնեն կռվելը, դադարեցնեն մարդկանց սպանելը», – ասաց Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հերքեց The Financial Times-ում հոկտեմբերի 19-ին ավելի վաղ հրապարակված հոդվածը, որտեղ պնդվում էր, որ ԱՄՆ նախագահը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան հորդորել է հանձնել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին՝ հավելելով, որ հակառակ դեպքում Պուտինը «կկործանի» Ուկրաինան։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով։ Հետևաբար, նրա կարծիքով, սահմանները պետք է գծվեն այնտեղ, որտեղ բախվում են Ռուսաստանի ռազմական ուժը և ուկրաինացիների անկոտրում կամքի ուժը։

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահին՝ մեղադրելով Համասին «հրադադարի կոպիտ խախտման» մեջ։ Կիրակի օրը ավելի ուշ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Գազայի հարավում գտնվող Համասի թիրախներին։ Հետագայում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերադառնում է հրադադարին։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ Համասը «մի քանի հարձակումներ է իրականացրել իսրայելական զորքերի վրա՝ «Դեղին գծից» այն կողմ, որտեղ, նրանց պնդմամբ, իսրայելական զորքերը նահանջել են ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի առաջին փուլի համաձայն։ Կիրակի առավոտյան Համասի հարձակման հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինվոր, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը, չնայած Համասը հերքում է իր մասնակցությունը։

Խմբավորումը մեղադրել է Իսրայելին համաձայնագրի բազմակի խախտումների մեջ՝ պնդելով, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով արդեն սպանվել է առնվազն 46 պաղեստինցի։ Համասը նաև պնդում է, որ Իսրայելը թույլատրել է համաձայնագրով նախատեսված մարդասիրական օգնության և վառելիքի միայն մի փոքր մասը։

Կողոպուտ Լուվրից. թագը գտնվել է

Կիրակի առավոտյան՝ հոկտեմբերի 19-ին, անհայտ անձինք թալանել են Փարիզի Լուվրը։ Գողերին յոթ րոպե է պահանջվել Նապոլեոն Բոնապարտին պատկանող զարդերը և այլ արժեքավոր իրեր գողանալու համար։ Սա թանգարանում կատարված ամենաանամոթ կողոպուտն է 1911 թվականից ի վեր, երբ գողացվել էր Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ «Մոնա Լիզան»։

TF1-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտարարել է, որ գողացված իրերից մեկը հայտնաբերվել է թանգարանի մոտակայքում։

Մի քանի ֆրանսիական լրատվամիջոցներ հաղորդում են, որ դա 19-րդ դարի թագ է, որը պատկանել է Ֆրանսիան կառավարող Նապոլեոն III-ի կնոջը՝ կայսրուհի Եվգենիային։ Այն կոտրված է գտնվել։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ երեք կամ չորս գողեր օգտագործել են բեռնատար մեքենայի բարձրավանդակը։

Ներսում գողերը գողացել են զարդեր ցուցափեղկերից, ապա փախել են սքութերներով։ Կողոպուտը տևել է յոթ րոպե։ Նրանց դեռ չեն գտել։

Հայ օգնության միության ծրագրի շրջանակներում Շիրակում բնակարանով ապահովվեց 10 արցախյան ընտանիք

Ինչպես հայտնում է 301-ը, Հայ օգնության միության (ՀՕՄ) «Հույսի երկիր» ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված 10 ընտանիք ապահովվել է բնակարանով։

Շիրակի մարզում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել արցախցիների համար երկարաժամկետ բնակարանային պայմաններ և կայունություն։

Հոկտեմբերի 16-ին Բենիամին գյուղում տեղի ունեցավ բնակարանամուտի և տնօրհնեքի արարողություն՝ ՀՕՄ-ի 115-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, որին մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 200 ՀՕՄ անդամներ։

«Հույսի երկիր» ծրագրի շրջանակներում Բենիամին, Ախուրիկ, Սարիար, Հացիկ և Բասեն գյուղերում կառուցվել կամ գնվել է մոտ 15 տուն։ Շահառուները պարտավոր են ապրել տներում և մշակել հարակից հողատարածքները առնվազն տասը տարի, որից հետո գույքը կփոխանցվի նրանց։ Յուրաքանչյուր տուն վերանորոգվել և կահավորվել է փոխանցումից առաջ։

«Հույսի երկիր» նախաձեռնությունը ստացել է սփյուռքի աջակցությունը։ Շնորհիվ շարունակական նվիրատվությունների՝ ՀՕՄ-ը նախատեսում է շարունակել ծրագիրը այլ շրջաններում, այդ թվում՝ Սյունիքում, որպեսզի օգնի տեղահանված արցախցի ընտանիքներին մնալ իրենց հայրենիքում՝ Հայաստանում։

Դավիթ Ղահրամանյան

Նարեկ Կարապետյանը հայտարարեց Հայաստանի “վերակառուցման շարժում”

Ազատության հրապարակում կայացել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ու հոգևորականների:

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց. «Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը»:

Կարապետյանը շարունակեց. «Մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական: Մենք հետևողական գնալու ենք առաջ. ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական էլ մենք կպաշտպանենք մեր եկեղեցին, ինչքան հետևողական փորձեն ինչ-որ ձև թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այդքան հետևողական էլ մենք ցույց կտանք մեր ուժն ու միասնականությունը»:

Նա ներկայացրեց Հայաստանում խաղաղ իշխանափոխության ծրագիր։

«Առաջին քայլ. մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ընտրություններին։ Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ազատ ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնել այս փոքր խմբին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին – խմբ.)», – ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել, որ իշխանությունների կողմից չօգտագործվի վարչական ռեսուրսներ։

Կարապետյանը նշեց, որ նախկինում եղել են բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ, որոնց գործունեությունը, այս կամ այն ​​պատճառով, անհաջող է եղել։

Հանրահավաքից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով հասան ԱԱԾ շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված Սամվել Կարապետյանին:

Փաշինյանը Վատիկանում կմասնակցի 1915-ին սպանված հայ կաթոլիկ հոգեւորականների սրբադասմանը

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

1915 թվականի ապրիլի 30-ին թուրք զինվորները շրջապատում են Մարդինի հայ կաթոլիկ եկեղեցին, հիմնավորելով, թե այն զենքի թաքստոց է։

1915 թվականի հունիսի 3-ին թուրք զինվորները եպիսկոպոս Մալոյանին շղթայակապ բերում են դատարան ուրիշ քսանյոթ այլ հայ կաթոլիկ քահանաների ու հավատացյալների հետ։ Հաջորդ օրը քսանհինգ քահանաներ և 862 հավատացյալներ շղթայված պահվեցին։ Դատավարության ժամանակ ոստիկանապետ Մամտուհ Բեկը եպիսկոպոսին անխնա գանակոծելով ստիպում է ընդունել իսլամ։ Սրբազանը հրաժարվում է դրանցից ասելով, որ երբեք չի դավաճանի Քրիստոսին և Նրա Եկեղեցուն։

Մամտուհ Բեկը կրկին առաջարկում է Մալոյանին խնայել կյանքը և ընդունել մահմետականություն: Քրիստոսի զինվորը պատասխանում է. «Ես քեզ ասացի, որ կապրեմ և կմեռնեմ իմ ճշմարիտ հավատքիս համար, իսկ Քրիստոսի Խաչը իմ հպարտանքս է, Աստծո և Տիրոջ»: Մամտուհը ավելի շատ ջղայնանալով, հանում է ատրճանակը ու կրակում Սրբազանի վրա։ Սրբակյաց եպիսկոպոսը մինչ վերջին շունչն բարձրաձայն աղաղակում է. «Աստված իմ, ողորմի՛ր ինձ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» ու ավանդում հոգին։

Հայտնի չէ, Սրբադասման արարողությանը ներկա կլինե՞ն Հայ Առաքելական եկեղեցու հայրերը, որոնց Հայաստանում զանգվածաբար ձեռբակալում են։

Մեր ձևով» շարժման աջակիցների հոկտեմբերի 19-ին ժամը 17:30-ին կլինեն Էջմիածնում, ուր կկատարվի ուխտագնացություն Երևանից։

Միրզոյան․ Բաքուն ուզում էր “միջանցքում” ռուսական զորքեր լինեն

Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար (Սյունիքի – խմբ.) ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք, դրա մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»,- նշել է նախարարը։

Մի քանի օր առաջԱԳՆ խոսնակը սակայն հայտարարեց, որ անկախ Թրամփի ճանապարհից ռուսական սահմանապահները կմնան հայ-իրանական սահմանին։ 

Crystal Shine․ Անահիտը օրվա հացը վաստակում է ձեռքի աշխատանքներով

Անահիտ Հարությունյանն Արցախից է։ Նրա ամուսինը՝ Ռաֆիկը, զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Շուրջ երկու տարի Անահիտը փորձում է հոգում խեղդել ծանր ցավը, որ կարողանա ոտքի կանգնեցնի երկու անչափահաս երեխաներին։ Օրվա հացը վաստակում է ձեռքի աշխատանքներով։ Նրա խոսքով՝ միայն աշխատելու ընթացքում է կարողանում կտրվել ծանր մտքերից։

Անահիտը պատմում է, թե ինչպես է ծագել բյուրեղապակիներով ներդիրներ պատրաստելու գաղափարը ու ստեղծվել Crystal Shine բրենդը։

 

-Աղջիկս մի սիրած շորիկ ուներ, որի վրա մի փոքրիկ թերություն կար։ Ոչ ցանկանում էր ազատվել այդ շորից, ոչ էլ հագնում էր։ Որոշեցի ինչ որ ձևով շտկել շորի թերությունը և ուրախացնել դստերս։ Բյուրեղապակիներով դիզայն կատարեցի․ արդյունքը շատ գեղեցիկ ստացվեց։ Դա իմ առաջին աշխատանքն էր։

Այդ ժամանակ իմ մոտ միտք ծագեց՝ ինչո՞ւ չզբաղվել հենց այդ աշխատանքով, որն ինձ հոգեհարազատ է ու նաև եկամուտ կտա։

Նոր հմտություններ ձեռք բերելու համար հետաքրքրվեցի, թե որտեղ կարող եմ դասընթացների մասնակցել, որպեսզի կատարելագործվեմ ու փորձ ձեռք բերեմ։ 2024 թվականին մասնակցել եմ Shecan ծրագրին, ստացել եմ դրամաշնորհ, որի շնորհիվ ձեռք եմ բերել համապատասխան հումք ու սկսել աշխատել։

Մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, շատ եմ սիրում աշխատել բյուրեղապակիների հետ։ Իհարկե, հեշտ չէ, քանի որ պետք է շատ նրբորեն մոտենալ գործին, այնպես անել, որ պատվիրատուների սրտով ու ճաշակով լինի։ Լինում են օրեր, որ մինչև խոր գիշեր աշխատում եմ, քանի որ չեմ կարողանում կտրվել գործից՝ ցանկանալով ավարտին հասցնել։

Դիզայն եմ անում տարբերի իրերի վրա՝ բաժակների, պայուսակների, հագուստի, կոշիկների, շրջանակների, աքսեսուրաների վրա։ Crystal Shine ֆեյսբության էջի միջոցով եմ ներկայացնում աշխատանքներս, առցանց պատվերներ ստանում։ Ունեմ պատվիրատուներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Մեկ պատվեր արդեն փոստի միջոցով ուղարկել եմ ԱՄՆ։

Նպատակ ունեմ ընդլայնել իմ գործունեությունը։ Նախատեսում եմ հետագայում տարածք վարձակալել, նոր սարքավորումներ ձեռք բերել ու ավելի մեծ ծավալով աշխատել և ինչու չէ նաև նոր աշխատուժ ներգրավել։ Այս պահին աշխատում եմ մորս հետ։ Նա կար ու ձևի դասընթացների է մասնակցել, ունի հավաստագիր։ Համատեղում ենք մեր աշխատանքները։ Նրա կարած հագուստի վրա դիզայն եմ կատարում։ Մեծ սիրով պատրաստ ենք պատվերներ ընդունել։

Անահիտը ավելացնում է, որ այս պահին զբաղված է հավաստագրով բնակարան ձեռք բերելու հարցերով։ Նա չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, քանի որ Եռաբլուրում ամուսինն է, ում չի կարող մենակ թողնել։ Երեխաները՝ Վիկտորիան ու Սերգեյը, հաճախում են դպրոց, տարբեր խմբակներ, մասնակցում են մշակութային ու մարզական միջոցառումների և մրցույթների։   

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ահա որտեղ են մարդկանց փոխերը

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հայկական առևտրային բանկերը գրանցել են մոտավորապես 308 միլիարդ դրամի զուտ շահույթ, հաղորդում է Modex-ը։ Դա 15%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Բանկերի զուտ շահույթը Հայաստանի բյուջեի մոտ 12 տոկոսի չափ է, ինչը խոսում է ոչ թե ՀՀ տնտեսության մեջ բանկերի ակտիվության, այլ կապիտալի և պոտենցիալ ներդրումների անսահմանափակ կողոպտելու մասին։ Նման աղքատ երկրում բանկերի հսկայական շահույթը պատասխանում է պարզ հարցի, թե ո՞ւրեն մարդկանց փողերը։

Ո՞վ է ընտրել Բուդապեշտը հանդիպման համար։ Մայրդ

ԱՄՆ նախագահի վարչակազմը կտրուկ արձագանքեց լրագրողների այն հարցին, թե ինչու է Բուդապեշտն ընտրվել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման վայր։

Լրագրողը հարցրեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտին, թե ով է ընտրել Բուդապեշտը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացման համար, և ստացել անսպասելի պատասխան։

«Մայրդ», – պատասխանեց Լիվիտը։

Եթե Սահմանադրություն ու Անկախության հռչակագիրը ոչ ոք չի պաշտպանում, ինչո՞ւ Փաշինյանը չպիտի փոխի այն

Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության եկան այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, և դա խիստ կարևոր է։ DW-ին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

“Ադրբեջանական կողմը, ցավոք, առաջ է քաշում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ։ Մենք համաձայն չենք դրա հետ. մենք ունենք հակափաստարկներ։ Սակայն նրանք կարծում են, որ մեր Սահմանադրության հետ կապված խնդիր կա. սա նրանց տեսակետն է։

Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք Սահմանադրությունը։ Սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք Սահմանադրությունը փոփոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ. մենք քաղաքական հայտարարություն ենք արել”,ասել է Արարատ Միրզոյանը։

“ՀՀ Սահմանադրությունում չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Բայց նոր Սահմանադրություն մշակող Հանձնաժողովն արդեն ավարտում է աշխատանքը, և մենք, ամենայն հավանականությամբ, այս հարցի վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մենք պատրաստ ենք անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Միրզոյանը։

Միրզոյանը փաստորեն ոչ թե մերժում է Բաքվի պայմանն, այլ ասում է, որ իշխող ուժը 2018-ից ինքն էր պատրաստվում Սահմանադրություն փոխել։ Խոսքն ակնհայտ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղման մասին է, որտեղ որպես անկախության հիմք է ընդունվում Արցախի և Հայաստանի միավորման մասին 1989 թ․ որոշումը։ 

Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում այս որոշումը, որն ամրագրված է Սահմանադրության մեջ։ Ավելին՝ նա ասում է, որ “18 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկել են ծառայելու ՀՀ սահմանից դուրս”, նկատի ունենալով Արցախը։ Թե ոնց է Փաշինյանը որոշում “սահմանը”, անհասկանալի է։ Բայց ակնհայտ է, որ նրան գրեթե ոչ ոք Հայաստանում չի հակադարձում։     

Եթե ընդդիմությունը և իսթեբլիշմենթը չեն ասում, որ Արցախը Հայաստան է, և դա ամրագրված է Անկախության հռչակագրում, ապա նրանք դառնում են Նիկոլ Փաշինյանի համահանցակիցներ։

Փաշինյանի այդ հայտարարությունից հետո ոչ մի քաղաքական ուժ չի պնդել, որ 18-ամյա հայ քաղաքացիները ծառայել են այն հողում, որն, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ մաս են կազմում։ Եվ քանի դեռ գործում են ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, Արցախը՝ ՀՀ օկուպացված մասն է, որտեղից հանցավոր դավադրության և ցեղասպանության արդյունքում վտարվել են 150,000 ՀՀ քաղաքացիներ։ 

Ընդդիմությունը դա չի ասում, նախընտրելով վատնել լոբբինգի հսկայական ռեսուրսն “արցախցիների վերադարձի” անիմաստ թեզն առաջ քաշելով։ Իսկ Արցախի իսթեբլիշմենթը, փոխանակ “ԼՂ հանրապետության արձակումից” հետո հայտարարի, որ այլևս միակ իրավական հիմքը՝ 1989 թ․ որոծումն է, կրկին խոսում է “վերադարձի” մասին։ 

Թրամփ. «Սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով»։ Եվրոպան միայն մեկ հնարավորություն ունի՝ Արցախ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ հետաքրքիր և ջերմ էր, բայց ես նրան ասացի, ինչպես որ խստորեն խորհուրդ էի տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Բավական է արյուն թափվել, սեփականության սահմանները որոշվում են Պատերազմով և Կամքի ուժով։ Դրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հաղթեն, թող պատմությունը դատի։ Ավելի կրակոցներ, ավելի մահեր, ավելի զանգվածային և անկայուն ծախսեր պետք չեն։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ մահանում են. ԲԱՎԱԿԱՆ Է, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄՈՏ»,- նշել է Թրամփը։

Այս հայտարարությունը բացահայտում է բանակցվող սահմանը՝ կանգ առն՞լ ներկայիս առաջնագծում, թե՞ Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջի Դոնեցկի շրջանի իր վերահսկողության տակ մնացած մասերը։ Ուկրաինայի ամբողջության վերականգնումը Մակրոնի և Փաշինյանի սիրված «Ալմա-Աթայի հռչակագրի» շրջանակներում այլևս քննարկման առարկա չէ։

Թրամփի հայտարարությունը ենթադրում է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Դոնբասի մի մասի նկատմամբ հետագա պահանջներից, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնվել Ռուսաստանի կողմից արդեն օկուպացված տարածքների կորստին։

Թրամփի հետ զրույցից հետո Զելենսկին զանգահարեց եվրոպացի առաջնորդներին, քանի որ Թրամփի «առաջարկը» Ուկրաինային, ըստ էության, առաջարկ է Եվրոպային: Թրամփի «սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով» սկզբունքը նշանակում է ներկայիս աշխարհակարգի փլուզում, հատկապես եվրոպական մայրցամաքում և Մերձավոր Արևելքում։

Այս սկզբունքի Եվրոպայի կողմից լուռ ընդունումը և ուժի կիրառման նկատմամբ նրա թողտվությունը, մասնավորապես՝ Արցախյան հարցի շուրջ, անխուսափելիորեն պետք է հանգեցններ այնպիսի իրավիճակի, երբ հարցականի տակ կդրվեն Եվրամիության սահմանները: Կասկած չկա, որ այս սկզբունքից ոգեշնչված՝ Պուտինը, Էրդողանը և Եվրոպայի մյուս «բարեկամները» ԵՄ-ից կպոեն որքան հնարավոր է շատ տարածք, իսկ Թրամփը թագը գլխին կօրինականացնի այն:

Եվրոպան միայն մեկ հնարավորություն ունի՝ վերադառնալու Արցախի հիմնական հարցին, որը սկիզբ դրեց «օրենքի ուժի» օրինականացմանը։ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Եվրոպային հնարավորություն է տալիս միայնակ պաշտպանել «օրենքի ուժի» սկզբունքը։

Սակայն առայժմ Եվրոպան նախընտրում է պատրաստվել խոշոր, մարտավարական միջուկային պատերազմի և սահմանների նոր վերաձևավորման։ Գերմանիան վերսկսում է ընդհանուր զորահավաքը, Ֆինլանդիան բոլորի համար պատրաստում է ռումբապաստարաններ, իսկ Հունգարիան գծում է նոր կայսրության քարտեզներ, որոնք հասնում են մինչև Վիեննայի պատերը։