Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի առանց որևէ երկրի ինքնիշխանությունը խախտելու

Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։  Թեհրանը համոզված է, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և բարօրության հիմնական բաղադրիչն է։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջակման շուրջ քննարկումներին, այդ համատեքստում Հայաստանի ներկայացրած առաջարկներին ու Ադրբեջանի կողմից շարունակվող հայտարարություններին արտատարածքային միջանցքի մասին։

Հարցազրույցում Էսմայիլ Բաղային անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի քաղաքականությանը ու դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցին, որի ժամանակ Իրանի նախագահն Ադրբեջանի գործընկերոջը կոչ էր արել հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի դեմ հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։

Հարցազրույցն անցկացվել է Թեհրանում, հուլիսի 29-ին։ 

-Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ելնելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է արտատարածքային միջանցք պահանջել Հայաստանից՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու նպատակով։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։

-Թույլ տվեք այսպես ձևակերպել։ Նախ՝ մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները թե՛ Ադրբեջանի Հանրապետության, և թե՛ Հայաստանի Հանրապետության հետ։ Նրանք մեր հարևաններն են, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր բարի հարևանության քաղաքականությունը երկու պետությունների հետ։ Մենք բարեկամության ամուր կապեր ունենք թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք Իրանում ունենք շատ աշխույժ և կարևոր հայկական համայնք, որով հպարտանում ենք։

Մեզ համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, որովհետև այդ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մենք ընկալում ենք որպես մեր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։ Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա մենք միշտ աջակցել ենք դրանց, որովհետև համոզված ենք, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, ինչպես նաև իրանցիների բարօրության հիմնական բաղադրիչն է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այդ նախաձեռնությունները կծնեն դրական արդյունք։ Մենք աջակցել ենք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում ենք, որ այն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։

Միաժամանակ մենք հստակորեն նշել ենք, որ ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ հարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները և չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։

Այսպիսով, չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։

Մեկ այլ կարևոր կետ, որը մենք միշտ ընդգծել ենք և կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, այն է, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք և շարունակելու ենք հետևել դրան։

-Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել։ Ձեր կարծիքով՝ նման պայմաններում խաղաղությունը հնարավո՞ր է մոտ ապագայում։ 

-Իհարկե, հնարավոր է։ Եթե կա կամք, միշտ էլ կա ճանապարհ, և ոչ մեկ ճանապարհ։

Մենք հասկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև այն բարդությունները, որոնք կարող են խոչընդոտել բանակցություններին և երկարացնել խաղաղության գործընթացը։ Բայց կարծում եմ՝ պետք է տեսնել դրական կողմը և լինել լավատես։

Դրականն այն է, որ կողմերին հաջողվել է մշակել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Գիտենք, որ դեռ որոշ ժամանակ է պետք այն վերջնականացնելու համար, սակայն այն փաստը, որ դուք արել եք դա, փաստաթղթի մեծ մասն արդեն համաձայնեցված է, և երկու պետություններն էլ, մեր պատկերացմամբ, պատրաստակամ են շարժվել այդ ուղղությամբ, ինքնին դրական ազդակ է։

Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ստորագրել այն։ Ես նախարար Արաղչիի հետ էի, երբ նա այցելեց Երևան, և ներկա եմ եղել նաև նրա հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ նա հորդորեց կողմերին արագացնել գործընթացը և ավարտին հասցնել համաձայնագիրը, որովհետև դա կլինի երկարատև խաղաղության հիմնական երաշխիքը Հարավային Կովկասում։

-Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կուրս և այս համատեքստում խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Կան փորձագիտական կարծիքներ, որ Հայաստանի այս քաղաքականությունը Իրանի դեմ է և անընդունելի է Թեհրանի համար։ Կարո՞ղ եք հստակեցնել՝ Իրանը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։

-Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և բարելավել հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Դա նորմալ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք։

Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Իրանի համար կարևոր է, որ որևէ հարևան պետության հարաբերություններն այլ երկրների հետ չօգտագործվեն Իրանի դեմ։ Դա բխում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներից, որոնք արգելում են որևէ պետության տարածքի կամ հնարավորությունների օգտագործումը մեկ այլ պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է այս կարևոր սկզբունքը։

Այսպիսով՝ Իրանի համար կարևոր է, որ իր հարևանների հարաբերություններն այլ դերակատարների հետ երբևէ և որևէ ձևով չուղղվեն Իրանի շահերի դեմ։

-Այս կոնտեքստում ևս մեկ հարց։ Մեկ ամիս առաջ Իրանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և կոչ էր արել նրան հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի վրա հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։ Իրանն ունի՞ փաստեր Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու վերաբերյալ, և Դուք ունե՞ք տեղեկատվություն՝ արդյոք ադրբեջանական կողմը հետաքննե՞լ է այդ հրապարակումները։ 

-Ինչպես նշեցի, մենք նույն ակնկալիքն ունենք թե՛ Ադրբեջանից, և թե՛ Հայաստանից կամ ցանկացած այլ հարևան պետությունից։ Այդ հեռախոսազրույցը նպատակ չուներ կոնկրետ մեղադրանք ներկայացնելու։ Դա նախագահների միջև հերթական զրույցն էր, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Այդ զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը, իհարկե, բարձրացրել է նաև այդ հարցը։

Սակայն կրկնում եմ՝ դա չէր նշանակում, թե Ադրբեջանը ներգրավված է եղել Իսրայելի հարձակման մեջ։ Դա պարզապես հիշեցում էր այն մասին, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի ներքո ունեն պարտավորություն՝ թույլ չտալ, որ իրենց տարածքը չարաշահվի երրորդ կողմերի կողմից՝ մեկ այլ պետության դեմ։

Եվ սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ Մենք կարող ենք նույն մտահոգությունները բարձրացնել նաև այլ հարևան պետությունների մոտ, որովհետև գիտենք, որ Իսրայելն օգտագործել է նաև այլ երկրների տարածքներ Իրանի դեմ գործողությունների համար։

Այսպիսով՝ սա կոնկրետ մեղադրանք չէր, այլ ընդհանուր բնույթի հիշեցում էր։

Եվ այդ հիշեցումը ուղղված է բոլոր հարևաններին՝ լինել զգոն, որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը որևէ հարգանք չունի միջազգային իրավունքի և օրինականության հանդեպ։ Սա պահանջում է, որ մենք բոլորս զգոն լինենք և չթույլատրենք, որ այդ ուժերը վնաս տան մեր փոխհարաբերություններին։

 

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին լուրը Հաքքին-ը տեղադրել է և շատ արագ հեռացրել

Մոտ մեկ ժամ առաջ Հաքքին․ազ-ը տեղադրել է հետևյալ լուրը․

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստվում են հանդիպել Վաշինգտոնում ուրբաթ օրը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին, ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայտնել են Վաշինգտոնի աղբյուրները։

Նշվում է, որ ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։

Տեղեկությունը շատ արագ հեռացվել է։

ԶԼՄ. Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն «խաղաղության համաձայնագիր»

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստվում են հանդիպել Վաշինգտոնում ուրբաթ օրը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին, ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայտնել են Վաշինգտոնի աղբյուրները։

Նշվում է, որ ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։

Բլոկադայի օրերին ռուս զինվորները Ամարասում “պաշտպանություն” էին իրականացնում

Արցախի բլոկադայի օրերին ռուս զինվորները Ամարասում “պաշտպանություն” էին իրականացնում, որպեսզի հավատացյալներն անվտանգ աղոթեն այնտեղ: Իրենց լուսանկարչի հրահանգով զինվորները սմիռնա կանգնում էին եկեղեցու դռան աջ ու ձախ կողմում, գլխաշորով կանանց ստիպում խաչակնքել եւ ներս մտնել` “լավ կադր” ստանալու համար:  Մեկ այլ զինվորները քնում էին զրահամեքենայի վրա, որ կայանած էր եկեղեցու պատի հովին. солдат спит, служба идет!

Ինչպես հայտնի է, այդ օրերին Ամարասը հայկական կողմում էր եւ առանց նրանց էլ հանգիստ կարելի էր Ամարաս գնալ, ինչպես այս օրը (լուսանկարներում): “Ինչ են թատրոն տալիս է, գնան ուր վտանգավոր է` այնտեղ կանգնեն”, հեգնում էր Ամարասը հսկող մի սոսեցի (կամ մաշկալաշենցի, չեմ հիշում հստակ):

Հայտնի դարձավ Ամարասի տարածքում հրդեհների եւ արցախցիների ահազանգի մասին: Ստեփանակերտից գրեթե live տեսանյութեր են տարածում ադրբեջանցիները: Որ շենք պետք է` քանդում են, որը պետք է` ներկում, որ տուն ցանկանում մտնում են, բայց չգիտենք, թե ինչ է կատարվում հարյուրավոր գյուղերում, ինչ է կատարվում Ամարասի հետ:

“Ցավալի է տեսնել, թե ինչպես է իմ տունը, իրերը, հիշուղությունները վերացնում էքսկավատորը: Սիրտս պայթում է, մենք մեր հարսանիքից ընդամենը հինգ օր հետո ենք տեղափոխվել այս տուն: Շատ-շատ տխուր է…”, AP լրագրողին պատմում է մի հրեա կին, երբ տեխնիկան քանդում է իրանական հրթիռներից վնասված նրա տունը: Պարզ է, որ Իսրայելը նույն շաբաթ ավելի լավ տուն է կառուցելու նրանց համար: Բայց պատկերացրեք արցախցիների հոգեվիճակը, երբ համացանցում նայում են, թե ինչպես են ադրբեջանական էքսկավատորները քանդում նրանց տները, եւ ոչ ոք չի պատրաստվում նրանց համար նոր տուն կառուցել ոչ Արցախում, ոչ էլ նմացած Հայաստանում:

Սա իմ վերջին այսցն էր Ամարաս: Երեխաները զվարճանում էին համալիրի պարիսպերին քայլելով, կանայք ժենգալով հացի կանաչիների էին հավաքում ադրբեջանցի զինվորների դիտարկման տակ գտնվող դաշտերում (այդ օրը ռուսները որոշել էին, որ վտանգ չկա եւ չէին եկել), եկեղեցու բակում փոշում կորած հայ եւ իրանցի վարպետները վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Կանաչ, հանգիստ օր էր:
Մարութ Վանյան

«Անձնավորված» հարվածներ Ռուսաստանին, ինչպես Իրանին․ «մահվան ձեռքը»

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի մինչև օգոստոսի 8-ը, երբ լրանա տասնօրյա վերջնագիրը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավականին հաջողությամբ են խուսափում դրանցից։ Գիտեք, նրանք խորամանկ են, և նրանք բավականին հաջողությամբ են խուսափել դրանցից, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի», – ասաց հանրապետականը։

Այն բանից հետո, երբ Թրամփը Ռուսաստանին վերջնաժամկետ նշանակեց օգոստոսի 8-ին և սպառնաց «ծանր միջոցներով», վերլուծաբանները սկսեցին կռահել, թե ինչ է անելու Թրամփը։ Ակնհայտ է, որ հարցը պատժամիջոցների մասին չէ, որոնք, ինչպես Թրամփն է ասում, վաղուց անիմաստ են։

Վերլուծաբանները սկսել են ավելի ու ավելի հաճախ ակնարկել, որ Թրամփը կարող է կիրառել Ռուսաստանի դեմ ճշգրիտ՝ “անձնավորված” հարվածային ռազմավարությունը, որը ԱՄՆ-ն և Իսրայելը վերջերս փորձարկել էին Իրանում: Ճիշտ է, այաթոլլահ Խամենեին ողջ մնաց, բայց ռազմական ղեկավարությունը, ՀՕՊ-ը և որոշ միջուկային օբյեկտներ ոչնչացվեցին։

Ռուսաստանը դա տեսավ և շատ լավ է հասկացել Թրամփի նոր ռազմավարությունը, այդ իսկ պատճառով Մեդվեդևը հանկարծ հիշեց «մահվան ձեռքի» մասին։

«Մահվան ձեռքը» կամ «մեռած ձեռքը» համակարգ է, որը նախատեսված է ապահովել մարտական հրամանների փոխանցումը բարձրագույն հրամանատարական մակարդակներից դեպի ռազմավարական հրթիռների արձակողներին արտակարգ իրավիճակի դեպքում, երբ կապի գծերը վնասվեն։

Այլ կերպ ասած, Մեդվեդևը զգուշացրել է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշի վերացնել Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, զանգվածային միջուկային հարված կհասցնի «մեռած ձեռքը», «աշխարհը կվերածվի մոխրի, իսկ մենք կգնանք դրախտ», ինչպես ասել է Պուտինը։

Իբր, Մեդվեդևի «մահվան ձեռքի» մասին սպառնալիքներին ի պատասխան, Թրամփն ասել է, որ երկու ամերիկյան միջուկային սուզանավերը «արդեն ավելի մոտ են Ռուսաստանին»։

Արմինեի համար լուսանկարչությունը պարզապես արվեստ չէ՝ հիշողություն է

Լուսանկարիչ Արմինե Վանյանը հիմա շատ է թերթում արխիվային նկարները՝ Արցախին ավելի մոտ լինելու, հարզատ վայրերն ու մարդկանց նորից վերհիշելու համար։

Արմինեն լուսանկարչությամբ է զբաղվում 10 տարուց ավել։ Իր սարքի օբյեկտիվը հարյուրավոր հույզեր է անմահացրել, կերպարներ, վայրեր։

«Մի ընթացք կար, որ համագործակցում էի Արցախի կառավարության հետ, այդ ժամանակ իրապես ճանաչեցի Արցախը, շրջելու մեծ հնարավորություն ունեի»,- պատմում է նա։

Արմինեի սիրելի ոճերից մեկը դիմանկարներն են՝ մարդիկ՝ հույզերի ու գեղեցկության համադրությամբ։

Թերթելով նկարները հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է հետեւում իր հերոսների կյանքի զարգացմանը։ Լուսանկարիչը ժամանակի հետ երկխոսության մեջ է. յուրաքանչյուր նկարը մի անմահացած վայրկյան է, որը խոսում է՝ առանց բառերի։

Արմինեի համար լուսանկարչությունը պարզապես արվեստ չէ՝ հիշողություն է, ինքնություն ու շունչ, որ ապրում է Արցախի լեռներում, մարդկանց դեմքերում ու չմարող կարոտի խորքում։

Մարիամ Սարգսյան

Հետք․ Պահանջում են վերադարձնել Հայկական եկեղեցուն փոխանցված հողերը Պաշտպանության նախարարությունը

Հետք 

Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն  շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել:

Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ:

Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանեցին, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է Կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը:

Նշված որոշման հիման վրա` 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

«Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018թ. մարտի 29-ի թիվ 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի Դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը 2018թ. մարտի 29-ին որոշել էր Պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող՝ 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 հազ. 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները հետ վերցնել և նվիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Տավուշի մարզպետն էլ Գետահովիտ համայնքի ղեկավարի միջոցով պետք է իրականացներ նշված գույքով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 8.9 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը:

Մինչև օգոստոսի 6-ը՝ բարձր ջերմային ֆոն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում Օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Փաստաթղթերը վերականգնող արցախցիները խոչնդոտների են բախվում

Արցախից տեղահանված մեր հայրենակիցները շարունակվում են բախվել խնդիրների, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն էլ առաջանում են խոչնդոտներ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված մարդիկ ունեն փաստաթղթերի խնդիր, քանի որ շատերը սեպտեմբերի 19-ին չեն հասցրել անգամ փաստաթղթեր վերցնել։ Բարեբախտաբար, տեղահանության ժամանակ հոջողվել է Արցախի Հանրապետական քաղաքացիական կացության ակտային գրանցման արխիվի մի մասը տեղափոխել Հայաստան:

 Ժորա Հայրապետյանն իր հերթական մտահոգությունն է բարձրաձայնում

– ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը իրականացնում է Արցախում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգնում՝ հիմք ընդունելով <<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը։ Վերականգնումները իրականցնում են համապատասխան ակտային գրանցման համար նախատեսված ձևանմուշով, որը չի պարունակում սյունակ՝ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցման վայրի և ժամանակի մասին:

Տվյալ ակտային գրանցման հիման վրա ձևավորված վկայականները կամ տեղեկանքները նույնպես չեն պարունակում տեղեկատվություն նախկին ակտային գրանցման վայրի և ժամանակի վերաբերյալ:

Վերականգնվող քաղաքացիական կացության ակտային գրանցման վայրի և ժամանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է համապատասխան ակտային գրանցման << Անհրաժեշտ այլ տեղեկություններ>> սյունակում:

Ըստ անհրաժեշտության՝ քաղաքացու դիմումի հիման վրա գործակալությունը տրամադրում է պարզաբանում պարունակող գրություն:

Տեղահանված արցախցիների խնդիրներից մեկն էլ  վերականգնվող քաղաքացիական կացության ակտային գրանցման համար գանձվող պետական տուրքն է։ Հարկ է ընդգծել, որ << Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը նախատեսում է պետական տուրքի վճարումից ազատում ՔԿԱԳ մարմիններում քաղաքացիական կացության ակտային գրանցում իրականացնելիս, այդ գրանցումներում լրացումներ, ուղղումներ կատարելիս, վկայականի կրկնօրինակ տրամադրելիս կամ ակտային գրանցումը վերականգնելիս:

Բացի այդ հարկ է ընդգծել, որ Արցախում իրականացված թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ անկախության տարիներին քաղաքացիական կացության ակտային գրանցումներում քաղաքացիների ծննդավայրերը նշվում են ԼՂԻՄ՝ առանց Ադրբեջանի կամ ադրբեջանական ԽՍՀ գրառումների, ինչը իրավաչափ է։ Հիմք ընդունելով այդ ամենը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմինը պետք է պահպանի նախկին գրառումները և վերականգնումն իրականացնի համապատասխան նախկին գրառումների։ Կարծում եմ՝ անհիմն և ոչ իրավաչափ է վերականգնված քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և դրանց հիման վրա տրամադրվող վկայականներում Ադրբեջան կամ ադրբեջանական ԽՍՀ նշելը, եթե նշված ակտային գրանցումը պահպանվել է ՔԿԱԳ արխիվում:

Ժորա Հայրապետյանը շեշտում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում տեղահանված արցախցիների անձնագրերում ծննդավայրը պետք է նշվի ըստ տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման կամ ըստ ծննդյան վկայականի   

 -Օրինակ բերեմ, որ Արցախից տեղահանված քաղաքացի Ի․ Բարսեղյանը վերականգնել է իր ծննդյան ակտային գրանցումը, որը նախկինում գրանցվել է 18.05.1977 թվականին Ստեփանակերտի ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ ըստ 1977 թվականին կազմված ծննդյան ակտային գրանցման։ Ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, Ստեփանակերտ:

Մեկ այլ դեպքում քաղաքացի Ս. Բարսեղյանի ծննդյան ակտային գրանցումը կատարվել է 02.07.1950 թվականին, Դահրավի Գ/Խ ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ ըստ 1950 թվականին կազմված ծննդյան ակտային գրանցման։ Ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, Ստեփանակերտի շրջան, Դահրավ գյուղ: Եվ այդպես շատ-շատերի ծննդյան վկայականներում նշված է ԼՂԻՄ։

Սակայն Արցախից բռնի տեղահանված որոշ խմբի անձանց, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը ՀՀ ՆԳՆ-ը նշում է Ադրբեջան, ինչը ևս անընդունելի է, քանի որ անձնագրում պետք է ծննդավայրը նշվի ըստ տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման կամ ըստ ծննդյան վկայականի:

Կան Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր տեղահանության ժամանակ իրենց հետ Հայաստան են բերել ԽՍՀՄ նմուշի ծննդյան վկայականները, որտեղ ծննդավայրը նշված է Ադրբեջանական ԽՍՀ։  Այդ դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ ՆԳՆ մարմնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագում ծննդավայրը նշվում է Ադրբեջան:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ի տարբերություն արցախցիների, Ջեյ Լոն գումարը չի վերադարձնի, այլ կուշտ ու շնորհակալ կհեռանա Հայաստանից

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին, 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին, գրում է Ազատությունը:

“Գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը”։

Երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչքան օգնություն է տրվել արցախցիներին, բայց չի նշել, թե որքան գումար են բռնի տեղահանված քույրերն ու եղբայրները ՀՀ բյուջե վերադարձրել, ներառյալ ԱՄՆ, ԵՄ, Չինաստանի տված փողերը: Եւ ինչու է Հայաստանը այս “շահավետ բիզնեսից” որոշել հրաժարվել:

Համերգի հոնորարն ու հյուրանոցն էլի “հասկանալի է”, բայց ինչ է երկու օրում ուտելու 56-ամյա Զեյ Լոն 37 հազար դոլարի:

Ի տարբերություն արցախցիների, Զեյ Լոն գումարը չի վերադարձնի, այլ գոհ ու շնորհակալ կհեռանա Հայաստանից:

Մարութ Վանյան

Այստեղից նույնիսկ մտովի եմ քայլերս արագացնում, պապ, այստեղից վազելու ցանկություն եմ ունենում դեպի գյուղ

Պապ, արդեն երկրորդ տարին է, ինչ քեզ այցելելու հնար չկա։ Նորից պատեպատ եմ զարկվու մտքից, որ գուցե էլ երբեք քեզ մոտ գալու ճամփա չի լինի։

Ոչինչ չի սփոփում։ Ոչ մի եկեղեցի մաքրման ու հույսի ուղի ցույց չի տալիս այս օրը։

Մի քանի օր առաջ խոսում էինք 3 երիտասարդ կանանցով, որ թողել ենք մեր հայրերի գերեզմաներն Արցախում։ Սփոփանքի խոսքեր այս զրույցներում չեն լինում, որովհետեւ կորստի զգացումը միայն կրկնապատկվում է։

Այս երկու տարվա ընթացքում այնքան շատ եմ մտովի եկել քեզ մոտ, պապ, ոչ թե մեքենայով, այլ ոտքով, հիշու՞մ ես իմ մանկության օրերին, որքան շատ էինք ոտքով գյուղ բարձրանում։ Ես քայլում եմ մտովի Մարտունունուց դեպի Մուշկապատ։

Տոթը, Մարտունու կանգնած օդը, փոշին կամաց կամաց հեռանում են, երբ քայլերս դեպի գյուղ են գնում։ Աքասիաների այս երկար ճանապարհով քայլում եմ, հասնում Գիշվա խաչմերուկ, այստեղից ուղիները տարբեր գյուղեր են տանում, բայց իմ մանկության գյուղը միակն է պապ, այնտեղ ուր անցել են իմ կյանքի երջանիկ 5 տարիները։

Ճանապարհի ձախ հատվածում թթենիներ են, մարդիկ ամառվա սկզբին հաճախ են այստեղ լինում՝ թութ հավաքելու։ Թթի թափը միայն գործողություն չէ, այլ արարողակարգ՝ ողջ գերդաստանով հավաքվելու առիթ, պարտականությունների կիսման յուրահատուկ արարողկարգ, որտեղ բոլորը կարեւոր են՝ թթի շալը ավելի ամուր է, երբ բոլորը միասին են բռնել։

Ճանապարհի այս ձախ հատվածում լքված ֆերմա է, փայտյա տնակներ, որ գուցե հին օրերին մարդաշատ էին։ Ես սովետի մասին գրեթե ոչինչ չգիտեմ, բայց տեսնելով այս տարածքն ու ամեն անգամ այստեղով անցնելով, մարդիկ այնքան ուրախ հուշեր էին պատմում․․․

Այս նեղլիկ փողոցներից որքա՜ն մանուշակ ենք քաղել, պապ։ Մուշկապատի համառությունը երեւում էր ձմռանը, երբ ցեխի ու սառույցի մեջ էին մնում մեքենաները, երբ իրար կողքով անցնել չէր լինում, վարորդներից մեկը միշտ պիտի զիջեր։

Հասանք աղբյուրին, որի մոտ դեդոն իր բոստանն ուներ, փոքրիկ կապույտ դռնակը, որի մյուս կողմում ինձ համար միշտ կախարդական աշխարհ էր։

Շատ տարիներ հետո, երբ դեդոն էլ չկար, համարձակվեցի բացել այդ դուռը․․․ կախարդանքը կորավ․․․ ոչինչ արտասովոր չկար, միայն հողե մի մեծ վիհ, երեւի սրա համար չէր թողնում, որ մտնենք՝ մտածելով, որ կգլորվենք։

Այստեղից նույնիսկ մտովի եմ քայլերս արագացնում, պապ, այստեղից վազելու ցանկություն եմ ունենում, որ հասնեմ գյուղ։ Վերջին ոլորանն եմ բարձրանում, Համեստ տոտայենց տան կողքով եմ անցնում, որտեղ մեծ ծառն այնքան էլ մեծ չի թվում էլ, բայց «սուրբ» լինելու կոչումը հավերժ իրենն է, ճյուղերից կախված են մատաղի կարգը հիշեցնող հավի գլուխներ ու ոտքեր, իսկ արմատին մոտ մոմի հետքեր են։

 

Հասա մեր մյուս այգին՝ Սալի արտ, այս անվան բացատրությունը մինչեւ հիմա չգիտեմ, բայց թանկ հուշերը դրանից միայն ավելի են թնդանում։ Մեր բոլոր երջանիկ ամառներն այստեղ են անցել։ Հիշում եմ դեդոն ոնց էր գրպաններում մրգեր բերում՝ ամառային տանձ, խնձոր, հոնի հասած հատիկներ, չգիտես որտեղից ՝ վայրի մորու փոքրիկ փնջեր․․․

Այգում դեդոյին եմ շատ կարոտում, որովհետեւ ինձ համար նա միշտ այստեղ է։

Պապ, բարձրանում եմ Զարո տոտայենց տան մոտով, որտեղ էլեկտրականության մատակարար տրանսֆորմատորը տարիներով իր նույն ձայնն է արձակում, այս ձանն էլ է ինձ համար գյուղի կարեւոր ձայներից։

Թոնրին հասա, կանայք մեծ ոգեւորվածությամբ, կատակներով ու ծիծաղով հաց են թխում, անցնող գնացողին հյուրասիրում։ Նոր թխված հացի բույրը կրակի բոցի հետ երկինք է բարձրանում։ Թոնրում, միշտ ծիծաղ կա եւ հացը շիկացած քարին խփելու թմփոց։

Քայլում եմ առաջ այն փողոցով, որտեղ անցել է մանկությունս, մեծ ընկուզենու տակ։ Նայում եմ տանը, որտեղ ապրել ենք եւ հուշերի ժապավենը կադրեր է բերում՝ երջանիկ, անչափ երջանիկ մանկության։ Բարձրանում եմ դեպի գյուղամեջ, որտեղ միշտ տղամարդիկ էին եւ գյուղի՝ այն ժամանակվա միակ խանութը։

Պապ, ես վախենում եմ պատկերացնել հիման, որովհետեւ Արցախում ամեն կետ կարելի է պատկերացնել դատարկված, բայց Մուշկապատի դատարկվելը ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել։

Մի քանի օր առաջ տաքսի էի նստել, դեդոյենց հարեւանի՝ Ռաֆենի տղան էր, չգիտեմ՝ իր համար էլ էր այդքան տարօրինակ մեր՝ Երեւանում հանդիպելը, որովհետե այդ պահին հիշեցի իր մայրիկի՝ որդիներին հերթով կանչելը․․․

Այնքան անսովոր է մարդկանց իրենց հետ կապ չունեցող վայրերում հանդիպել։

Քայլում եմ եկեցեղու կողքով, որ հիմա երեւի կրակի ճիրաններում է հայտնվել, որովհետեւ մեր հարեւաններն ամեն ինչ անում են մեր դարավոր հետքն այդտեղից վերացնելու համար։

Հասնում ճանապարհին, որ տանում է դեպի դպրոց եւ գերեզմանոց։ Միշտ տարօրինակ էր այս «հարեւանությունը»։ Այդ դպրոց ես այդպես էլ չգնացի, բայց միայն իմանաս, թե դպրոցի որքա՜ն շրջանավարտնե են դժբախտացել․․․

Քայլերս արագացրած հասնում եմ մեծ սեւ դարպասին, որի մյուս կողմում մեր ամենաթանկ մարդիկ են՝ հող դարձած։ Ինձ համար հարազատ 4 գերեզմանաքար։ Ամեն անգամ Տոնյա բաբոյին էի մտքում պատգամում քեզ լավ նայի, պապ։ Մտովի քանդում եմ ակացիները, որ հաստատ քարից էլ վեր են բարձրացել, հավաքում չորացած ծաղիկներն ու գրկում արեւից շիկացած գերեզմանաքարը։

Քեզ ավելի մոտ լինելու հնար չկա, պապ․․․

Նստում եմ գերեզմանաքարիդ դիմաց՝ նայելով այնքան թանկ դիմագծեիդ, գտնելով նմանություններ մեր միջեւ, հիշում այն վարդագույն ակնոցները, որ հաճախ էիր հիշեցնում։ Հիմա չկան այդ ակնոցները, որոնցով՝ ըստ քեզ աշխարհին էի նայում, հիմա գորշությունը շատ է, խնդիրները ռեալ, անդունդները՝ ցավոտ, կարոտները՝ անեզր․․․

Այսօր 6-րդ տարին է, ինչ դու չկաս եւ երկրորդ տարին, որ քեզ այցի գալու հնարավորություն չունենք։ Գուցե դու ավելի երջանիկ ես, որ հող ես դարձել քո հողում․․․ ներիր ինձ պապ։

Մարիամ Սարգսյան

Երուսաղեմից Արցախ․ Պաղեստինի գանձերը փրկողներին անհանգստացնո՞ւմ է Գանձասարի ճակատագիրը

Անթույլատրելի է ոչ թե Պաղեստինի ժողովրդի մշակութային ժառանգությունը փրկելու Հայաստանի իշխանության ջանքը, այլ Արցախի հայկական մշակույթի համար ոչինչ չանելը. «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանն այսպես է մեկնաբանում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ՄԱԿ-ում կատարած հայտարարությունը. «Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում»:

Ենթադրվում է, որ Պաղեստինի գանձերի փրկության համաետղ ծրագիրը ծագել է դեռ մայիսի վերջին, երբ Մատենադարան էր այցելել Պաղեստինի պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը: Պարզ չէ սակայն, այդ գանձերի մեջ կա՞ Երուսաղեմում հայերին պատկանող նմուշներ։

Լավ նախաձեռնություն է, ասում է «Արցախ» միության նախագահը, եթե Հայաստանի իշխանությունը դիտորդի դերում չլիներ Բաքվի վայրագությունների առջև. Արցախի հայկականությունը Բաքուն ջնջում է ամենօրյա ռեժիմով, դարավոր եկեղեցիներ ու սրբավայրեր են ոչնչացնում, պղծում, ջնջում հայկական ինքնությունը: Արցախի թանգարաններում մնացածա հազարավոր բացառիկ ցուցանմուշներ ադրբեջանացվում են:

Արտակ Բեգլարյանը վստահ է՝ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնցից հրաժարվել է Հայաստանը. ինչո՞ւ, օրինակ, խաղաղության պայմանագրի տեքստում չի ներառվել այս հարցը, ինչո՞ւ է բանակցություններից դուրս հայտնվել հայկական ժառանգության փրկության հարցը:

Արցախի տարածքում ավելի քան 4 հազար հուշարձան են հաշվում, շուրջ 500 եկեղեցիներ ու բերդեր: 

Հատկանշական է, որ Հայաստանի փոխարտգործնախարարը իր ելույթում հիշել է նաև Երուսաղեմում Հայկական թաղամասի և Հայ Առաքելական եկեղեցու գույքի մասին, կապելով դա “երկու պետությունների” գաղափարի հետ։

“Մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանըՀայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար”, ասել Կոստանյանը ՄԱԿ-ում, չհիշատակելով “հայկական” բառը։

Սեպտեմբերին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իսպանիան, Պորտուգալիան և մի շարք այլ ազդեցիկ երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստին պետությունը։ Իսրայելը և Միացյալ Նահանգները կտրականապես դեմ են դրան։

Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչ սահմաններում կճանաչվի Պաղեստինը, ինչպիսին կլինի Երուսաղեմի կարգավիճակը (այժմ Իսրայելն այն անվանում է իր մայրաքաղաք և անբաժանելի մաս)։ Եթե Երուսաղեմի կարգավիճակը որպես «աշխարհի կրոնների մայրաքաղաք» պահպանվի, ապա Հայկական թաղամասն ունի գոյատևման բոլոր հնարավորությունները։

Հակառակ դեպքում, Իսրայելը բաց չի թողնի Երուսաղեմում Հայկական եկեղեցու սեփականությունը խլելու հնարավորությունը։

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին հարձակումները կապված են նաև Թուրքիայի, Իսրայելի և, հնարավոր է, այլ երկրների պահանջների հետ՝ Հայ Առաքելական Եկեղեցու՝ Հայաստանից դուրս գտնվող հսկայական սեփականության վերաբերյալ։ Այս սեփականությունը, ըստ ՀԱՍԵ Կանոնագրքի, միանձնյա տնօրինում է Կաթողիկոսը։

Կան նաև տեղեկություններ, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարող է դատական հայց ներկայացնել միջազգային դատարան՝ Արցախում իր սեփականության վերաբերյալ։  Չէ՞ որ բոլոր եկեղեցիները Արցախում՝ Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են։