Ալիևի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, ուժեղանում է քննադատությունը՝ եւ քաղաքական տիրույթում, եւ ԶԼՄ-ներում

Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, վերջերս Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւը՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները, իսկ ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ։ Զուգահետ արեւմտյան մամուլը, այդ թվում՝ ազդեցիկ լրատվամիջոցներ, քննադատում են Ալիեւի քաղաքականությունը։ Ի՞նչ է տեղի ունենում, միջազգային հանրության վերաբերմունքն Ալիեւի քաղաքականության նկատմամբ փոխվե՞լ է, եթե այո, ինչո՞վ եք դա բացատրում։

-Այո, վերաբերմունքը փոխվել է, ուժեղանում է քննադատությունը՝ եւ քաղաքական տիրույթում, եւ ԶԼՄ-ների շրջանում այսօր դա քննարկվող թեմա է։ Եվրամիության հանձնաժողովի առջեւ դնում են խնդիր՝ վերանայելու Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ առ այսօր Ադրբեջանը չի կատարել որեւէ քայլ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցիների համար պայմաններ ապահովելու ազատ եւ անվտանգ հայրենիք վերադառնալու ուղղությամբ։ Եվ այդ խնդրի տակ թաքնված է, որ Արդբեջանը պետք է համաձայնություն տա Արցախում միջազգային կառավարմանը եւ միջազգային զորքերի տեղակայանը, ինչն ինքն առ այսօր չի կատարել։

Իսկ հետագայում ավելի կոշտ ճնշումներ կարո՞ղ են լինել Ադրբեջանի նկամամբ։

-Այո, ես ենթադրում եմ, որ այդ խնդիրը գնալով ավելի սուր է դառնալու։

 -Այն, որ Ադրբեջանը նաեւ Հայաստանի հարցով է պահանջներ ներկայացնում, մասնավորապես, վերջերս Ալիեւը հայտարարեց, որ Սյունիքի ճանապարհին ոչ մի հայ սահմանապահ չպետք է լինի, սա եւս անընդունելի՞ է միջազգային հանրության համար։

-Դրանք արձանագրվում են որպես քայլեր՝ ընդդեմ խաղաղ կարգավորման։ Եվ, բնականաբար, նաեւ դա հաշվի առնելով՝ փոխվում է վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ։ Արդեն այդ փաստարկները չեն գործում, որ Ադրբեջանն իբր ուզում է «խաղաղության պայմանագիր» կնքել, պետք չէ խանգարել, պետք չէ Ադրբեջանին քննադատել հայերի էթնիկ զտման համար, կկնքվի պայմանագիրը, հետո այդ հարցերին կանդրադառնանք։ Այդ տրամաբանությունը, այդ քաղաքական փիլիսոփայությունն արդեն չի գործում։

Ռոզա Հովհաննիսյան

Ք․Քոքսի անվան Կենտրոնի սաները պատվով մասնակցեցին «Հրաշք մարզախաղերին»

Օրերս Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 12-րդ մարզախաղերի շրջանակներում անցկացված «Հրաշք մարզախաղերին» մասնակցեցին նաև Արցախի ներկայացուցիչները, այդ թվում Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շահառուները, որոնք տարիներ շարունակ մասնակցում էին կենտրոնի կողմից կազմակերպված Բոչիայի առաջնությանը և այլ սպորտային միջոցառումներին, զբաղեցնելով պատվավոր մրցանակային տեղեր:

Միջոցառմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձնիք Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Միջոցառման մասնակիցները հանդես եկան տարբեր սպորտաձևերում՝ վազք, բասկետբոլ, ֆուտբոլ և բոչիյա։

Բոլոր մասնակիցները ցուցադրեցին իրենց լավագույն կարողությունները, իսկ առաջին, երկրորդ, երրորդ տեղեր զբաղեցրած անձինք պարգևատրվեցին մեդալներով:

Ուրախալի է նշել, որ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը հերթական անգամ բարձր պահեց Արցախի և արցախցիների պատիվը, բոլոր սպորտաձևերում զբաղեցնելով պատվավոր տեղեր և արժանանալով մեդալների:

“Այսպիսի նախաձեռնությունները չափազանց կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ խթանում են նրանց ինտեգրումը հասակակիցների ու հասարակության լայն շրջանակի հետ, ամրապնդում են ինքնուրույնությունը, վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ այս ամենը նպաստում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական վերականգնմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում Հ.Մ.Ը.Մ.-ին հրավերի, ջերմ ընդունելության և ներառական միջավայր ստեղծելու համար”, նշում են Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչները:

Մթնուլորտին լրացուցիչ ջերմություն հաղորդեցին արցախյան խորհրդանիշներով սպորտային վերնաշապիկները, որոնցում հանդես եկան բոլոր մասնակիցները։

Արսեն Աղաջանյան

Ռուսաստանը կեղծ ողորմածությամբ վարկաբեկում է արցախցիներին. գնացեք գրոհի ծոցը

Այսօր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո մեկնարկեց Հայաստանում բնակվող արցախցի ներքին տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու լայնածավալ նախագիծ՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության և ANO Eurasia-ի մասնակցությամբ: Այս մասին հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի մարդասիրական առաքելության ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը։

Նրա խոսքով՝ «կազմակերպությունը խորապես ներգրավված է այս գործընթացում 2020 թվականից ի վեր: Գրեթե ամեն տարի մենք այստեղ էինք գալիս և մարդասիրական օգնություն էինք տրամադրում՝ նախ Լեռնային Ղարաբաղում, ապա՝ տեղահանված անձանց, ովքեր ստիպված էին լքել իրենց տները և այժմ ապրում են Հայաստանում»:

Պրոնինի խոսքով՝ այս տարի նախագիծը նոր մասշտաբ է ստանում. նախատեսվում է ավելի քան 140 տոննա մարդասիրական օգնության մատակարարում: Այն կներառի սննդի փաթեթներ և անձնական հիգիենայի պարագաներ: Որոշվել է լրացուցիչ ձևավորել հատուկ փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար: «Մենք կենտրոնացել ենք բազմազավակ ընտանիքների, հակամարտության ընթացքում մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքների, հաշմանդամություն ունեցող ընտանիքների և միայնակ տարեցների օգնության վրա», – ասաց Պրոնինը:

Մարդասիրական գործողության առաջին փուլը կիրականացվի օգոստոսին և կընդգրկի մոտ 30 հազար մարդու։ Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։

Ռուսաստանի հանկարծակի հայտնված ողորմածությունը Արցախի ժողովրդի նկատմամբ կտրուկ բացասական արձագանք է առաջացրել արցախցիների շրջանում։

Պետք էր օգնել, երբ մեզ շրջափակման մեջ էին պահում և 9 ամիս սովամահ անում ձեր գնդացիրների տակ։ Երկու տարի էլ չանցավ, և Ռուսաստանը հանկարծ արթնացավ. գրում են արցախցիները սոցիալական ցանցերում։

Ի՞նչն էր Մոսկվայից նման առատաձեռն ժեստի պատճառը, ինչո՞ւ հենց հիմա։ Արդյո՞ք ռուսները որոշեցին հիշել արցախցիներին՝ Ալիևին կսմթելու համար։ Թե՞ Հայաստանում սպասվող ընտրարշավի ֆոնին որոշվեց՞ վարկաբեկել արցախցիներին և «կեղտոտել» նրանց ռուսական մարդասիրական օգնությամբ։

2023 թվականին նույն մակարոնեղենը ռուսները Արցախում վաճառում էին 10 ամգամ թանկ, իսկ շաքարը՝ ոսկու գնով։ Մարդիկ հողից աղ էին հանում, թեփից քաղցրավենիք էին պատրաստում երեխաների համար, իսկ բոված սիսեռից սուրճ էին պատրաստում։ Բայց նրանք չընդունեցին Աղդամից եկած «մարդասիրական օգնությունը»։ Եվ հիմա ռուսների համար ավելի լավ կլինի գրողի ծոցը գնան։

Զանգեզուրից հետ դեպի Արցախ. Էդմոն Մարուքյանի “կրուտիտը”

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանի Սյունիքում արված հայտարարությունները, որտեղ նա չգիտես ում կոչ էր անում բացել «Սյունիքի դարպասները», ջղայն արձագանք են առաջացրել հայ հասարակության մեջ։

Փաշինյանի նախկին հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սյունիքի «դարպասները» միշտ էլ բաց են եղել Հայաստանի և Իրանի համար, և որ Հայաստանը չի փակել տարածաշրջանային ճանապարհները։ Նա նաև ասել է, որ «քանի որ Ղարաբաղ արդեն չկա», Սյունիքով անցնող միջանցքի մասին ևս պետք է մոռացվի։

Էդմոն Մարուքյանը նկատի ունի թերևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որի մասին նույնիսկ նրա ստորագրողները վաղուց չեն խոսել։ Չնայած այս հայտարարությունը Մեղրիի ճանապարհը ուղղակիորեն չի կապում Բերձորի միջանցքի հետ, ՀՀ իշխանությունները, համաձայնվելով Արցախի մահացու շրջափակմանը, կեղծ հայտարարում էին, որ եթե սկսենք խոսել Բերձորի միջանցքի մասին, Բաքուն կպահանջի «Զանգեզուրի միջանցքը»։

Ալեն Սիմոնյանը, որը, հավանաբար, Մալդիվներում չի լսել Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, մեկ անգամ չէ, որ խոսել էր այս մասին։ ՔՊ այլ պաշտոնյաներ նույնպես խոսել են այդ մասին, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրան որևէ հղում չկա։

2023 թվականի հոկտեմբերի 6-ից՝ արցախցիների լիակատար տեղահանությունից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կարծես, պետք է կորցրեր իր ուժը, այդ թվում՝  Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության ներքո դեպի Նախիջևան տանող ճանապարհ ապահովելու Հայաստանի պարտավորության մասով։

Սակայն Մեղրիի ճանապարհի մասին խոսակցությունները՝ տարբեր մոդիֆիկացիաներով, երբեմն շվեյցարական, երբեմն ամերիկյան վերահսկողության ներքո, ավելի ու ավելի բարձր են հնչում։ Պաշտոնական Երևանը չի հրաժարվում նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ շարունակելով քննարկել Մեղրիի ճանապարհի հարցը։

Եւ թեկուզ հրապարակայնորեն ՀՀ-ն չի պահանջում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում ստատուս քվոյի վերականգնումը, այս ամենը նշանակում է, որ Արցախի հարցը փակված չէ, և նույնիսկ եթե այն չի հիշատակվում, Արցախը անտեսանելիորեն ներկա է բոլոր միջազգային համաձայնագրերում։ Այն ոչ միայն ներկա է, այլև որոշիչ գործոն է՝ Արցախի օկուպացիայի միջազգային ճանաչումը կնշանակի ներկայիս աշխարհակարգի փլուզում։

Էդմոն Մարուքյանը և ուրիշները ապարդյուն փորձում են «քանի որ Ղարաբաղ չկա»-ն ներկայացնեն որպես կատարված փաստ։ Սխալվում են․ եթե Ղարաբաղը չլիներ, Թուրքիան այսօր չէր հայտարարի, որ ոչ մի երկիր Շուշիում հյուպատոսություններ չի բացել, նույնիսկ ինքը՝ Թուրքիան։ Շուշիում ժամանակ առ ժամանակ հայտնվում են թռչուններ, այդ թվում՝ դեսպաններ, բայց ոչ մի երկիր չի ցանկանում իրեն արատավորել Արցախում Բաքվի հետ թունավոր համագործակցությամբ։ Բոլորը լավ գիտեն, որ խնդիրը չի լուծվել, և այնտեղ ցանկացած ներդրում նման է մաղով ջուր կրելուն։

ՀՀ կառավարությունը տիրապետում է տարածաշրջանի բոլոր հաղթաթղթերին՝ Կարսի պայմանագիրը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերանայելու իրավունքին, բայց չի օգտագործում դրանք՝ նախընտրելով խաղալ “վեցի” պես՝ ձևացնելով, թե ջոկեր է։

Թրամփը խորհուրդ է տալիս «չկայացած» Մեդվեդևին զգույշ լինել իր խոսքերի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայումս Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, նշելով, որ նա անցնում է ընդունելի սահմանները։

Նա իր մեկնաբանությունը հրապարակել է սեփական Truth Social սոցիալական ցանցում. «Ինձ համար միևնույն է, թե ինչ է անում Հնդկաստանը Ռուսաստանի հետ։ Թող նրանք միասին ոչնչացնեն իրենց մեռած տնտեսությունները։ Ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, աշխարհում ամենաբարձրերից»։ Այնուհետև նա շարունակեց գնահատել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վիճակը. «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ԱՄՆ-ն գրեթե ոչ մի ընդհանուր գործ չունի նրանց հետ։ Եվ թողնենք այնպես, ինչպես կա»։

Այնուհետև նախագահ Թրամփը խոսեց Մեդվեդևի դեմ, որին նա ուղղակիորեն անվանեց պարտված. «Ասեք Մեդվեդևին, այս չկայացածին, Ռուսաստանի նախկին նախագահին, որը դեռ կարծում է, որ իշխանության գլուխ է, որ զգույշ լինի իր խոսքերի հետ, քանի որ նա մտնում է շատ վտանգավոր տարածք»։

2010 թվականին Մեդվեդևը, լինելով «միջուկային տերության» նախագահ, մանկական ուրախությամբ ընդունեց Սթիվ Ջոբսից iPhone-ը։ Այնուհետև Մեդվեդևը ստանձնեց Յոտաֆոնի ստեղծումը, բայց այն այդպես էլ չճանաչվեց աշխարհում։ Հիմա նա «նրանց» անվանում է սրիկաներ և ատում նրանց։

Վարչապետի խոսնակը ասել է, ինչը կարող է և ինչը չի կարող արտապատվիրակվել

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել, հայտարարում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի», – նշել է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ «հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում»։

Վարչապետի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

«Եվ, ընդհակառակը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձեւեր, այլեւ շահագրգիռ է բանաձեւերից որեւէ մեկի շուրջ համաձայնության գալու հարցում», – նշել է Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Նա գրել է, որ ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձևերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

«ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձեւեր, կառուցապատման իրավունքներ եւ այլն, որոնց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում», – հավելել է Բաղդասարյանը։

ԱՄՆ սենատորը պատմել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունների մասին

Mediamax-ը ներկայացնում է The Wall Street Journal-ում հրապարակված հանրապետական սենատոր (Մոնտանա նահանգ) Սթիվ Դեյնսի A Peace Deal for Armenia and Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սթիվ Դեյնս

Նախագահ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շեմին է: Դա կլինի ակնառու ձեռքբերում ու եւս մեկ քայլ դեպի կայունություն եւ տնտեսական օգուտներ:

Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք երբեմն Խորհրդային Միության մաս էին կազմում, հակամարտում 1980-ական թվականների վերջից՝ բռնության պարբերական բռնկումներով: Խաղաղության հասնելու բազմաթիվ փորձերը կարճատես կամ անհեռատես էին: ԱՄՆ նախկին վարչակազմերը չկարողացան առաջնահերթություն տալ տարածաշրջանին եւ խաղաղության բանակցություններին:

Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ համատեղելով նախագահի «խաղաղություն ուժի միջոցով» մոդելը գործնական, ստեղծագործական դիվանագիտության եւ երկու կողմերի համար ավելի լուսավոր օրերի խոստման հետ:

Այս տարի ես այցելել եմ երկու երկրները պարոն Թրամփի թիմի անդամների հետ: Մենք ուսումնասիրել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը եւ նպաստել ենք խաղաղության բանակցությունների ամենաբարդ հարցերի քննարկմանը:

Ես հանդիպել եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ե՛ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մենք քննարկել ենք գործնական լուծումները: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են պահի հրատապությունը եւ բացվող լուրջ հնարավորությունները:

Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը հանդիսացել է որպես տարածաշրջանային միջնորդ՝ օգտագործելով իր դիրքը հակամարտությունը հավերժացնելու եւ իր հարավային հարեւաններին թույլ ու մեկուսացված վիճակում պահելու համար: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափում են ռուսական գերիշխանության լուծը եւ շրջվում են դեպի անկախ տեսլական, որը համադրվում է ԱՄՆ-ի առաջնահերթություններին:

Տարածաշրջանը կորոշի իր սեփական ապագան՝ հիմնված ԱՄՆ-ի հետ գործընկերության վրա, որը կարող է բարգավաճման հիմք դնել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրանից շատ հեռու:

Միջին միջանցքի աշխարհագրությունը այն օժտում է եզակի ռազմավարական եւ տնտեսական կարեւորությամբ: Գտնվելով ԱՄՆ-ի այնպիսի հակառակորդների միջեւ, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը, դա միակ հողակտորն է, որով Արեւմուտքը կարող է անարգել առեւտուր անել Կենտրոնական Ասիայի հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը ունեն նավթի, բնական գազի, ածխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ: Դրանք լրացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շքիթի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կրիտիկական հանածոների խոշոր պաշարները: Թրանսանատոլիական խողովակը կարող է մեծացնել թողունակությունը՝ տարածաշրջանի ավելի շատ էներգետիկ պաշարներ Եվրոպա տեղափոխելու համար, որպեսզի մայրցամաքը այլեւս երբեք կախում չունենա Ռուսաստանից: Իսկ Հարավային Կովկասի հանքային պաշարները կարող են ազատել ԱՄՆ-ին Չինաստանից կախվածությունից:

Թրամփի վարչակազմի վճռականությունը օգնել է ստեղծել պատմական հնարավորություն այս երկու երկրների համար: Համաձայնագիրը կփոխի աշխարհաքաղաքականության ընթացքը այնպես, որ դա օգուտ կբերի ոչ միայն Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, այլեւ ԱՄՆ-ին եւ մեր դաշնակիցներին առաջիկա տասնամյակների համար:

Տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության հասնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է առանց հապաղելու ավարտեն աշխատանքը համաձայնագրի վրա:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ

Ֆրանսիայի կողմից Պաղեստինը ճանաչելու հիմքերը Հայաստանո՞ւմ են դրվել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

«…Հայաստանը համոզված է, որ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար, որտեղ բոլորը վայելում են խաղաղ համակեցության բարիքները։ Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024 թվականի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։

Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը: Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։»

Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում քանդվել է նկարչի ծննդյան օրը

Ստեփանակերտում քանդվել է Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, հաղորդում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«Հուլիսի 29-ին, մեծ նկարչի ծննդյան օրը, ցավով հայտարարում ենք, որ Այվազովսկու 2021 թվականին կանգնեցված հուշարձանը քանդվել է Ադրբեջանի օկուպացիոն իշխանությունների կողմից։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2023 թվականին բռնի տեղահանման հետևանքով Արցախի ողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը», – ասվում է հայտարարության մեջ։

Հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին ռուսական զորքերի ջանքերով։

Հայ մեծ ծովային և մարտական նկարիչը, որը ապրել և արարել է Ղրիմում և որին Ռուսաստանում անվանում են «ռուս նկարիչ», Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և կոտորածների բացահայտողներից մեկն է։

Նախկինում նա մի քանի նկարներ է նկարել օսմանյան սուլթանի համար։ Այս նկարները ներկայումս գտնվում են թուրքական թանգարաններում, և դրանց համար սուլթանը Այվազովսկուն շնորհել է ադամանդներով երկու շքանշան։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ հայերի մի շարք կոտորածներ, որոնք, տարբեր գնահատականներով, խլեցին 50-ից 300 հազար մարդու կյանք: Այս ողբերգությունը պատմության մեջ մտավ որպես Համիդյան կոտորած: Այս արյունալի պատմությունը տեղի է ունեցել սուլթան Աբդուլ Համիդի գահակալության օրոք: Այս իրադարձությունները ցնցեցին նկարչին, և նա նկարեց մի շարք նկարներ՝ «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Հայերին բեռնում են նավերի վրա», «Հայերին կենդանի նետում են Մարմարա ծով» և մի շարք այլ նկարներ:

Սակայն այս իրադարձությունների գագաթնակետը Այվազովսկու կողմից Թեոդոսիայում իրականացված ակցիան էր: Նկարիչը բակի շան պարանոցից կախեց սուլթանյան թանկարժեք շքանշանները, այնուհետև ծովը նետեց «արյունոտ նշանները»:

Այվազովսկին շատ վշտացած էր 1890-ական թվականներին Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերից: Թուրքերը կոտորեցին հայ բնակչությանը Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Էրզրումում, Մարաշում, Տիգրանակերտում: Ողբերգությունն ավելի սրվեց այն փաստով, որ հայերի կոտորածի հետ մեկտեղ ոչնչացվեց նաև ամբողջ հայկական ժառանգությունը՝ եկեղեցիներ, դպրոցներ, խանութներ: Այրվեցին բազմաթիվ հասարակական և մշակութային հաստատություններ, և այս ամենը տեղի ունեցավ 1894-1895 թվականների կարճ ժամանակահատվածում:

Նա բարեկամական և մտավորական նամակագրության մեջ էր Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հետ։ Կենսագիրները գրում են, որ 1896 թվականի օգոստոսի վերջին Այվազովսկին կաթողիկոսից նամակ է ստացել, որում ամենայն հայոց հոգևորականը խոսում է արդիական իրադարձությունների մասին և խորհուրդ է տալիս նկարչին նկարել այս ողբերգական ջարդերի թեմայով մի շարք նկարներ։ Այս նամակը, ցավոք, մեր օրերը չի հասել, սակայն Այվազովսկու կաթողիկոսին ուղղված պատասխանում կան մեջբերումներ՝ Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ սաստկացած հալածանքների մասին ճշգրիտ տեղեկություններով։ Նամակում նաև դրական արձագանք է եղել Մկրտիչ Խրիմյանի՝ նկարելու առաջարկին։ Ահա նկարչի նամակը։

«Օրհնյալ Տեր։ Իմ սրտի վաղեմի երազանքն է եղել այցելել Ձեր Գերագույն Աթոռին, լինել Ձեր ոտքերի մոտ, և ես այրվում եմ այն ցանկությամբ, որ Տեր Աստված ապահովի միջոցներ իմ երազանքի հաջող իրականացման համար։ Աստծո օծյալ։ Դուք ինձ շատ հուզիչ և գեղեցիկ առաջարկ արեցիք՝ կարմիր գույներով նկարել հայկական կոտորածը՝ արյունով ծածկված լեռների և հովիտների ֆոնին, իսկ ավերակների վերևում՝ վշտահար Հայերի Տերը։ Եթե Ամենակարողը կամենա ինձ ավելի երկար կյանք շնորհել, կգա այն օրը, երբ ես կիրականացնեմ այս հուզիչ առաջարկը։ Այո՛, Նորին Սրբություն Պատրիարք, իմ սիրտը մթագնում է խորը ցավից հայերի դեմ կատարված աննախադեպ և անլսելի կոտորածի պատճառով։ Դուք, Ձերդ Սրբություն, այնտեղ եք, մենք՝ այստեղ և յուրաքանչյուրս իր տեղում, դառնորեն սգում ենք մեր դժբախտ ազգականների կործանված հոգիները և դիմում ենք Աստծո ողորմածությանը։ Ես և կինս խոնարհվում ենք Ձերդ Սրբության առջև, համբուրում ենք Ձեր սուրբ աջը՝ մաղթելով ավելի մխիթարական օրեր։

Ձերդ Սրբության խոնարհ ծառան և որդին՝ Հովհաննես Այվազովսկին։»

1985 թվականի սեպտեմբերի 8-ից

Այս շարքի ամենահայտնի նկարը «Հայերի կոտորածը Տրապզոնում 1895 թվականին» կտավն է։ Սա շատ ողբերգական կտավ է։ Նկարիչը պատկերել է Տրապզոնի ափամերձ տարածքը, որտեղ գտնվում էր հայկական թաղամասը, և թուրքերի կողմից հայերին յաթաղաններով սպանելը։ Սպանության գագաթնակետն է պատկերված։

Հայոց ցեղասպանության թեմայով այլ աշխատանքներն են՝ «Հայերին բեռնում են նավերի վրա» և «Ուղևորներին բեռնաթափում Մարմարա ծովում»։

Նրա նկարներից են՝ «Նոյը իջնում է Արարատից», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Հայ զինվորի երդումը» և այլն։

Նկարիչը մահացել է 1900 թվականի մայիսի 2-ին Թեոդոսիայում և թաղվել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Նա չեր պատկերացնում, որ 2021-ին Արցախում հայտնված ռուս զինվորները կտեղադրեն իր արձանը, իսկ 4 տարի անց իրեն ժամանակներում թաթար անվանվող ազգը կհեռացնի արձանը՝ հայկական հետքի հետ միասին։

Կիբեռհարձակումներ, Ռուսաստանի գաղտնի զենքը և «Բարև, նոր պատերազմ»

Այն, ինչ աշխարհը անվանում է հիբրիդային պատերազմ, հիմա չի սկսվել. ինչպես ասում են, ներխուժումների ժամանակ մոնղոլները սուլիչներ էին կցում նետերին՝ թշնամուն վախեցնելու համար. այդպիսի թռչող նետերից հարյուրապատիկ ավելի աղմուկ էր բարձրանում։

Յուրաքանչյուր սերունդ իր լրացումներն է հորինում հիբրիդային պատերազմի համար։ Հիմա մենք ականատես ենք լինում էլեկտրոնային պատերազմի գագաթնակետին. վերջերս Ռուսաստանում «Աէրոֆլոտի», դեղատների և այլ ցանցերի վրա հաքերային հարձակումը ոչ պակաս փլուզում առաջացրեց, քան ռումբի պայթյունը։

Վերլուծաբանները նշում են, որ Silent Crow ևCyber Partisans-ի հակերների հարվածները լավ մտածված արշավի մի մասն են, որը նպատակ ունի խաթարել Ռուսաստանում նորմալության զգացումը. «Ուկրաինան գործում է հետևողականորեն և խոհեմորեն. տոնական սեզոնի գագաթնակետին չվերթները մեկը մյուսի հետևից խափանվում են, ինչը մեծացնում է ներքին դժգոհությունը»։

Ֆրանսիական պաշտպանական «Նավալ Գրուպ» ընկերությունը, որը մասնագիտանում է նավերի և սուզանավերի արտադրության մեջ, ևս բախվել է լայնածավալ կիբերհարձակման։

Վերջին շաբաթվա ընթացքում խոշոր խափանումներ են նկատվել նաև հայկական ArСa բանկային համակարգում. մարդիկ ժամերով չեին կարողանում առցանց գործարքներ կատարել, խանութներում քարտային տերմինալները չեին աշխատում, և անվստահությունը անկանխիկ համակարգի նկատմամբ, որի մեջ ընկղմվել է Հայաստանը, աճում է։

Արհեստական բանականության դերը նույնպես արագորեն աճում է։ Ինչպես պարզվեց, Վարդավառի տոնակատարության ժամանակ նորապսակների ռեկլամային լուսանկարը արհեստական էր։

Աշխարհի լրատվամիջոցները քննարկում են նաև ամերիկյան հայտնի թերթերից մեկում քաղցած պաղեստինցի տղայի լուսանկարը, որը նույնպես պարզվեց, որ արհեստական ​​բանականության արդյունք է։

Միևնույն ժամանակ, Կամչատկայում երեկ տեղի ունեցած երկրաշարժը, ամբողջ աշխարհում ցունամիի սպառնալիքը նույնպես կասկածներ առաջացրեց։

«Ռուսաստանը կարող էր նոր գաղտնի զենք օգտագործել կամ նույնիսկ միջուկային զենք օգտագործել ջրի տակ, այսինքն՝ սա իրականում ստորջրյա միջուկային պայթյուն է, որը ցունամի է առաջացրել։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ նման զենքի մշակման վերաբերյալ քննարկումները երկար ժամանակ ընթանում են, քննարկումներ են եղել։ Ի դեպ, հենց Ռուսաստանն է, որը համակարգվածորեն սպառնում է միջուկային զենք օգտագործել», – իր YouTube ալիքում առաջարկել է Ալեքսանդր Մուսիենկոն։

Քննարկում․ Բաքուն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է մղում

Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է մղում։ Հոգեբանական պատերազմի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հայ հասարակությունը չխոսի ռազմագերիների մասին, նաեւ չխոսի Արցախի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրման, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի ոտնահարման մասին։ Ադրբեջանն այս բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից ու հայ հասարակությունից պատասխան չստանա իր ապօրինի գործողությունների համար։

Այս մասին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գրասենյակում այսօր կազմակերպված «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին հայ հասարակության դեմ հոգեբանական զենք դարձնելու ռազմավարությունը եւ դրա հետևանքները մարդու իրավունքների համատեքստում» թեմայով դասախոսության ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Մնացականյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող շինծու դատավարություններին։

Նա նշեց, որ հայ ռազմագերիների նկատմամբ բռնություն ու դաժան վերաբերմունք ցուցաբերելով, այդ մասին տեսագրություններ ցուցադրելով՝ Ադրբեջանը խախտում է Ժնեւի եւ Հաագայի կոնվենցիաները եւ հոգեբանական պատերազմ է մղում հայ ժողովրդի ու ՀՀ դեմ։

Ըստ նրա՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատական գործընթացների նպատակը կոնկրետ անձանց պատժելը չէ, Ադրբեջանը հայ ռազմագերիներին օգտագործում է որպես հաղթաթուղթ, որպեսզի պատժի եւ օգտագործի մի ամբողջ հասարակության, որպեսզի հայ հասարակությանը պահի սթրեսի մթնոլորտում, քայքայի հայ հասարակության ինտելեկտուալ բոլոր կարողությունները եւ դրանով կանխի հետագա հնարավոր պատասխան գործողությունները։ Եվ սա բավականին խորքային մտածված ռազմավարություն է Ադրբեջանի կողմից։

Զուգահեռ Ադրբեջանը բավական ակտիվ է աշխատում միջազգային գիտական կազմակերպությունների հետ, խեղաթյուրում ու կեղծում է պատմությունը, կան բազմաթիվ ճանաչված գիտական վերլուծաբաններ, գիտնականներ, որոնք, Անժելա Մնացականյանի խոսքով, միջազգային ասպարեզներում ավելի շատ տարածում են այն նարատիվները, որոնք մշակվում են Ադրբեջանում։ «Եվ սա էլ շատ վտանգավոր է հայ հասարակության ու Հայաստանի համար»,- հավելեց նա։

Հայ գերիների խոշտանգումը եւ հրապարակային նվաստացումը վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ոչ միայն Ժնեւյան կոնվենցիան, այլ նաեւ մարդու հիմնարար իրավունքները։ Բանախոսը նշեց, որ հայկական կողմը պետք է ակտիվ լինի, միջազգային հարթակներում պետք է հակազդենք Ադրբեջանի ապատեղեկատվությանը։

Նա նաեւ անդրադարձավ հարցին, ու Ադրբեջանում միջազգային կազմակերությունների ներկայությունը սահմանափակվել է, օրինակ՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի կառույցներին ուղղակի ասել են՝ լքեք Ադրբեջանի տարածքը։ Այսինքն՝ չնայած միջազգային կոնվենցիաները գործում են, բայց Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է։

Համաձայն 1949 թվականին ընդունված Ժնեւի երրորդ կոնվենցիայի՝ ռազմագերիները պետք է պաշտպանված լինեն խտրական վերաբերմունքից, պետք է հարգվի նրանց արժանապատվությունը, արգելվում են խոշտանգումները, նվաստացումները եւ արժանապատվության ցանկացած խախտում։ Բացի այդ, ռազմագերիները իրավունք ունեն արդար դատաքննության, եւ պետությունը պարտավոր է ապահովել նրանց հայրենադարձվելու իրավունքը։

Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակավոր միջոցներ, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020 թվականի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գերեվարված եւ Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից ու մարմնական վնասվածքներից, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջեւ հավասարությունը։ Human Rights Watch-ը 2021 թվականի մարտի 19-ի զերուցով հաստատել է, որ հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի։ Իսկ Եվրոպական խորհրդարանը 2021 թվականի մայիսի 20-ին ընդունած բանաձեւով դատապարտել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ձերբակալումը, պահանջել է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ գերիներին, ընդգծել է ձերբակալությունների քաղաքական բնույթը եւ կեղծ մեղադրանքների կիրառումը։

Արցախցի ուսանողները առաջիկա սեպտեմբերից ևս կստանան ուսման վարձի փոխհատուցում

Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր այն ուսանողները, որոնք սովորում են միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առաջիկա սեպտեմբերից ևս կստանան ուսման վարձի փոխհատուցում։ Այդ մասին գրել է Նաիրի Հողիկյանը՝ հրապարակելով իր հարցմանը՝  Կրթության նախարարության պատասխանը։