Դեկտեմբերի 7-8-ին որոշ շրջաններում ձյուն կլինի

Դեկտեմբերի 7-8-ին հանրապետության լեռնային շրջանները հատկապեա կենտրոնական հատվածները և Վայոց ձորը վերջապես կառնեն երկար սպասված «ձյան կարոտը»։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նշենք՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով:

Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հետ բանակցություններից. ի՞նչ կլինի հաջորդիվ

Թրամփը եզրակացրեց, որ Պուտինը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ Սթիվ Վիտկոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ հանդիպումից հետո, որոնք դեկտեմբերի 2-ին Կրեմլում բանակցություններ են վարել Պուտինի հետ։

Թրամփը խուսափեց ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կհամաձայնվի՞ պատերազմը դադարեցնելու, բայց հույս հայտնեց, որ Ուկրաինայում պատերազմը կարող է լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով։

Բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում, բայց ավելի ու ավելի հաճախ է բարձրացվում հարցը. ի՞նչ կլինի, եթե Պուտինը մերժի Թրամփի ծրագիրը։ Կա՞ն արդյոք լծակներ Պուտինին ստիպելու համար։ Արդյո՞ք Թրամփը ցանկանում է ճնշում գործադրել Պուտինի վրա։

Ուկրաինան պատրաստվում է նոր բանակցությունների Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան թիմի Մոսկվայից վերադառնալուց հետո, ասաց Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնն այժմ ներքին խորհրդակցություններ է անցկացնում, որից հետո Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ռուստեմ Ումերովը, Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը և ուկրաինական պատվիրակության մյուս անդամները կշարունակեն երկխոսությունը Սպիտակ տան թիմի հետ։

Նա նշեց, որ միայն Ուկրաինայի շահերը հաշվի առնելով կարելի է հասնել արժանապատիվ խաղաղության։ Նա ընդգծեց, որ աշխարհում աճում է այն զգացողությունը, որ պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն կա, սակայն դրա համար անհրաժեշտ է դիվանագիտական ​​ջանքերի համադրություն Մոսկվայի վրա ճնշման հետ։ Այս համադրությունը՝ կառուցողական բանակցություններ և ագրեսորի դեմ կոշտ միջոցներ, կարող են ապահովել երկարատև արդյունք։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասաց, որ դաշնակիցները առաջնահերթություն են տալիս սեփական անվտանգության մեջ ներդրումներ կատարելուն, իրենց արդյունաբերության ամրապնդմանը և Ուկրաինային աջակցելուն։ Ռյուտեն նշեց, որ մինչև տարեվերջ ուկրաինացիները PURL ծրագրի շրջանակներում կստանան 5 միլիարդ դոլարի զենք։

ՆԱՏՕ-ն այլ տարբերակ չի տեսնում, քան շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատժամիջոցների և Ուկրաինային զենք մատակարարելու միջոցով։ Ռյուտեն հույս ունի, որ սա միակ միջոցն է, որ Պուտինը հասկանա, «որ ելք չկա, և նա ստիպված կլինի փոխզիջման գնալ»։

Մինչ այժմ Պուտինի կողմից սակայն որևէ փոխզիջում չի երևում, ռուսական զորքերը շարունակում են իրենց հարձակումը և չեն հրաժարվում իրենց բանակցային դիրքերից որևէ մեկից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվարին իրավիճակում է հայտնվել Ուկրաինայի խաղաղության բանակցությունների շուրջ: Ըստ The Telegraph-ի՝ իրական առաջընթացի բացակայությունը մեծացնում է անհանգստությունը Եվրոպայում և Կիևում, որտեղ վախենում են, որ Վաշինգտոնը կարող է հետ քաշվել գործընթացից և նվազեցնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր հանցավոր պատերազմը:

Բրիտանական հրատարակության տվյալներով՝ Թրամփը ներկայումս հայտնվել է երկու կրակի արանքում: Մի կողմում Ռուսաստանն է, որը ցուցաբերում է կոշտ և կայուն քաղաքական գիծ: Մյուս կողմից՝ Ուկրաինան և եվրոպական պետությունները սպասում են ԱՄՆ-ի վճռական քայլերին՝ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում:

Դպրոցներում կփորձարկեն վարորդական դասընթացներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձնական կարգով կիրականացնի վարորդական կրթության դասընթացներ ավագ դպրոցի շրջանավարտների համար։ Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այս հարցում աջակցություն տրամադրելու հնարավորությունը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ։

«Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխան քննությունները։ Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներին, հաշվի առնելով կադրային փոփոխությունները և միանշանակ դրական եմ գնահատում՝ կարող ենք քննարկել մոտ ապագայում նմանատիպ դասընթացներ մեկնարկելու հնարավորությունը», – ասել է Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանը ստում է. կար հայանպաստ տարբերակ, բայց նա ընտրեց դավաճանականը

Փաշինյանի հայտարարությանը համապատասխան հրապարակվել են Արցախյան հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը։

Տվյալ փաստաթղթերը փաստում են այն, ինչ մենք գիտեինք, որ ի սկզբանե բանակցային գործընթացի հիմքը դրված էր այնպես, որ վերջնական ելքը լիներ Արցախի օտարացումը Հայաստանից և նրա հայաթափումը։

Բոլոր տարբերակներով՝ լինի դա ԵԱՀԿ ՄԽ առաջարկները, Մադրիդյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը կամ ռուսական առաջարկը (Լավրովի պլանը), դրանք հիմնված էին 7 շրջանի հանձման վրա։

Որոշ փաստաթղթերում գործընթացը բաժանված էր փուլերով՝ 5 շրջան՝ առաջին փուլով, 2 շրջան՝ ԼՂԻՄ-ի միջանկյալ անորոշ կարգավիճակի որոշումից հետո։

Ասել է թե՝ բանակցային ընթացքը այնպես էր, որ հայկական կողմը զիջում էր 7 ազատագրված հայապատկան շրջանները՝ փոխարենը ստանալով օդից կախված, կեղծ անվտանգության երաշխիքներ և Արցախի անկախությանը հասնելու ոչ մի հստակ մեխանիզմ։

Ինչի հետևանքով ստանալու էինք՝

– ԼՂԻՄ՝ առանց 7 հայապատկան շրջանների,

– Բերձորի միջանցք, որը ցանկացած պահի ադրբեջանական կողմը կարող էր փակել, քանի որ ոչ մի խաղաղապահ զորք չէր կարող երաշխավորել միջանցքի անխափանությունը,

– Որից հետո աստիճանաբար կամ անմիջապես հայաթափվելու էր Արցախը, քանի որ Բաքվի նպատակը ողջ Արցախն էր, այլ ոչ միայն 7 շրջանները,

– 7 շրջանների հանձնումից հետո օրակարգում կհայտնվեր նաև Սյունիքի միջանցքը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չուներ այլընտրանք, քան՝ կամ համաձայնվել պատերազմում զիջել շրջանները, որի հետևանքով կհասնեինք այն կետին, որտեղ այսօր ենք, կամ ստորագրել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ստանալ դրա հետևանքները։

Ո՛չ։ Կային այլընտրանքներ։

Ինչպես նշեցի՝ հրապարակված փաստաթղթերը փաստում են, որ ի սկզբանե բանակցային գործընթացի հիմքը դրված էր հայկական շահերի և Արցախի պահպանմանն ի հակառակ։

Բանակցային ընթացքը հիմնված էր «զավթված Սովետական Հայաստանի» կեղծ տարածքային ամբողջության վրա, որի հետևանքով Արցախը ՀՀ տարածքային ամբողջության մեջ չէր մտնում և պայքարում էր միայն ԼՂԻՄ-ի անկախության համար, ինչը ի սկզբանե անիրականանալի էր։

Երրորդ Հանրապետությունը, դիրքավորվելով որպես «զավթված ռուսական Հայաստանի» իրավահաջորդ, ընդունելով ռուս–թուրքական պայմաններով Արցախի, Նախիջևանի և այլ տարածքների ՀՀ-ից օտարումը, ինքն իրեն դրեց փակուղային իրավիճակում։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ուներ բավական մեծ հանրային աջակցություն։ Եվ նա կարող էր՝

1. Համախմբել ժողովրդին, ստեղծել «ազգ–բանակ» կոնցեպտի ներքո կազմակերպված ազգային բանակ և պատրաստվել պատերազմին,

2. Զգուշավոր քայլերով փոխել հայ–ադրբեջանական բանակցային հիմքը, դուրս գալով «օկուպացված Հայաստանի» կողմից ժառանգած տարածաշրջանային ճարտարապետությունից և ժառանգելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծած տարածաշրջանային տրամաբանությունը և տարածքային ամբողջականությունը։ Դա հիմնված էր Ազգերի Լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց–առաջարկի (որտեղ ԼՂԻՄ-ն ու հարակից շրջանների մեծ մասը ՀՀ էին), Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի և ընդհանրապես՝ ցեղասպանության հետևանքները վերացնելու, պահանջատիրությունը կյանքի կոչելու և համաշխարհային աջակցություն ստանալու տրամաբանության վրա (Իսրայելի օրինակ)։ Բնական է, որ թուրքական կողմերը չէր ընդունի այս ռազմավարությունը, և պատերազմն անխուսափելի կլիներ, բայց վստահաբար չէինք ունենա վերջին 5 տարվա աղետների հիմքը՝ նոյեմբերի 9-ի հայակործան հայտարարությունը։ Ուկրաինայի օրինակով վճռական, մենակյա պայքարի դեպքում կհայտնվեին դաշնակիցներ, և վերջնական ելքը կհանգեցներ հաղթանակի։

3. Զգուշավոր կերպով փոխել աշխարհաքաղաքական վեկտորը և ձեռք բերել նոր դաշնակիցներ։

Բայց Նիկոլ Փաշինյանը արեց հակառակը։ Մնալով ռուս–թուրքական աշխարհաքաղաքական ծիրում և շարունակելով «զավթված Հայաստանի» կոնցեպտային մոտեցումները՝ նա հանձնեց Արցախը, հազարավոր մահերի պատճառ դառնալով, իսկ ռուս–թուրքական «հանձնման–ընդունման» պայմանավորվածությունների արդյունքում դարձավ թուրքական շահերի սպասարկու, և Հայաստանը այժմ գնում է դեպի թուրքացում։

Արցախի հիմնահարցն ուներ և ունի միակ հայանպաստ լուծում, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության իրական տարածքային ամբողջության վրա։ Արցախի հարցը այլ վերջնական լուծում չի ունեցել և չունի։

Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ չկար այլ տարբերակ, քան Արցախի հանձնումը։ Կար այլ հայանպաստ տարբերակ, բայց նա ընտրեց դավաճանականը։

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Խորհրդարանը ծաղիկ է նկարում, որ չհիշի ամենաառարկայական որոշման մասին

Հայաստանի խորհրդարանի ոչ մի նիստ չի անցնում առանց Ղարաբաղի հարցի քննարկման, երբեմն ամբողջությամբ վերածվելով այս հիմնարար խնդրի շուրջ լիարժեք բանավեճի: Չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ «տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել» և Ղարաբաղի խնդիրը լուծված է, խորհրդարանը ամեն օր հաստատում է, որ խնդիրը մնում է բաց։

Այսօրվա խորհրդարանական նիստը վերածվեց փաստաթղթերի քննարկման, որոնք ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ էին, չընդունված ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի կողմից և Ղարաբաղի հարցով պաշտոնական համաձայնագրի չվերածված: Սակայն հասուն տղամարդիկ և կանայք, լուրջ դեմքերով, քննարկում էին այս ենթադրական առաջարկները, որպեսզի պատահաբար չհիշեն առարկայական փաստաթղթեր։

Արդյո՞ք 2019 թվականի առաջարկը ավելի լավն էր, քան մյուսները: Ո՞ր առաջարկներն էին ենթադրում Ղարաբաղի համար ավելի լավ կարգավիճակ: Արդյո՞ք Քոչարյանը Քի Ուեսթում խոստացավ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց: Ահա թե ինչ էին քննարկում խորհրդարանում պաշտոնյաները, որպեսզի չհիշեն Ղարաբաղյան շարժման հիմնարար փաստաթուղթը՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին բանաձևը: Չնայած սա միակ փաստաթուղթն է, որը արտացոլում է հակամարտության էությունը և դրա լուծումը, և Մինսկի խմբի առաջարկները մերժվեցին հենց այն պատճառով, որ դրանք հիմնված չէին 1989 թվականի օրինական որոշման վրա։

«Եթե կար տարբերակ՝ լուծելու Ղարաբաղի հարցը այնպես, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, ապա թող ձեր ղեկավարները որոշեին նախորդ ժամանակաշրջաններում»,- նշել է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին ասել է, որ Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին։

Փաշինյանը նշել է, որ առաջարկություններում ԼՂ–ի համար որեւէ կարգավիճակ կարող էր և նախատեսված չլինել։ Որ 1996–ի Լիսաբոնի գագաթաժողովում ասվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ–ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ստանա ինքակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Որ բոլոր փաթեթներով նախատեսված է եղել այդ պահին ԼՂ գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։

“Այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991–ի դեկտեմբերի 10–ի հանմրաքվեն նույն պահին չեղարկվել է», ասել է նա։

Փաշինյանը չի հիշատակում միայն մեկ “մանրուք”՝ դա ընդամենը առաջարկներ էին, և դրանցից ոչ մեկը պայմանագրի չի վերածվել և ոչինչ չի չեղարկել։

Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», պատասխանել է նրան Էդուարդ Շարմազանովը։

Իսկ Արթուր Խաչատրյանը նկատել է, որ նման ձևով կարելի էր 100 տարի բանակցել, եթե գործը չհասցնվեր պատերազմի։

Պարլամենտում և դրա պատերից դուրս ծաղիկ են նկարում, որպեսզի չհիշեն Արցախյան հիմնախնդրի գլխավոր փաստաթուղթն ու լուծումը, որը չեն կարողացել չեղարկել ոչ 30 տարվա դատարկ բանակցությունները, ոչ պատերազմն ու օկուպացիան, բայց կարող են չեղարկել ծաղիկ նկարողները։ 

Պուտինը Թրամփի դեսպաններին ստիպեց երեք ժամ սպասել

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Պուտինին Կրեմլում սպասել են գրեթե երեք ժամ, մինչ Ռուսաստանի առաջնորդը ելույթ էր ունենում «Ռուսաստանը կանչում է» ֆորումում, հաղորդում է CNN-ի թղթակից Ալաինա Տրինհը՝ հղում անելով աղբյուրներին։

Politico-ի տվյալներով՝ Կրեմլը ժամանակ էր ձգում գրեթե մինչև վերջին րոպեն, բուն բանակցությունները տևել են ևս հինգ ժամ, մինչև փակուղում են հայտնվել։

Ինչ է փոխվելու ընտրական մեխանիզմներիմեջ․ նոր ընտրություններ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերը շարունակվում են և անցկացվում ակտիվորեն, դրանցում մինչ օրս քննարկվել են խորհրդարանի լիազորությունները, ընտրական համակարգը և այլ հարցեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս պահին ԱԺ-ի ինքնալուծարման որևէ մեխանիզմ նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ապա ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլին, այլ լինեն նոր ընտրություններ, նոր ընտրություններ՝ նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրությունների համար», – նշել է Գալյանը։

Արդյո՞ք համաշխարհային կոնսենսուս կար Արցախի խնդրի նման «կարգավորման» վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ինքնալուծարումից և Հայաստանի կառավարության կողմից ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հիմնական փաստաթղթերի հրապարակումից հետո Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ։ Այս քննարկումների էությունը հանգում է մեկ հարցի. արդյո՞ք Հայաստանի նոր կառավարությունը հանցավոր դավադրության մեջ է մտել Արցախի հարցի շուրջ, թե՞ արեց այն ամենը, ինչ հնարավոր էր այդ ժամանակ՝ չկարողանալով դիմադրել միջազգային կոնսենսուսին։

Հիմնական քննարկումը ծավալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկի շուրջ, որը, ըստ ընդդիմության, լավագույն տարբերակը չէր, բայց թույլ կտար խաղաղ լուծում գտնել՝ պահպանելով Արցախը նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի միջանցքի շրջանակներում, հարցը հասցնելով հանրաքվեի և հռչակելով ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Ընդդիմությունը կարծում է, որ նման լուծում հնարավոր էր։ Կառավարության պաշտոնյաները նշում են, որ նման տարբերակ չկար. նրանք կամ պետք է կամավոր հրաժարվեին Արցախից, ինչը այդ ժամանակ կնշանակեր ցանկացած կառավարության վերջ, կամ գնային պատերազմի։

Ես հերքում եմ ընդդիմության պնդումը, որ 2019 թվականին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր առաջարկներ են ներկայացվել և որ մենք դրանք մերժել ենք։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ի՞նչ է իրենից ներկայացնում 2019 թվականի փաստաթուղթը։ Դա 2018 թվականի փաստաթղթի ամփոփումն է։ Դա նոր առաջարկ չէ։ Հայաստանը պաշտոնապես այդ ժամանակ չի արձագանքել դրան, քանի որ դեռևս գտնվում էր փաստաթղթի գնահատման գործընթացում։ 2018 թվականի փաստաթուղթը շատ քիչ է տարբերվում 2016 թվականի օգոստոսի փաստաթղթից։ 2019 թվականի փաստաթուղթը Սերժ Սարգսյանի ժառանգությունն էր, և հայկական կողմը չի մերժել այն», – նշել է Ռուբինյանը։

Այսինքն, ըստ Ռուբինյանի, 2019 թվականի նոր փաստաթուղթ չի եղել, և ՀՀ կառավարությունը այն չի մերժել։

Թե՛ «մեղադրանքները», թե՛ կառավարության  «արդարացումները» համոզիչ չեն հնչում, քանի որ չեն պատասխանում գլխավոր հարցին՝ արդյո՞ք 2018 թվականին իշխանության եկածները իսկզբանե մտադիր էին “լուծել” Արցախի հարցը՝ այն զիջելով Ադրբեջանին։ Արդյո՞ք համաշխարհային կոնսենսուս կար Արցախի խնդրի նման «կարգավորման» վերաբերյալ, և արդյո՞ք Փաշինյանը ներգրավված էր այս կոնսենսուսի մեջ։

Փաստորեն, այս հարցերը առաջացնում են մի ամբողջ շարք նոր հարցեր, օրինակ՝ ո՞վ և ի՞նչ նպատակով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Եվ ինչպե՞ս 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Փաշինյանին հաջողվեց ոչ միայն պահպանել իշխանությունը, այլև հավակնել իշխանությանը 2026 թվականին։

Սա պատերազմ է Ուկրաինայի՞, թե՞ Եվրոպայի դեմ

Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Նրանք ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագիրը քննարկելու համար։ Դրանից առաջ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «ամեն ինչ կախված է» այդ բանակցություններից, մինչդեռ Վլադիմիր Պուտինը ավելի ռազմատենչ հայտարարություններ է արել՝ այս անգամ ուղղված ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային։

Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ տևել է մոտ հինգ ժամ և ավարտվել է Մոսկվայի ժամանակով ժամը 00:30-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլը նշել է երեք կետ, որոնց վերաբերյալ փոխզիջում չի լինի։ Առաջին՝ Մոսկվան պահանջում է Դոնբասի տարածքի ամբողջական հանձնում, այդ թվում՝ այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել գրավել։

Երկրորդ՝ Ռուսաստանը պնդում է ուկրաինական բանակի չափսերի սահմանափակման վրա՝ նման այն պահանջներին, որոնք Մոսկվան ներկայացրել էր 2022 թվականի գարնանը Ստամբուլի բանակցությունների նախագծում։ Այդ ժամանակ Կրեմլը ցանկանում էր սահմանափակել ուկրաինական բանակը մինչև 85,000 զինվոր և 15,000 Ազգային գվարդիայի մարտիկ։ Երրորդ՝ Ռուսաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ճանաչեն իր գրավված տարածքները։

Եվրոպան հոռետեսորեն է տրամադրված Վաշինգտոնի խաղաղության ծրագրի նկատմամբ: Ռուս բռնապետը կառուցողական երկխոսության պատրաստակամություն չի ցուցաբերում: Եվ Եվրոպան արդեն պատրաստում է «Բ պլան» այն դեպքում, եթե բանակցությունները ձախողվեն: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ութ դիվանագիտական ​​աղբյուրների:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Եվրոպայի հետ, «բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա կռվել և սկսի», Մոսկվան «պատրաստ է հենց հիմա»: Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը գործում է «վիրաբուժական, զգուշորեն» Ուկրաինայում, բայց Եվրոպան կարող է բախվել այլ սցենարի:

«Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմ սկսել և դա անի, շատ արագ կարող է ստեղծվել իրավիճակ, որի դեպքում մենք ոչ ոքի հետ չենք ունենա բանակցելու», – ասել է նա (մեջբերել է «Ինտերֆաքսը»:

Եթե ներկայիս փորձը ձախողվի, եվրոպացի դաշնակիցները անմիջապես կդիմեն պահեստային ծրագրի: «Ամեն ինչ շատ պարզ է՝ ավելի շատ զենք մարտադաշտում, ավելի շատ գումար ուկրաինական տնտեսության համար և ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», – ասել է դիվանագետներից մեկը:

Եթե ​​նման դիվանագիտության արդյունքում ԱՄՆ-ն ճնշում գործադրի Կիևի վրա՝ անբավարար գործարք ընդունելու համար, Մոսկվան, անկասկած, գոհ կլինի: Այնուամենայնիվ, Կրեմլը նաև համաձայն է այն տարբերակի հետ, որ Սպիտակ տունը կամ ամբողջությամբ դուրս գա գործընթացից, կամ շարունակի միջնորդի դեր խաղալ՝ Ուկրաինայի ակտիվ դաշնակցի փոխարեն, ինչպես նախկինում էր, հաղորդում է BBC-ն:

Չէի գիտակցում ուրախանա՞մ, թե՞ տխրվեմ, որ արդեն հասել ենք Գորիս

Սյուզաննան Անկախության սերնդից է, ով երազում էր ապրել հաղթանակած Արցախում

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում է ծնվել Սյուզաննա Բադալյանը1991 թվականին, երբ Արցախում պատերազմ էր, ու արցախցին իր հողն ու իրավունքներն էր պաշտպանում արժանապատվորեն։ Նա Անկախության սերնդից է, ով երազում էր ապրել հաղթանակած Արցախում ու շարունակել հերոսների կիսատ թողած գործը։ Հայրը՝ Հայասեր Հայրապետյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։

Սյուզաննան թախիծով է հիշում մանկությունը

-Մայրս պատմում է, որ կատաղի մարտեր էին ընթանում Ճարտարի հարակից բնակավայրերում։ Գյուղում մնալն անվտանգ չէր։ Հայրս ստիպված էր ինձ ու մայրիկիս տեղափոխել Հայաստանի Վարդենիս քաղաքը, որտեղ ապրում էր հորաքույրս։ Մայրս այդ ժամանակ երեխայի էր սպասում։ 1992 թվականին Մաճկալաշեն գյուղի տարածքում հայրս զոհվում է՝ այդպես էլ չիմանալով՝ իր երկրորդ բալիկը տղա էր, թե աղջիկ։ Հորաքույրերս չէին համարձակվում մայրիկիս հայտնել ծանր լուրը, քանի որ մոտ էր նրա ծննդաբերելու ժամանակը։ Ծնվում է եղբայրս, ում մեր հայրիկի անունով կոչում են Հայասեր՝ մայրիկիս համոզելով, որ այդպես ավելի լավ կլինի։ Եղբորս ծննդից մոտ երկու ամիս անց վերադառնում ենք Արցախ, ու մայրս միայն այդ ժամանակ է իմանում, որ ամուսինը զոհվել է պատերազմում։ Նա միայնակ պահել, մեծացրել, կրթության է տվել ինձ ու եղբորս՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ։

Ավարտել եմ Արցախի պետհամալսարանի Իրավագիտություն բաժինը, ապա ուսումս շարունակել մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։ Ամուսնացել եմ, ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել Ասկերան քաղաքը, ունեցել 3 որդիներ։ Ութ տարի աշխատել եմ դատարանում։ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել եմ Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, աշխատանքի անցել՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր իրավաբան։ Պատերազմից հետո ծնվել է երրորդ որդիս։

 Արամ և Սյուզաննա Բադալյանները շրջափակումը հաղթահարել են արժանապատվորեն՝ ի մի բերելով բոլոր ուժերը

-Ֆիզիոլոգիական արձակուրդում էի, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Սկզբից այնքան էլ չէինք զգում շրջափակման ծանրությունը, քանի որ մարդիկ դեռևս պահեստավորված սնունդ և կենցաղային ապրանքներ ունեին։ Շրջափակման դառը հետևանքները մարդիկ ճաշակել են 2023-ի գարնան վերջին ու ամռանը։ Արդեն վերջացել էր հացահատիկը, կաթնամթերք գրեթե չէր արտադրվում, մի շարք մթերքի, բանջարեղենի ներկրում չէր իրականացվում, քաղցրավենիք բոլորովին չկար։ Ինձ համար առանձնապես դժվար էր նրա համար, որ կրտսեր որդիս արդեն հավելյալ սննդի կարիք ուներ, իսկ վիտամիններով հարուստ մրգերն ու բանջարեղենը իսպառ բացակայում էին։

Հասկացանք, որ պետք է ինչ որ բան ձեռնարկել։ Քանի որ ամուսինս մասնագիտությամբ գյուղատնտես է, և մենք ունեինք սեփական հողատարածք, ջերմոցներ ու այգիներ, որոշեցինք բարեկամ-հարազատներով միավորել բոլոր ուժերն ու մշակել մեր հողերը։ Ցանեցինք բանջարաբոստանային մի շարք կուլտուրաներ, ինչպես նաև մշակում էինք խաղողի այգին ու բերքատու ծառերը։ Փառք Աստծո, բարեհաջող գործունեություն էինք ծավալում, բերքն առատ էր։ Հույս ունեինք, որ շուտով կավարտվի շրջափակումը և կկարողանանք մեր աշխատանքի պտուղները քաղել։

Կարելի է ասել՝ ամուսնուս աշխատասիրության շնորհիվ մենք պատվով ենք հաղթահարել բլոկադան։ Բերք ու բարիքից բաժին ենք հանել մեր բոլոր հարազատներին, հարևաններին, ընկերներին։ Չեմ ուզում շրջափակումը միայն որպես մութ կետ հիշել։ Շրջափակումը նաև իր լուսավոր կետն ունեցավ ու թողեց երանելի հիշողություններ։ 10 տարվա հարս էի Ասկերանում և հենց այդ մի քանի ամիսների ընթացքում զգացի այն մեծ ջերմությունն ու սրտացավությունը, որ տածում էին մարդիկ իրար հանդեպ։ Ասես թե սպասում էինք էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին, որ անմիջապես հավաքվենք մեր թաղամասում։ Ում տանն ինչ համով, թաքուն պահած լավ բան կար, բերում էին, որպեսզի հյուրասիրեն մեկմեկու։

Շրջափակման ժամանակ մարդիկ մի տեսակ սկսել էին ավելի շատ շփվել իրար հետ, անկաշկանդ հաղորդակցվել, ու այդ երջանիկ պահերն այսօր երանությամբ եմ հիշում։ Մեր երեխաների Արցախում անցկացրած ամառային վերջին արձակուրդները շատ լավ անցան, քանի որ նրանց համար կազմակերպվում էր հետաքրքիր առօրյա, որպեսզի չզգան, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։ Երբեք չեմ կարող մոռանալ մեր սիրելի ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանին, ով իր շուրջն էր համախմբում բոլորին, հյուրասիրում խոտաբույսերից պատաստված իր անմահական թեյով, խորհուրդներ տալիս,  հույս ներշնչում։ Նրա որդիների շնորհիվ այդ ծանր օրերին մեր երեխաների համար կազմակերպվեց նաև կինոդիտում (Ղլիժբաղի ֆիննական թաղամասում)։ Իմ որդին՝ Ակսելը, ամենակրտսեր հանդիսատեսն էր…

Սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին խոսելը Սյուզաննայի համար շատ ծանր է

-Եղբայրս զինվորական էր, ծառայում էր որպես հետախույզ։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան նա հրազենային ծանր վիրավորում է ստանում գլխից։ Մարտունուց մի կերպ տեղափոխում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, որտեղ վիրահատվում է՝ հայտնվելով կոմայի մեջ։ Բժիշկները հույս չէին տալիս։ Սակայն ես հոգուս խորքում հավատում էի, որ եղբայրս ուշքի կգա ու կապաքինվի։ Աստված չէր կարող այդքան անարդար գտնվել մեր հանդեպ։

Սեպտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով կարողանում են բոլոր վիրավորներին տեղափոխել Երևան․ եղբայրս ևս նրանց մեջ էր։ Իսկ Արցախն արդեն տեղահանվում էր։ Մենք ևս պատրաստվում էինք։ Ինչպես շատերը, ամուսինս նույնպես վառելիք չուներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, նա բենզին ձեռք բերելու համար գնում է Հայկազովի վառելիքի պահեստը։ Չարաբաստիկ պայթյունի պահին այնտեղ էր։ Ստանում է բազմաթիվ այրվածքներ, բայց փառք Աստծո ողջ ու առողջ է մնում, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխում են Երևան։

Երեք երեխաներիս հետ մնում եմ Արցախում՝ անտեղյակ հարազատներիս վիճակից, քանի որ հնարավոր չէր կապ հաստատել ոչ ոքի հետ։ Պատերազմի ու պայթյունի ժամանակ, ցավոք, շատ հարազատ մարդիկ ենք կորցրել։ Վերջին ամենածանր հարվածն ինձ համար Արցախի կորուստն ու գաղթի ճանապարհը բռնելն էր։ Երկու օր ճանապարհ անցնելուց հետո հասանք Գորիս։ Ես չէի գիտակցում, թե ինչպես եմ անցել դժոխային այդ ճանապարհը։ Ոչինչ չէի հասկանում, բոլորովին ունակ չէի մտածելու։ Չէի գիտակցում ուրախանա՞մ, թե՞ տխրվեմ, որ արդեն հասել ենք Գորիս, փրկվել թշնամուց։ Ուրախանում էի, որ հասնելու եմ եղբորս, ամուսնուս ու մորս, ով անասելի ծանր ապրումների մեջ էր, միաժամանակ տխրվում, որ հայրենիքս մնացել է հետևում։

Սկսվեց ծանր, փորձություններով լի շրջան

-Տեղահանությունից հետո շուրջ երկու ամիս հիվանդանոցներում էինք։ Եղբորս ու ամուսնուս վիճակը մի փոքր թեթևանալուց հետո միայն կարողացանք ուշքի գալ և կրկին գիտակցել մեր կորստի չափը։ Առանց Արցախ՝ կիսատ էի․․․ Միաժամանակ հասկանում էինք, որ պետք է շարունակենք ապրել։ Սկզբում ընտանիքով հաստատվել ենք Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Երեխաները սկսել են հաճախել դպրոց։ Ամուսինս իր մասնագիտությամբ աշխատանք է գտել Արմավիր քաղաքում։ Որպես գլխավոր գյուղատնտես հիմա ևս այնտեղ է աշխատում։ Մինչև ուսումնական տարվա ավարտը, մոտ 10 ամիս մնացել ենք Նոր Հաճնում, այնուհետև տեղափոխվել  Երևան ու հաստատվել Դավթաշենում։ Գրեթե մեկուկես տարի է, ինչ ապրում ենք այստեղ։ Երեխաները հաճախում են դպրոց ու մանկապարտեզ։ Ժամանակի սղության պատճառով դեռևս չեմ ուզում աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ առաջին հերթին ցանկանում եմ կազմակերպել երեխաներիս առօրյան։ Ներկայումս դասապատրաստում եմ իրականացնում Ուրտեխե կրթարանում։

Սյուզաննան խոսում է ապագայից՝ երազելով տունդարձի մասին

-Այսօրվա դրությամբ մեր հիմնական նպատակը բնակարան ձեռք բերելն է, ինչը մեծ խնդիր է ինչպես բոլոր արցախցիների, այնպես էլ մեզ համար։ Այս պահին կարևորը մեր գլխին տանիք ունենալն է, իսկ հետո կմտածենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որ ժամանակավոր մեր ապագան կառուցենք։ Ժամանակավոր եմ ասում, որովհետև ես մեծ հույս ունեմ, որ կվերադառնանք Արցախ։ Ինչքան էլ փորձում ենք, չենք կարողանում հարմարվել։ Եթե մարդու ուշքը դեպի հետ է, դեպի իր տունն ու նախնիները, ապա նա չի կարող լիարժեք հարմարվել նոր իրականությանը։ Ուղղակի մեր գոյությունն ենք ցանկանում պահել։ Փորձում ես ծիծաղել, որ երեխաներդ քեզ ուրախ տեսնեն ու վարակվեն քո ուրախությամբ։ Պարզապես հանուն երեխաների ես ապրում ու արարում։ Մեր բոլոր երազանքներն ու նպատակները մնացել են Արցախում, որոնք կապված էին մեր հող ու ջրի, տան ու հայրենիքի հետ։ Գիտեմ՝ ինձ նման մտածում են գրեթե բոլոր արցախցիները։ Բայց և այնպես ես ցանկանում եմ, որ իմ հայրենակիցները երբեք չկորցնեն վերադարձի հույսն ու հավատը։ Եթե հանկարծ հնարավորություն ստեղծվի վերադառնալու, ապա բոլորս միահամուռ պետք է վերադառնանք ու շենացնենք մեր դրախտավայրը։ Իսկ մինչև այդ բաղձալի օրը գա, մենք պարտավոր ենք արժանապատվորեն ապրել ու հոգալ մեր երեխաների կարիքները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Մասիսի և Արտաշատի հատվածներում խիտ մառախուղ է

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Հայաստանի մի շարք շրջանների ճանապարհներին դիտվում է մառախուղ և մերկասառույց։
Ժամը 9:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում, ինչպես նաև Աբովյանի, Սևանի, Գավառի և Արթիկի շրջաններում դիտվում է մերկասառույց։ Արտաշատ-Արարատ-Երասխ հատվածում, Էջմիածնի շրջանում և Սևան-Հրազդան ճանապարհին դիտվում է խիտ մառախուղ, որտեղ տեսանելիությունը 30-50 մետր է։ Մասիսի և Արտաշատի շրջաններում տեսանելիությունը 15-20 մետր է։