Հեղինակ՝ naira
Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ ի նպաստ արցախահայության
Step1.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։
-Պարոն Գեւորգյան, Արցախի էթնիկ զտումից երկու տարի անց Ֆրանսիայի խորհրդարանում տեղի ունեցան լսումներ Արցախի հարցով։ Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել, ի՞նչ հարցեր են բարձրացվել, ի՞նչ արդյունք կարող է ունենալ քննարկումը։
-Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդաժողով՝ արցախահայության բռնի տեղահանության 2-րդ տարելիցը նշելու եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության թեման քննարկելու նպատակով: Խորհրդաժողովը կազմակերպվել էր պատգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի եւ Եվրախորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ ու փորձագետներ, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքին: Ակնկալվում է, որ վերոնշյալ երկրների խորհրդարանները, եւ հնարավորության դեպքում այլ երկրների խորհրդարաններ եւս, կշարունակեն ճնշումը սեփական կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործեն Արցախից տեղահանված հայերի իրավունքների իրականացման ուղղությամբ՝ ապահովելով նրանց անվտանգ ու համախմբված վերադարձը: Այս իրավունքն ընտրություն չէ, այլ՝ պարտավորություն: Բոլոր նշված խորհրդարանները նախկինում ընդունել են բանաձեւեր՝ ուղղված իրենց գործադիր մարմիններին այս նպատակով:
– Եվրոպայում Արցախի հարցը հիմա ի՞նչ տեղ ունի, համարում են Արցախի հարցը լուծվա՞ծ, թե՞ ուժով պարտադրված այս լուծումն ընդունելի չէ եվրոպական համայնքի համար։
-Եվրոպայի տարբեր երկրների կառավարություններ պնդում են, որ չեն կարող «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել»: Այլ կերպ ասած՝ վերջիններս հղում են անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ հարցից խուսափելու նպատակով։ Չնայած Եվրամիության երկրների կառավարությունները չունեն հարցի վերաբերյալ համաձայնեցված ընդհանուր քաղաքական դիրքորոշում, ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում Ադրբեջանը Եվրոպայի ռազմավարական հակառակորդը չէ. այն համարվում է էներգիայի «վստահելի» մատակարար, կապի միջոց Թուրքիայի հետ եւ հնարավոր հակակշիռ Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում է նաեւ, որ 2023թ. Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը, որն ի դեպ համարվում է մարդկության դեմ հանցագործություն, մնացել են անպատիժ։
Ըստ իս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկա դիրքորոշումը չի կարող արդարացում հանդիսանալ՝ այս հանցանքը եվրոպական երկրների կողմից մոռացության մատնելու համար։ Այդ պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք այն խորհրդարանականների հետ, ովքեր հանձն են առել պաշտպանել մարդու ու ժողովուրդների հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։ Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ ի նպաստ արցախահայության վերադարձի իրավունքի: Նույնը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Բելգիայի, Շվեյցարիայի եւ եվրոպական այլ երկրների խորհրդարաններում: Ի դեպ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձեւը պարտադիր ուժ է կրում Շվեյցարիայի կառավարության համար: Հակադրական է, երբ եվրոպական կառավարություններն իրենց հռչակում են ժողովրդավարության պաշտպաններ եւ միաժամանակ չեն հետեւում սեփական խորհրդարանների` ժողովրդի ներկայացուցիչների կողմից ընդունված բանաձեւերին:
–Որքանո՞վ է կարեւոր Եվրոպայում կամ ցանկացած այլ երկրում Արցախի ներկայացուցիչ ունենալը։
-Արցախահայերը սոսկ փախստականներ չեն, նրանք մարդկության դեմ հանցանքի զոհեր են։ Նրանց զրկել են իրենց հողերից, բնակարաններից, իրենց ապագայից: Այս ամենը տեղի է ունեցել իրենց ժողովրդավար, մարդու իրավունքների պաշտպան համարող պետությունների լռության եւ անտարբերության պայմաններում։ Այս համատեքստում է կարեւորվում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առկայությունը։ Այսoր որեւէ պետություն, այսինքն՝ որեւէ պետության գործադիր մարմին, փաստացի չի պաշտպանում հայրենազուրկ արցախահայության քաղաքական իրավունքները: Մինչդեռ նրանց ձայնը պետք է լսելի դարձնել: Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը ստանձնել է այս առումով իր բաժին պատասխանատվությունը եւ շարունակելու է իր ծառայությունը՝ որպես հենարան ունենալով բարի կամքի տեր բոլոր անձանց եւ ուժերին:
Ռոզա Հովհաննիսյան
Արցախցի երիտասարդները՝ առաջին հորիզոնականում
Օրերս Երևանում կազմակերպված <<Ոսկե գավաթ-2025>> մրցույթում արցախցի բարբերներ Մհեր Աղաջանյանը և Բենիկ Գաբրիելյանը զբաղեցրել են մրցանակային առաջին հորիզոնականը։
Ամենամասշտաբային բյութի առաջնությունը լայն հնարավորություն էր բյութի մասնագետների համար ցույց տալ իրենց հմտությունները, յուրահատուկ գործերը և հաղթել մրցույթում։ Առաջնությանը մասնակցել են վարսահարդարներ, դիմահարդարներ, բարբերներ, մատնահարդարներ և գեղեցկության բնագավառի այլ մասնագետներ, ովքեր ներկայացել էին ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից։
Արցախցի Մհերն ու Բենիկը մասնակցել են փակ աչքերով կտրվածքի մրցույթին, որտեղ Մհերը կտրվածք անողն էր, իսկ Բենիկը՝ հուշողը։ Տղաները կարողացել են ցույց տալ իրենց բարձր պատրաստվածությունը և պատահական չէ, որ զբաղեցրել են առաջին տեղը։
Արցախցի երիտասարդների համար մեծ պատիվ է միշտ առաջնային լինել ու ամեն տեղ բարձր պահել Արցախի անունը։
Նշենք, որ Մհերն Ասկերան քաղաքից է, իսկ Բենիկը՝ Խնապատ գյուղից։ Նրանք աշխատում են Երևանի Փափազյան 12 հասցեում գտնվող <<Բարբեր հաուս>> սրահում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն նվաճեց «Ոսկե գնդակը»
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացել է «Ոսկե գնդակին»` դա ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակն է, որը ամեն տարի շնորհվում է France Football շաբաթաթերթի կողմից, հաղորդում է BBC-ն։
Երկրորդ տեղը գրավեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլային հանճար Լամին Յամալը։ Որպես մխիթարություն և հավանաբար պայծառ ապագայի նախերգանք՝ հուլիսին 18 տարեկան դարձած Յամալը ստացավ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 21 տարեկան) Ռեյմոնդ Կոպայի մրցանակը։
Երրորդ տեղը գրավեց ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
Անցյալ մրցաշրջանում 28-ամյա Ուսման Դեմբելեն, ՊՍԺ-ի համար սովորական ներքին առաջնության և գավաթի տիտղոսներից բացի, ակումբի հետ նվաճեց Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հասավ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։
Ուսման Դեմբելեն դարձավ վեցերորդ ֆրանսիացին, ով արժանացավ այս հեղինակավոր մրցանակին։ Նախկինում դափնեկիրների թվում են Ռայմոն Կոպան (1958), Միշել Պլատինին (1983, 1984, 1985), Ժան-Պիեռ Պապենը (1991), Զինեդին Զիդանը (1998) և Քարիմ Բենզեման (2022)։
Մոլդովայի «հիբրիդային զավթումը». Սեպտեմբերի 28-ը կարող է ճակատագրական լինել Եվրոպայի համար
Մոլդովայում խուզարկություններից հետո ձերբակալվել է 74 մարդ, որոնց կասկածում են ռուսական հետախուզության աշխատակիցների կողմից Սերբիայում՝ զանգվածային անկարգություններ և բռնություն հրահրելու համար մարզված լինելու մեջ։ Դա սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը անկայունացնելու փորձեր են, հաղորդում է IPN-ը։
«Կրեմլը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդնում Դնեստրի երկու ափերին և արտասահմանում հարյուր հազարավոր ձայներ գնելու համար», – տեսաուղերձում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ «Մարդիկ ամեն օր թունավորվում են ստերով։ Հարյուրավոր մարդիկ գումար են ստանում անկարգություններ, բռնություն հրահրելու և վախ սերմանելու համար»։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Ռուսաստանը գարնանը մշակել է Մոլդովայի ընտրություններին միջամտելու ծրագիր՝ Սանդուին իշխանությունից հեռացնելու և նրա կառավարության ԵՄ անդամակցության ջանքերը խափանելու նպատակով։
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 28-ին: Հարցումների համաձայն՝ երկրի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնությունը։
NewsMaker-ի հաղորդմամբ՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն իր ելույթում նշել է, որ Մոսկվան փորձում է Մոլդովան վերածել Ուկրաինայի Օդեսայի մարզ հնարավոր ներխուժման ցատկահարթակի։
«Այսօր ես ձեզ ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ամբողջականությունը և եվրոպական ապագան սպառնալիքի տակ են», – ընդգծել է նա։
Մոլդովայի նախագահը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը աղետալի կլինի ոչ միայն մոլդովացիների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
«Եվրոպան կավարտվի Մոլդովայի հետ սահմանին։ Եվրոպական միջոցները կանգ կառնեն Պրուտ գետի վրա։ Տեղաշարժի ազատությունը կարող է դադարեցվել։ Մեր հողը կարող է դառնալ Օդեսայի մարզ ներթափանցման ցատկահարթակ։ Մերձդնեստրյան տարածաշրջանը կապակայունացվի», – հայտարարել է Սանդուն։
Նա ընդգծել է, որ Կրեմլը գործում է տեղացի քաղաքական գործիչների և գործարարների միջոցով, որոնք պատրաստ են վաճառել երկիրը անձնական շահի համար։ Պետության ղեկավարը նշեց, որ իրենք չեն հավատում ո՛չ Քիշնևին, ո՛չ Բրյուսելին, բայց հավատում են փողին։
Հրապարակ. ԱԱԾ ղեկավարը Բաքվին է հանձնել 10 գերիների ցուցակ՝ ազատ արձակման խնդրանքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Անդրանիկ Սիմոնյանի` Բաքու կատարած այցի մասին։ Վստահելի աղբյուրը փոխանցում է, որ այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։
Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:
Բայց այս 10 հոգուն ազատ արձակելու դիմաց էլ ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջել է ազատ արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել են 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ սպանություններ են իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում եւ 2021 թվականին ցմահ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում։
Մեր աղբյուրն ասում է, որ Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում և պայմանավորվել շարունակել երկխոսությունը
Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր ուղիները՝ հիմնվելով այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա, փոխանցում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։
Տուսկի կոշտ հայտարարությունը. Էրդողանը կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները
Լեհաստանը վճռականորեն կարձագանքի իր օդային տարածքի խախտումներին, հայտարարեց վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին։
«Մենք կորոշենք խփել թռչող օբյեկտները, երբ դրանք խախտեն մեր տարածքը և թռչեն Լեհաստանի վրայով՝ դրանում կասկած չկա», – ասաց վարչապետը մամուլի ասուլիսում։
«Երբ մենք գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, որոնք լիովին պարզ չեն, ինչպիսին է ռուսական կործանիչների վերջին թռիչքը Petrobaltic հարթակի վրայով, բայց առանց որևէ խախտման, քանի որ դրանք մեր տարածքային ջրերը չեն, մենք իսկապես պետք է երկու անգամ մտածենք, նախքան այնպիսի գործողություններ ձեռնարկելը, որոնք կարող են սրել հակամարտությունը», – մեջբերում է նրա խոսքերը Reuters-ը։
ՆԱՏՕ-ի 32 երկրների ներկայացուցիչներ սեպտեմբերի 23-ին Բրյուսելում կհանդիպեն Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում, որը հրավիրվել է Էստոնիայի խնդրանքով։ Խորհրդակցությունները կանցկացվեն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որը նշում է, որ «կողմերը միշտ պետք է խորհրդակցեն միմյանց հետ, եթե նրանցից որևէ մեկի կարծիքով սպառնալիքի տակ է որևէ կողմի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»։
Սեպտեմբերի 19-ին Էստոնիան մեղադրեց Ռուսաստանին Վայնդլո կղզու մոտ իր օդային տարածքը խախտելու մեջ՝ երեք ՄիԳ-31 ինքնաթիռներով։ ՆԱՏՕ-ի կործանիչները օդ բարձրացան, բայց ինքնաթիռները չխոցվեցին։
Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան «փորձարկում» է ՆԱՏՕ-ի ամրությունը՝ Թրամփի և Դաշինքի փլուզմամբ և Եվրոպայի պարտությամբ շահագրգռված այլ երկրների խրախուսմամբ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը սեպտեմբերի 22-ին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումը՝ Էստոնիայում և Լեհաստանում, կարող է հանգեցնել դաշինքի և Ռուսաստանի միջև ուղղակի բախման։
Միևնույն ժամանակ, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ՝ Կաստրուպ օդանավակայանը, երկուշաբթի երեկոյան ստիպված էր մի քանի ժամով դադարեցնել բոլոր թռիչքները տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։
Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն հիշեցրել է ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը Թուրքիայի կողմից։ Նա այս մասին գրել է X-ում, այն բանից հետո, երբ Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ։ «Մենք պետք է լուրջ լինենք։ Հ.Գ. Թուրքիան օրինակ ծառայեց 10 տարի առաջ։ Մտածելու տեղիք է տալիս», – գրել է Շակալիենեն Էստոնիայում տեղի ունեցած միջադեպի մասին։
2015 թվականի նոյեմբերին թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը սիրիա-թուրքական սահմանի վրա։
ՆԱՏՕ-ն պետք է հետևի այն օրինակին, թե ինչպես է Թուրքիան կառուցում հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ասել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Fox News-ի հատուկ ռեպորտաժին տված հարցազրույցում։ Այդպիսով նա ակնարկել է, որ ռուսական ինքնաթիռի խոցումը չի հանգեցրել Մոսկվայի և Անկարայի միջև հակամարտության, այլ հաստատել է Թուրքիայի վճռականությունը՝ դիմադրելու ցանկացած ագրեսիային։
Միևնույն ժամանակ, Էրդողանը կցանկանար, որ եվրոպացիները հայտարարեն Ռուսաստանի ագրեսիայի մասին։ Այս դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի կիրառել 5-րդ հոդվածը, և Թուրքիան իրավունք կստանա ազդել պատասխան հարվածի մասին որոշման վրա, այդ թվում՝ վետոյի իրավունք։
Հայաստանի նոու-հաուն. ինչ կհայտարարի Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Ասում են, որ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ից 27-ը Նյու Յորքում է լինելու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին մասնակցելու համար։
Գլխավոր ասամբլեայի ներկայիս նստաշրջանը սկսվել է Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Մոնակոյի և մի շարք այլ երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչման շքերթով։ Իտալիայում, որտեղ կառավարում է Թրամփին հարազատ կուսակցությունը, երեկ տեղի են ունեցել պաղեստինցիների ի պաշտպանության զանգվածային գործադուլներ, որոնք վերածվել են անկարգությունների։ Միացյալ Նահանգները չի ճանաչում Պաղեստինը, պաշտպանելով միասնական Իսրայելի գաղափարը, որը կդառնա «կայսրություն» Մերձավոր Արևելքի մի մասում՝ Թուրքիայի կողքին։
Երկու պետությունների՝ Պաղեստինի և Իսրայելի գոյության աջակցությունը Եվրոպայի վերջին փորձն է՝ փրկելու ներկայիս եվրոպա-հրեական աշխարհակարգը, որը կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա։ Այս աշխարհակարգի փլուզումը աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայի համար, որն արդեն իսկ պատառոտվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի կողմից՝ դրսից և ներսից՝ միգրացիայի միջոցով։
Աշխարհակարգի փլուզումը սկսվեց փոքրիկ Արցախով և Եվրոպայի աջակցությամբ՝ Արցախյան խնդիրը ռազմական «կարգավորման» կարգավորելու հարցում՝ ագրեսիա, օկուպացիա, ցեղասպանություն, բնիկ բնակչության տեղահանություն և ճանաչված սահմանների բռնի փոփոխություն: 1990-ին Հայաստանի անկախության հռչակագիրը և Հայաստանի և Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ողջունած Եվրոպան, 2022 թվականի փետրվարից հետո (երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա), հանկարծակի կառչեց Ալմա-Աթայի հռչակագրին և Ստալինի գծած սահմաններին։
2022 թվականին Պրահայում, Լավրովի բարձր ծիծաղի ներքո, եվրոպացի առաջնորդները ծափահարեցին Փաշինյանի և Ալիևի կողմից Ղարաբաղը «Ադրբեջանի» մաս ճանաչող փաստաթղթի ստորագրմանը: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց ավելի վստահորեն «պատառոտել» Ուկրաինան. եթե Եվրոպան ճանաչել է Ադրբեջանի՝ տարածք զավթելու իրավունքը, ապա կճանաչեր նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կեսի, իսկ հետագայում՝ Բալթյան երկրների և Լեհաստանի զավթումը: Թուրքիան հանգիստ գրավեց Սիրիան, հաստատվեց Հայկական լեռնաշխարհում, իսկ Իսրայելը սկսեց Գազայի, Լիբանանի և Սիրիայի մասերի լիակատար օկուպացիան։
Հենց Արցախում սկսեց քանդվել հին աշխարհակարգը, և հիմա Արցախը մատաղ արած եվրոպական երկրները փորձում են փրկվել՝ “փրկելով” Պաղեստինը։
Սակայն արդեն ուշ է. ավանդական պետությունների փլուզումը սկսվել է, կրկին Հայաստանից, և Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի հայկական նոու-հաույի մասին։
Սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության օրվանից մեկ օր առաջ, վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երրորդ Հանրապետության ավարտի մասին, նշելեվ, որ «Հայաստանը վաղուց ապրում է Չորրորդ Հանրապետության պայմաններում»։ Այս հայտարարությունն նոնսենս էր. պետությունը հայտարարում է սահմանադրական կազուսի մասին, երբ գործող Սահմանադրությամբ իշխող կուսակցությունը առաջնորդվում է դրան հակասող սկզբունքներով, օրինակ՝ հայտարարելով երկրի սահմանների փոփոխությունների մասին առանց հանրաքվեի կամ երկրի տարածքի մի մասի “աութսորսինգով” օտարման մասին՝ առանց հստակ պայմանների քննարկման։ Սահմանադրությունն այլևս ուժի մեջ չէ, ուրեմն՝ պետությունը չի գործում։
Սա իսկապես նոու-հաու է. Հայաստանն աշխարհում առաջինը հայտարարեց, որ չունի ճանաչված սահմաններ և, հետևաբար, պաշտպանելու ոչինչ չունի, որ լավագույն դիմադրությունը՝ «խաղաղությունն» ու «խաչմերուկն» են, որ մերժում է Արարատը և մյուս բոլոր ազգային ուղենիշները: Հայաստանն առաջինն էր, որ հայտարարեց ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված հանրապետության լուծարման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի հետ կապերի լիակատար խզման մասին։
Այս նոու-հաուն միանշանակորեն կաջակցվի ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իսրայելի կողմից, մինչդեռ Հունգարիան և Սլովակիան՝ Հայաստանի ներկայումս եվրոպական լավագույն ընկերները, կօգտագործեն այն ԵՄ-ն քանդելու համար։
Մի հայտնի փիլիսոփայի տարիներ առաջ ասել էր, որ ներկայիս գլոբալ պարադիգմի պայմաններում Հայաստանը ոչ մի շանս չունի գոյատևելու որպես ավանդական պետություն՝ որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչությամբ: Հայաստանը կարող է գոյատևել միայն որպես ցանցային պետություն՝ ինչ-որ վիրտուալ բան, առանց տարածքի, բայց ֆորմակ կառավարվող մեկ կենտրոնից։
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց նման նախագծի մասին, և դա նախադեպ կստեղծի աշխարհի շատ երկրների համար, որոնք կդադարեն գոյություն ունենալ որպես ազգային պետություններ։
Ֆրանսիան, Բելգիան, Մոնակոն, Մալթան և Լյուքսեմբուրգը հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին։ Ֆրանսիացի առաջնորդը ելույթ ունեցավ երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ տեղի է ունենում պետությունների և կառավարությունների ղեկավարների համաշխարհային գագաթնաժողով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ֆորումի գլխավոր նպատակն է փորձել վերակենդանացնել երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի, լուծումը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։
«Այսօր Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինի պետությունը», – ասաց Մակրոնը։ Նա ասաց, որ դա արվում է «իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդների միջև խաղաղության անվան տակ»։
Ժամանակն է «ազատ արձակել Համասի կողմից պահվող 48 պատանդներին» և վերջ դնել «պատերազմին, Գազայի ռմբակոծություններին, կոտորածներին և բնակչության արտագաղթին», հաղորդում է AFP-ն։
Ավելի ուշ՝ նույն հանդիպման ժամանակ, Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, Մոնակոյի, Մալթայի և Լյուքսեմբուրգի առաջնորդների հետ միասին, հայտարարեց Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին։
Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան սեպտեմբերի 21-ին ճանաչեցին Պաղեստինի պետությունը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը կոչ արեց այս երկրներին հետևել օրինակին։ «Մենք կոչ ենք անում մյուս բոլոր երկրներին նմանատիպ պատմական քայլ կատարել», – ընդգծեց նա։ Այս միջոցառումը «զգալի ազդեցություն կունենա երկու պետությունների լուծման իրականացման ջանքերի վրա», – հավելեց նա, հայտնում է DW-ն։
Ցավ է․ արցախցիների շրջանում մեծացել են անժամանակ մահվան դեպքերը
Ապրեցե՛ք մարդիկ, գնահատեք ձեր առողջությունը
Երկու տարի է, ինչ արցախցին իր տանը չէ․ նա իր կամքին հակառակ հեռացել է իր երկրից։ Մի երկիր, որտեղ ամեն ինչ դրախտային էր։ Արցախում մարդիկ պարզապես երջանիկ էին և հոգ չէր, որ թշնամին ցանկացած բնակավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր էր հեռու, իսկ Արցախն էլ լիովին շրջափակման մեջ էր։ Ոչինչ չէր խանգարում, որ արցախցին իրեն լիարժեք երջանիկ զգար։
Բռնատեղահանությունից հետո արցախցիներից ոչ մեկն իր տեղը չի կարողանում գտնել, և օրեցոր կորստի ցավն ավելի է սաստկանում, իսկ երբ գումարվում է սոցիալական ծանր վիճակը, ապա մարդ պարզապես ի վիճակի չէ դիմանալ․ նա այլևս ուժասպառ է և պայքարելու ուժից զրկված։ Ցավն ու կարոտը մաշում են մարդկանց հոգիները։ Կարծում եմ՝ մեր հոգեբանները բավարար աշխատանք ունեն կատարելու տեղահանված արցախցիների հետ․ չէ՞ որ շատ դեպքերում հոգեկան առողջության քայքայումը բերում է ողբերգական հետևանքների։
Այնպես է ստացվել, որ տեղահանությունից ի վեր շարունակում եմ համակարգել <<Բերդ Թերթ>> ֆեյսբուքյան էջը, որը հաղորդակցվելու լայն հարթակ է տեղահանված արցախցիների, ինչու չէ նաև հայաստանյան լսարանի համար։ Սոցիալական այդ էջը մարդկանց համախմբման, իրար ուրախություն, դարդ ու ցավ կիսելու, միմյանց մասին տեղեկություններ իմանալու տեղ է, որի ամեն մի գրառմանը մարդիկ սպասում են սրտի թրթիռով, իհարկե ակնկալելով միայն բարի լուրեր կարդալ։ Սակայն, ցավոք, շատ հաճախ նրանց սպասելիքները չեն արդարանում։ Վերջին ժամանակներս արցախցիների շրջանում մեծացել են անժամանակ մահվան դեպքերը․ մարդիկ մահանում են հանկարծակի։ Շատերի մոտ գրանցվում է սրտի կանգ, կամ էլ չեն կարողանում հաղթահարել հիվանդությունները։ Ցավալի փաստ է, որ արցախցիների շրջանում մահը երիտասարդացել է։
Ամեն անգամ, երբ հեռախոսահամարիս անծանոթ զանգ է գալիս, տագնապով եմ լցվում։ Մինչև պատասխանելը մտածում եմ՝ դարձյա՞լ երիտասարդ մարդու մահվան մասին եմ լսելու։ Շատ դեպքերում սիրտս չի սխալվում։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան դժվար է մահախոսական գրել, այն էլ այն մարդկանց մասին, ովքեր դեռ երիտասարդ կամ միջին տարիքի են և որոնց շատ լավ ես ճանաչում։
Ո՛չ, այլևս չեմ ուզում մահվան լուր հայտնել, բա՛վ է։ Ապրեցե՛ք մարդիկ, գնահատեք, պահպանեք ձեր առողջությունը։ Ինչքան էլ դժվար է, հաղթահարե՛ք դժվարությունները․ չէ՞ որ մենք անցել ենք մեծ արհավիրքների միջով ու դեռ մեծ նպատակ ունենք, որը պետք է իրականացնենք միասին։
Ապրեցե՛ք մարդիկ, թունելի վերջում միշտ էլ լույս կա։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Արցախցիներն իրենց պատմությունը, փաստաթղթերն այրեցին ու հեռացան
2023թ. սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսած հրետակոծությունը շարունակվել է մինչեւ լույս 20-նն առանց 5 րոպե դադարի (առանց չափազանցության): Պարզ էլ չէր, ով ում վրա է կրակում եւ ինչ տեսակի զինատեսակներից: “Թարսի պես” էլ հենց այդ ժամանակ BBC-ից զանգում են հարցնում, իբր կարո՞ղ եմ բացատրել, թե ի՞նչ է կատարվում: Ես հեռապոսը բռնած ձեռքս հանում եմ պատուհանից ու առաջարկում` ավելի լավ է ինքներդ լսեք: “Go to a safe place, please”, ասում է իմ կոլեգան: Լսվում էին բոլոր հնարավոր զենքերի ձայներ` դրոններից մինչեւ ավտոմատներ: Մի տեսակ անիմաստ էր դարձել նկուղներ գնալ անգամ:
Հիշում եմ, Արցախ թաղամասում մի աղջիկ նստել էր բեսեդկայում, ու ինչ-որ անորոշ բաներ էր ասում ու լացում. “ինձ համար մեկ է այլեւս, կրակում են` թող կրակեն” – ասում էր նա: Հարեւաններից մեկն ասում էր՝ ցնորվել է, մեկը պնդում էր՝ ալկոհոլի ազդեցության տակ է, մեկն ասում էր՝ ամուսինն է զոհվել:
Նույն թաղամասի նկուղներում իսկական քաոս էր. մայրերը երեխաների տրտունջն ու լացը զսպելու ոչ մի ելք չգտնելով, ստիպված միանում էին նրանց. “Աստված իմ…”: Ամեն նկուղում զենքով մի տղամարդ կար․ մարտերն արդեն քաղաքում էին եւ ոչ մի երաշխիք չկար, որ Շուշիից ադրբեջանցի զինվորները քաղաք չեն մտել (բոլորի մտքում էլ հենց դա էր, չնայած հոսանքից էին խոսում):
Լսելով, որ հարակից կիսակառույցի նկուղում “քաղաքացիական պաշտպանության ջոկատ” է ձեւավորվել եւ որ այնտեղ գեներատոր կա, ես որոշեցի գնալ այնտեղ եւ հեռախոսս լիցքավորել: Այստեղ նույնպես քաղաքացիական հագուստով ու զենքով մի երիտասարդ կար: Զորամասային մահճակալներին տեղ չկար. տատիկներ, կանայք ու աղջիկներ վերմակներով փաթաթված նստած քնել էին, իսկ արթունները ջուր էին եռացնում դիզելային գեներատորից ստացած հոսանքով, սեղանին կիսադարակ ջեմի, մուրաբաների, մեղրի տարաներ էին, որ հավանաբար գյուղացիներն էին քաղաք բերել: Աղջիկները թեյ չեն հյուրասիրում, կարիք էլ չկար խնդրել, պարզ է, որ “պարենային մթերքները” միայն ներսի անձնակազմի համար էր: YouTube-ում ես մի միքս էի հանդիպել, որի հեղինակը հրետանու ձայներից երաժշտություն էր ստեղծել, իսկ Ստեփանակերտում դրա “live” էր գնում ըստ էության: Ցեմենտաբետոնի շերտերի տակ “երաժշտությունն” աղոտ էր լսվում, բայց երբ դուրս եկա` “համերգի” իսկական մասնակից դարձա: “Պա՛տի տակ, պա՛տի տակ”, ասում եմ ես մորաքրոջս որդուն:
Տուն հասնելով, ես նրան մի զվարճալի պատմություն պատմեցի առաջին ղարաբաղյան պատերազմից, թե ինչպես էր այն ժամանակ մեր հարեւաններից մեկը պիդջակով գլուխը ծածկել, երբ գրադը սկսել էր խփել: Մեր նկուղում ոչ տեղ կար, ոչ էլ իմաստ անյնտեղ մնալ: Այսպես մենք որոշեցինք երրորդ հարկում քնել` ինքներս մեզ հույս տալով, որ մերոնք են կրակում: Հուժկու ձայները շատ մոտիկ էին լսվում, բայց քունը մեզ հաղթեց:
Սեպտեմբերի 21-ին Եվլախում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ հանդիպումից հետո հոսանքը քաղաքում վերականգնվել եւ իրավիճակի կարգավորման մասին սուտ լուր էր տարածվել: Ի՞նչ լավ լուրի մասին կարող էր խոսք լինել, երբ մարդիկ արդեն կապում էին իրերը::
Չնայած արդեն հոսանք կար, չնայած երեխաները նկուղներից բակ էին դուրս եկել, բայց կանայք փայտե վառարանների վրա էին թեյ տաքացնում, ճաշ պատրաստում, որին մի տհած հոտ էր միախառնվել:
Վառարաններից զատ ինչ-որ խարույկներ էին բակերում: Ես չէի հասկանում, մինչեւ տիկին ֆլորան չպարզաբանեց. “փաստաթղթերն ու զինվորական համազգեստներն են վառում” (Արցախ թաղամասում հիմնականում զինվորականների ընտանիքներ էին բնակակվում):
Կրակի այս “պաշտամունքը” դեռ գիշերն էր սկսվել, երբ մարդիկ վառում էին իրենց սովետական սեւ-սպիտակ լուսանկարները (ձեզ ո՞վ է ճանաչելու այդ լուսանկարներում), հիմնարկներն՝ իրենց արխիվները: Ամենամեծ “խարույկը” Արցախ թաղամսում էի նկատել նույն գիշերը եւ զանգել Փրկարար ծառայունթյուն, մտածելով որ թաղամասը տաքացնող ջերմակայանում է հրդեհ բռնկվել:
Անգամ այդ քաոսի մեջ Արցախի փրկակարար ծառայությունից հենց առաջին զանգից հետո պատասխանեցին եւ ասացին, որ հասնում են: Բանակի արխիվները վառելու ամենահարմար տեղն Արցախ թաղամասի կաթսայատունն էր եւ բոցն էլ հենց դրանից էր բորբոքվել: “Վտանգավոր բան չկա”, հավաստիացրին փրկարարներն ու գնացին, չնայած եռման ջուր էր ֆշշացնում խողովակներից եւ թվում էր թե, ուր որ է պայթյուն կլինի:
Այս օրերին ես արտասահմանյան մի լրատվամիջոցի ասել էի, որ եթե այսպես շարունակվի, սա “վերջի” “սկիզբ” է նշանակելու Արցախի համար: Արցախցիներն իրենց պատմությունը, փաստաթղթերն այրեցին ու հեռացան: Բուլգակովն էլ ասում էր՝ ձեռագրերը չեն վառվում: Արդյո՞ք սա վերջն է:
Մարութ Վանյան

