Քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը, որ «մենք կանենք և աշխատում ենք դրա վրա», որը նաև պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է», – «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում ասաց նա:

Հաջորդիվ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները: Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք, վստահեցրեց Փաշինյանը:

Նա նշեց, որ փորձագիտական շրջանում քննարկվում է հետևյալ հարցը՝ արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, և ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ:

Վարչապետը հավելեց՝ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ, նրա ներկայացմամբ, քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը։ Փաշինյանը ժամկետը պայմանավորեց ներդրումներով:

«Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալ», – ասաց նա:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել են, թե որտեղից է պետք սկսել նախագիծը, ու նախնական քննարկմամբ եկել ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողը էլէկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է: Սակայն, ասաց, դա նախնական ըմբռնում է:

Հղիության արհեստական ընդհատումները ՀՀ-ում․ պատճառներն ու հետևանքները

Հարցազրույց գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ

Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեման շարունակում է մնալ թե՛ բժշկական, թե՜ սոցիալական քննարկումների կենտրոնում։ Թեև իրավական դաշտը կնոջը տալիս է հղիությունը դադարեցնելու ազատ ընտրության իրավունք, հարցը շարունակում է մնալ զգայուն՝ ուղեկցվելով հոգեբանական, տնտեսական և մշակութային գործոններով։

Ըստ Հայաստանի օրենսդրության՝ յուրաքանչյուր կին կարող է դադարեցնել հղիությունը մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետում՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Այդ ժամկետից հետո՝ մինչև 22 շաբաթ, ընդհատումն արդեն թույլատրվում է միայն բժշկական կամ սոցիալական հիմնավորումներով։ Բժշկական ցուցումները վերաբերում են այն դեպքերին, երբ հղիությունը վտանգում է կնոջ կամ պտղի կյանքը, իսկ սոցիալական ցուցումները ներառում են ամուսնու մահը հղիության ընթացքում, ամուսնալուծությունը, ազատազրկման պատիժը կամ հղիությունը բռնաբարության արդյունքում (Կառավարության N 180-Ն որոշում, 2024 թ.)։

Օրենքը նաև պարտադրում է, որ բժիշկը կնոջը տրամադրի առնվազն երեք օր որոշման կայացման համար, ինչպես նաև անվճար խորհրդատվություն՝ ընդհատման հնարավոր առողջական և հոգեբանական հետևանքների մասին։ Միջամտությունից հետո կնոջը պետք է տրամադրվի տեղեկություն՝ անցանկալի հղիությունը կանխելու միջոցների վերաբերյալ։

Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին Հայաստանում տարեկան իրականացվում է միջինում 7 000–9 000 հղիության արհեստական ընդհատում ։ Թեև ցուցանիշը որոշ նվազման միտում ունի, մասնագետները նշում են, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Դրա պատճառներն են՝ սոցիալ-տնտեսական անապահովությունը, հակաբեղմնավորիչների վերաբերյալ տեղեկատվական բացերը, ինչպես նաև հասարակական վերաբերմունքը, որը հաճախ կնոջ որոշումը դարձնում է դատապարտման առարկա։

ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալներով՝ աշխարհում կատարվող աբորտների շուրջ 45 %-ը դեռ իրականացվում են ոչ անվտանգ պայմաններում, իսկ զարգացող երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 60 %-ը (WHO, Abortion Fact Sheet, 2023)։ Սա հստակ ցույց է տալիս, որ իրավական սահմանափակումները միայնակ չեն կարող կանխել խնդիրը՝ առանց կանխարգելման, կրթության և աջակցության համակարգերի զարգացման։

Խնդիրը առավել խորությամբ հասկանալու և իրավիճակի վրա մասնագիտական հայացք նետելու համար մենք զրուցեցինք գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ, ով կներկայացնի՝  ինչ հիմնական պատճառներով են կանայք դիմում հղիության ընդհատման, որքանով են տեղեկացված հակաբեղմնավորիչների մասին և ինչ քայլեր կարող են նվազեցնել ոչ ցանկալի հղիությունների և դրանց հետևանքների թիվը:

– Տիկին Մաղաքելյան, հաշվի առնելով Ձեր փորձը, որո՞նք են հիմնական պատճառները, որ կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման Հայաստանում։

-Պատճառները բազմաշերտ են։ Ամենատարածվածը անապահովությունն է․ կանայք հաճախ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ երեխայի ծնունդը ֆինանսական դժվարությունների պայմաններում։ Երկրորդը տեղեկատվական բացերն են․ դեռևս մեծ թվով երիտասարդ կանայք չգիտեն՝ ինչպես ճիշտ օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցները։ Ուստի առիթից օգտվելով՝ հիշեցնեմ, որ ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում անվճար տրամադրվում են պահպանակներ: Երրորդ կարևոր գործոնը հոգեբանական և ընտանեկան ճնշումն է․ որոշ դեպքերում կինն ինքը չի որոշում, այլ ենթարկվում է ամուսնու կամ ընտանիքի այլ անդամների ճնշմանը։

– Որքանո՞վ են այսօր կանայք տեղեկացված հակաբեղմնավորիչ միջոցների և դրանց ճիշտ կիրառման մասին։

-Ցավոք, ոչ բավարար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ կեսը չունի բավարար գիտելիք՝ ինչպես ընտրել և կիրառել հակաբեղմնավորիչներ։ Դպրոցական ծրագրերում սեռական կրթությունը դեռևս պարտադիր չէ, և դա լուրջ բաց է։ Եթե յուրաքանչյուր երիտասարդ կին ունենար ճշգրիտ տեղեկատվություն և հասանելի ծառայություններ, հղիության արհեստական ընդհատումների թիվը կարող էր զգալիորեն նվազել։

– Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը որքանո՞վ է շարունակում արդիական մնալ։

-Այն զգալիորեն նվազել է, բայց ամբողջությամբ չի վերացել։ Որոշ մարզերում՝ մասնավորապես Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, դեռ պահպանվում է տղա երեխա ունենալու սոցիալ-մշակութային սպասումը։ Այդ նախընտրությունները գալիս են խորքային ավանդույթներից ու կարծրատիպերից։ Սակայն բժիշկների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը որոշ չափով փոխել է պատկերը։

– Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ազդեցություն ունեն հասարակական վերաբերմունքն ու դատապարտումը կանանց վրա։

-Շատ լուրջ ազդեցություն ունեն։ Շատ կանայք պարզապես լռում են իրենց փորձառության մասին՝ վախենալով դատապարտումից։ Այդ լռությունն է, որ հաճախ բերում է ոչ անվտանգ միջամտությունների՝ ստվերային պայմաններում։ Բարոյական դատապարտումը ոչ թե կանխում է հղիության արհեստական ընդհատումները, այլ մղում է վտանգավոր որոշումների, որը կարող է հանգեցնել ողբերգակական ավարտի՝ ընդհուպ կնոջ մահվան։

– 2017 թվականից գործում է սեռի բացահայտման արգելք մինչև հղիության 12-րդ շաբաթը։ Արդյո՞ք այն արդյունավետ է եղել։

-Արգելքը մասնակի արդյունք է տվել, բայց չի լուծել խնդիրը։ Որոշ ընտանիքներ սկսեցին օգտվել «սեռի հաշվարկ» կոչվող միֆական մեթոդներից կամ դիմել մասնավոր կլինիկաների, որտեղ արյան անալիզի միջոցով հնարավոր է հղիության վաղ ժամկետում բացահայտել սեռը։ Այսինքն՝ առանց հասարակական մտածողության փոփոխության միայն իրավական սահմանափակումները չեն կարող արդյունավետ լինել։

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ մոտեցում պետք է ունենան պետությունն ու հասարակությունը այս հարցում։ Ի՞նչն ենք սխալ անում:

-Պետք է կենտրոնանալ ոչ թե արգելքների, այլ աջակցության վրա։ Կանանց պետք է ապահովել հասանելի վերարտադրողական առողջապահությամբ, հոգեբանական խորհրդատվությամբ, սոցիալական ծրագրերով։ Անհրաժեշտ է ներդնել սեռական կրթություն դպրոցներում և զարգացնել ընտանիքների աջակցության մեխանիզմները։ Հասարակությունը նույնպես պետք է փոխի իր վերաբերմունքը․ կնոջ ընտրությունը դատապարտելու փոխարեն պետք է լսել նրան։ Դա առաջին քայլն է դեպի առողջ ու տեղեկացված որոշումներ։

– Ի՞նչ ասել այն կանանց, ովքեր կանգնած են նման բարդ ընտրության առաջ։

Նախ՝ պետք է հասկանալ, որ ոչ ոք իրավունք չունի դատել նրանց։ Կարևոր է, որ նրանք տեղեկացված որոշում կայացնեն՝ բժշկի, հոգեբանի և անհրաժեշտության դեպքում սոցիալական աշխատողի օգնությամբ։ Հղիության արհեստական ընդհատումը միայն բժշկական միջամտություն չէ, այլ նաև հուզական փորձություն, և այստեղ ամենակարևորը աջակցությունն է, ոչ թե քննադատությունը։

Լուսանկար՝ Անահիտ Մաղաքելյան

Հեղինակ՝ Մարիամ Աբրահամյան

Ուկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել

Տերնոպոլի մարզի գյուղական նկուղում հայտնաբերվել է 414-ամյա եզակի հայկական հուշարձան։ Տերնոպոլի մարզի Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար իսկական պատմական գանձ են հայտնաբերել՝ «Հայկական ջրհոր», որը թվագրվում է 1611 թվականին, հաղորդում է AnalitikaUA-ն։

Ավելի քան չորս դար այն գրեթե անհայտ է մնացել, քանի որ կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ։ Դրսից դա սովորական աղբյուր է՝ քարե շարվածքով և թուջե խողովակով, սակայն դրա տակ թաքնված է բարդ հիդրոտեխնիկական կառույց, որը կանգնեցվել է XVII դարի հայ վարպետների ձեռքով։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հայտնվում է ստորգետնյա ջրամբարում, իսկ հետո դուրս է գալիս։

Աղբյուրի պատին պահպանվել է քարե փորագրված սալիկ՝ լատիներեն և հայերեն արձանագրություններով, որոնք վկայում են. «Հայ Հակոբը հանուն հասարակության կառուցել է 1611 թվականին։ Այս խաչը և կառուցված աղբյուրը Հակոբի և նրա եղբոր՝ Ստեփանոսի աշխատանքն է։ Աբրահամը՝ քարի վրա փորագրող վարպետը, կատարել է նվիրումով»։

Սալիկի վերին մասը զարդարում է բացված թևերով արծվի պատկերը, որի տակ կա խաչ՝ տարօրինակ բուսական զարդանախշով։ Այս հուշարձանը տպավորիչ է ոչ միայն իր տարիքով, այլև վարպետությամբ։ Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ վարպետները ստեղծել են նաև փորագրված զարդեր տեղի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կոստյոլի և հին ամրոցի դարպասների համար։

Բաքուն չի պատասխանում Փաշինյանի Արծվաշենի մասին առաջարկին

Վարչապետը օրերս հայտարարեց, որ սահմանազատման արդյունքում հետ ենք բերելու Արծվաշենը և մեր մյուս հողերը, որ այսօր գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ. Եթե դա այլ կերպ ձեւակերպենք, դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին ենք տալու Տիգրանաշենը, նոյեմբերի 13–ին ԱԺ–ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը չի գնում խաղաղության այն մոդելով, որով մենք ենք ձգտում. «Իրենց մոդելը Հայաստանի վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենն իրենց ինչի՞ն է պետք։ Իրենց դա պետք չի, բացի ռազմավարական նպատակներից», ասել է Աղազարյանը։

Նա առաջարկում է հասնել նրան, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցվաշենը մնա Ադրբեջանին։

Ի՞նչ մտադրություններ ունի Հայաստանի կառավարությունը Տիգրանաշենի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, առանց Տիգրանաշենի մասին հիշատակելու, օրերս ասաց, որ Հայաստանը կվերադարձնի Արծվաշենը և մյուս գրավյալ տարածքները։ Սա հնչեց որպես բարտեր-առաջարկ Բաքվին. Արծվաշենը թող մնա ձեզ, իսկ Տիգրանաշենը՝ մեզ։ Սակայն, Բաքուն, ըստ երևույթին, չի ընդունում այս առաջարկը։

Սա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ պատրաստ է բացել Մարգարա-Երասխ-Վայք-Սիսիան-Գորիս ճանապարհը, որի վրա գտնվում է Տիգրանաշենը, Թուրքիա-Ադրբեջան տարանցման համար։ Բաքուն և Անկարան որևէ կերպ չեն արձագանքել այս առաջարկին։ Նույն օրերին Բաքվի արտաքին գործերի նախարարությունը կրկին պահանջեց վերադարձնել անկլավները, առաջին հերթին՝ «Քյարքի»-Տիգրանաշենը։ Այլ կերպ ասած, Բաքուն և Անկարան ակնկալում են ստանալ Փաշինյանի առաջարկած ճանապարհը առանց նրա կողմից որևէ «բարեհաճության»։

Աղազարյանի հուսահատ առաջարկը և Փաշինյանի կողմից արձագանքի բացակայությունը ցույց են տալիս, որ Փաշինյանը չի կարողանում «հետաձգել» Տիգրանաշենի հարցը մինչև «ընտրություններից հետո», ավելին, այդ հարցը կարող է դառնալ նրա վերընտրության «պայման»։ Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ «Թրամփի ճանապարհի» շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին, ընտրություններից հետո։

Սակայն Տիգրանաշենի հարցը կարող է լուծվել շատ ավելի շուտ։ Նույնիսկ եթե Հայաստանը “հրաժարվի” Արծվաշենից։

Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ է սկսել Արևմտյան կիսագնդում թմրավաճառների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է իրականացնել «Հարավային նիզակ» գործողությունը, որի նպատակն է պայքարել Արևմտյան կիսագնդում թմրամիջոցների դեմ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հագսեթը։ Հագսեթի խոսքով՝ այս գործողության նպատակն է ճնշել Արևմտյան կիսագնդում «նարկոտեռորիստներին»։

«Այսօր ես հայտարարում եմ «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին։ Մենք պետք է հեռացնենք թմրոտեռորիստներին մեր կիսագնդից։ Մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը թմրանյութերից։ Արևմտյան կիսագունդը Ամերիկայի հայրենիքն է, և մենք այն կպաշտպանենք», – հայտարարել է Հագսեթը։

Նախորդ օրը Կարիբյան ծով է ժամանել ԱՄՆ ավիակիր USS Gerald R. Ford-ը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի այլ ռազմանավերի ուղեկցությամբ։

Վենեսուելան իր ափերի մոտ ամերիկյան ռազմանավերի ներկայության աճը անվանել է «սադրանք»։

Միացյալ Նահանգները կարծում է, որ Վենեսուելայում տեղակայված են թմրանյութերի լաբորատորիաներ, որոնք պատկանում են խոշոր թմրամիջոցների կարտելներին, որոնք թմրանյութեր են մատակարարում ԱՄՆ։ Վենեսուելայի բռնապետ Նիկոլաս Մադուրոն հերքում է դա։

Նոյեմբերի 12-ին Պենտագոնը Դոնալդ Թրամփին ներկայացրել է Վենեսուելայի և Մադուրոյի ռեժիմի դեմ ռազմական գործողությունների մի քանի տարբերակ։ Վենեսուելան հայտարարել է, որ ամերիկյան զորքերի ներխուժման դեպքում կսկսվի պարտիզանական պատերազմ։ Այս մասին հաղորդում է Диалог-ը.

Աննա Առուստամյան. «Մենք փորձում ենք գոյատևել և պահպանել մեզ»

Աննա Առուստամյանը հոգեբան, երգչուհի և նկարիչ է։

Հարկադիր տեղահանումից հետո նրա ընտանիքը, ինչպես հազարավոր այլ արցախյան ընտանիքներ, բախվել է բազմաթիվ սոցիալական և հոգեբանական դժվարությունների։

«Ամենադժվարը վարձավճարն ու առօրյա ծախսերն էին։ Ես փորձում էի աշխատանք գտնել, բայց ստացած եկամուտը նույնիսկ չէր ծածկում տան վարձավճարը։ Միևնույն ժամանակ, ես ստիպված էի կատարել այնպիսի պարտականություններ, որոնք չէին մտնում իմ աշխատանքային նկարագրության մեջ։ Աշխատանք գտնելը մի բան է, բայց գործատուների վերաբերմունքը իրենց աշխատակիցների նկատմամբ՝ բոլորովին այլ բան», – ասում է Աննան։

Ըստ նրա, շատ երիտասարդ տեղահանվածներ դժվարանում են հարմարվել։

«Տեղացի երիտասարդները ինչ-որ կերպ առաջ են մղում իրենց շահերը, բայց մենք այլ մտածելակերպ ունենք։ Մենք պետք է փոխենք մեր մեջ ամեն ինչ՝ հարմարվենք տեղական կյանքին, հաղթահարենք պատերազմների, շրջափակումների, հարկադիր տեղահանության և Հայաստանի դժվարությունների տրավմաներն ու սթրեսը։ Մենք ապրում ենք Արցախի, կորցրած տան հիշողություններով և այն հույսով, որ կվերադառնանք։ Հարմարվողականության գործընթացը ցավոտ է»։

Աննան ցավով նշում է, որ տուն ունենալու երազանքը շատ արցախցիների համար մնում է անիրականանալի։
«Բնակարանային ծրագրի շրջանակներում տրված վկայականները չեն արտացոլում բնակարանների իրական գները։ Հետևաբար, մարդիկ ստիպված են լինում կատարել ցանկացած աշխատանք՝ միայն վարձը վճարելու համար։ Մեզանից շատերը չեն ուզում հեռանալ. մենք ուզում ենք ապրել հայկական միջավայրում, մեր հարազատների մեջ»։

Ընտանիքը պահելու համար Աննան աշխատում է երկար ժամեր, ինչը քիչ ժամանակ է թողնում իր սեփական փոքր բիզնեսը զարգացնելու համար։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է ստեղծել իր սեփական ապրանքանիշը՝ «Ականատես»-ը, որը արտադրում է հագուստ՝ սեփական դիզայնով, հայկական թեմաներով։ Նրա աշխատանքներն ու երգերը կարելի է տեսնել սոցիալական ցանցերում https://www.instagram.com/akanatesy/profilecard/?igsh=MTA0amFlNzRlYWtkdw==։

Աննան երազում է, որ մի օր այս դժվար ժամանակները կավարտվեն, և արցախցիները, ինչպես նաև բոլոր հայերը, հնարավորություն կունենան ապրելու, ստեղծագործելու և զարգանալու իրենց սեփական հողում։

Ալվարդ Գրիգորյան

Հահաստան-Հունգարիա․ 0:1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հունգարիայի հետ խաղում պարտություն կրեց 0:1 հաշվով։

F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է եւ զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

Բաքվի «դատարանը» պահանջում է ցմահ բանտարկություն, բայց ոչ բոլոր Արցախի առաջնորդների համար

Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» վերջին լսումը: Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի դատախազը պահանջել է տարբեր պատիժներ:

Նա առաջարկել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար:

Մեղադրողը առաջարկել է 20 տարվա ազատազրկում Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Մադաթ Բաբայանի համար (նրանց 65 տարեկան լինելու պատճառով), որից 10-ը նրանք պետք է կրեն խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում:

Դավիթ Ալլահվերդյանը առաջարկում են դատապարտել 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 17, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 16 տարվա ազատազրկման։

Դատական ​​նիստը կշարունակվի նոյեմբերի 27-ին։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել է Ադրբեջանի համար Բաքվում հայ գերիների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ժամկետը։

Նախկինում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել էր, որ Ադրբեջանը զեկույց ներկայացնի Բաքվի բանտերում պահվող 23 հայ բանտարկյալների հանդեպ վերաբերմունքի և առողջության վերաբերյալ։ Պահանջներին համապատասխանելու վերջնաժամկետը սահմանվել էր նոյեմբերի 4-ը։

Նոյեմբերի 7-ին Եվրոպական դատարանը երկարաձգել է ժամկետը։ Հետևաբար, Ադրբեջանը համապատասխան տեղեկատվությունը Եվրոպական դատարան կներկայացնի մինչև նոյեմբերի 18-ը։

Արցախի թատրոնը և «Դիալոգ» կազմակերպությունը․ վերադարձ

Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է ականավոր թատերական գործիչ Կարո Ալվարյանի կողմից: Այն բացվել է 1932 թվականի օգոստոսի 11-ին՝ «Օղակի մեջ» ներկայացմամբ: Ավելի քան 90 տարի թատրոնը շարունակել է իր գործունեությունը, մնալով Արցախի հիմնական մշակութային կենտրոններից մեկը։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից և բնակիչների բռնի տեղահանումից հետո Վահրամ Փափազյանի անվան թատրոնը հայտնվել է առանց միջոցների և մինչ օրս չի կարողացել շարունակել իր գործունեությունը Հայաստանում։

Վերջերս «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել թատրոնին ստեղծագործական գործունեությունը վերականգնելու գործում։

Նոյեմբերի 12-ին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացրել է «Արցախյան սիրո հեքիաթը» ներկայացման պրեմիերան՝ հիմնված Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործության վրա, բեմադրված ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի կողմից: Ներկայացումը անշլագով է անցել:

Հայաստանում «Դիալոգ» ՀԿ-ի խորհրդական Ելենա Շուվաևան նշեց, որ կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև այլ արցախյան նախաձեռնություններ:

Դրանց թվում են «Քիրս» մշակութային և կրթական հիմնադրամը, «ԴիզակԱրտ» մշակութային կենտրոնը և Տիգրան Լալայանի գլխավորած «Արցախի ջազ բենդը»։ Կազմակերպությունը համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հետ՝ օժանդակելով Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված աշխատությունների հրապարակմանը, որոնք մշակվում են գիտնականների և հոգևորականների կողմից: Բացի այդ, կազմակերպությունն աջակցում է հայտնի հնագետ Համլետ Պետրոսյանի գլխավորած «Artsakh Monument Watch»-ին: Կենտրոնի կայքում տեղադրվում է Արցախի բոլոր պատմամշակութային հուշարձանների ակադեմիական ցանկը:

«Գրքային դիվանագիտություն» նախագիծը հրատարակում է հայ և ռուս գրողների գրքեր՝ նվիրված Հայաստանի և Արցախի պատմությանը: Արդեն հրատարակվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև պատմական պայմանագրերի եռահատոր ժողովածուն: Կազմակերպությունը նաև աջակցում է միակ ռուսալեզու գրական ամսագրին՝ «Գրական Հայաստան»-ին։

««Դիալոգ» հասարակական կազմակերպությունը օգնում է արցախցիներին պահպանել և պաշտպանել արցախի մշակութային ժառանգությունը: Այսօր՝ օկուպացիայի պայմաններում, այս աշխատանքը հատկապես կարևոր է: Մեր աշխատանքի երկրորդ կարևոր ոլորտը ռուս-հայ մշակութային երկխոսության զարգացումն է», – ընդգծեց Ելենա Շուվաևան։

Ադվարդ Գրիգորյան

Այսօր մեր բանակի ղեկավարության կեսը ղարաբաղցի է

Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ խնդիր ունենք, կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ-որ անվստահություն ունենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ ուզում ասել, որովհետև կարող է լավ չհնչի, բայց կներեք, այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։ Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Մեզ ասում են՝ դավաճանել եք, այս եք արել, այն եք արել։ Ես ոչ մի տեղ ես չեմ լսել, որ այդ ծագումով ղարաբաղցի մարդկանց պրետենզիա ներկայացնեն, որ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։

Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք։ Այս հարցի պատասխանը ո՞վ է տալու։  Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են»,–ասաց նա։

Փաշինյանն ասում է՝ ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար

Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դուրս է բերվել թակարդից. «Այսօր այս մարդիկ ասում են՝ դե ինչ ուզել են՝ տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից՝ ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք։

2018–ին ինչի մենք զիջումների չգնացինք։ Մինչև տարվա վերջ էդ էլ էդ թեման էլ կփակենք էդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք, որովհետև մեզնից ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում։ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից կամաց տեղավորվել է այդ գրպանում»,–ասաց Փաշինյանը։

Արցախը Հահաստան ՝, և վերջ, Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ։

Որոշել են, որ Արծվաշենը մերն է, Տիգրանաշենը՝ իրենցը, եւ խոսում են ժողովրդի կամքի մասին

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, վերջին օրերին դարձյալ ակտիվացել է այդպես կոչված «անկլավների» հարցը, ինչո՞ւ է այս հարցն այդ շրջանում դրվել շրջանառությա մեջ։

-Որովհետեւ Ալիեւն իր առջեւ դրված խնդիրները հերթով լուծելով գնում է։ Արդեն միջանցքի հարցը՝ հենց միջանցք կարգավիճակով, ինքը համարում է լուծված, բնականաբար, գնում է հաջորդ հարցին, որի մասին նախապես հայտարարվել էր, բոլորս գիտեինք։ Մյուսն էլ այն է, որ ինքն ամեն ինչով օգնում է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ցորենի հետ կապված ներկայացումն աջակցկություն էր Փաշինյանին՝ իբր ապաշրջափակում ցույց տալու։ Բայց Ալիեւի սիրտը կասկած է ընկել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ընտրություններում չհաղթի, դրա համար ուզում է քանի կա, ինչ-որ մի բան պոկի, ամրագրի, որ հետո խնդիրների առջեւ չկանգնի։

-Ի՞նչ հետեւանքներ կլինեն, եթե ՀՀ իշխանությունները Բաքվին հանձնեն Տիգրանաշենը։

-Դա կնշանակի, որ դեպի Սյունիք ու Վայոց ձոր տանող ճանապարհը կգտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն՝ պիտի կառուցվի շրջանցիկ ճանապարհ։ Երկրորդը, դա հնարավորություն կտա ադրբեջանցիներին այդտեղ տեղակայելու եւ մարդկանց, եւ զինված խմբավորում։ Անգամ, եթե շրջանցիկ ճանապարհ էլ կառուցվի, հենց այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա, եւ պատերազմի դեպքում իրենք դա կարող են փակել։ Եվ երրորդը, դրանով իրենք մոտենում են դեպի Արարատյան դաշտի սրտին, Երեւանին։ Դա այն է, ինչը մշտապես ասել ենք՝ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի խաղաղության, որովհետեւ այդ «անկլավները» որեւէ հիմնավորում չունեն, բացառությամբ ինչ-որ նկարների, որոնք անվանում են քարտեզներ։ Ինչո՞ւ եմ ասում նկարներ, որովհետեւ քարտեզը, որը կից չէ միջազգային փաստաթղթի, որի մեջ չկա դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանի նկարագրությունը, նշանակում է՝ դա նկար է։

-Այսինքն՝ այդ այսպես կոչված «անկլավների» մասին իրավական հիմքեր չկա՞ն։

-Ոչ մի իրավական հիմք չկա։ Եթե անգամ սովետական շրջանում ադրբեջանական ԽՍՀ-ի եւ հայկական ԽՍՀ միջեւ այդ բաժանարար գծի համար (չեմ ասում՝ սահման) գոնե վարչական հիմնարովում կա, որը միջազգային իրավուքի տեսանկյունից կեղծ ու սուտ է, «անկլավների» վերաբերյալ դա էլ չկա։ Եվ փորձ անել ցույց տալ, թե իբր Արծվաշենը համարժեք է Տիգրանաշենին, բնավ այդպես չէ։ Էլ չեմ խոսում Վրաստանի ճանապարհի վրա գտնվող այդ մի քանի այսպես կոչված «անկլավների» մասին։ Ուշադրություն դարձրեք, որ այդ այսպես կոչված «անկլավները» ծլել են ոչ պատահական տարածքների վրա, հենց ամենակարեւոր ճանապարհների վրա են։ Մեկը Իրան տանող ճանապարհի վրա է, մյուսը՝ Վարաստան տանող ճանապարհի։ Եվ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը հետեւողականորեն իրենց ծրագիրն առաջ են մղել եւ հիմա բոլորին կանգնեցնում են փաստի առաջ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Այսինքն՝ այդ տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխության դեպքում Հայաստանը անվտանգային, ենթակառուցվածքային լուրջ խնդիրնե՞ր է ունենալու։

-Այո, Հայաստանն անվտանգության խնդիրներ է ունենալու, որովհետեւ ճանապարհներն առաջին հերթին անվտանգության հարց են լուծում։ Դրանով պարենային անվտանգությունն է դրվում հարվածի տակ, Իրանի հետ կապն է եւս մեկ կողպեքով փակվում։ Հիշում եք՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածը տվեցին, դա դարձյալ հայկական տարածք էր, եւ կային փաստաթղթեր, որ այդ ճանապարհը կառուցվել է 1960-ական թվականներին՝ Հայաստանի բյուջետային միջոցներով։ Ժողովրդական խոսքը ճիշտ է՝ եթե գողը տանից լինի, եզը երթիկից կհանեն։ Եթե երկրի վարչապետը գործում է հօգուտ թշնամու, ինչ էլ ուզում ես արա, վերջում պարտվելու ես, որովհետեւ բողոքները կամ բռնություններով են դիմավորվում, կամ ձերբակալություններով։ Կամ էլ մեր հարկատուների միջոցները ծախսելով՝ կեղծ քարոզչություն են իրականացնում եւ ժողովրդին այդ քարոզի մեջ պահում։

Իշխանությունները մանիպուլացնում են այդ հարցը, ասում են՝ թե Արծվաշենը Հայաստանի տարածքային ամբողջականություն է, առանց ժողովրդի կամքը հարցնելու իրավունք չունեն այդ տարածքը թողնելու Ադրբեջանին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Հա, բայց այստեղ Արծվաշենի մասին չէ խոսքը, իրավական հիմքի մասին է։ Իսկ ո՞վ է ասել, որ Արծվաշենն անկլավ է։ Եթե դուք նայում եք Արծվաշենին, այն անկլավ կամ էքսկլավ չէ, այն թերակղզու նման միացված է Հայաստանին։ Այսինքն՝ այդ ո՞վ որոշեց, որ անկլավ է։ 1920-ականների քարտեզներով Արծվաշենը միացված է Հայաստանին, եւ Հայաստանի խորհրդայի սոցիալիստական հանրապետության ներսում չկա որեւէ ադրեջանական անկլավ։ Բա մենք ինչո՞ւ ենք ասում, որ նախ պետք է հստակեցվի իրավական հիմքը, թե ինչի հիման վրա է որոշվում սահմանը։ Հիմա արդեն որոշել են, որ Արծվաշենը մերն է, Տիգրանաշենը՝ իրենցը, եւ խոսում են ժողովրդի կամքի մասին, հա՞։ Այդ որ օրվանից են ժողովրդի կամքը սկսել հաշվի առնել։

Այո, հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս տարածքները Ադրբեջանին հանձնելուց ինչո՞ւ հաշվի չառան ժողովրդի կամքը։

-Երբ նույն միջանցքը տվեցին, ժողովրդի կամքը հաշվի առա՞ն, երբ Արցախի հարցը «լուծեցին» այդ ձեւով, թեկուզ ժամանակավոր, ժողովրդի կամքը հաշվի առա՞ն։ Երբ հրաման տվեցին հանձնել այդ տարածքները, այն դեպքում, երբ ադրբեջանցու ոտքը Քարվաճառ ու մյուս տարածքներ չէր մտել, ժողովրդի կամքը ո՞վ հաշվի առավ։ Թող հեքիաթներ չպատմեն։ Կրկնում եմ՝ սա թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլյան օրակարգ է՝ հանուն նրա, որ առավելագույն աջակցություն ստանա ընտրությունների ժամանակ։ Եվ ՔՊ-ականներն էլ դամքաշներն են։

Ռոզա Հովհաննիսյան