Արցախցիների բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։  Ծրագրի շրջանակում այս պահի  դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • չունեն սեփականություն,
  • չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

Իտալիայում զանգվածային գործադուլ է՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի

Ազատություն

Իտալիայում ի պաշտպանություն Գազայի ժողովրդի զանգվածային գործադուլ է մեկնարկել, որի հետևանքով կաթվածահար են եղել միջքաղաքային գնացքները, հանրային տրանսպորտը խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Միլանում։

Գործադուլին են միացել նաև դպրոցներ, համալսարաններ, մի շարք քաղաքներում զուգահեռ նաև ցույցեր են կազմակերպվել։

USB արհմիության գործադուլի մասնակիցները դատապարտում են Գազայի հատվածում վատթարացող մարդասիրական ճգնաժամն ու պահանջում պատժամիջոցներ Իսրայելի դեմ:

Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման հարցով նախապայմաններ առաջ չի՞ քաշում

Երեւանում այսօր եւ վաղը անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից։

Թուրք պատվիրակների թվում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, որը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման հարցով նախապայմաններ առաջ չի քաշում։ «Ոչ, սահմանը բացելու որեւէ նախապայման մենք չունենք, այս պահին գործընթացը տեղի է ունենում երկխոսությամբ, հուսով ենք՝ շուտով սահմանը կբացվի»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով հարցին, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը մշտապես կապել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Թուրք պատգամավորը նաեւ ասաց, թե «Թրամփի ուղու» գործարկման շնորհիվ տարածաշրջանի երկրները կզարգանան։ «Այդ ուղին շատ-շատ կարեւոր է առեւտրի եւ երկրների տնտեսական զարգացման համար։ Թուրքիան նույնպես պատրաստվում է օգտվել այդ ամենից, միայն Հայաստանը չէ, որ օգտվելու է այս ապաշրջափակումից»,- ասաց նա։

Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները Սյունիքի ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» անվանում, տարածքային պահանջնե՞ր ունեն Հայաստանի նկատմամբ։ «Ոչ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ տարածքային պահանջ չկա Հայաստանի նկատմամբ»,- պատասխանեց նա։

Թուրք պատգամավորը հայտարարեց, թե խաղաղությունը իրատեսական է․ «Ոչ մի երկիր չի կորցնում խաղաղությունից, եւ ոչ ոք դեռ չի շահել պատերազմից։ Այնպես որ, եկեք սպասենք եւ լինենք լավատես, քանի որ ես լավատես եմ»։

Երեւանում ՆԱՏՕ-ի վեհաժողովին մասնակցում են պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից

Երեւանում այսօր եւ վաղը անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից։

Ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը լրագրողների հետ զրուցյում հայտարարեց, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, փոխարենը Հայաստանին մեղադրեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

«Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, դա պոտենցիալ իրավական հիմքեր է ստեղծում, որն այս պահին խոչընդոտ է հանդիսանում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, ադրբեջանցի պատվիրակը պատասխանեց․ «Մեր Սահմանադրությունը չունի որեւէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, ավելի շատ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի արեւելյան տարածաշրջանի մաս կազմելու մասին է խոսքը»։

Լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի ամբողջ տարածքը,  ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։

Մուրադովն արձագանքեց․ ««Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ մենք նկատի ունենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը պահպանում ու հարգում ենք։ «Արեւմտյան Ադրբեջանը» դա հասարակական կազմակերպություն է, որը սպասարկում է ժողովրդի շահերը եւ ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում։ Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, ցանկանում են այցելել իրենց հարազատների գերեզմաններին, եւ դա ավելի շատ ժողովրդի շահերն ու մշակութային ժառանգությունը սպասարկող կոնցեպտ է»։

Ադրբեջանցուն հարց ուղղվեց նաեւ այն մասին, որ ադրբեջանական զորքն օկուպացրած է պահում ՀՀ տարածքները, ինչո՞ւ դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից։ Նա ասաց, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն ամբողջովին ճանաչում եւ գնահատում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական օկուպացիային, ասաց, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում այդ հարցին պետք է անդրադառնալ։ «Ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան, տարածքների փոփոխություն պետք է տեղի ունենա»,- ասաց նա։

Մյուս հարցին, թե ինչո՞ւ Բաքուն ազատ չի արձակում հայ գերիներին, նա պատասխանեց, թե «կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են օրինախախտներ, այդ պատճառով Բաքվի բանտերում են պահվում»։ «Գործընթացն ընթացքի մեջ է, զինվորներին ամբողջությամբ բաց ենք թողել, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ գործքերը քննվում են,  որովհետեւ նրանք մեղադրյալ են համարվում»,- հավելեց նա։

Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչի հոդվածը

Ֆրանսիական առաջատար «Մարիան» հանդեսը հրապարակել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հոդվածը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման երկրորդ տարելիցի առթիվ: Փաստորեն, Արցախը Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում պաշտոնական ներկայացուցիչ ունի, իսկ Հայաստանում՝ ոչ։ 1 տարի առաջ փակվել է նաև Ռուսաստանում ներկայացուցչյունը:

Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:

Արդեն երկու տարի է անցել այն օրից, երբ շուրջ 120․000 Լեռնային Ղարաբաղի հայեր, ավելի քան տասը ամիս տևած շրջափակումից հետո, զենքի ուժով, բռնի արտագաղթեցին իրենց հայրենի հողից՝, միջազգային հանրության գրեթե լիակատար անտարբերության պայմաններում։ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը դատապարտում է այս անպատիժ հանցագործությունը և ահազանգում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին՝ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված խաղաղության հռչակագրի պատրանքային բնույթը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ երկու տարի առաջ, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հայկական հանրապետության վրա՝ ավելի քան տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո։ Քաղցած և ուժասպառ խաղաղ բնակչության դեմ դաժանության բազմաթիվ գործողություններից հետո ադրբեջանական բռնապետության զինված ուժերը ստիպեցին այս ժողովրդավարական կղզու ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերին զենքը վայր դնել ընդամենը քառասունութ ժամում։

Մի քանի օր անց՝ երկրի ողջ հայ բնակչությունը, թողնելով ամեն ինչ իր հետևում, բռնեց տեղահանման ճամփան։ Նախապես ծրագրված և համակարգված կերպով իրականացված այս էթնիկ զտումը վերջ դրեց հայերի ավելի քան երկու հազարամյակների անընդմեջ ներկայությունն այս հողում։ Այդ ժամանակից ի վեր՝ չնայած Արդարադատության Միջազգային դատարանի կողմից ընդունված որոշմանը՝ ոչ մի գործնական մեխանիզմ չի ստեղծվել բռնի տեղահանված անձանց վերադարձն ապահովելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Մինչդեռ շարունակվում է նրանց պատկանող գույքի կողոպուտը, շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Այս ողբերգությունը մաս է կազմում Ադրբեջանի կողմից վաղուց որդեգրած հայերի բնաջնջման ռազմավարությանը, որը մեծ թափ ստացավ 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ։ Հայաստանը, որը պատերազմի մեջ էր մտել՝ պաշտպանելու Ստալինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախի հայ բնակչությանը, կրեց արյունալի պարտություն։ 2022-ի սեպտեմբերին նա չկարողացավ կանխել իր ինքնիշխան տարածքի դեմ կատարված խոշոր հարձակումը, որի հետևանքով կորցրեց մի շարք տարածքներ։ Հաջորդական պարտությունները և նոր հարձակումների սպառնալիքը դրդեցին վերջինիս 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ, որը ներկայացվում է իբրև «պատմական իրադարձություն»։

Կրկնակի խաղ Ռուսաստանի և Եվրոպայի միջև

Իրականում սա պարտություն է, ուժի և էթնիկ զտման միջոցով պարտադրված խաղաղեցում, միջազգային իրավունքի արհամարհում։ Հռչակագրի արդյունքում նավթային բռնապետության դիրքերն էլ ավելի են ամրանում։ Էներգիայի մատակարար, Թուրքիայի դաշնակից, Իրանի դեմ հավանական հակակշիռ, այն կրկնակի խաղ է խաղում Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Իսկ Եվրոպան ձևացնում է, թե չի նկատում, թե ում հետ է կնքել ռազմավարական գործընկերություն։ Կարևոր չէ, որ Բաքուն իր ընդդիմադիրներին հետապնդում ու ոչնչացնում է անգամ Ֆրանսիայում, քաղցած է պահում իր ժողովրդին, լռեցնում մամուլը, տանջում բանտերում։ Նույնիսկ Եվրոպայում, աշխարհաքաղաքական շահերը գերադասվում են բարոյական արժեքներից և արդարությունից։

Այս «խաղաղության» ճարտարապետները մեզ առաջարկում են պատկերացնել, որ Ադրբեջանին զիջելով մի ճանապարհ, որն «անխոչընդոտ» անցնելու է հայկական տարածքով՝ նրան կապելով ոչ վաղ անցյալում հայերով բնակեցված Նախիջևանի և այնուհետև Թուրքիայի հետ, կբացի նոր դարաշրջան՝ ։ Պատկերացնել, որ ճանապարհը, որը կոչվելու է Դոնալդ Թրամփի անունով, կդառնա բարգավաճման ուղի : Պատկերացնել, որ միջազգային առևտուրը կկարողանա զսպել հայերի դեմ բնաջնջման քաղաքականությունը, որին մենք զոհ ենք դարձել սկսած XIX դարի օսմանյան կոտորածներից, 1915 թ․ ցեղասպանությունից մինչև Զմյուռնիայի (1922), Շուշիի (1920), Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) կոտորածները։

Վերադարձի իրավունք

Ինչպե՞ս հավատալ այս խոստումներին, անգամ ամենահզոր երևակայությամբ։ Տևական խաղաղությունն ավելի հավանական չէր լինի արդյոք, եթե ադրբեջանցի ղեկավարները պատժվեին իրենց ոճրագործությունների համար, եթե Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները կարողանային իրացնել իրենց վերադարձի իրավունքը, եթե դադարեցվեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վերջապես՝ եթե Եվրոպան հրաժարվեր աչք փակելու բնակչության բռնի տեղահանման վրա, որը մարդկության դեմ գործած հանցագործություն է։

Խաղաղությունը անարդարության ընդունումը չէ։ Խաղաղությունը սպառնալիքին հնազանդվելը չէ։ Իրական խաղաղությունը, տևական խաղաղությունը ծնվում է մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգանքից։ Այն ծնվում է այդ իրավունքները պաշտպանելու համարձակությունից, նույնիսկ երբ այն դժվար է թվում։

Եթե քաղաքականությունն ունի ուժ՝ պատկերացնելով և վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուրեմն համարձակվենք պատկերացնել իրավունքի հաղթանակը ուժի նկատմամբ, իրավունքի հաղթանակը վախի նկատմամբ, ժողովուրդների ինքնիշխանությունը՝ սպառնալիքների նկատմամբ։ Ահա այն ապագան, որ առաջարկում եմ միասնաբար պատկերացնենք։

ՔՊ-ն ազատվել է երկրապհներից որպես կեղծ հայրենասերներից

ՔՊ վարչության կազմում այլևս չկա Երկրապահների նախագահ Սասուն Միքաելյանը։ Ասում են, նա չի ընտրվել, չնայած մեծ աջակցություն է ցուցաբերել Փաշինյանի թիմին։

Ինչի՞ պիտի ընտրվեր, եթե մինչ օրս Երկրապահների գրասենյակի դարպասի վերեվում նաև Արցախի դրոշն է ծածանվում։ Իսկ Երկրապահի ներկայացուցիչը այլևս Եռաբլուր է այցելում ոչ թե հպարտությամբ, այլ գլուխը կախ։

Երկրապահը ո՞նց կարող էր լինել մի իշխանության մեջ, որը երկրապահությունը սխալ և կեղծ հայրենասիրություն է համարում։ Փաշինյանը փարք է տալիս նահատակներին, բայց մերժում է ողջ մնացածներին։

Բարսելոնայում քննարկվել է Արցախի էթնիկ զտման երկրորդ տարելիցը

Սեպտեմբերի 17-ին Բարսելոնայում, CIEMEN կենտրոնի հրավերով, կայացել է Արցախի էթնիկ զտման երկրորդ տարելիցին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախից բռնի տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը, որը լայնորեն հայտնի է Արցախում շրջափակման, պատերազմի և հայաթափման ժամանակ իր ակտիվ լուսաբանումներով։ Նա հատկապես ճանաչում է ձեռք բերել «X» հարթակում (նախկին Twitter) իր գրառումներով, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցներին հասցեագրված հոդվածներով ու մեկնաբանություններով։

Քննարկման ընթացքում Սիրանուշ Սարգսյանը մյուս բանախոսների հետ անդրադարձել է ոչ միայն երկու տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման ողբերգությանը, այլև այն խնդիրներին ու դժվարություններին, որոնց առ այսօր առնչվում են բռնի տեղահանված հայերը։ Նրա խոսքով՝ այդ խնդիրները գրեթե մոռացության են մատնված միջազգային հանրության կողմից և պատշաճ արձագանք ու լուծումներ չեն ստանում նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Բանախոսները կարևորել են նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական ճանապարհով հակամարտություններ լուծելու քաղաքականությունը լուրջ հակազդեցության չի արժանացել ոչ տարածաշրջանային, ոչ էլ միջազգային դերակատարների կողմից։

«Սա ոչ միայն անդառնալի հետևանքներ ունեցավ Արցախի համար, այլ նաև վտանգավոր նախադեպ ստեղծեց, որ աշխարհում այլ հակամարտություններում ռազմական լուծումները կարող են դիտարկվել որպես ընդունելի ու սովորական»,- շեշտվել է միջոցառման ընթացքում։

Այցի շրջանակում Սիրանուշ Սարգսյանը հարցազրույցներ է տվել Կատալոնիայի հանրային ռադիոյին և El Salto պարբերականին։ Հարցազրույցների հղումները հրապարակված են նրա էջում։

Մարիամ Սարգսյան

Նեթանյահուն կրկին խոսեց Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգի մասին. երեք երկիր ճանաչեց Պաղեստինը

Կանադան, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը հայտարարեցին Պաղեստինյան պետության ճանաչման մասին։

Մի քանի արևմտյան երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան և Իսպանիան, նույնպես հայտարարել էին Պաղեստինյան պետության ճանաչման մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի ժամանակ, որը բացվում է երկուշաբթի օրը։ Պաղեստինն արդեն ճանաչվել է հարյուրից ավելի երկրների կողմից, բայց սա առաջին դեպքն է, երբ նման ճանաչում է արձանագրվում առաջատար համաշխարհային տերությունների կողմից։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նման քայլը վտանգ է Իսրայելի «գոյության համար»։

«Մենք ևս ստիպված կլինենք պայքարել ՄԱԿ-ում և այլուր մեզ ուղղված կեղծ քարոզչության և Պաղեստինյան պետության ստեղծման կոչերի դեմ, որոնք կվտանգեն մեր (Իսրայելի – խմբ.) գոյությունը և կլինեն ահաբեկչության համար անհեթեթ պարգև», – շարունակել է Իսրայելի վարչապետը։

Իսրայելի գոյության հարցը գնալով ավելի հրատապ է դառնում, չնայած Թրամփի վարչակազմի կողմից Նեթանյահուի գործողություններին գրեթե անվերապահ աջակցությանը։

Արևմտյան լրատվամիջոցներն արդեն հաղորդում են, որ Նեթանյահուի կառավարությունը հասել է անդունդի եզրին, դեռ ժամանակ կա կանգ առնելու, բայց հաջորդ քայլ չկա։

Եվրոպայում Իսրայելի դեմ տրամադրությունների աճի ֆոնին Նեթանյահուն խոսում է Պաղեստինի ճանաչման սպառնալիքի մասին ոչ թե իր կառավարությանը, այլ Իսրայելի գոյությանը։

Թրամփ․ Հայաստանը Կամբջային հաղթել է և կառուցել փոքրիկ ջրամբարը Եթովպիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը՝ այսպիսով հերթական անգամ շփոթելով Ադրբեջանը Կամբոջայի հետ։

Ըստ նրա, հակամարտությունը «միայն նոր էր սկսվում» և «կարող էր լուրջ հետևանքներ ունենալ»։ Թրամփը նաև նշել է. «Ունենք Կամբոջա, Հայաստան։ Կա Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա։ Դա գեղեցկություն է, նրանք կառուցել են այդ փոքրիկ ջրամբարը Եթովպիայում, որը աշխարհի ամենամեծ ջրամբարն է»։

Երբ ցավը թնդում է ավելի ուժգին, քան հրանոթները

Մարտունի

2 օր առաջ սեպտեմբերի 19-նն էր, օր, որ բոլոր արցախցիների համար հավերժ կմնա սգի օր՝ չհայտարարված սգի։  2 տարի առաջ մեզանից ոչ ոք դեռ չէր պատկերացնում, որ լռած թնդանոթներից հետո ցավից մենք ենք թնդալու եւ էլ ցավը լռեցնել չի լինի։

Վերջին օրերին կարդում եմ նոթերս, որ կատարել էի Մարտոնու նկուղում։

«Աշնանային տաքուկ արեւը ջերմացնում էր խոնավ նկուղում սառածներիս։ 9 ամիս թերսնումից հյուծվածներիս համար ռումբերի տակ հայտնվելը անասելի սարսափ էր։ Երեխաները, որ նախորդ օրը քնելուց առաջ կերել էին փոքրիկ կտորներով հաց, սկսեցին վազել դեպի կարալյոկի ծառերը։ Արդեն ընտանիք էինք դարձել եւ օրվա համար ուտելիք էին բերում։ Որոշները սննդի որոնման, որոշներն էլ լավ լուր գտնելու անցան։

Կեսգիշերին ռումբից փրկվածներիս համար մի տող մեխվեց ուղեղումս. «ԼՂ քաղաքացիական բնակչության համար ուղիղ սպառնալիք չկա»։ Նորից ու նորից էի կարդում եւ փորձում համոզվել, որ սա սահմանի մյուս կողմում կանգնածի ասած չէ։ Ի՞նչ տարբերություն կա ռումբը նետողի եւ ռումբի տակից հարազատին օգնության ձեռք չմեկնողի միջեւ։

Արկը ծակել էր խաղողի բիսեդկան, կոտրել երկաթները, խրվել ուղիղ ասֆալտի մեջ։ Նայում ես փոսին եւ չես կարող չնկատել հետեւի ֆոնում երեխների գույնզգույն ճոճանակները, երեկվանից լվացքի քողերին մնացած մանկական սավանները՝ վարդագույն փիսիկներով։ Բեկորները խրված են ամենուր, պատուհաները, դռները փշրված են, ամենուր փոշի ու ավերածություններ։ 15 երեխա վազվզում են, շատերի հարցերին դժվար է պատասխան գտնել՝ «ե՞րբ ենք գնալու տուն»։

Ասում էին, որ ամենուր են դադարել ռումբերը եւ վաղը Եվլախում պիտի բանակցեն։

Մաքուր օդը անհագորեն շնչում էինք, մեզնից խոնավության եւ հնության հոտ էր գալիս, բայց քանի որ ամեն ինչ անորոշ էր՝ որոշեցին երկրորդ գիշերն էլ անցկացնել նկուղում։ Երեխաների ճաշը մակարոն էր, որ մանկապարտեզի պահեստից էին բերել եւ լացելով պատմում էին, որ քաղաքապետը վերջերս էր Ստեփանակերտից հայթհայթել եւ ուրախությամբ բերել։ Հիմա արտասուքը խառնվել է ճաշի հետ։

Թեեւ լսվում էին խուլ կրակոցներ, բայց նկուղցիները շտապում էին կիսելու իրենց ծանոթ-բարեկամների ցավը, սփոփելու եւ որեւէ լուր իմանալու ողջերից ու կորածներից։

Նկուղում գիշերն ու ցերեկը տարբերվում են նրանով, որ մուտքը աղոտ լուսավորված է եւ ցերեկը երեխներն արթուն են։ Երեկոյան ընթրիքը եփած կես ձուն էր։

Երբ երեխաները քնեցին, սկսեցինք ամփոփել օրը։ Զրույցը զրույցի հետեւից խոսում էինք։ Ալինան, որ 40-ին մոտ երիտասարդ կին է, հիշել էր, թե ինչպես է արցախյան առաջին պատերազմի ժամանակ մայրն իրեն բարեկամին տվել, որ գոնե 4 երեխաներից մեկը փրկվի։ Ռուզանը պատմում էր, որ մայրը հղի էր եւ ռմբակոծությունների դադարի ժամանակ գորգեր էին լվանում 30 տարի առաջ։ Արմինեն ծնվել է 94 թ, հոր զոհվելուց հետո։

Պատերազմն անցել է բոլորիս տներով եւ 30 տարի շարունակ նրա ուրվականը հանգիստ չի տալիս։ Խավարում թանձրացած մթան հետ թանձրացած մտքեր են գալիս, հիշում եմ քրոջս լացը հեռախոսի մյուս կողմից՝ «Մար, արդեն Մարտունուն շատ մոտ են», եւ աչքերիս առաջ գալիս են տառեր, որ դառնում են չմարսված միտք. «Մենք միտված ենք, որ Արցախցիներն արժանապատվորեն ապրեն իրենց տներում»։

2020 թ.-ից հետո «արժանապատիվ» բառը կարելի՞ է գործածել, եթե այո, ապա միայն «մեռնել» բայի հետ»,- կարդում եմ եւ հեգնանքի ժպիտ է գալիս դեմքիս, եթե այն ժամանակ մեզ «ոչինչ չէր սպառնում», ապա, փաստորեն սա էր այն իսկական «սպասումը քույրերին ու եղբայրներին», որոնք մտածում էին, թե հարազատի մոտ են գալիս․․․

Անձրեւ է գալիս, ուժեղ անձրեւ, եւ Կոթիում մեր տան առաստաղից ջուրը կաթում է, հարեւանն ասում է․ «Կրակոցներից են վնասվել տանիքները, գյուղի տների մեծ մասը այսպես է»։

Այս գյուղում երեւի մեզ ամենաշատն են հասկանում, որովհետեւ քանի՜ անգամ էլ իրենք են երեխաներին գրկած փախել սարի մյուս կողմից եկող հրանոթների արկերից, բայց երջանիկ են, որովհետեւ իրենց տներն են վերադարձել։

Թերթում եմ լրահոսը եւ հանրության ուշադրությունը շեղող անհեթեթ նյութերի արանքում տեսնում նպատակային փախուստը՝ ոչինչ չի եղել, մեր կյանքը նույնն է, ինչ 3 տարի առաջ։

Արարատը հանե՞նք զինանշանից, Մաշտոցի նկարը ուղարկենք խորդանոց, «Հայոց պատմություն»-ը դառնա Հայաստանի պատմություն, իսկ Հայաստանն էլ՝ «իրական Հայաստան»՝ արժեքներից զուրկ, անարմատ, հավկուր։

Մարիամ Սարգսյան

Ազգային և քաղաքացիական իրավունքների ջատագով ուժերի համախմբում

Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ազգային և քաղաքացիական իրավունքների ջատագով ուժերի մասնակցությամբ, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն։ Մասնավորապես, նշվեց, որ ներկաները պատրաստակամություն հայտնեցին սկսել համակարգային օրակարգի մշակման համատեղ աշխատանքներ։
Համախմբումը նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական բևեռը, որն այժմ նաև ակտիվ լոբբիստական ​​​​աշխատանքներ է իրականացնում արտերկրում։

Ազգային – Ժողովրդավարական Բևեռ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19 սեպտեմբերի 2025 թ., Երևան
Մենք՝ 2025թ.-ի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ՝ արցախցիների դեմ իրականացված ցեղասպանության գործում հանցակից Հայաստանի դրածո կառավարության կողմից ՀՀ Սահմանադրության մեջ պարտադրվող փոփոխությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի հղումը Սահմանադրությունից հեռացնելու փորձը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի անքակտելի իրավունքների դեմ և սպասարկում է Հայաստանի Հանրապետության դեմ թշնամաբար տրամադրված երկրների օրակարգը:
Մեզ համար անընդունելի են ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքներով ՀՀ-ի դեմ իրականացվող ոտնձգությունները։ ՀՀ ներկա ապազգային ու հակապետական քաղաքականություն որդեգրած կառավարության բոլոր գործողությունները նոր սպառնալիքներ են ծնում հայության և հայկական պետականության ինքնիշխանության համար, ուստի արժանանալու են մեր միասնական դիմադրությանն ու դատապարտմանը։
Արտաքին պարտադրանքի տակ իրականացվող զիջումները բերելու են նվաստացման և պարտվողականության նոր դրսևորումների՝ առաջացնելով նորանոր աղետներ։
Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը անձեռնմխելի հիմնարար փաստաթուղթ է: Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնում համախմբվել և համատեղ աշխատել մեր ազգային և համամարդկային իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորելով նոր համազգային օրակարգ։
………….Ստորագրողների անունները ըստ այբբենական կարգի։ Հայտարարությունը բաց է միանալու համար………..
Ագուլյան Կարեն ԱԻՄ
Բալոյան Արթուր «Արդարություն» կուսակցության նախագահ
Գաբրիելյան Մեխակ 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
Գասպարյան Արա «Ազգային օրակարգ» կուս․ գործ․ քարտուղար
Դեմոյան Հայկ Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Զոհրաբյան Ապրես Արևելագետ
Թագուհի Թովմասյան ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր
Իսրայելյան Անաստաս «Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
Հակոբյան Արա «Ազգային օրակարգ» կուս․խորհրդի նախագահ
Հայրիկյան Պարույր ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մանուկյան Խաչիկ Բանաստեղծ
Մանուկյան Նարեկ «Արմենիա 2026» նախաձեռնության ղեկավար
Մարգարյան Դավիթ «Ապրելու երկիր» կուսակցություն
Մնացականյան Վիկտոր «Հաղթանակ» կուսակցության նախագահ
Չուգասզյան Գարեգին ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե ԱԺԲ խորհրդի անդամ
Սարգսյան Նաիրի «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
Սեֆիլյան Ժիրայր ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն «ՀԱՀԳԲ» մարտիկ
Տոնոյան Կարին «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն
Հայտարարությունը բաց է միացողների համար։

Քայլող թրիգեր․ Տաթևիկ Խաչատրյանի պատումները

Ինչ խոսք, դժվար է լինել քայլող թրիգեր պարտության մասին ամեն կերպ մոռանալ փորձող հանրության մեջ… երբ քեզ տեսնում են որպես հիշեցում պարտության և հաճախ նաև` դրա մեղավոր…
Էս ու էլի մի քանի ինձ համար ցավոտ թեմաներով եմ գրել…
caucasusedition.net
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՔԱՅԼՈՂ ԹՐԻԳԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գրելուս պահին կողքի սենյակում գործընկերս լացում է, ու ես ոչնչով չեմ կարող իրեն օգնել, անտանելի զգացում է… Գործի ճանապարհին ծանոթ դեմք էր նկատել՝
մոտավորապես 70 տարեկան տղամարդու և հարցրել. «Արցախի՞ց եք»: Մարդն ասել էր՝
այո ու սկսել բարձր լացել… Գործընկերուհիս՝ նրա հետ միասին… Նույն պատճառով՝ ոչնչով չէր կարող օգնել: Առհասարակ ինչպե՞ս է հնարավոր օգնել մարդուն, ումից խլել են իր կյանքը: Ես չգիտեմ: Ես միայն կարող եմ իր հետ միասին լացել, բայց գոնե չկրկնել նրան նույն «խորհուրդները», ինչ ինձ են տալիս սովորաբար` «լացելով ոչինչ հետ չես բերի», «կյանքը շարունակվում է», «համակերպվիր ու առաջ նայիր» և այլն:
Այսպես մենք լացում ենք մեր կորցրած իսակական կյանքը ու շարունակում ապրել ուրիշի կյանքով: Մեր կյանքը մնացել է մեզնից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա, մեկինը՝ մի քիչ ավել, մեկինը՝ պակաս:
ԱՆԴԵՄ ՔԱՂԱՔ
300 կիլոմետր առաջ ես քայլում էի իմ փոքր քաղաքում, որտեղ ամեն քայլափոխի մեկը մյուսի որպիսությունն էր հարցնում, քաղաքի մի կեսը մյուս կեսին բարևելով գործի էր գնում ու գալիս: Բայց այստեղ՝ մեծ քաղաքում, ամեն բան անդեմ է, բոլորը լուռ ու մտահոգ են քայլում: Եվ եթե հանկարծ մի ծանոթ դեմք ես տեսնում, աշխարհը քոնն է դառնում, հատկապես՝ եթե ծանոթ դեմքդ նաև ծանոթ բարբառով է խոսում…
Երբ Երևանի մասին խոսելիս ասում եմ՝ մեծ քաղաք, երևանյան ընկերներս ծիծաղում են, նրանց համար այն կոմպակտ քաղաք է: Մինչդեռ Երևանը համարյա 8 անգամ մեծ է Ստեփանակերտից և, տարուց ավելի այստեղ ապրելով, ես միևնույն է մոլորվում եմ փողոցներում, շփոթում ավտոբուսների համարներն ու մտքում Թամանյանի հետ կռվում. «Տնաշեն, բա սա անելու բա՞ն էր»:
Ստեփանակերտում Երևանի պես եռանիշ թվերով ավտոբուսներ չկային, նույնիսկ՝ միանիշ չկար, ամեն բան հստակ էր ու երկնիշ`
10-ը գնում էր Հանրապետական
հիվանդանոց,
13-ը՝ Էնգելս,
14-ը՝ Կրկժան,
16-ը՝ Օբուվնի,
իսկ 17-ը՝ Արմենավան. Google maps-ի կարիք չկար:
ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՓՈՔՐԻԿ ԱՆԿՅՈՒՆ
Դեմքի արտահայտությունները Ստեփանակերտում փոխվում էին մեծ մասի մոտ ու միանգամից: Եթե սահմանից վատ լուրեր կային, մարդկանց դեմքերը մտահոգ էին ու միմյանց հարցնում են՝ բա սրա վերջն ինչ կլինի, թոթվում ուսերը, ու օդում սինքրոն շարունակում էր պտտվել պատերազմի տագնապը:
Եթե քաղաքի օրն էր ու սահմանին էլ պայմանական խաղաղություն էր, ապա «Պիտաչյոկի» (քաղաքի կենտրոնական պուրակի ոչ պաշտոնական անունն է) շատրվանները երգում էին՝ «Ստեփանակերտ, մեծ աշխարհի փոքրիկ անկյուն, միշտ քո գրկում ստիպում ես մեզ դառնալ զգայուն»:
Հիմա էլ ենք զգայուն, բայց դա արդեն այլ զգայունություն է, ավելի շատ խոցելիություն է՝ ուրիշի տանը ուրիշի կյանքով ապրողի խոցելիություն, ում գլխավերևում կախված է
անօթևանության վտանգը…
300 ԿԻԼՈՄԵՏՐ ՁԳՎՈՂ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ
Մոտավորապես 300 կիլոմետր այնկողմ մեռյալ շենքեր են, որոնցում մինչև վերջերս կյանք կար՝ դժվար, հակասական, պատերազմական, բլոկադային, ցուրտ, անօգնական, բայց իսկական, բայց մերը: Երևանում էլ մեռյալ շենքերի պակաս չկա: Ես քայլում եմ մեծ քաղաքում ու ամենուր տեսնում չդադարող շինարարություն, հարյուրավոր բարձրահարկ շենքեր՝ դատարկ կամ, լավագույն դեպքում, կիսադատարկ: Բայց դրանք 300 կիլոմետրանոց կարոտը ափաչափ սրտում տեղավորածների համար չեն:
Մեզ համար բնակարան կամ տուն ձեռք բերելը շարունակում է ֆանտաստիկայի ժանրում մնալ, թեև Հայաստանի Հանրապետությունն ունի թղթի վրա ծրագիր Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու: Որոշ ընտանիքներ նույնիսկ սերտիֆիկատներ են ստացել, միայն թե դրանք իրացնել դեռևս չի հաջողվում:
ՋՆՋՎՈՂ ԿՅԱՆՔ
2023-ից հետո Արցախն այլևս ասոցացվում է պարտության հետ, որը մարդիկ չեն սիրում: Մարդկանց հոգեբանությունը պայքարում է ու ամեն ինչ անում մոռանալու համար պարտության մարմնացումը: Միայն մի խնդիր է շարունակում ակտուալ մնալ՝ մարդիկ՝ Արցախից եկած մարդիկ, ովքեր խոսում են Արցախի բարբառով և թրիգեր են պարտությունից փախչողների համար:
Ստացվում է՝ ես էլ եմ քայլող թրիգեր, ով ամեն դեպքում փորձում է հիշեցնել մոռանալու ճիգեր գործադրողներին, որ Արցախը միայն կորստի ու պարտության մասին չէ, այն «քայլող թրիգերների» համար ինքնության անքակտելի մաս է, նրանց վերադարձի հասցեն ու վերստին երջանիկ ապրելու հույսը:
«ԲԱ ԻՐԵՆՔ ՏՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ն»
Երբ 6-ամյա տղայիս հետ քայլում ենք քաղաքում ու հանկարծ լսում է Արցախի բարբառ, շատ է ուրախանում, ասում է. «Տես մամ, մեզ նման ղարաբաղցի են»: Իսկ տխրում է ամեն անգամ, երբ հարցնում է, թե երբ կգնանք տուն ու ես սրտի կսկիծով խոստովանում եմ, որ չգիտեմ: Նա նաև հարցնում է, թե ի՞նչ պիտի անենք, որ հնարավոր լինի գնալը և ինչու են ադրբեջանցի զինվորները այնտեղ այսքան ժամանակ մնում: Հարցնում է. «Մամ, բա իրենց տուն չունե՞ն: Իրենք իրենց տունը չե՞ն կարոտում, որ գնան իրենց տները, մենք էլ՝ մերը»…
ՆԱԽՈՐԴ ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Տղաս նաև ընկերներին է կարոտում, ինչպես՝ ես, ինչպես՝ բոլոր բռնի տեղահանվածները, որ ցաքուցրիվ ապրում են ՀՀ տարբեր մարզերում: Ասում է. «Մամ, որ ծնունդս լինի, ուզում եմ իմ Ղարաբաղի ընկերների հետ նշել»: Ասում եմ՝ լավ ես անում, այդպես էլ կանենք, բայց գիտեմ, որ մի քիչ ստում եմ իրեն… Իր ամենամոտ ընկերը հիմա Ռուսաստանում է ապրում, ու իրար հետ օնլայն են «ընկերություն անում», շփվելու լեզուն էլ մի քանի ամսում արագ հայերենից փոխվեց ռուսերենի, որից տղաս մի քիչ կաղում է, բայց ամեն դեպքում կարողանում է ունեցած աղքատիկ բառապաշարով կարոտն առնել ընկերոջից:
Մյուս մտերիմ ընկերն էլ ապրում է Աբովյանում, բայց ինչ տեղահանվել ենք, ընդամենը 2 անգամ ենք կարողացել կազմակերպել իրենց հանդիպումը, որոնք ինձ համար շատ ծանր էին… Առաջ զանգում էի նրա մայրիկին ու ասում՝ ուղարկիր երեխային, թող գա խաղան (նախորդ կյանքում հարևաններ էինք): Հիմա չկա մայրիկը. նա այրվել է 2023-ի Ստեփանակերտի բենզինի պայթյունի ժամանակ: Եվ հիմա երեխայիս ընկերը «նոր մայրիկ» ունի, ում ձեռքը բռնած ժամանակ առ ժամանակ գնում է իսկական մոր շիրմաքարին ծաղիկ դնելու…
caucasusedition.net