«Մունք»-ը եւ նորից մունք ունենալու երազանքը

2022թ․ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում ցնծություն էր․ հարեւան գյուղից՝ Մուշկապատից, Աշոտ Ավանեսյանը Հաղորտիում բացել էր առաջին «Մունք» տեխնոդպրոցը։

Դժվարանցանելի ճանապարհներով այս գյուղերի՝ Մուշկապատի եւ Հաղորտու երեխաները դարձան տխնոլոգիական առաջին սերունդը, որոնք Աշոտի իրականացված երազանքի կարեւոր մասն էին։

Տեղահանության օրերին, երբ բոլորն իրենց համար կենսական անհրաժեշտության իրերն էին տեղափոխում, Աշոտի մեքենայում տեղավորվել էին ամենաթանկերը՝ ընտանիքն ու «Մունք»-ին նվիրաբերված տեխնիկան՝ համակարգիչներ եւ այլ սարքավորումներ, ինչպես Աշոտն է ասում՝ ունեցածի 80 տոկոսը։

«Տաշիրում նաեւ «Մունք»-ի շնորհիվ եւ թիմով տեղահանված արցախցիների թիվը կազմում էր շուրջ 1500 հոգի։ Հետագայում այս թիվը տատանվում էր եւ նաեւ ֆինանսական խնդիրների պատճառով դժվար էր ողջ թիմին պահելը»,- պատմում է Աշոտը։

Մի կերպ փրկված տեխնիկայով Աշոտը կենդանի էր պահում ոգին՝ նորից տեխնոդպրոց ունենալու հավատը։

Աշոտի խոսքերից պարզ է դառնում՝ «Մունք»-ը երբեք պարզապես տեխնոդպրոց չի եղել։ Այն կյանքի շարունակություն էր՝ երազանքից ծնված եւ համայնքների համար ապագա ստեղծող գաղափար։

Տեղահանման ցավը կտրեց ամեն ինչ, բայց չկարողացավ կտրել հավատը․ «Մեզ համար ամենակարեւորը երեխաներին կրթություն տալն է։ Որպեսզի նրանք ոչ թե պարզապես համակարգչով խաղալ իմանան, այլ կարողանան աշխատել միջազգային շուկայի հետ, ստանալ արժանապատիվ վարձատրություն եւ ապրել իրենց գյուղերում։ Հենց սա է մեր երազանքը՝ ստեղծել փոքր, բայց կենսունակ տեխնոլոգիական միջավայր յուրաքանչյուր համայնքում, որտեղ կրթությունն ու աշխատանքը ձեռք ձեռքի տված լինեն»,- ասում է Աշոտը։

Տաշիրում, Վանաձորում եւ Կապանում ստեղծված մասնաճյուղերը դարձան ոչ միայն նոր սկիզբ, այլեւ ապացույց, որ գաղափարը չի կործանվում տեղահանությամբ։ Ճիշտ է, ֆինանսական ծանր վիճակները հաճախ ստիպել են հետաձգել որոշ ծրագրեր, բայց նույնիսկ այդ պայմաններում ավելի քան երեք հարյուր երեխա հնարավորություն է ունեցել սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն եւ տեխնոլոգիական այլ հմտություններ։

Նրանցից մի մասը արդեն հաջողությամբ ինտեգրվել է աշխատաշուկային։ «Ուրախ եմ, որ մեր առաջին սաները հիմա ունեն լավ աշխատանքներ։ Նրանց գործատուները գոհ են, եւ սա մեզ համար մեծ խթան է շարունակելու։ Մենք գիտենք՝ եթե այսօր երեխային ճիշտ կրթություն տանք, վաղը նա իր գյուղ բերելու է կայունություն ու հպարտություն։ Սա մեր «Մունքի» ամենամեծ առաքելությունն է»,- ընդգծում է Աշոտը։

Սակայն ամեն օր «Մունք»-ը նոր մարտահրավերների առաջ է կանգնում․ «Երբեմն միայն հարցնում ենք աշխատողներին՝ կոմունալները մուծեու գումար ունե՞ք, ձեռքի փող ունե՞ք»,- ասում է Աշոտն ու ավելացնում, որ թիմի նվիրվածությունը շատ է գնահատում, բայց վատ է զգում արդեն ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձներից։

Աշոտն ասում է՝ ամենից շատ ցանկանում է թիմի համար ապահովել նվազագույնը՝ երկու տարվա հստակություն՝ աշխատավարձ տալու հնարավորություն, որպեսզի ուսուցիչները ոչ միայն մնան, այլեւ նվիրվածությամբ կերտեն երեխաների ապագան։

«Եթե կարողանանք գտնել խոշոր աջակիցներ, կկարողանանք լուծել մեր խնդիրների մեծ մասը։ Բայց նույնիսկ առանց դրա՝ չենք դադարեցնելու։ «Մունք»-ը պիտի ապրի, որովհետեւ այն մեր երեխաների երազանքների շարունակությունն է, որովհետեւ գյուղական բնակավայրերում ապրող երեխաները մեծ ներուժ ունեն եւ այդ ներուժը պետք է իրացվի՝ կանգուն պահելով նաեւ գյուղը»,- համոզված է նա։

Մարիամ Սարգսյան

«Ոչ մի թիզ հող»՝ նոր հայկական գաղափարախոսությունը

Հայաստանում կտրուկ փոխվել է ազգային գաղափարախոսությունը, որը առաջին Արցախյան պատերազմից հետո հնչում էր որպես «չենք զիջի ոչ մի թիզ հող»։ Տարբեր կառավարություններ տարբեր վերաբերմունք ունեին այս թեզի նկատմամբ, բայց այն բոլորի կողմից ընկալվում էր որպես կարմիր գիծ, ​​նույնիսկ արտաքին տերերի որոնման և իշխանությունը պահպանելու ձգտման ֆոնին։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո այս թեզը փոխվեց և վերածվեց «մեզ ոչ մի թիզ հող պետք չէ»։ Եվ այս տեսքով այն դարձավ նոր պետական ​​գաղափարախոսություն։

Նման մետամորֆոզը հասարակությանը ներկայացվում է որպես երկար սպասված խաղաղության հաստատում, որտեղ կարևոր չէ՝ հող ունես, թե ոչ։ Ավելին, ակնարկվում է, որ հենց հողն է բոլոր պատերազմների պատճառը։ Իսկ, ինչպես գիտենք, «եթե մորաքույր չունես, նրան չես կորցնի»։

Նման խաղաղասիրական մոտեցումը արդարացված կլիներ, եթե աշխարհի կամ տարածաշրջանի մյուս երկրները նույն կերպ մտածեին։ Սակայն Հայաստանի հարևան երկրները զինվում են ավելի մեծ եռանդով՝ ձգտելով գրավել ավելի շատ տարածքներ և հաստատել իրենց ալֆա-գերիշխանությունը։

Այս ֆոնի վրա, իսկական «ոչմիթիզհող»-ակաները դառնում են ոչ միայն ծաղրի առարկա, այլև նոր պատերազմներ հրահրելու մեղավորներ։

Բոլոր հայկական հեռուստաալիքներով իրականացվում է «խաղաղության» ռազմատենչ քարոզչություն, նոյնիսկ մարդիկ, ովքեր բնակչությանը պատրաստում են գրեթե անխուսափելի ագրեսիայի և ցեղասպանության, խոստովանում են, որ սահմանամերձ գյուղերում աճում է վստահությունը, որ խաղաղությունը եկել է, և անհրաժեշտ չէ դրան խանգարել՝ երկրորդ գծի խրամատներ փորելով։

«Մեզ ոչ մի թիզ հող պետք չէ» գաղափարախոսությունը դառնում է գերիշխող, իսկ գիշատիչները, որոնք աչք են դրել Հայկական լեռնաշխարհի վրա, արդեն բաժանում են այն թիզ հողը, որից հայերը հեշտությամբ հրաժարվում են։

Բաքվի թուրքերը, քարուքանդ անելով Արցախը, պատրաստվում են «յուրացնել» Սյունիքն ու Գեղարքունիքը՝ հաշվարկելով, թե ինչպես օգտագործել Սևանի ջուրը, օսմանյան թուրքերը պատրաստ են կուլ տալ Նախիջևանը, Արմավիրը և Արարատը, իսկ Ռուսաստանը գրել է «занято» Հայաստանի հյուսիսի՝ Շիրակի և Լոռիի վրա։ Երևանի հայերը պատրաստվում են նշել իրենց որդիների հրաժեշտը օտար բանակներ ռեստորաններում, որտեղ արգելվելու են Անդրանիկի և Սասունի մասին երգերը։

Ոչ մի թիզ հող, ոչ մի բանակ, ազգի պատմությունը փոխվում է մեր աչքերի առաջ։

Հայաստանի թիմը պարտվեց պորտուգալացիներին՝ 0:5

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց խոշոր պարտությամբ։ Ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը նորամուտը նշեց 0:5 հաշվով տնային պարտությամբ Ազգերի լիգայի գործող գավաթակիր Պորտուգալիայի հետ խաղում։

Գոլեր․ Ժոաու Ֆելիշ, 10, 61, Կրիշտիանու Ռոնալդու, 21, 46, Ժոաու Կանսելու, 32

Հետք․ Տնտեսական ներառում և վերականգնում՝ ԼՂ-ից տեղահանված տղամարդկանց համար

Հետք

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Տնտեսական ներառում և վերականգնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար Արագածոտնի մարզում» նախաձեռնության մասին, որը միտված է անմիջականորեն աջակցելու տեղահանված տղամարդկանց։

«Նախաձեռնությունից կարող են օգտվել ԼՂ-ից տեղահանված և Արագածոտնի մարզում բնակվող 45-ից տարեկանից բարձր տղամարդիկ։ Առաջարկվող նախաձեռնության շրջանակում նախատեսում ենք ապահովել համապարփակ և համալիր աջակցություն ամբողջ ընտանիքին՝ միաժամանակ առաջնահերթություն տալով տղամարդկանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատանք գտնելուն կամ փոքր ընտանեկան բիզնես զարգացնելուն։

Մասնակիցները կընտրվեն ընտանիքի հետ հանդիպման ընթացքում կատարված կարիքի գնահատման հիման վրա։ Մշակված զարգացման պլանի հիման վրա ընտանիքի հետ համատեղ կքննարկվի նպատակային աջակցությունը, որը կարող է ներառել՝

  • մասնագիտական ուսուցում կամ աշխատանքի վայրում կարողությունների զարգացում,
  • սարքավորումներ/գործիքներ փոքր բիզնեսի համար (մասնագիտացված սարքավորումներ այգեգործական պարագաներ և այլն),
  • երեխայի, տարեցների խնամքի ծառայություններ,
  • հոգեբանական խորհրդատվություն
  • սոցիալականացման և վերաինտեգրման միջոցառումներ։

Ովքեր կարող են դիմել․

  • ԼՂ-ից տեղահանված տղամարդիկ, և նրանց ընտանիքները ովքեր ներկայումս բնակվում են և պլանավորում են շարունակել բնակությունը Արագածոտնի մարզում։
  • Պատերազմի մասնակիցներ, ովքեր ձգտում են ստանալ նոր մասնագիտություն և/կամ զբաղվել փոքր բիզնեսով/ձեռներեցությամբ։

Առաջին փուլի դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 21-ը, իսկ սեպտեմբերի 10-22-ը կկազմակերպվեն տնայցեր, որոնց արդյունքում, հանձնաժողովի կողմից կընտրվեն մասնակիցները։

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 095 85 00 19 հեռախոսահամարով, ինչպես նաև, սեպտեմբերի 10-ին, ժամը 14։00, հետարքրված անձանց հետ տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Արագածոնի մարզպետարանի շենքում՝ ք․ Աշտարակ Վարդգես Պետրոսյան փող., 4 շենք հասցեում։

Հայտի ձևը՝ այստեղ»,- նշվում է հաղորդագրությունում։

ԱգրիՖեստ փառատոն Գորիսում ԵՄ աջակցությամբ․ մասնակիցների կեսը արցախցիներ են

Գորիսում անցկացվում է ԱգրիՖեստ գյուղատնտեսական փառատոնը, որը նպատակ ունի միավորել գյուղատնտեսական եւ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին: 

“Փառատոնը մի հարթակ է, որտեղ մենք կարող ենք եւ ունենք հնարավորություն ցույց տալ Սյունիքի գյուղատնտեսական ներուժը”, բացման խոսքում ասել է Իմփաքթ Հաբ Արմենիա գործադիր տնօրենը Գեւորգ Պողոսյանը: “Չնայած մենք այն անվանում ենք գյուղատնտեսական, բայց միայն դրանով չենք սահմանափակվում, որովհետեւ, այսօր բոլոր ոլորտները փոխկապակցված են միմյանց հետ: Այս տարի փառատոնի ընացքում մենք փորձել ենք գյուղատնտեսությունը համադրել ստեղծարար ժառանգության հետ: Ծրագրի նպատակն է, որպեսզի մենք կարողանանք գյուղատնտեսներին, ստեղծագործներին, Արցախից տեղահանված եւ Սյունիքի մարզում բնակվող մարդկանց հետ կիսվել մեր գիտելիքներով, հմտություններով եւ ինչու ոչ, աջակցել նաեւ ֆինանսապես”, հավելել է Պողոսյանը:

Միջոցառման մասնակիցների գրեթե կեսը արցախցիներ են, ովքեր իրենց տաղավարները միացրել են սյունեցիների տաղավարներին:

“Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալության միջոցով ենք տեղեկացել միջոցառման մասին եւ որոշել մասնակցել”, ասում է հադրութեցի Նադեժդան, ով փառատոնում ներկայացնում է Արցախի արվեստագետների միություն ՀԿ սաների գործերը: “Մեր կազմակերպությունը շարունակում է գործել Երեւանում անվճար հիմունքներով: Մոտ 150 երեխա է մասնակցում արվեստի դասերին Արցախից եւ Երեւանից: Երբեմն նաեւ ծնողներին ենք ներգրավում: Տարբեր ծրագրերի համար դիմում ենք` դոնորներ գտնելու համար, բայց առաժմ չենք գտել: Ինչեւէ, ես կարծում եմ, որ քանի դեռ կա ներուժ, կան ստեղծագործ մարդիկ եւ այսպիսի միջոցառումներ, մեզ կհաջողի պահպանել Արցախի մշակույթը, բարբառը եւ այլն”, ասում է նա:

Փառատոնի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հատուկ ընդգծել է արցախցիների մասնակցությունն այս միջոցառմանը:

“Հատուկ ուզում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի փախստականների ներկայությունն այս միջոցառմանը, որը շատ կարեւոր է` նրանց դիմակայունությունը բարձրացնելու համար”, ասել է դեսպանը:

“Շատ ուրախ ենք այս հնարավորության համար, ներկա լինել ֆերմերների, ստեղծագործողների, երիտասարդների հետ, լինել նրանց կողքին եւ օգնել համայնքներին ամրապնդման գործում: Եվրոպական Միությունը անդամ պետությունների հետ ներդրումներ է իրականացնում դիմակայուն Սյունիք նախաձեռնության միջոցով եւ համախմբում ռեսուրսները, փորձագիտական ներուժն ու գործընկերներին` նպաստելով մարզի զարգացմանը: Այս նախաձեռնության միջոցով մենք օգնում ենք փոքր եւ միջինռեձնարկություններին ներգրավվել, նոր շուկաներ գտնել ստեղծել ներուժ, գործընկերներ գտնել: Հատկապես ուրախ ենք ներդրումներ կատարել գյուղական համայնքներում, քանի որ առանց գյուղերի զարգացման մարզը զարգանալ եւ աճել չի կարող: Այս ծրագրի շրջանակներում մենք աջակցել ենք ավելի քան 90 փոքր եւ միջին ձեռնարկությունների, որպեսզի կարողաղ ընդլայնել իրենց գործունեությունը”, իր խոսքում ասել է  ԵՄ դեսպանը:

Խոսելով արցախցիների խնդիրների մասին Վասիլիս Մարագոսը լրագրողներն ասել է, որ ԵՄ կշարունակի աջակցել նրանց:

“Ես տեղյակ եմ նրանց ակնկալիքների մասին, գիտեմ թե դա որքան կարեւոր եւ դժվար է նրանց համար եւ Գորիսում ընթացող այս ծրագիրը նաեւ նրանց համար է: Այս պահին մենք նշանակալի ակտիվություն ենք ցուցաբերում, մի քանի միլիոն եվրոյի ներդրումներ ենք կատարել այսպիսի ծրագրեր իրականացնելու համար: Մենք նաեւ պատրաստ ենք մեզ անդամ պետությունների կոլեգաների հետ քննարկել, թե ինչ կարող ենք անել լրաչուիցիչ: Բացի այդ, ԵՄ խրախուսում է մասնավոր բանկերին վարկեր տրամադրել, որից հնարավորություն կունենան օգտվել Ղարաբաղի հայերը: Նրանք մեր ուշադրության կենտրոնում են, դուք նաեւ գիտեք, որ ԵՄ նրանց մարդասիրական, հոգեբանական եւ սոցիալական աջակցություն է տրամադրել: Սա ընթացող պրոցես է եւ այն շարունակական կլինի: Միգուցե սա բավարար չէ, բայց մենք փորձում ենք հասկանալ, գնահատել նրանց կարիքները, ինչը հնարավորություն կտա ավելին անել ապագայում”, ասել է ԵՄ դեսպանը:

AgriFest by Impact Hub Syunik փառատոնը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Ակբա Ֆեդերացիայի եւ Իմփաքթ Հաբ Սյունիքի կողմից: Եվրոպական Միության աջակցությունը տրամադրվում է Three4ResilientArmenia ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը։

Մարութ Վանյան

 

«Դա եղել է ահաբեկչություն, եւ ահաբեկչության հետեւանքով նրանք բռնի տեղահանվել են»

Արցախցիների վերադարձի իրավունքն անօտարելի, անքակտելի միջազգային իրավունք է՝ սահմանված 1951 թվականի Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայով։ Այդ իրավունքը չի ենթարկվում ոչ ժամանակի, ոչ տարածության, ոչ էլ այլ հանգամանքի։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Վերադարձի իրավունքը դա մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Անգամ, եթե արցախցիները դառնան այլ պետությունների քաղաքացի, կապ չունի, նրանց վերադարձի իրավունքն անօտարելի է, իրենց վերադարձի իրավունքը չի ենթարկվում որեւէ քննարկման։ Եվ այն հայտարարությունները, որոնք արվում են, փաստում են քաղաքական անմեղսունակության մասին, կամ այդ մարդիկ ունակ չեն ապահովել եւ պայքարել այդ իրավունքի իրացման համար»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով՝ արցախցիների նկատմամբ իրականացվել է ահաբեկչություն, ինչի հետեւանքով իրենք լքել են իրենց հայրենիքը։ «Այդ ահաբեկչության մասին գիտեն աշխարհում հայտնի բոլոր լրատվամիջոցները, որոնք լուսաբանել են ադրբեջանական հարձակումները հայկական գյուղերի վրա։ Երբ գյուղացիները գյուղից դուրս էին գալիս, իրենց հետեւից ադրբեջանցիները գյուղերը ռմբակոծում էին։ Այսինքն՝ դա եղել է ահաբեկչություն, եւ ահաբեկչության հետեւանքով նրանք բռնի տեղահանվել են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ցանկացած իրավունք մեխանիկորեն չի իրացվում, դրա համար պետք է պայքարել։ Եվ դրա համար պատասխանատվություն կրող կողմը Հայաստանն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ բանակցային գործընթացում հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի ու Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր։

«Այսինքն՝ այնպես չէ, որ մենք պահանջում ենք, իսկ Հայաստանի իշխանությունները կարող են անել կամ չանել, դա իրենց պարտականությունն է։ Երբ դա չի արվում, նշանակում է, որ 150 հազար մարդու իրավունքները ոտանարվում են Հայաստանի իշխանությունների կողմից երկու ձեւով՝ անգործությամբ եւ սխալ գործողություններով։ Անգործությամբ, որովհետեւ միջազգային հարթակներում որեւէ  աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ, սխալ գործողություններով, որովհետեւ ներքին լսարանաի համար կառավարությունն անընդհատ հայտարարում է, թե դա իրականանալի ու իրատեսական չէ»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Գիշերը հարձակվել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայի վրա

Գիշերը հարձակվել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայի վրա։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իսկանդարյանին պատճառվել է մոտ 3500 դոլարի նյութական վնաս։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Չինաստանը առաջարկում է բարելավել, բայց ոչ փոխել համաշխարհային կառավարման համակարգը

Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում Սի Ցզինպինը առաջարկեց համաշխարհային կառավարման նոր համակարգ, որը ենթադրում ոչ թե փոփոխություն, այլ բարելավում այսօր գոյություն ունեցող աշխարհակարգի՝ հիմնված անկախ պետությունների գոյության և ՄԱԿ-ի վրա։ Որքանո՞վ է սա առնչվում Միացյալ Նահանգների կողմից առաջ մղվող նոր աշխարհակարգի հետ։ Կլինե՞ն արդյոք ինքնիշխան պետություններ, և ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ճակատագիրը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը Պեկինում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հան Չժենը նշեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ՝ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր կոնսենսուսը իրականացնելու, տարբեր ոլորտներում համապարփակ համագործակցությունը խթանելու և երկկողմ հարաբերությունները շարունակաբար նոր բարձունքների հասցնելու համար։

Ինչպիսի կոնսենսուսի մասին է խոսքը, անհայտ է, բայց Փաշինյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում և աջակցում է Գլոբալ կառավարման նախաձեռնությանը և «պատրաստ է օգտվել Չինաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատումից՝ որպես գործնական համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն»։

«ՇՀԿ Պլյուս»-ի ընդլայնված նիստում Սի Ցզինպինը առաջ քաշեց գլոբալ կառավարման նախաձեռնություն, որը բաղկացած է հինգ կետից և ընդգծում է միջազգային իրավունքին բարելավելու և բազմակողմանիության սկզբունքը պահպանելու, կրկնակի ստանդարտները մերժելու և համաշխարհային կառավարմանը բոլոր երկրների հավասար մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ անկախ չափից և հզորությունից։

ՉԺՀ առաջնորդի ելույթը վերլուծելուց հետո մեկնաբանները եկան այն եզրակացության, որ «գլոբալ կառավարումը» հիմնված է հինգ սկզբունքների վրա՝ բոլոր երկրների ինքնիշխան հավասարություն, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի հեղինակության պահպանում, մարդակենտրոն մոտեցման ներդրում, ինչպես նաև համապարփակ պլանավորման համակարգերի ամրապնդում և տարբեր երկրների ռեսուրսների մոբիլիզացում՝ ավելի շոշափելի արդյունքների հասնելու համար։

Այս համակարգը չի ենթադրում մեկ երկրի կամ ուժի առաջնորդություն։ Չինաստանը կարծում է, որ ներկայիս աշխարհակարգը արևմտակենտրոն է։

Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանվանել է Պատերազմի նախարարություն

Սեպտեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը ստորագրեց իր 200-րդ նախագահական հրամանագիրը։ Այս փաստաթղթով նա ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերանվանեց Պատերազմի նախարարություն։ Այսպես էր կոչվում պաշտպանական գործակալությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ։

Անվանափոխության պաշտոնական ձևը, ինչպես նաև նոր գերատեսչության ստեղծումը պահանջում է Կոնգրեսի հաստատումը, ուստի վերանվանումը պաշտոնական չի լինի։

Հրամանագրի համաձայն՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը այժմ կարող է իր պաշտոնը անվանել «Պատերազմի նախարար»։

«Պատերազմի նախարարություն» անվանումը ավելի ուժեղ ազդանշան է ուղարկում ԱՄՆ պատրաստվածության և վճռականության մասին, քան «Պաշտպանության նախարարություն» անվանումը, որը կենտրոնանում է միայն մեզ պաշտպանելու կարողության վրա», – ասվում է հրամանագրում։

Փաստաթղթի համաձայն՝ վերանվանումը «կկենտրոնացնի գործակալությունը մեր ազգային շահերի վրա և կազդարարի հակառակորդներին, որ Ամերիկան ​​պատրաստ է պատերազմ սկսել մեր շահերը պաշտպանելու համար»։

168 ժամ․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է 2026 թվականին

Դեռևս հուլիսի 15-ին Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության կառավարության փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17Ա շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ (այժմյան հասցեն՝ 17/2)։

Այս դատական գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։

Այսօր 168.am հետ զրույցում Ռոման Երիցյանը փոխանցեց, որ արդեն դատական նիստ է նշանակվել։

«2026 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին այս գործով դատական նիստ է  նշանակվել»,- նշեց նա՝ շեշտելով, որ առայժմ միակ նորությունը սա է։

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ ներկայացվելիք հայցին, Ռոման Երիցյանն ասաց.

«Հաջորդ շաբաթ կներկայացնեմ հայցը, դրա վերաբերյալ այսօր հայտարարություն եմ անելու»,- նշեց նա։

Նշենք, որ պատմության դասագրքում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրեց Արցախի լուծարման վերաբերյալ հրամանագիր»։

Հայցվոր կողմը պահանջելու է հերքել Սամվել Շահրամանյանի վերաբերյալ գրքում տեղ գտած տեղեկությունը։

Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթը ևս հադես եկավ «Գութան»-ի բեմում

Օգոստոսի 30 ին Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) կայացավ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված էր հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։  Այն կազմակերպվել է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ, ներգրավվում է շուրջ 500 արտիստ։  Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։

«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։

Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հերթական անգամ արժանապատիվ կերպով հադես եկավ «Գութան»-ի բեմում

Այսօրվա բարդ պայմաններում նման միջոցառումները մեզ համար ոչ միայն մշակութային, այլև հոգևոր ամրության միջոց են․ դրանք հիշեցնում են, որ Արցախի մշակույթը հայության միասնական ժառանգության անբաժանելի մասն է և շարունակելու է հարստացնել համահայկական մշակութային կյանքը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում փառատոնի կազմակերպիչներին՝ «Մրրո» ազգային արվեստի կենտրոնին և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին։ Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում այն արցախցի հանդիսատեսին, որը մշտապես ապրում և շնչում է մեր մշակույթի հետ։

Մենք հավատում ենք, որ ազգային մշակույթը շարունակում է լինել մեր ինքնության ու միասնականության հիմնասյունը», ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի շնորհակալական խոսքում :

Հիշեցնենք, որ այս փառատոնը կազմակերպվել էր նաև 2016 թվականին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում՝ հազարավոր արցախցիների ներկայությամբ։ Այն ժամանակ Արցախի բեմում ներկայացվեցին մեր ազգային երգի ու պարի լավագույն օրինակները, ինչը դարձավ մշակութային մեծ տոն Արցախի համար։

Արսեն Աղաջանյան

Փոխադարձ այցելություններ Հայաստան և Ադրբեջան. որտեղի՞ց կսկսվի սահմանազատումը

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք:

2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:

Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:

Երևանի և Բաքվի պաշտոնական հայտարարություններում չի նշվում, թե կոնկրետ որ կետերում են տեղի ունեցել փոխադարձ այցելությունները և որտեղ է սպասվում սահմանազատում։